22.12.21

Բամբակէ պատեր

ԱՐՓԻ ՈՍԿԱՆԵԱՆ

Վահրամ Մարտիրոսեանը նոր վէպ է գրել` «Բամբակէ պատեր» վերնագրով: Այն շուտով կը յայտնուի գրախանութներում: Վէպը բրեժնեւեան շրջանի խորհրդահայ իրականութեան մասին է եւ ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի կենցաղի, սովորոյթների, տարածուած առասպելների, բանահիւսութեան, հագուստի, գաստրոնոմիական նախասիրութիւնների, փնտռուած գրքերի ու երաժշտութեան, ժամանցի կազմակերպման, արտիստական սրճարանների, մարդկանց փոխյարաբերութիւնների, նրանց վախերի ու երազանքների եւ բազմաթիւ այլ բաների մասին: Շարժուն զարգացումներով, առատ հումորով, արկածային սիւժէով (վէպում յղումներ կան Դիւմայի «Երեք հրացանակիրներ»ին, որ խորհրդային ընթերցողի սիրած վէպերից էր)` «Բամբակէ պատեր»ը ընթերցանութեան համար հետաքրքրաշարժ նիւթ լինելուց բացի, նաեւ կարեւոր փաստաթուղթ է տուեալ ժամանակի մասին: Սա, կարելի է ասել, այն խոստովանական ցուցմունքն է, որ վէպի հերոսից չկարողացաւ կորզել КГБ-ի [ԿԳԲ] աշխատակիցը: Հաւանաբար` նաեւ հեղինակից: Վիքիպեդիայում Վահրամ Մարտիրոսեանի մասին յօդուածում կարդում ենք․ «Ուսանողական տարիներին, 1978 թուականին կազմակերպել է ուշ բրեժնեւեան ժամանակների հազուադէպ ցոյցերից մէկը` ի պաշտպանութիւն բէյրութեան հայ համայնքի, որը յարձակումների ենթարկուեց Լիբանանում ծայր առած քաղաքացիական երկպառակութեան ընթացքում: Յաջորդ տարի փորձել է բողոքի գործողութիւններ կազմակերպել ազգային բուհերում մասնագիտական առարկաները ռուսերէն դասաւանդելու խորհրդային ղեկավարութեան գաղտնի որոշման դէմ, որոնք կանխուել են КГБ-ի կողմից»: Ահա, այս երկու իրադարձութիւնն են վէպի առանցքը: 

Այն, որ վէպն ինքնակենսագրական է եւ գրուած է իրական իրադարձութիւնների հիման վրայ, ակնառու է ընթերցանութեան ժամանակ, թէպէտ հեղինակը ինքն իրենից հեռանալու, միգուցէ նաեւ հումքն աւելի անկաշկանդ մշակելու համար ուրիշ անուն է տուել ոչ միայն գլխաւոր հերոսին, այլեւ միւս կերպարներին: Չնայած դրան` կերպարները հեշտ ճանաչելի են: Հեղինակը չի խաբում ընթերցողին, նա պարզապէս չի ցանկանում կարեւորել արարքի հեղինակային իրաւունքը, չէ՞ որ, ինչպէս հերոսն է սարկազմով կրկնում յաճախակի, «իրենց փոխարէն նոյնը կ'անէր իւրաքանչիւր սովետական քաղաքացի»:

Վէպին իւրօրինակութիւն հաղորդողն այն չէ, որ հեղինակը պատմում է իր հետ կատարուածը կամ, աւելի ճիշդ, իր կատարածը (ի վերջոյ, գրական երկերի մեծ մասը հեղինակի փորձն են ներկայացնում), այլ այն, որ նկարագրում է եօթանասունականների վերջին ուսանողական խաղաղ կեանքը ցնցած այդ իրադարձութիւնները` լինելով դրանց կազմակերպիչը: Այսպիսով վէպը քայլում է վաւերագրութեան ու գեղարուեստական գրականութեան սահմանագծով: Սակայն երբեմն հեղինակի սահմանած հեռաւորութիւնն իր հերոսից կարճւում է, գեղարուեստական տեսանկիւնից ոչ այնքան կարեւոր մանրամասները հեղինակն ափսոսում է դէն նետել` ասես վախենալով խեղաթիւրել պատմութիւնը: Հնագէտի բծախնդրութեամբ նա ազատում է հողից ու փոշուց անցեալը, արտեֆակտները տեսակաւորում ու դասաւորում: Այս առումով «Բամբակէ պատեր»ը յիշեցնում է հեղինակի մէկ այլ վէպ` «Յանուն խաչի ծպտածները», որում նոյն բծախնդրութեամբ հետազօտել ու ուսումնասիրել էր Կիլիկիայի պատմութեան մի դրուագ: Միայն թէ հիմա դա սեփական փորձառութիւնն է ու կեանքը` ներկայացուած յստակ գաղափարական դիրքերից: Հեղինակի եւ հերոսի միջեւ կատարեալ համաձայնութիւն ու ներդաշնակութիւն է: Հեղինակը հերոսի գաղափարակիցն է:

Ո՞րն է այս վէպի հրատապութիւնը: Արդեօ՞ք Խորհրդային Միութեան զաւեշտների ու սարսափների մասին գրելն այսօր, երբ այդ պետութիւնն արդէն վաղուց չկայ, չի նմանւում հողմաղացների դէմ պայքարի: Միւս կողմից` յետգաղութատիրական դարաշրջանում, երբ գաղութացման միջոցներն առաւել նուրբ են ու աննկատ, ինքնութեան խնդիրները, որոնց շուրջ հիւսւում է վէպի հիմնական կոնֆլիկտը, շարունակում են մնալ հրատապ: Յետխորհրդային պետութիւններում շարունակում են հրատապ մնալ նաեւ մարդու իրաւունքների ու ազատութիւնների հետ կապուած հարցերը: Վէպը միաժամանակ կարեւոր փաստաթուղթ է Խորհրդային Հայաստանում դիմադրական շարժումների ու այլախոհութեան մասին: Ի դէպ, Խորհրդային Միութիւնում այլախոհութիւն եղել է միայն մերձբալթեան երեք հանրապետութիւններում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Գուցէ վէպը կ'օգնի մտորել, փնտռել եւ գտնել այդ ուշագրաւ փաստի բացատրութիւնը:

«Բամբակէ պատեր»ը որքան էլ մեզ ժամանակագրօրէն մօտ, այնուամենայնիւ, պատմութեանն է անդրադառնում եւ պատմավէպ է: Եթէ չեմ սխալւում, անկախութեան շրջանում առաջին պատմավէպն է, որի նիւթը Խորհրդային Միութիւնն է: Աշխարհից երկաթեայ վարագոյրով մեկուսացած այդ պետութիւնը հոգեբուժարանի բամբակէ պատերով հիւանդասենեակն է, որտեղ ամէն ինչ արուած է, թւում է, մարդուն ապահովութեան զգացում ներշնչելու համար, սակայն նրա ձեռքերը կապուած են զսպաշապիկով, եւ նա իր մաշկի վրայ է զգում պետութեան հսկող եւ պատժող ուժի ողջ թափը: Անդրադարձն այս թեմային հոգեթերապեւտիկ նշանակութիւն ունի` գնալ հետ եւ վերապրել մի անգամ կիսատ-պռատ ապրածը` նրանից ընդմիշտ ազատուելու համար: «Բամբակէ պատերը» կարծես այն անհրաժեշտ սիմվոլիկ քայլն էր, որով Խորհրդային Միութիւնը վերջնականապէս դառնում է պատմութիւն ու անցեալ:


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ, 2 Սեպտեմբեր 2019 (hraparak.am/post/9e27a750c6df1fa7adabaa3201c5991b?fbclid=IwAR2IWbTGA6ueEU5dgWkN9kZg62vjjBZVb4A9FXudDrEyNdpoglqxnr3lMyM)

No comments:

Post a Comment