Showing posts with label Սողոմոն Թեհլիրեան. Show all posts
Showing posts with label Սողոմոն Թեհլիրեան. Show all posts

10.5.14

Առանց գումարի, գաղափարների ու ծրագրերի

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Այսպէս են մշակութային ոլորտում պատրաստւում ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին

Տպաւորութիւնն այնպիսին է որ երկրի բոլոր գերատեսչութիւններն ու պատկան մարմինները մոռացել են, որ 2015թ. Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցն է: Ձեւաւորուած պետական յանձնաժողովի աշխատանքը, մեղմ ասած, արդիւնաւէտ չէ եւ շատ դանդաղ քայլերով է առաջ շարժւում: Գրեթէ ոչինչ չի արւում նաեւ քարոզչութեան եւ տեղեկատուութեան առումով: Եթէ տարիներ առաջ թուրքերը 2015թ. ապրիլի 24-ը անուանում էին «հայկական ցունամի», այսօրուայ հայաստանեան նախապատրաստական աշխատանքներից տեղական սիւք կամ զեփիւռ էլ չի կարելի սպասել: Ինչպէս մի շարք հարցերում, այստեղ նոյնպէս նախարարներն ու պաշտօնեաներն աչքի են ընկնում շռայլ խօսքերով, խոստումներով եւ հաւաստիացումներով, որոնք չեն իրականանում: Տարիներ շարունակ Մշակոյթի նախարարութիւնն ու Ազգային Կինոկենտրոնը յայտարարում են, որ հարիւրամեայ տարելիցին ընդառաջ պէտք է ֆիլմեր նկարահանուեն, որոնք համաշխարհային հանրութեանը կը պատմեն 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան մասին: Խոստումներըՙ խոստում, սակայն դրանց ընթացքի, աշխատանքների անցկացման եւ անգամ ծրագրերի մասին առայժմ որեւէ տեղեկատուութիւն չկայ: Հարցին` ի՞նչ է արւում 100-ամեայ տարելիցին ընդառաջ, պատասխանը մէկն է` առայժմ ընթանում են քննարկումներ: Քննարկումը՝ քննարկում, սակայն ընդամէնը 11 ամիս է մնացել աշխարհին Հայոց Ցեղասպանութեան մասին որեւէ լուրջ գործ ներկայացնելու համար: Տարելիցն, անշուշտ, չպէտք է լինի վերջակէտ, սակայն ոչինչ չանելն է ճիշտ չէ: Անկեղծ ասած, դժուար է որեւէ գործնական քայլ ակնկալել մեր դանդաղաշարժ Մշակոյթի նախարարութիւնից, բայց ամէն դէպքում, դա այն գերատեսչութիւնն է, որը որոշումներ է կայացնում, գումարները նոյնպէս նա է տնօրինում: Հետեւաբար սլաքն էլ պէտք է ուղղուի հէնց նրան: