ՆԱՅԻՐ ԵԱՆ
Մեր մտաւորականներին ու արուեստագէտներին մէկ-մէկ յիշում
ենք. յիշում ենք՝ երբ նեղն ենք ընկնում, երբ անճարակութիւնից ուզում ենք
նրանց կարծիքները համախմբել ու հակամշակութային այս կամ այն երեւոյթի դէմ
ընդվզել: Ի հարկէ, մեր մշակոյթի բախտը որոշողների մի խումբ կայ, բայց, որպէս
կանոն, անկողմնակալ, անաչառ, սկզբունքային ու ճաշակաւոր արուեստագէտներն
այդ խմբում երբեք չեն ընդգրկւում: Նրանց ենք դիմում, երբ պէտք է լինում
բողոքել՝ ընդդէմ պետական կոչումների կամայականութեանը, այս կամ այն արձանի
տեղադրմանը, օդանաւակայանի շէնքի քանդման-չքանդմանը, մշակութային արժէքները
սուպերմարկետի վերածելուն եւ այլն:
Գիտենք, որ ոչինչ չի փոխուելու, իրենք էլ գիտեն, որ ոչինչ չի փոխուելու. ինչպէս որոշուած է, այնպէս էլ լինելու է, թէկուզ Աստուած իջնի երկնքից: Բայց սիրտ է, պայթում է, լեզու է, չի դիմանում -խօսում է, ինքնասիրութիւն է, վիրաւորւում է: Մինչեւ Մայիսի 28-ը Արամ Մանուկեանի արձանի շուրջը ծավալուող տարակարծութիւնները թէժանալու առիթներ դեռ շատ կ՚ունենան: Ինչո՞ւ է հաստատուած ընթացակարգից դուրս առաջարկուել քանդակագործ Դավիթ Մինասեանի էսքիզը. այսինքն՝ սկզբում այն չի եղել, հետո մրցոյթի ընթացքում նոր-նոր ի յայտ է եկել եւ նախապատուութիւնը նրան է տրուել: Սա հարցի մի կողմն է: Ինչո՞ւ հենց Դավիթ Մինասեանի Արամ Մանուկեանը: Անկախ արուեստագէտների ու մտաւորականների մի ստուար խումբ էսքիզին, մեղմ ասած, հաւանութիւն չի տալիս: Անգամ յանձնաժողովի անդամները չեն թաքցնում իրենց դժգոհութիւնը: Նրանք հրապարակաւ են յայտնում իրենց կարծիքը՝ քանդակի էսքիզը վատն է, ոչ գաղափարական, ոչ ստեղծագործական, չի արտայայտում Արամ Մանուկեան քաղաքական գործչի կերպարային նկարագիրը, արձանը բովանդակային եւ արտայայտչական իմաստներով հում է, հապճեպ արուած, անճաշակ, անհեթեթ: Իրականում որպէս այդպիսին՝ մրցոյթ չի էլ եղել. քաղաքապետարանում կազմուած յանձնաժողովը մրցոյթի փուլերում տեսել է այլ քանդակագործների այլ էսքիզներ, բայց ոչ Դաւիթ Մինասեանինը: Նրանը յայտնուել է յետոյ: Մոնումենտալ արձանի կառուցման ու տեղադրման նկատմամբ այս տարերային, լղոզուած, հապճեպ վերաբերմունքն առաջինը չէ, ոչ էլ վերջինն է լինելու: Սա արդէն յստակ որդեգրուած գործելաոճ է՝ ամէն ինչին վերաբերուել ու ամէն ինչ անել մօտաւորապէս, մատների արանքով նայելով. սղացնենք թող գնայ, մէկ է՝ խօսելու են, խօսելու ու մի օր համակերպուած՝ լռելու են: Այդպէս եղաւ Գարեգին Նժդեհի, Ալեքսանդր Մանթաշեանի, մարշալ Բաբաջանեանի արձանների, այդպէս է լինում նաեւ պետական գումարներով նկարահանուած ֆիլմերի, բեմադրուած ներկայացումների, օպերաների դէպքում. հասարակական բողոքի ալիք է բարձրանում. իրենք բողոքում, իրենք էլ լսում են, անցնում-գնում է. մարսւում ու ներւում է ամէն բան, որովհետեւ աչքներս էլ, հոգիներս էլ վարժուել են մօտաւորապէսին: Մօտաւորապէսն ամէնուր է՝ մեր կրթական համակարգում ու մշակոյթում, մեր տնտեսութեան ու քաղաքականութեան մէջ, մօտաւորապէսը դոգմա է ու մարտնչող իրականութիւն՝ գաղափարականիզմ, կուսակցական ստրատեգիա: Մայիսի 28-ին պէտք է արձանը տեղադրուած լինի «Հանրապետութեան հրապարակ» մետրոյի յարակից տարածքում: Սկզբունքի հա՞րց է, թէ՞ գրազ էք եկել, որ հենց այդ օրը պիտի արձանն անպայման պատրաստ-տեղադրուած լինի: Ծանր ու թեթեւ անել, լրջօրէն քննարկել, նորից մրցոյթ յայտարարել, ամէն մանրուք հաշուի առնել, գաղափարական ու ստեղծագործական ոճը յստակեցնել. այս ամէնը ժամանակ ու ջանքեր է պահանջում ու առնուազն մէկ-երկու տարի կը քաշի: Բայց եթէ դարձեալ մօտաւորապէսի ոճով է արուելու ամէն ինչ, ուրեմն Մայիսի 28-ը նորմալ ժամկէտ է, մի գուցէ շատ էլ է:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելեանին
վրդովեցնում է Արամ Մանուկեանին ոտքից գլուխ պարուրող եռագոյնը: «Բա որ
Գարեգին Նժդեհը դուրս գայ ու ասի՝ ո՞ւր է իմ դրօշը, պիտի ասենք՝ Արամ Մանուկեանի՞ն ենք տուել: Այդ դրօշի համար արիւն է թափուել՝ ժողովրդի
արիւնը: Դրօշը, հիմնը, զինանշանը պետական խորհրդանիշեր են, դրանք ոչ
մէկինը չեն, ոչ մէկին չեն պատկանում՝ ո՛չ Արամ Մանուկեանին, ո՛չ Նժդեհին:
Դրանք ազգինն են, դրանց պէտք է լուրջ վերաբերուել: Ո՞վ է թոյլ տուել, որ
եռագոյնը հագուստ սարքէք: Հագուստ չէ, բաղնիքի խալաթ: Ի վերջոյ, Արամ
Մանուկեանը հակասական կերպար է, նա շատ սայթաքումներ է ունեցել: Ինչո՞ւ էք
դրօշը նրան տալիս: Եւ առհասարակ ինչո՞ւ էք շտապում, թե ինչ է՝ արձանը Մայիսին հասցնէ՞ք: Թող ուշ տեղադրուի, բայց արուեստի գործ տեղադրուի»,-
նկատում է Ֆերդինանտ Առաքելեանը:
Գաղտնիք չէ, որ Արամ Մանուկեանի արձանի պատրաստման ու տեղադրման ամենաշահագրգիռ կողմը ՀՅԴ-ն է: Քանդակագործ, յանձնաժողովի անդամ Լեւոն Թոքմաջեանի ՙ դաշնակցական Աղուան Վարդանեանին ուղղուած հարցին, թէ ի՞նչ կարիք կայ շտապելու, վերջինը պատասխանել է. «Ժամանակ չունենք, արձանը պիտի Մայիսի 28-ին տեղադրուած լինի»:
Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէն Նարինէ Թուխիկեանին
այլեւս ոչինչ չի զարմացնում. «Անսէր, բարոյազուրկ միջավայրում ենք
ապրում: Սաքուլիկները նաեւ մշակոյթի ոլորտում են. տգիտութիւնը,
անճաշակութիւնը դարձել են լոկոմոտիւ: Ես կոռուպցիա եմ տեսնում էսքիզի
ընտրութեան մեջ: Չկայ յարգանք պետական խորհրդանիշերի նկատմամբ. եթէ ոստիկանը
կարող է իր երկրի դրօշը գետնին նետել, ապա այդ նոյն դրօշն ինչո՞ւ չի
կարելի այլ կերպ օգտագործել»:
Արուեստագէտներից
շատերն ընդհանրապէս համաձայն չեն, որ Հայաստանի առաջին հանրապետութեան
կերտման պատմութեան մէջ առանձնացվի հենց Արամ Մանուկեանը: Չէ՞ որ նրանից
ոչ պակաս կարեւոր գործիչներ էլ են եղել: Ի վերջոյ, մեր մայիսեան յաղթանակները կերտել է հայ ժողովուրդը, ուրեմն պէտք է 100 ամեակին նուիրուած
ոգեղէն, խորհրդանշական, հաւաքական յուշարձան պատրաստուի, ոչ թէ որեւէ անհատի
կերպար այդ ամբողջից առանձնացուի ու տեղադրուի:
Արուեստագէտների
մի խումբ էլ ոչ այն է անտարբեր է, ոչ այն է մտահոգ է խնդրով: Մի քանի
հոգու որոշմամբ առաջին անգամ չէ, որ անարժան, թերի, բովանդակազուրկ էսքիզ է
հաւանութեան արժանանում ու ընտրւում: Վերջին 20-30 տարում Երեւանի
ճարտարապետական դիմագիծը թեթեւ ձեռքով աղաւաղուել է: Այդ աղճատուած
համայնապատկերում մի անարժէք արձան աւել կամ պակաս՝ ոչինչ չի փոխում:
ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Գուրգէն Մուշեղեանը
պետական խտացուած մօտեցման ու վերաբերմունքի այլ օրինակներ է բերում՝ ոչնչացուած Երիտասարդական պալատը, թիրախաւորուած «Զուարթնոց»ի շէնքը, Գիւմրու
օդանաւակայանի կառույցը: «1976-ին Փարիզում լոյս է տեսել մի հեղինակաւոր
ամսագիր, որտեղ անդրադարձ կայ աշխարհի 11 լաւագոյն օդանաւակայանների
շինութիւններին՝ որպէս ճարտարապետական արժէքներ: Դրանց շարքում են Փարիզի,
Բեռլինի, Միւնխէնի, Աբու Դաբիի, Սան-Ֆրանցիսկոյի, Տեխասի, նաեւ Գիւմրու
օդանաւակայանների շէնքերը: Ու հիմա ինչ-որ մարդիկ որոշել են այդ կառոյցը
չպահպանել, ինչ-ինչ միջամտութիւններ, փոփոխութիւններ անել:
Անպատժելիութիւնը որքա՞ն դեռ պետք է շարունակուի: Ո՞վ է տեսել մշակութային
արժէքը քանդեն, թէ ինչ է պահպանելը դժուար է»,- զարմանում է վաստակաւոր
ճարտարապետը:
Ի դէպ, հայրենասիրութեան, մեր
արժէքները պահպանելու, վեր հանելու, մեր պատմութեան կերտողներին գնահատելու
բոցաշունչ ելոյթներում ոչ ոք չի անդրադառնում հենց Արամ Մանուկեանի տան
խնդրին: Իսկ յայտնի է, որ տունն ուղղակի քանդւում է: Մի կողմից
քափ ու քրտինքի մէջ մտած՝ արձան են կառուցում-կանգնեցնում, միւս կողմից
պատմամշակութային արժէք ներկայացնող նրա տունն է ձեռքից գնում: Էլի
մօտաւորապէսի հետեւանքով:
«Ազգ-Մշակոյթ», 16 Փետրուար 2018
No comments:
Post a Comment