ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Այս տարի լրանում է սփիւռքահայ արդի գրականութեան գագաթներից մէկի՝ Յակոբ Կարապենցի ծննդեան 100-ամեակը:
Յակոբ Կարապենցն իր ստեղծագործութիւններով խորապէս արտացոլում է սփիւռքահայ կեանքը, դրա վերջ չունեցող ինքնութեան որոնումը, դեգերումները, խարխափումները եւ օտարութեան ցաւը: Ինչպէս նշում են գրականագէտները, նրա ստեղծագործութիւնները աչքի են ընկնում նուրբ հոգեբանական վերլուծութեամբ, իրականութեան քննադատական ընկալմամբ եւ մարդասիրական տոնով:
Ժամանակի հեռաւորութիւնից, թէեւ կարող է թւալ, թէ Կարապենցի վեր հանած խնդիրները այսօրւայ կեանքի ֆոնին որոշակիօրէն կորցրել են իրենց արդիականութիւնը, այդուհանդերձ, նրա աշխատութիւնների խորքային ընկալումը, մեզ երիցս համոզում է, որ սփիւռքահայ կեանքի մարտահրաւէրները, խնդիրները եւ առաջնահերթութիւնները միգուցէ ժամանակի թելադրանքով փոխել են իրենց բնոյթը, բայց նրանց էութիւնը մնացել է նոյնը:
Ստորեւ ներկայացնում ենք խմբագրութեանս անդամ Սիւնէ Ֆարմանեանի օգտաշատ հարցազրոյցը Վարդան Մատթէոսեանի հետ, որը մեզ կօգնի նոր դիտակէտից ընկալել Կարապենցին:
«Ալիք»
Վարդան Մատթէոսեան ծնուել է Մոնտէվիդէոյում (Ուրուգւայ), 1964 թուականին, 1973 թուականին տեղափոխուել է Բուէնոս Այրէս (Արգենտինա)։ 2000 թւականին հաստատւել է ԱՄՆ–ի Նիւ Ջերսի նահանգում։ Շրջանաւարտ է Բուէնոս Այրէսի Խրիմեան կրթական հիմնարկութիւնից (1981) եւ Բուէնոս Այրէսի պետական համալսարանի տնտեսագիտութեան ճիւղից (1991)։ 2006 թւականին ստացել է պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան՝ Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի պատմութեան ինստիտուտից։
Բուէնոս Այրէսում եւ Նիւ Ջերսիում դասաւանդել է հայոց պատմութիւն եւ հայոց լեզու՝ միջնակարգ, երկրորդական եւ համալսարանական մակարդակներում։
2019 թուականից Միացեալ Նահանգների Արեւելեան թեմի Ազգային առաջնորդարանի դիւանապետի պաշտօնն է զբաղեցնում։
1980 թուականից աշխատակցել է հայ եւ օտար մամուլին, ստորագրելով հայերէն, իսպաներէն եւ անգլերէն մեծաթիւ ուսումնասիրութիւններ, գրախօսականներ, հրապարակագրական յօդուածներ, թարգմանութիւններ եւ այլն։ Հրատարակել է հայերէն հինգ հատոր՝ «Կոստան Զարեանի շուրջ» (Անթիլիաս 1998), «Անվերջ վերադարձ. Հայաստանի ճանապարհները (1988-2004)» (Երեւան, 2005), «Հարաւային կողմն աշխարհի. հայերը Լատին Ամերիկայի մէջ սկիզբէն մինչեւ 1950» (Անթիլիաս, 2005), «Շամախեցի պարուհին. Արմէն Օհանեանի կեանքը եւ գործը» (Երեւան, 2007՝ Արծուի Բախչինեանի հետ), «Գրական-բանասիրական ուսումնասիրութիւններ» (Անթիլիաս, 2009)։ Լոյս ընծայել է նաեւ իսպաներէն հատոր՝ «Անվերադարձ անցեալ, սպասող ապագայ. հայերը Արժանթինի մէջ՝ երէկ եւ այսօր» (Մոնտէվիդէօ, 2011), եւ անգլերէն չորս հատոր՝ «Հայերէն լեզւի հարցեր» (Նիւ Եօրք, 2019), «Հայոց Ցեղասպանութիւնը անուանելու քաղաքականութիւնը. լեզու, պատմութիւն եւ «Մեծ Եղեռն» (Լոնդոն, 2022), «Աշխարհին պատկանող մի հայ կին. Արմէն Օհանեան՝ «Շամախեցի պարուհին» (Ֆրեզնօ, 2022՝ Արծուի Բախչինեանի հետ), «Ընտրութեան գոյնը. հայերը եւ ցեղային քաղաքականութիւնը Միացեալ Նահանգներում եւ Գերմանիայում (1890-1945)» (Փադերբորն, Գերմանիա, 2025)։ Խմբագրել է հայերէն, իսպաներէն եւ անգլերէն 25 հատոր, եւ իսպաներէնի, անգլերէնի ու հայերէնի թարգմանել է 23 հատոր։
– Պարոն Մատթէոսեան, շնորհակալութիւն հարցազրոյցի մեր հրաւէրն ընդունելու համար, ինչպէս գիտէք այս տարի լրանում է Յակոբ Կարապենցի ծննդեան 100-ամեակը: Յակոբ Կարապենցը 1939 թուականին համախոհների հետ հիմնել է «Լոյս եւ միտք» մշակութային միութիւնը, մասնակցել է «Քրիստափոր Միքայէլեան» գրական խմբակի գործունէութեանը եւ 1944 թուականին ստեղծել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միութիւնը, այսօր՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն, որի նախագահն է եղել Յակոբիկ Կարապենցը: Դուք ինչպէ՞ս կը բնորոշէք, ինչպէ՞ս է Կարապենցի կերպարը կապուած հայ ժողովրդի գոյաբանական պայքարի հետ:
– Կարապենցը հայկական աւանդական մօտեցումն արդիական ձեւով էր ներկայացնում: Որովհետեւ, մօտից հետեւում էր ամերիկեան գրականութեանն ու կարողացել էր ամերիկեան գրականութեան աւանդները մտցնել իր գրականութեան մէջ, այդ իմաստով իր գործը որպէս գեղարուեստական իրողութիւն մնում է արդիական։ Իր շատ վէպերի եւ պատմուածքների նիւթերն էլ մինչեւ այսօր պահում են իրենց թարմութիւնը: Եւ, կարծում եմ, ընթերցողների համար մահուանից արդէն 30 տարի յետոյ, ինչ-որ գաղափարներ փոքր-ինչ կարող են հնացած լինել, բայց ընդհանուր առմամբ, այդ գրականութիւնը մնում է արդիական եւ Սփիւռքի արտադրութեան ամենաբնորոշ գործերից մէկը:
– Որքա՞ն է կարող Կարապենցի կերպարը դիտուել անհատի եւ ժողովրդի միջեւ միասնութեան խորհրդանիշ:
– Կարապենցը որպէս կերպար միացնելու կամ բաժանելու հարց չունէր, պարզապէս հայ մտաւորական էր, որ յանձնառութիւն ունէր ոչ միայն գրականութիւն ստեղծելու, այլեւ իր ժողովրդով մտահոգւելու: Ընդհանրապէս, գրական հրապարակագրութեան միջոցով Կարապենցն իր տեսակէտները յայտնել է զանազան հարցերի միջոցով, մասնաւորապէս, բողոքի խօսք է գրել Նշան Պէշիկթաշլեանի մահւան առիթով, երբ Պէշիկթաշլեանը մահացել է Ֆրանսիայում անյայտութեան մէջ, եւ նրա թաղմանը համարեա մասնակցողներ չեն եղել 1972 թւականին, այն մի դէպք է, որ գրողը բողոքում է իր գրչակցի մահուան մասին: Հետեւաբար, գրողը չի մնում փղոսկրեայ աշտարակում, այլեւ ընտրում է ուղիղ քայլը՝ հրապարակային կերպով բողոքելու: Այդպէս է, որ յանձնառու գրողը դուրս է գալիս ասպարէզ եւ ցոյց է տալիս ու կը տայ իր մտածելակերպը եւ կերպարը ժողովրդի աչքին: Այդ իմաստով, Կարապենցի կերպարը միասնութեան կերտող կերպար էր, Կարապենցը նաեւ այն ժամանակներում, երբ Սփիւռքում ալեկոծւում էր հասարակական կարծիքը տարբեր հարցերով, ներսփիւռքեան եւ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների, գրական դէմքերի եւ դէպքերի ընդունւած կամ չընդունուած լինելու հարցերով, ցոյց է տուել բաւական բաց եւ լայնամիտ մտայնութիւն: Այսպէս, ոչ թէ մի որոշակի ուղղութեան գրողների մասին էր արտայայտւել, այլ նաեւ բոլոր ուղղութիւնների եւ բոլոր հարցերի մասին, որդեգրելով համահայկական տեսակէտ, հետեւաբար կարելի է իր գործը եւ կերպարը տեսնել միասնականութեան հնարաւոր աղբիւր:
– Արդեօք կարապենցեան ստեղծագործութիւններում ազգային եւ համամարդկային արժէքների միջեւ կա՞յ հակադրութիւն:
– Կարապենցը փորձում է համարկել (ինտեգրացնել) ազգայինն ու համամարդկայինը: Եւ, ազգային արժէքներն ընդելուզել համամարդկային արժէքների մէջ, ցոյց տալով, որ մէկը եւ միւսը հակասութեան մէջ չեն գտնւում: Այդ կարելի է տեսնել շատ գործերի մէջ, ընդ որում «Ադամի գրքի» մէջ Նուրեանի կերպարն արդէն ինքնին ապրում է ազգայինի եւ ամերիկեանի երկուութեան ոլորտի մէջ: Նա արդէն այդ սփիւռքեան կերպարի դրսեւորումն է, որ փորձում է երկու կեցուածքները միացնելու ճանապարհները գտնել:
– Ծնւո՞ւմ են արդեօք Սփիւռքում, դեռեւս, Կարապենցներ:
– Այսօրւայ կացութիւնը դիտելով հնարաւոր է մտածել, որ Սփիւռքը ինչ-որ չափով յոգնած կամ մաշուած է, եւ անհրաժեշտ է յիշել, որ միեւնոյն վիճակը, տիրում էր Մեծ Եղեռնից յետոյ, առաջին մէկ-երկու տասնամեակներին, երբ մարդիկ մտածում էին, որ հայութիւնը Սփիւռքում կը փոշիանայ եւ կանհետանայ, դրանից յետոյ, անցել է հարիւր տարի եւ հայութիւնը դեռ Սփիւռքում կայ: Իհարկէ, պայմանները տարբեր են, եւ, հնարաւոր չէ ասել, որ 25 տարի յետոյ ինչ է լինելու: Բայց հաւատում եմ, որ Սփիւռքում կայ թաքուն ներուժ, գուցէ, եւ ոչ կարապենցներ դառնալու ուղղութեամբ, սակայն, իրենց ձեւով հայ մշակոյթի մէջ ներդրումը բերելու ակնկալութեամբ: Թէ ինչպէս կընթանայ այն եւ յաջորդ սերունդը ինչ դիմագիծ կունենայ, այլեւս նախատեսել հնարաւոր չէ:
– «Այդ ինչպէս պատահեց, որ աներազ մարդիկ տէր դարձան աշխարհին»,- ցաւով հարց է տալիս Կարապենցի գրական հերոսներից մէկը… հայութիւնն արդեօք այսօր ունի՞ ներուժ ապահովելու ազգային զարթօնք:
– Արցախի հարցը շատ ցաւոտ հարց է, մանաւանդ վերջին տարիներին, յատկապէս Արցախի բռնագրաւումից եւ հայաթափումից յետոյ: Արցախն այսօր կարելի է համարել կորած, բայց չի կարելի Արցախի ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի վրայ գիծ քաշել, ձեւերը հնարաւոր է տարբերեն, բայց սկզբունքը պէտք է նոյնը լինի:
– Ինչպէ՞ս է Կարապենցի կերպարը կապուած աւելի համաշխարհային կերպարներին:
– Կարապենցը ցանկանում է ե՛ւ համամարդկային բովանդակութեան գրականութիւն մշակել եւ այդ գրականութեան մէջ հայկական տարրը ներմուծել: Ինքը չէր սահմանափակւում հայ հեղինակներ ընթերցելով, այլ նաեւ ընթերցում էր միջազգային հեղինակների ընդհանուր գրականութիւնից ու փիլիսոփայութիւնից: Ես չեմ կարող ճշգրիտ կերպով ասել, թէ որոնք են նրա մտածողութեան աղբիւները, բայց հետաքրքիր է, որ ինքը բաւական ընդարձակ ուսումնասիրութիւն ունի գոյութենապաշտութեան (էկցիստենցիալիզմ) մասին, որը յետոյ մտել էր իր «Երկու աշխարհ» գրքի յօդուածների շարքում, եւ այնտեղ բաւական հետաքրքիր դատողութիւններ է անում, գոյութենապաշտութեան եւ նրա արժէքի մասին, որը ինչ, որ իմաստով արդէն սկսել էր սպառուել, որովհետեւ գոյութենապաշտութիւնը մեկուսացրել էր կեանքից: Նրա համար համամարդկայինը եւ ազգայինը չէին հակադրւում, այլ մէկը միւսի մէջ միախառնւում էին, հետեւաբար, այսօր երբ խօսում ենք համաշխարհայնացման մասին դա չի նշանակում անպայման տեղական կամ ազգային երեւոյթներն անտեսելու իրողութիւն, այլ ըստ էութեան երկուսն իրար միացնելու եւ ներդաշնակելու երեւոյթ կը հանդիսանայ: Այսօր էլ տեսնում ենք, որ համաշխարհայնացումը որպէս այդպիսին չի աշխատում ինչպէս որ ժամանակին չի աշխատել միջազգայինական հոսանքները, որոնք յաճախ գտել են ազգային հոսանքների ընդդիմութիւնը, ինչը նշանակում է ոչ մէկը ոչ միւսը կարող են յաւակնել ամբողջական տիրապետութեան: Պէտք է լինի մի կէտ, որտեղ երկու ուղղութիւները հանդիպեն եւ գտնեն իրենց ներդաշնակւելու ձեւերը: Ես կարծում եմ Կարապենցը այդ ձեւերի որոնման մէջ էր իր ամբողջ կեանքի ընթացքում, եւ ինքն էր, որ մի տեղ ասել էր, որ Վահէ Օշականի եւ Գրիգոր Պըլտեանի հետ ամենաարդիապաշտ գրողն են հայ գրականութեան մէջ:
– Կարապենցը ներքուստ ընդվզում էր մակերեսային գրականութեան դէմ, որ ժամանակ առ ժամանակ լոյս աշխարհ էր գալիս հայրենիքում եւ Սփիւռքում: Նրա համոզմունքն էր. «Պէտք է դուրս գալ գաւառային նեղլիկ մեր շրջագծից եւ մխրճւել կեանքի մէջ…»: Ահազանգում էր, որ զգացմունքներից առաւել՝ մեզ անհրաժեշտ է ինքնագիտակցութիւն, ինքնաճանաչում, թէ՛ որպէս մարդ եւ թէ՛ որպէս ազգ ու հաւաքականութիւն: Սա նաեւ մի տեսակ կոչ է, որ քաղաքական գործիչները պէտք է ուշադրութիւն դարձնեն ոչ միայն իրենց կուսակցութեան ներսում գոյութիւն ունեցող շահերին, այլեւ աւելի լայն սոցիալական ու ազգային նպատակներին:
– Կարապենցը երբեք ազգայնական գրող չի եղել, այլ ազգային գրող է եղել: Կարապենցը իր ամբողջ կեցւածքով ցոյց էր տալիս, որ դէմ է հատւածական շահերին: Ես չեմ կարծում, որ ինքը կը փոխէր տեսակէտն այսօր, կարծում եմ ընդհանրապէս՝ որպէս մարդ, մեր տեսակէտը պէտք է նեղ խմբակային շահերից վեր լինի: Այսինքն հնարաւոր չէ ամէն ինչը դիտել միայն խմբակի շահերից եւ բոլոր իմաստներով քո խմբակի շահերը դիտարկել: Որովհետեւ բոլոր խմբակները կազմուած են մարդկանցից եւ բոլոր մարդիկ սխալական են, հետեւաբար, չի կարելի ասել՝ այս կամ այն խմբակը անսխալական է, եւ փորձել բոլոր իմաստով արդարացնել դրա գործելակերպը եւ գոյութիւնը: Ես կարծում եմ պէտք է այդ հայեացքով դիտել մեր իրականութիւնը եւ հնարաւորինս հրաժարուել այնպիսի կերպարներից, որոնց միակ հետեւանքն այն կը լինի, որ հրահրուեն բախումներ, հակամարտութիւններ, որոնք նպաստ չեն բերում մեր հաւաքական եւ հասարակական կեանքին:
– «Ադամի գիրքը» վէպում, Նիւ Եօրքի խուլ թաղամասերից մէկում սեւամորթները Նուրեանին յիշեցնում են, նաեւ ռասսայական խտրականութեան վերացման հեքիաթի այլ կերպ ասած կեղծ բնոյթը:
– Կարապենցի գործերում տեսել եմ այդ խտրականութեան դէմ պայքարի կեցուածքը եւ կարծում եմ ինքը դէմ էր ցանկացած խտրականութեան, ազգային, ցեղային եւ ուրիշ բնոյթի: Եւ ընդհանրապէս կարծում եմ իր կեցուածքը օրինակելի կեցուածք էր, մեր իրականութան մէջ եւ այսօր իր արտայայտութիւնները պահում են իրենց կարեւորութիւնը:
«Ալիք», 28 Հոկտեմբեր 2025
No comments:
Post a Comment