5.8.14

Ջրահովիտի գրադարանը խորհրդային տարիների յուշեր է արթնացնում. փայտէ դուռ, մեծ օղեր, կողպէք, «ճռճռան» յատակ

Ո՞վ գիտէ, թէ քանի գիւղական գրադարաններ Արտաշատի շրջանի Ջրահովիտ գիւղի վիճակին մատնուած են՝ իրենց բախտին լքուած։ Սպասելով որ Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնը տէր կանգնի իր պարտականութեան (իմա՛՝ սատարել մշակութային օճախներու արդիականացումին եւ մշակոյթի տարածումին) ու խոստումներէն անդին անցնի, թերեւս որեւէ այցելու կրնայ օրինակ հանդիսանալ եւ մանկական կամ պատանեկան գիրքեր գնել Երեւանի գրախանութներէն ու նուիրել իր նախընտրած գիւղական գրադարանին։ Կամ, ինչո՞ւ չէ, նման գործունէութիւն տեղական ակցիայի մը արդիւնքը կրնայ ըլլալ։
«Հայկականք»
  ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ 
 
Ջրահովիտի գրադարանի վերջին ամենաթարմ գոյքը չորս աթոռներն են, որը ստացել են 1989 թուականին: Այստեղ ամէն ինչ հին է` վերանորոգումը, պահարանը, գրքերը, յատակը… միակ «նորութիւն»ն ընթերցողներն են` գիւղի աշակերտներն ու ուսանողները:
Շէնքը, որտեղ տեղակայուած են համայնքապետարանը, կինոյի տունը եւ գրադարանը, կառուցուել է 1966 թուականին եւ մինչ օրս չի վերանորոգուել: Գրադարանին յատկացուել է մէկ փոքր սենեակ, որտեղ էլ առանց ընդհատումների աշխատում են մինչեւ օրս: Այժմ գիւղի միակ մշակութային օջախը գրադարանն է, պատմութեան գիրկն են անցել մշակոյթի ու կինոյի տները:
Ջրահովիտի գրադարանավարուհի Հերմինէ Գասպարեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ ջրահովիտցիները շատ ընթերցասէր են, դա է պատճառը, որ գիւղում, բայց մէկ այլ վայրում, գրադարան գործել է գիւղի հիմնադրման օրուանից` 1950 թ.-ից:
Գրադարանն ունի 4150 կտոր գրականութիւն եւ 280 ակտիւ ընթերցող, որի պահանջներն արդէն դժուար է բաւարարել: Հերմինէ Գասպարեանի խօսքով` անկախութիւնից ի վեր առաջին անգամ օրեր առաջ են Արտաշատի մարզային գրադարանից 56 կտոր գրականութիւն ստացել, մօտ այդքան գրականութիւն էլ տարբեր անհատներ են նուիրել գրադարանին, իսկ մնացածը խորհրդային տարիներից ժառանգութիւն է, որը գրեթէ չի օգտագործւում: Այժմ դժուար է մանուկներին հրապուրել Լենին պապիկին վերաբերող բանաստեղծութիւններով եւ պատմուածքներով:
«Յատկացնում են այն, ինչ այդ պահին ունեն, պետպատուէրով տպագրուածը, բայց մենք ֆոնդը համալրելու համար գրականութեան խիստ կարիք ունենք, յատկապէս մանկական գրականութեան, որոնց մեծ մասը քրքրուած է: Ես չեմ կարող Թումանեանի հեքիաթների գիրքը առաջարկել երեխաներին, որովհետեւ ամբողջութեամբ քրքրուած է, բարոյապէս մաշուած, թէեւ շատ պահանջուած գիրք է»,- ասում է Հ. Գասպարեանը:
Գրադարանավարուհին պատմեց, որ վերջերս «Գիրքը հրաշք է» խորագրով մանկական հանդէս են կազմակերպել, որը մեծ ոգեւորութիւն է առաջացրել երեխաների շրջանում: Նրանց հոսքը գրադարան աւելացել է, սակայն գրադարանավարուհին նշում է, որ երեխաներին առաջարկելու բան չունի:
«Մանուկ ընթերցողի մօտ արթնացնում ենք ընթերցանութեան սէրը, որ հէնց սկզբից կապուեն գրադարանի հետ, բայց երեխաները գալիս են, 1-2 գիրք առաջարկելուց յետոյ ես արդէն կանգնում եմ փաստի առջեւ: Երէկ մի երեխայ է առաջին անգամ գրադարան եկել, իր համար քարտ ենք բացել, որպէսզի տրամադրուի Թումանեանի հեքիաթների գիրքը: Երբ նա տեսաւ, թէ ինչ վիճակում է գիրքը, խեղճացած աչքերով նայեց ինձ: Երեւի նկարազարդ, գունեղ գիրք էր պատկերացնում, բայց մեր ունեցածը "սկոչ"ով կարկատած գիրքն է»,- նշում է գրադարանավարուհին:
Հերմինէ Գասպարեանը յիշում է, որ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ Մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչները եկել են Ջրահովիտ: Ինքն անձամբ նրանց խնդրել է, որ գան գրադարանը տեսնեն: Վերջիններս չեն մերժել գրադարանավարուհու առաջարկը, եկել են, տեսել եւ խոստացել գրականութիւն նուիրել, սակայն, ինչպէս Հերմինէ Գասպարեանն է ասում. «Խոստացան ու … խոստացան»: Մինչեւ օրս խոստացուած գրականութիւնը տեղ չի հասել:
«Մշակոյթի ոլորտը պէտք է հսկի մշակոյթի նախարարութիւնը: Համայնքներն իրենց աղքատիկ բիւջէով ինչքա՞ն կարող են գումար յատկացնել գիրք կամ գոյք ձեռք բերելու համար: Նայէք մեր պահարանի ոտքերը, քարերով ենք յարմարեցրել, իսկ ամենանոր գոյքը, ինչպէս ասացի, մեր չորս աթոռներն են, որ ստացել ենք 1989 թուականին»,- յաւելեց Ջրահովիտի գրադարանավարուհին:
Նա համամիտ չէ, թէ ընթերցողների թիւը նուազել է, եւ գիրքը փոխարինուել է ինտերնետով: Դրանում համոզուել է նաեւ իր ընթերցողների խօսքերից, երբ վերջիններս ասել են, որ ոչ թէ ընթերցողի պակաս կայ, այլ լաւ գրքի: Եթէ գիրք լինի, ընթերցող միշտ էլ կը լինի:
Մարինէ Ղազարեանն այս տարի է աւարտել դպրոցը, սակայն գրադարանի հետ կապը չի խզել: Մեր այցելութեան պահին նա գրադարանում էր: Փնտրում էր հայ գրողների, պատմիչների գրքերը, սակայն դրանց մեծ մասն այդպէս էլ չգտաւ: «Փնտռում եմ Փարպեցի, Բուզանդ, բայց չկայ: Հայ գրողների գործերի մի մասն է միայն: Օրինակ` կան գործեր, որ ամբողջութեամբ չեմ կարդացել, որովհետեւ դրանց մի մասն է առկայ, միւս մասը կարդալու համար կամ պիտի Մասիսի գրադարան գնամ, կամ` Արտաշատ»,- ասում է Մարինէն:
Հերմինէ Գասպարեանն էլ յաւելեց, որ ընթերցողների հետ կապը չխզելու համար ստիպուած իր անձնական գրականութիւնն է առաջարկում կամ պատուերի դէպքում գրքերը բերում է այլ համայնքների գրադարաններից:
Ջրահովիտի համայնքապետ Համլետ Ղազարեանն ասաց, որ իրենց հնարաւորութիւնների սահմաններում աջակցում են գրադարանին, սակայն համայնքի բիւջէն թոյլ չի տալիս ներդրում անելու:

«Հետք», Յուլիս 23, 2014 (http://hetq.am/arm/news/55795/jrahoviti-gradarany-khorhrdayin-tarineri-husher-e-artnacnum-payte-dur-mets-oxer-koxpeq-tchrtchran-hatak.html)

No comments:

Post a Comment