Showing posts with label Պատմութեան ինստիտուտ. Show all posts
Showing posts with label Պատմութեան ինստիտուտ. Show all posts

1.6.18

«Հայաստանի Հանրապետութիւն-100» գիտաժողով

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

Աշխարհասփիւռ հայ ժողովուրդը մայր հայրենիքում եւ Սփիւռքում այս օրերին տօնում է հայոց պետականութեան վերակերտման 100-ամեայ պանծալի յոբելեանը: Ամէնուրեք աննախադէպ աշխուժութիւն է ու իւրայատուկ մրցակցութիւն: Ով աւելի շատ բան կ՚ասի, ով աւելի հաւաստի փաստեր կը վկայակոչի ու աւելի վստահելի գործիչներից յղումներ կ՚անի եւ ցոյց կը տայ, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը երկար ու ձիգ ընդմիջումից յետոյ համայն հայութեան ոգու ճիչն էր, պոռթկումն ու աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում հաւասարի կարգավիճակով իր երթը շարունակելու առհաւատչեայ:
Երբեմն-երբեմն լսւում են ձայներ, որոնք օրիգինալ երեւալու մարմաջով տարուած, իրենց նվնվոցներով փորձում են «ցոյց տալ», որ այդ անկախութիւնը մեզ «նուիրել են» ոչ այլ ոք, քան ցեղասպան թուրքերը: Աւելին, երբեմն ամենալուրջ դէմք ընդունելով նրանք վկայակոչում են օտարների կողմից հէնց այս պատմական հեռուի համար սարքուած փաստաթղթեր եւ «ապացուցում անապացուցելին»: Թերթային յօդուածի ծաւալները թոյլ չեն տալիս աւելի ընդարձակ քննարկել հիմնախնդիրը, այլապէս բաւականին հեշտութեամբ ի ցոյց կը դրուէին մի քանի վաւերագրերի կեղծ եւ սնանկ լինելն ու դրանց հաւատացողների ու անհարկի վկայակոչողների մոլորութիւնը:

21.11.16

Աշոտ Մելքոնեան. «Ակադեմիան ազգային արժէք է, որը ոչ ես եմ ստեղծել, ոչ էլ այսօրուայ կառավարութիւնը»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 
Հայաստանում եկե՞լ է արդեօք ակադեմիական գիտութեան վերջը: Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ինստիտուտները 1990-ական թուականներից վերածուեցին ՊՈԱԿ-ների [պետական ոչ-առեւտրական կազմակերպութիւններ]: ՊՈԱԿ-ների վերացման վերաբերեալ ներկայ կառավարութեան վերաբերմունքը յայտնի է: Սակայն գիտնականները կարծում են, որ այն, ինչ վերաբերում է նախարարութիւններին կամ պետական կառոյցներին կից ՊՈԱԿ-ներին, գիտութեան դէպքում նոյն վերաբերմունքն արդարացուած չէ: Մտահոգութիւններ կան նաեւ գիտական աստիճան ունեցողներին յաւելավճարներից զրկելու տրամադրուածութեան եւ մի շարք այլ նորամուծութիւնների հանդէպ, որոնք գիտութեան ասպարէզում մտադիր է իրականացնել նոր կառավարութիւնը: Օրերս ԳԱԱ [Գիտութիւնների Ազգային Ակադեմիա] Պատմութեան ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնութիւնն էր յայտնել այն առաջարկին, որով վերացւում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը` վերածելով այն միաստիճանի: Այդպիսի որոշումն, ըստ խորհրդի, անշրջելի կորուստներ կը բերի գիտութեանը, մասնաւորապէս` հայագիտութեանը: Գիտխորհուրդը բերում է այն հիմնաւորումը, որ Եւրասիական Միութիւնում` երկաստիճան գիտաստիճանաշնորհման համակարգի առկայութեան պարագայում դա նաեւ տարբեր խնդիրներ կ'առաջացնի Հայաստանի համար, այդ թւում` վկայականների փոխճանաչման հարցում (երկաստիճան համակարգը գործում է նաեւ Եւրոպայի առաջատար երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Շուէյցարիայում եւ այլն):
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանի հետ մեր զրոյցը վերաբերում է այս օրերին ակադեմիական գիտնականների շրջանում տիրող մտահոգութիւններին։