27.4.18

Յետ ՀՀԿ-ական իշխանութիւնների ներքին մարտահրաւէրները

ՎԱՀԷ ՍԱՀԱԿԵԱՆ

Թւում է, թէ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ ստեղծուել է մի իրավիճակ, երբ Ազգային Ժողովի մեծամասնութիւն կազմող ՀՀԿ խմբակցութիւնն, ըստ գործող Սահմանադրութեան, պէտք է ընտրի նոր վարչապետ իրենց իսկ շարքերից, եւ, այդպիսով, բաւարարի իր ընդդիմախօսների եւ ցուցարարների առաջին, հիմնական պահանջը՝ Սերժ Սարգսեանի հրաժարումը այսպէս կոչուած՝ «երրորդ ժամկէտ»-ից։

Վերջին տասնամեակում, այնուամենայնիւ, ՀՀԿ-ն չի կարողացել գործնականօրէն համոզել եւ ապացուցել ընտրողներին եւ քաղաքացիական այն ստուար շերտերին, ովքեր այս օրերին տօնում են Սերժ Սարգսեանի հրաժարականը, որ բաւարար կամք է ցուցաբերել տեղական ու ազգային ընտրութիւնների ողջ ընթացքը օրինականութեան ու արդարութեան սկզբունքներով կազմակերպելու գործում, որ հաստատել է օրէնքի իշխանութիւն, որտեղ չկան արտօնեալներ եւ ընչազուրկներ, որտեղ ամբարտաւանութիւնը խրախուսելի չէ, իսկ երկակի չափանիշները՝ ընդունելի նորմ։
Որպէս իշխանութիւն, իրեն ենթարկած լինելով Հայաստանի Հանրապետութեան ոստիկանական ուժերն ու ներքին զօրքերը, դատարաններն ու արդարադարտութեան ողջ համակարգը, ՀՀԿ-ն, մասնաւորապէս, չի կարողացել եւ/կամ համապատասխան կամք չի դրսեւորել՝ երաշխաւորելու տեղական ու համապետական ընտրութիւնների ժամանակ եւ, առհասարակ, արդարութեան, իրաւահավասարութեան եւ օրինականութեան հիմնարար սկզբունքների գերակայութիւնն ու պահպանութիւնը։ Քաղաքացիների կողմից ՀՀԿ-ին վերագրուող մեղադրանքները, որոնք դարձնում են ՀՀԿ-ի իշխանութիւնից հեռացումը օրակարգային կարեւորագոյն հարցերից մէկը, եւ որոնք լրջագոյն մարտահրաւէրներ են լինելու յետ-ՀՀԿ-ական իշխանութիւնների համար, կարելի է ամփոփել հետեւեալ հիմնական կէտերում։ Նախապես նշենք, որ բոլոր կէտերն էլ փոխկապակցուած են եւ փոխկախուած․
ա) Անպատժելիութիւնը, անպատժելիները, վախի մթնոլորտը
Քաղաքացիները տարիներ շարունակ ականատես են եղել եւ վերջին օրերին էլ տեսան, թէ ինչպէս որոշ արտօնեալներ, խախտելով հասարակական կարգը, անկաշկանդ յայտնուելով տեսախցիկների եւ ոստիկանութեան առջեւ, ոստիկանների անգործութեան պայմաններում եւ երբեմն հովանավորութեամբ, կարող են իրականացնել ուրիշների առողջութեանն ու գոյքին բացայայտ վնաս հասցնելու նպատակով իրագործուող բռնարարքներ, որոնց համար վստահ են, որ պատասխանատուութեան չեն ենթարկուելու։ Չնայած այս արտօնեալներին ձերբակալելու հիմքեր փնտռելու համար բացարձակապէս ջանքեր պէտք չեն՝ շրջանառուող տեսագրութիւնները, նկարներն ու ոստիկանների աչքերի առջեւ կատարուող գործողութիւնները բաւարար փաստեր են, ոստիկանները նրանց, սովորաբար, անտեսում են։ Անպատժելիների այս դասը, սովորաբար, առաւել ակտիւանում է ընտրական շրջանում, երբ ազատօրէն կարող են կուտակումներ ստեղծել տարբեր ընտրատարածքների առջեւ եւ երբեմն՝ ներսում, առանց խոչընդոտների եւ կաշկանդուելու կարող են առաջարկել եւ ստիպել ընտրակաշառքներ, եւ, տեսախցիկների առջեւ յայտնուելու դէպքում, առանց դէմքի արտայայտութեան որեւէ փոփոխութեան՝ ստել, թէ իբր աշխատավարձեր են բաժանում, մարդկանց «օգնում են» քուէարկել կամ հասնել ընտրատարածք։ Այսպիսի «անպատժելիներ»ի խմբերի առկայութեան պայմաններում, քաղաքացիները յաճախ են ենթարկւում ֆիզիկական ու բարոյական բռնութիւնների։ Աւելին, այս խմբաւորումների նկատմամբ ոստիկանութեան դրսեւորած անտարբերութեան դէպքում, քաղաքացիները յաճախ ականատես են լինում խաղաղ ցուցարարների, այլ քաղաքացիների եւ երբեմն՝ իրենց իսկ ձերբակալութիւններին, որոնց հիմքերը որոշւում կամ յօրինւում են յընթացս, երբեմն առանց բաւարար փաստերի։ Վերջին տասնամեակում ՀՀԿ-ն համոզել եւ ապացուցել է, որ չի տիրապետում այս երեւոյթները կանխելու համար անհրաժեշտ կամքին, եւ այս խնդրի լուծման ողջ բեռն ընկնելու է ՀՀԿ-ին յաջորդող իշխանական ուժերի վրայ։
բ) Ոստիկանութեան եւ դատարանների ծառայեցումը կուսակցական եւ անձնական շահերին
Անպատժելիների նկատմամբ ոստիկանութեան վերապահ վերաբերմունքին զուգահեռ, քաղաքացիները մէկ անգամ չէ, որ ականատես են եղել, թէ ինչպէս են ոստիկանութիւնը եւ դատարանները ծառայում իշխանութեան, ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուների շահերին՝ երբեմն կամ յաճախ անտեսելով իրենց իսկ (քաղաքացիների) շահերը։ Եթէ այլ պարագայում, ոստիկանութիւնը բացարձակ կաշկանդուած չի զգայ քաղաքացիների գոյքին եւ առողջութեանը վնաս հասցնող գործողութիւններից՝ մեքենաները ջարդելուց, ձերբակալման կամ յատուկ գործողութիւնների ընթացքում քաղաքացիներին տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ պատճառելուց, ընտրութիւնների ժամանակ քաղաքացիներն ականատես են լինում դէպքերի, երբ ոստիկանութիւնը մեծ եռանդով ու զօրութեամբ կարող է պաշտպանել հասարակ մի սեղան կամ մէկ նախընտրական շտաբ, որպէսզի հետաքրքրաշարժ քաղաքացիների խումբը յանկարծ, որեւէ կերպ չկարողանայ տեսնել սեղանի դարակների պարունակութիւնը կամ արձանագրել ՀՀԿ շտաբների ներսում տեղի ունեցող գործընթացները։ Եթէ այլ պարագաներում ոստիկանութիւնը՝ քաղաքացիներին անյայտ փաստերի հիման վրայ կարող է ձերբակալել ընդդիմութեան ներկայացուցիչների եւ գործիչների, իսկ դատական մարմինները կարող են գործեր յարուցել նրանց նկատմամբ, քաղաքացիներին յայտնի փաստերի հիման վրա, ինչպիսիք էին, օրինակ, դպրոցի տնօրէնների գործը, «զիբիլիքս»-ը կամ ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների ազատ ընտրութեան սահմանափակման աշխատանքների ձայնագրութիւնը, ոստիկանութիւնը ձերբակալութիւններ չիրականացրեց, դատական գործեր չյարուցուեցին կամ յարուցուած գործերը արագ կարճուեցին, եւ քաղաքացիներին յայտնի մեղաւորները մնացին «չբացայայտուած» եւ անպատիժ։ ՀՀԿ-ն, տիրելով իշխանութեան հիմնական ու կարեւորագոյն լծակներին, վերջին տաս տարիներին ապացուցել է, որ անկարող է համապատասխան կամք դրսեւորել եւ քաղաքացիներին ու հասարակութեանն ապահովել կուսակցականութեան նեղ շահերից եւ իշխանութեան ներկայացուցիչներից անկաշկանդ, քաղաքացիների շահերը պատշպանող ոստիկանութեամբ եւ դատարաններով։ Մեծագոյն մարտահրավերը ՀՀԿ-ին յաջորդող իշխանութեան ուժերի համար։
գ) Ընտրակեղծիքները, ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը
ՀՀԿ առաջնորդների, շարքայինների ու համակիրների համոզմամբ՝ իրենց կուսակցութիւնը վայելում է ժողովրդի լայն զանգուածների աջակցութիւնը, որը հիմնւում է 2017-թ.ԱԺ ընտրութիւններում ՀՀԿ հաւաքած ձայների վրայ (պաշտօնական տուեալներով՝ 54.09%): Քաղաքացիների համոզմամբ, սակայն, այս տոկոսը չի արտացոլում ժողովրդային իրական տրամադրութիւնները։ Քաղաքացիների ստուար զանգուածներ անձնական պատմութիւններ ունեն կամ լսել են, թէ ինչպէս եւ ովքեր են ընտրակաշառք առաջարկել, թէ ինչպէս, ովքեր եւ որտեղ են վերցրել կամ մերժել ընտրակաշառքներ, թէ ինչպէս են քուէարկել ընտրակաշառքը վերցնելուց կամ դրանից հրաժարուելուց յետոյ, թէ ինչպէս են մարզպետարանների, քաղաքապետարանների, մանկապարտէզ-դպրոցների եւ այլ պետական ու ոչ պետական հիմնարկութիւնների աշխատակիցներ «հաւաքագրուել» և «քուէարկել»։ Քաղաքացիները խօսում են միմեանց հետ, ծանօթ են իրենց ընկերների, բարեկամների, հարազատների փորձերին, համոզուած են, որ երեւոյթը համատարած է ընտրութիւնների ժամանակ, եւ որ այն գործում է հիմնականում իշխանական ուժի (այն է՝ ՀՀԿ-ի) օգտին եւ նրա վերարտադրութեան համար։ Վերջին տասնամեակում, ՀՀԿ-ն մի քանի անգամ գործով ապացուցել է, որ չի դրսեւորելու համապատասխան կամք՝ ընտրակաշառքի դէպքերը խստօրէն հետապնդելու, դատապարտելու եւ իսպառ վերացնելու եւ վարչական ռեսուրսը իր շահերին չծառայեցնելու ուղղութեամբ, որը եւս հերթական մարտահրաւէրն է յետ-ՀՀԿ-ական իշխանական ուժերի համար։
դ) ՀՀԿ-ական օլիգարխների եւ այլ «հեղինակութիւն»ների ամբարտաւանութիւնը
Չնայած այն հանգամանքին, որ ողջ երեւանաբնակ, եւ թերեւս, նոյնիսկ, հայաստանաբնակ, հասարակութիւնը կարող է առաջին իսկ փորձից եւ առանց սխալուելու նշել «Երեւան Սիթի» կամ ՍԱՍ սուպերմարկետների ցանցերի սեփականատէրերի, այս կամ այն ապրանքի ներմուծման վրայ մենաշնորհներ ունեցող անձանց անունները (կամ մականունները), թուարկել իշխանութիւնների հովանաւորութիւնը վայելող այս կամ այն պաշտօնեային պատկանող սեփականութիւնները Երեւանում, Հայաստանի այլ մարզերում եւ, երբեմն, արտերկրում, մատնացոյց անել նրանց պատկանող շքեղաշուք ապարանքներն ու թանկարժէք մեքենաները, լրագրողների համապատասխան հարցերին, սովորաբար, այսօրինակ պաշտոնեաները պատասխանում են ընդգծուած ամբարտավանութեամբ, հեգնանքով եւ, երբեմն, քամահրանքով, հրաժարուելով, թէ իրենք որեւէ առնչութիւն ունեն իրենց վերագրուող յայտնի «բիզնես»-ների հետ եւ պնդելով, թէ իբր այդ ամէնը ձեռք են բերել արդար աշխատանքով, սեփական քրտինքով կամ ստացել են նուիրատուութեամբ։ ՀՀԿ վերջին տասը տարիների ընթացքում գործով համոզել եւ ապացուցել է հանրութեանը, որ իր իշխանութեան տարիներին նման ամբարտաւանութիւնը, կեղծիքը, ժողովրդին յիմարի տեղ դնող պաշտօնեաներին անյարիր պահուածքի դրսեւորումները լինելու են ոչ միայն հանդուրժելի, այլ նաեւ՝ խրախուսելի, սակայն միայն իրենց իսկ հովանաւորութիւնը վայելող որոշ արտօնեալ շրջանակների համար։
ե) Արտագաղթը, աղքատութիւնը, սոցիալական ծանր պայմանները, կրթութեան ու այլ համակարգերի քաղաքականացուածութիւնը, եւ մի շարք այլ կարեւոր խնդիրներ, այն միւս ներքին մարտահրաւէրներն են, որոնց մասին խօսուել է բազմիցս, շատերի կողմից, եւ որոնց յաղթահարման շուրջ ՀՀԿ-ն փաստել է իր վերջին տասնամեակի գործունէութեամբ, որ ոչ մի լուրջ առաջընթաց չի կարող արձանագրել։
Եթէ ՀՀԿ-ն որպէս իր ձեռքբերումների հաւաստում վկայակոչում է ինչ-որ մակրոտնտեսական ցուցանիշներ, եվրոպական ու այլ դիտորդների վկայութիւններ, քաղաքացիներն, ովքեր այս օրերին տօնում են Սերժ Սարգսեանի հրաժարականը, ովքեր հաւաքել ու հավաքուելու են հրապարակներում, վստահում են իրենց ամէնօրեայ շփումներին, ամէնօրեայ փորձին, ամէնօրեայ դժուարութիւններին եւ վերջին տասնամեակում արձանագրած հիասթափութիւններին ու յուսալքութեանը։ Այն քաղաքական ուժը, որ տիրելով երկրի օրէնսդիր, գործադիր ու դատական իշխանութիւններին չի կարողացել իր իշխանութեան տասնամեակի ընթացքում համոզել ու ապացուցել իր իսկ քաղաքացիներին, որ հաշուետու է միայն ու միայն նրանց, աշխատում է միայն ու միայն նրանց շահերի համար, չի կարող յաւակնել եւ ո՛չ մի առաջնորդող դիրքի, քանի դեռ չի ստացել այդ մանդատը արդար, ազնիւ, անկաշկանդ ու անկաշառք ընտրութիւնների միջոցով։ Իսկ քանի որ քաղաքացիները բազմիցս արձանագրել են ՀՀԿ-ի կողմից ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւններ կազմակերպելու անկարողութիւնը եւ/կամ դրա համար անհրաժեշտ կամքի բացակայութիւնը, հետեւաբար այլընտրանքը ՀՀԿ-ի իշխանութիւնից հեռանալն է, եւ ժամանակավոր մի այնպիսի իշխանութեան ձեւաւորումը, ովքեր կը կարողանան կազմակերպել իրական ժողովրդավարութեան հիմնական գրաւական հանդիսացող արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

mamul.am, 26 Ապրիլ 2018

No comments:

Post a Comment