28.4.18

Նիկոլն ընտրեց մի կարգախօս, որը դարձաւ դոմինոյի առաջին ֆիշկան

ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ
 
Ապրիլի 23-ին ՀՀ քաղաքացիների արած «քայլը», ի դէմս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանի, ստիպեց Սերժ Սարգսեանին հրաժարական տալ վարչապետի պաշտօնից, իսկ վերջին օրերին բեմահարթակից հնչող սիրոյ, հաւասարութեան, եղբայրութեան քարոզը մարդկանց յիշեցրեց 88-ի զարթօնքը։
Ազգագրագէտ Լեւոն Աբրահամեանի կարծիքով՝ վերջին տարիներին երբեք այսքան ժողովուրդ դուրս չէր եկել փողոց, յաջողութեան հասել էր ընդամէնը մի երկու քաղաքացիական շարժում, ամենաառաջինը «Մոսկուա» կինոթատրոնի տարածքում եկեղեցի չկառուցելու շարժումն էր, որը չունէր իր մէջ ազգային կամ նոյնիսկ ազգայնական տարրեր․ «Յետոյ Մաշտոցի պուրակի պայքարը եղաւ, էկոլոգիական շարժումներն ինչ-որ բաների հասան, որոնք էլի իրենց մեջ չունէին այդ ազգայնական պահերը։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ ազգայնականի շուրջ հեշտ է հաւաքել մարդկանց, քան քաղաքացիականի։ Դրանից յետոյ եկաւ 100 դրամի շարժումը, որը կպաւ բոլորին ու բերեց յաջողութիւն, որովհետեւ շարժական էր։ Ի դէպ, Փաշինեանի այս շարժման մէջ էլ ապակենտրոնացած ձեւն սկսեց գործել, բայց այստեղ, ի տարբերութիւն նախորդի, ոչ թէ հրամայուած էր կամ մտածուած, այլ բնական ձեւով։ Այստեղ արդէն ոչ թէ երթուղայինն է, երբ դու քո քայլն անում ես ճանապարհին, այլ անսպասելի բոլորը դառնում են գործող։ Յետոյ եկաւ «Էլեկտրիկ Երեւանը», որը կարող էր զարգանալ նոյն ձեւով, ինչպէս զարգացավ Փաշինեանի շարժումը, բայց քանի որ գրագէտ չարուեց, չեղաւ»։
Ազգագրագէտը յիշում է 88-ի շարժումը, երբ օր ու գիշեր անցկացնում էին փողոցներում, հրապարակներում, գրանցում այն, ինչ տեղի էր ունենում այդ օրերին․ «Այն ժամանակ էլ այդ ազատարար շարժումն սկսուեց ու հաւաքեց այդքան մարդ, մի աննախադէպ բան Սովետական Միութեան համար։ Կար հասարակ եւ կարեւոր մի բան․ մարդիկ թէեւ դուրս էին գալիս փողոց բազմաթիւ խնդիրներով, բայց նրանց փողոց հանող ամենակարեւոր բանը «Ղարաբաղը մերն է» լոզունգն էր, որը բոլորին հարազատ ստացուեց՝ տարբեր ձեւերով։ Օրինակ՝ դաշնակների համար դա պահանջատիրութիւնն էր։ Այդ ժամանակ բոլորն ունէին մի պատասխան, մի լոզունգ, դա չափազանց կարեւոր բան է, երբ մարդիկ հաւաքւում են։ Նման մի խնդիր, որ բոլորին միացնէր, չեղաւ, թէեւ մենք՝ ազգագրագէտներս, փնտռում էինք, փորձում էինք կազմակերպել մի բան, որ նոյն ձեւով կը համախմբէր բոլորին՝ Սփիւռքին, տարբեր խմբերի մարդկանց։ Ի՞նչ կարգախօս կարող էր լինել, որին բոլորը կը տային նոյնատիպ պատասխան․ այդ ժամանակ միայն ցեղասպանութեան խնդիրն էր։ Սումգայիթի դատավարութիւնից յետոյ դրա մասին կարող էին խօսել արդէն չափազանցրած, որն էլի ունէր մէկ պատասխան բոլորի մօտ՝ թէ՛ Սփիւռքի եւ թէ՛ տարբեր կուսակցութիւնների մօտ։ Իսկ դա դոմինոյի սկզբունքն է, որի փորձն արուեց այն ժամանակ, բայց յաղթելուց յետոյ վերջում մի քանի հարց դրուեց։ Մինչդեռ, երբ դու ունենում ես մի հարց եւ մի պատասխան, դա իրօք համախմբում է եւ գործում է։ Դա նաեւ մեծ մասսաների օրէնքներից է։ Համախմբուածութիւնը գալիս է առաջին հերթին դրանից, յետոյ կան նաեւ ընդհանուր, մասսայական հաւաքների օրէնքները, օրինակ՝ համերաշխութիւն, ինչը բնորոշ է տօնին, եւ պատահական չէ, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, շատ լուրջ տօնական դրսեւորումներ ունի։ Նիկոլ Փաշինեանի ճիշը տեխնոլոգիան դա դոմինոյական սկզբունքն է, ինքն ընտրեց մի կարգախոս, որն արդեն ապրիորի ունէր դրական պատասխան․ «Մերժիր Սերժին», ու ստացուեց, որ բոլորը դրան կարող են մասնակցել, թերեւս Հանրապետական կուսակցութիւնից բացի»։
Թէեւ մինչ այս շարժումը, Սահմանադրութեան ընդունման դէմ պայքարը տարուեց ոչ պակաս ուժերով, այդ թւում՝ համացանցային ձեւերով, տարբեր ելոյթներով ու տեխնոլոգիաներով, բայց ժողովուրդը դրա համար դուրս չեկաւ փողոց, ինչն էլ, Աբրահամեանի կարծիքով, բերեց հենց այս վիճակին․ «Դա աւելի ծանր բան էր, քան թէ «Մերժիր Սերժինը», բայց նման բաները չեն համախմբում, դրա համար Նիկոլը շատ ճիշդ տեխնոլոգիական ձեւով ընտրեց մի կոնկրետ կարգախօս, որը դարձաւ դոմինոյի առաջին ֆիշկան, բայց նպատակը դա չէր, որն արդէն մենք տեսանք։ Նպատակը յաջորդներն են, ասենք՝ 10-րդը, բայց դու պէտք է կարողանաս ամբողջ ուժով այդ առաջինին խփել, որ նա իջնի եւ, միւսներին շարժելով, հասնի քո ուզածին։ Մենք հիմա տեսանք, որ առաջինը գործեց, որովհետեւ այս մասսայական շարժումն ունեցաւ մի հարուած, եւ առաջին ֆիշկան ընկաւ, եւ յաջորդ օրն արդէն դուրս է գալիս յաջորդ ֆիշկան։ Հիմա փորձում են մեծ ճնշում գործադրել ընտրողների վրայ, որ նրանք ընտրեն նրան, ում ուզում է հրապարակում հաւաքուած ժողովուրդը։ Եւ այն ճանապարհը, որ սկզբում նկարագրեց Նիկոլ Փաշինեանը, դրանք ֆիշկաներ են, իմ ասած դոմինոյի սկզբունքները, եւ երբ դրանցից մէկն ընկնում է, ընկնում են նաեւ միւսները։ Տեխնոլոգիական առումով դա շատ ճիշդ բան է, օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանը» չկարողացաւ դա անել, որովհետեւ ունէին մէկ ֆիշկա, որը գործեց, բայց կազմակերպիչները չունէին փորձ, որովհետեւ դրանից յետոյ հարց է առաջանում՝ ո՞վ է դա անում, եթէ այդ բանը չի ստացւում, «Մերժիր Սերժինը» դեռ այն ժամանակ կարող էր լինել, եթէ դուրս գային դրա վրայ։ Այդտեղ դոմինոյի հնարաւորութիւնը կար, որը չարուեց։ Իսկ այստեղ գլխաւորը հենց նա է, որ դու պայքարում ես մի համակարգի դէմ, որի դէմ պայքարելու սահմանադրական հնարաւորութիւն չեն տուել, որովհետեւ Սերժ Սարգսեանի սահմանադրութեան խմբագրումը շատ հմուտ է արուած եւ արուած է հենց այդ նպատակով։ Դրա վրա լուրջ իրաւաբաններ են աշխատել, որոնք ստեղծել են իրեն արտադրող համակարգ, որը պահում է միայն իշխանութիւնը եւ դրանով դառնում է հենց արատաւոր։ Իսկ դրա դէմ արդէն չես կարող պայքարել իրաւական ձեւերով, եւ դրա համար արւում է պրոտեստային շարժում, որ այդ ֆիշկաները քանդելով՝ կարողանաս գլխաւորն անել՝ ընտրութիւններ, որոնք, 95-ից սկսած, մասսայաբար կեղծւում են, որն ազդում է ընտրութիւնների արդիւնքների վրայ, անկախ նրանից, թէ ինչ են ասում դիտորդները։ Մեր նոր Սահմանադրութիւնն իրաւական քայլեր թոյլ չի տուել անել, այնպես է արուած, որ հնարաւորութիւն չունենաս դա անել օրինական ձեւով, դրա համար մեր վերջին հնարաւորութիւնը սա էր՝ անել քաղաքացիական ձեւով, որովհետեւ դրա համար 3 ճանապարհ կայ․ մէկը «Սասնա ծռերի» ապստամբութիւնն էր, որ փորձ արեց զինուած յեղաշրջում անելու, ու, բարեբախտաբար, չստացուեց, միւսը քաղաքացիականն է, որը հիմա տեսնում ենք, իսկ 3-րդը դա միջազգային մասշտաբով ու ամենասարսափելին է՝ տեռորիզմը։ Այսինքն՝ մենք հիմա ունենք այդ հնարաւորութիւնը՝ օգտագործել ամենախաղաղ ճանապարհը, որ շրջանցուեն այն սահմանադրական խոչընդոտները, որ դրվել են ժողովրդի առջեւ»։
Ինչ վերաբերում է շարժման լոզունգներին, ապա դրանք շատ հմուտ են արւում։ Լեւոն Աբրահամեանը նկատում է՝ եթէ, օրինակ, յանգաւորում չլինէր «Մերժիր Սերժին» կոչի մէջ, մի գուցէ շատերն այդքան չսիրէին այդ կարգախօսը, նոյնը նաեւ՝ «Մերժիր Սերժի Կարէնին» կարգախօսի դէպքում, որոնք տրամադրում են վանկարկելու համար։ «Հիմա ինչն է ինձ տխրեցնում․ որպէսզի ամէն ինչ օրինական լինի, պետք է լուծուեն մի շարք հարցեր, եւ խորհրդարանում հանրապետականները պէտք է քուէարկեն, որ ամէն ինչ լինի սահմանադրօրէն ճիշդ։ Այսինքն՝ հիմա մնում ենք նրանց քմահաճոյքին եւ մանիպուլեացիաներին, յոյսը դնում ես առնէտների վրայ։ Դա ամենատխուր բանն է, բայց առանց դրա չի կարող այս պայքարն ունենալ սահմանադրական ձեւ»,- ասում է ազգագրագէտն ու անդրադառնում այս շարժման գործուն մասնակիցներին՝ երիտասարդութեանը․ «Այս նոր երիտասարդները ծնուել են անկախութեան ժամանակ, սա, փաստօրէն, իրենց քայլերն են, եւ ամենակարեւորն այն է, որ պարզուեց՝ այսքան պայծառ երիտասարդութիւն ունենք։ Լրագրողներից մէկն ասաց, թէ ո՞նց է, որ ասում էք՝ կրթութիւնը վատ է դրուած, բա ո՞նց այսքան պայծառ երիտասարդներ դուրս եկան, ասացի՝ հենց դրա համար էլ դուրս եկան, որովհետեւ եթէ այդ կրթութեան միջով անցնէին, ուրեմն փչացած կը լինէին, որովհետեւ հիմա մեր կրթութիւնը շատ վատն է։ Նրանք չունեն նաեւ այդ վախը, ես դա նկատել եմ նրանց դէմքին։ Բացի դրանից՝ նրանք հիմա անում են այդ ապակենտրոնացման ձեւերը, որը բաւականին գործող տեխնոլոգիա է։ Միւս կողմից էլ՝ եթէ դա երկար տեւի, բոլորը դրան դէմ դուրս կը գան, որովհետեւ դա խոչընդոտում է բնականոն կեանքին, եւ բոլորը յեղափոխական չեն։ Եւ այդ պատճառով նման բաները երկար չեն կարող տեւել, եւ, բացի դա, այդ խանդավառութիւնն իներցիա էլ ունի, դա տօների ժամանակ էլ է լինում, եւ դժուար է լինում կանգնեցնել տօնը։ Արխայիկ հասարակութիւններում տօների յատուկ ծէսեր կան, որոնք թանձրացնում են արդէն ծայրայեղութիւնների հասած այդ բաները։ Այնպէս որ՝ սա անվերջ չի կարող տեւել, դրանք տօնի օրինաչափութիւններն են»։

«Հրապարակ», 28 Ապրիլ 2018

No comments:

Post a Comment