Յ. ԱՒԵՏԻՔԵԱՆ
Հակառակ ոմանց կարծիքին, վստահօրէն կարելի է ասել, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ղեկավարութեան եւ մասնաճիւղերի կազմակերպած դրամահաւաքի ձեռնարկների (հեռուստատեսային եւ այլ մարաթոններ, ճաշկերոյթ-հանգանակութիւններ, համերգներ եւ այլն) այս տարուայ հասոյթը, որպէս հնչուն մասնակցութիւն կամ մասնակցութեան խոստում, գոհացուցիչ է: Ամէն ինչից երեւում է, որ ձեռնարկների կազմակերպիչները հետզհետէ աւելի պրոֆեսիոնալ են դառնում եւ տարիների ընթացքում կատարելագործում իրենց աշխատանքըՙ ամէն անգամ գումարների հաւաքագրման աշխարհագրութիւնը եւ մասնակիցների թիւը ընդարձակելով: Օրինակ, Հնդկաստանի մուտքը հայկական այդ քարտէզՙ բացառիկ անակնկալ է. թէեւ դեռեւս չգիտենք այդտեղ հանգանակուած 600 հազար դոլարի ծագումնաբանութիւնը: Խրախուսիչ է նաեւ այն կարեւոր ներդրումը, որը վերջին տարիներին ցուցաբերում են մեր ամենաբազմամարդ Ռուսաստանի համայնքի մեծահարուստները, գրեթէ միշտ հաւաքագրելով ընդհանուր գումարի կէսից աւելին: