1.3.18

Կործանուող մայրաքաղաքների մասին՝ երեք ցաւալի մէջբերումներով

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
«Մեր մայրաքաղաքը կործանւում է բոլորի աչքի առաջ, բայց ոչ ոք այդ առթիւ ձայն չի հանում:
Այո, այն, ինչը որ այսօր շինարարական ընկերութիւնները, իշխանութիւնները եւ ողջ մեր սնոբիստական հանրութիւնը միաձայն անուանում է վերածնունդ՝ կործանում է :
Խելայեղ տեմպերով, առանց վերահսկողութեան եւ անմտօրէն կառուցւում են վիթխարի շէնքէր, որոնք փակում են տարածութիւնը, փակում են օդի, արեւի մուտքը, հորիզոնի տեսարաններով հիանալու հնարաւորութիւնը»:
Թւում է, թէ խօսքը Երեւանի մասին է, որի պատմական անցեալն արդէն տասնամեակից աւելի է անխնայ ոչնչացւում է ազգընտիր իշխանութիւնների ձեռքով, քաղաքի դիմանկարն այլասերւում է, դիմազրկւում... եւ որպէս հակառակ օրինակ միշտ բերում են հարեւան հանրապետութեան մայրաքաղաքը՝ ցաւով նշուելով, որ Թիֆլիսը, ի բարեբախտութիւն իրեն, Նարեկ Սարգսեանի պէս գլխաւոր ճարտարապետ չի ունեցել, որ, ի տարբերութիւն Երեւանի, նրա անցեալի իւրաքանչիւր միլիմետրը պահպանում է սրբօրէն...
Բայց արի ու տես, որ վերոյիշեալ մէջբերումը կատարուած է վրացի ժամանակակից գրող Նաիրայ Գելաշուիլու «Ռեքուիեմ պատշգամբներով քաղաքին» էսսէից: Ճիշդ ընդհատուած տեղից շարունակենք մէջբերումը.
«Տպաւորութիւն է ստեղծւում, որ Վրաստանում ճարտարապետութիւնը որպէս գիտութիւն գոյութիւն չի էլ ունեցել.... Խորհրդային ժամանակներում կառուցման անդիմութիւնը եւ անպէտքութիւնը մենք բացատրում էինք կոմունիստական անխելամտութեամբ: Իսկ ի՞նչ է կատարւում հիմա: Մի՞թէ ժողովուրդը, որը բարձր արտիստականութիւնը եւ պոէզիան համարում է իր բնութագրական գծերից, այլեւս անկարող է ճաշակ եւ երեւակայութիւն դրսեւորել:
....Ինչպէ՞ս ենք պատրաստւում ապրել եւ երեխաներ մեծացնել այս գազախցիկում, ինչպիսին այսօր ներկայանում է Թբիլիսին»: Հեղինակը շարունակում է բերել բազմաթիւ օրինակներ Թբիլիսիի քաղաքաշինական կամայականութիւնների, այդ ոլորտում իշխանութիւնների մարտնչող տգիտութեան, անճաշակ կառուցապատումների, բնապահպանական աղէտալի վիճակի, անցեալի յիշատակների աղճատման, ապօրինի ծառահատումների, շուկաների փակման եւ բազում այլ բաների մասին, ինչը շատ աւելի է միմեանց հարազատացնում 21-րդ դար թեւակոխած Երեւանը ու վրաց մայրաքաղաքը՝ երբեմնի «Տփխիս քաղաքն հայոց» ...
Ի հարկէ, սա չենք մէջբերումՙ սփոփելու համար անպատմութիւն եւ դիմազուրկ մայրաքաղաք ժառանգութիւն ստացող մեր սերունդներին: Վայրագ կապիտալիզացիայի եւ նոյնքան վայրագ գլոբալիզացիայի պայմաններում, ցաւօք, շատ քաղաքներ են կորցրել իրենց դէմքը ու շարունակում են դիմազրկուել: Տարիներ առաջ, երբ այս թեմայով մտահոգութիւնս էի կիսում սիրելի գրողիս եւ աւագ բարեկամիս՝ ճարտարապետութեան քաջագիտակ երջանկայիշատակ Կարպիս Սուրէնեանի հետ, նա ցաւով նշեց, որ դա միայն հայկական անփութութեան արտայայտութիւն չէ, որ իր ծննդավայր Աթէնքն էլ վերջին տասնամեակներին իր պատմական անցեալը զիջել է աննկարագիր եւ անդէմ ժամանակակից շինութիւնների...
Մասնագէտները կը հաստատեն, որ Երեւանի ճարտարապետական աղճատումն իրականում շատ աւելի վաղ էր սկսուել: Մի կողմ թողնելով բոլշեւիկների կողմից երեւանեան եկեղեցիների կործանման փաստերը, յիշենք, որ 1950-ականների կէսերից, երբ Ստալինի մահից յետոյ Հայաստանը փոքր-ինչ շունչ էր քաշում, եւ Երեւանը սկսել էր զարգանալ, պատմական շատ արժէքաւոր աշխարհիկ կառոյցներ արդէն այդ ժամանակաշրջանից սկսած ենթարկուել են ապամոնտաժման: Եւ արդէն 1970 թուականին Երեւանի ռուս բնակչուհի, բժշկուհի Ս. Վ. Ռոժդեստվենսկայան «Գրական թերթ»ի էջերում ահազանգել է իրեն հարազատ դարձած բնակավայրի դիմագծի աղաւաղումը: Աւելորդ չենք համարում մէջբերումներ կատարել նրա նամակից.
«Արդէն տաս տարի է, ինչ ապրում եմ Երեւանում, քաղաքը լաւ գիտեմ ու կարող եմ պնդել, որ նման իւրայատուկ - վառ, նման ինքնատիպ քաղաք ես ոչ մի տեղ չեմ տեսել: Վստահ կարող եմ ասել, որ քաղաքին այդ իւրայատկութիւնն ու գեղեցկութիւնը տալիս են նախ՝ ազգային ճարտարապետութիւնը, խորապէս մտածուած յատակագիծը - ոչ մի բանի հետ չհամեմատուող հայկական բարկ արեւի ու Հայաստանի գոյների խտացումը:
Ինձ համար տարօրինակ է եւ ես ցաւ եմ զգում, երբ ձեր թերթում կարդում եմ գրողների ու ճարտարապետների ելոյթները, ուր նրանք առաջարկում են հրաժարուել հայկական ճարտարապետութեան դարաւոր ավանդոյթներից, ճարտարապետութիւն, որով հիանում է ողջ աշխարհը: Ցաւալի է, որ նրանք առաջարկում են անցնել ժամանակակից կոնստրուկտիւիզմին եւ, հանուն մոդայի, ազգային ճարտարապետութեան գլուխ գործոցների կողքին կանգնեցնել բազմայարկ անգոյն տուփեր:
Ես տեսայ նախկին շուկայի տեղում կառուցուելիք համայնապատկերային կինոթատրոնի շէնքի նախագիծն ու մակետը եւ հայ ճարտարապետների փոխարէն ամաչեցի (նկատի ունի նախկին «Ռոսիա» կինոթատրոնը - Ա. Բ.): Դա մի հիբրիդ է՝ արդուկի, նաւի ու չինական խունձայի խառնուրդով: Եւ այդ շէնքը նախատեսւում է կառուցել անմահ Թամանեանի գործերին այդքան մօտիկ: Մի՞թէ սա ծաղր չէ հայ ժողովրդի հազարամեայ ճարտարապետական ձեւերի հասցէին: Մի՞թէ այդ չեն տեսնում աւագ սերնդի ճարտարապետները, որոնց լուռ համաձայնութեամբ էլ նման նախագծերը հաստատւում են:
Ես ճարտարապետ չեմ, ես չէ, որ պէտք է դատեմ կառուցապատման առանձնայատկութիւնների մասին, բայց ես կարող եմ իմ կարծիքն ասել այն յոյսով, թէ կարող եմ ինչ-որ չափով օգտակար լինել: Ցաւն այն է, որ ճարտարապետի սխալը յառաջիկայ 50-100 տարուայ ընթացքում ուղղել չի կարելի, եւ անցման շրջանում շտապ կառուցուած շինութիւնները կը մնան որպէս ճարտարապետների վատ ճաշակի վկաներ:
Ես տեսել եմ Հիւսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը՝ սկսած ունիվերմագի շէնքից, վերջացրած օպերայի եւ բալետի շէնքով: Հեղինակներն ստեղծել են հրապարակների ու պուրակների մի կասկադ՝ իրար վրայ շարելով անկիւնների, ուղղանկիւնների եւ քառակուսիների ամբողջ կոյտեր, մոռանալով ամենաբնական լուծումը՝ ուղիղ, լայն, կանաչապատ պողոտայի պարզ ձեւը, կառուցապատուած ոչ թէ բարձրաբերձ շէնքերով, որոնք կարող են ճնշել Լենինի եւ օպերայի հրապարակների վրայ, այլ քննութիւն բռնած հայկական ճարտարապետութեան եւ հայկական քարի սիմֆոնիայով: Ի միջիայլոց, անհաշիւ են հայկական քարի երանգներն ու նրբերանգները, բայց, չգիտես ինչու, մեծ մասամբ օգտագործւում է միայն Արթիկ-տուֆի վարդագոյնը, որը միօրինակութիւն է ստեղծում»:
Չգիտենք, ո՞ղջ է արդեօք Հայաստանի երբեմնի սրտացաւ քաղաքացուհի Ս. Ռոժդեստվենսկայան, Հայաստանո՞ւմ է արդեօք, սակայն նա վստահօրէն սարսափի կը մատնուէր՝ տեսնելով Հիւսիսային պողոտան իրականութիւն (դառը) դարձած...
Վերջերս Հ2-ով լսեցի պատահաբար (քանի որ տանը հեռուստացոյց չունեմ) Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտօնեաների զրոյցն այն մասին, թէ իրականում որքան գրագէտ է զարգանում Երեւանը, որքան կանաչապատ է՝ ի տարբերութիւն եւրոպական շատ մայրաքաղաքների (թերեւս սա «բոբօ» Եւրոպան սխալ հանելու եւս մէկ փորձ էր): Բայց արի ու տես, որ մեր կանաչազարդ քաղաքում են շատանում օձերն ու կարիճները, ոչ թէ Եւրոպայի՝ նրանց նշած մայրաքաղաքներում եւ որոնցում խելամիտ կերպով պահպանւում են անցեալի յիշատակները: Եւ այդ առիթով յիշեցի արուեստաբան Արմէն Եսայանցի ֆեյսբուքեան սրամիտ գրառումը.
«Ես անկեղծ գտնում եմ, որ էս պահի դրութեամբ, որեւէ հեռանկար չկայ Երեւան քաղաքը փրկելու, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են հսկայական գումարներ ու ահաւոր ռադիկալ քայլեր, որին անգամ երեւանցիները պատրաստ չեն... Օրինակ, պատկերացրէք իրավիճակ, որ կենտրոնի բակերի բոլոր աւտոտնակները, անիմաստ շինութիւնները պէտք է վերացնել ու կանաչ գօտիներ ստեղծել, երեխաների համար ընտիր խաղահրապարակներով, չի ստացուի, չէ՞: Այնպէս որ, ես գտնում եմ, որ էն խաչով շէնքն էլ պէտք է կառուցուի Երիտասարդական պալատի տեղում, Արամ Մանուկեանի արձանն էլ պէտք է դրուի, ու ընդհանրապէս, Աբովեան փողոցի էն նոր հիւրանոցն էլ ընտիր պրոեկտ է... Մենք պէտք է ձգտենք էնքան վատ կառուցապատմամբ, անիմաստ արձաններով, անտրամաբանական քաղաքաշինական լուծումներով քաղաք դառնանք (որի ճանապարհին ենք վաղուց), որ դա լինի մեր ֆիշկան, լինենք լաւագոյնը վատ քաղաքների մէջ, էնքան վատը լինենք, որ դառնանք «լաւագոյն վատ քաղաքը», թող մարդկանց մօտ տպաւորութիւն ստեղծուի, որ յատուկ ենք էդպէս անում... Պատկերացնո՞ւմ էք՝ ինչքան էներգիա ու ներվ ու ռեսուրս կը խնայենք, պարզապէս պէտք է համակերպուել ու ընդունել դա որպէս յատուկ քաղաքականութիւն՝ համաշխարհային քաղաքաշինական համատեքստում ուրոյն նիշա զբաղեցնելու առումով: Որպէս Հռոմից հին քաղաք, մենք հասկացել ենք, որ նորմալ փողոցներ, կոկիկ բակեր, պատմական կարեւոր շէնքէր, միասնական քաղաքային դէմք ունենալը ֆիգնեա ա....»:
Սարկազմով են գրուած այս տողերը (սարկազմ՝ ծնուած մեծ սիրուց ու նաեւ՝ մեծ ցաւից): Բայց, աւաղ, մեր որոշում ընդունողների վրայ վաղուց արդէն չեն ազդում ո՛չ ճիշտ խօսքը, ո՛չ մասնագէտի կարծիքը, ո՛չ սարկազմը: Իսկապէս, գուցէ մեր նեարդերը խնայելու համար պիտի համակերպուել այդ քաղաքաշինական յատուկ քաղաքականութեան հետ: Բայց ի՞նչ պարզաբանում տաս տարին մի քանի անգամ Երեւան այցելող դրսեցի ընկեր-բարեկամներիդ, թէ ինչո՞ւ Հռոմից հին քաղաքումդ պատմութիւն, այնուամենայնիւ, գոյութիւն չունի: Ախր սա այն դէպքն է, երբ պարսիկ-արաբ-թաթար-մոնղոլ-թուրք-սելջուկները ոչ մի մեղք էլ չունեն...

«Ազգ-Մշակոյթ», 23 Փետրուար 2018

 



.





No comments:

Post a Comment