Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

18.7.17

Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ. նոր մանրամասներ ու փաստեր

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի մամուլի խօսնակ Սենոր Հասրաթեանը արձագանգած է Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հարցազրոյցին եւ նոր մանրամասներ ներկայացուցած՝ ապրիլեան պատերազմի մասին, իր Դիմագիրքի էջին մէջ.
«Երէկ [Հինգշաբթի, 13 Յուլիս] Ադրբեջանի Պաշտպանութեան նախարար Զ. Հասանովը ռուսական "ՌԻԱ Նովոստի" լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաեւ 2016թ. չորսօրեայ առճակատմանը եւ, հարեւան կոչուող երկրի ագիտպրոպին յարիր "ճարպկութեամբ", փորձել կատարուածը միջազգային հանրութեանը ներկայացնել այնպէս, ինչպէս ընդունուած է իրենց մօտ, այսինքն՝ ամէն ինչ մատուցել գլխիվայր:

Մասնաւորապէս նա ասել է հետեւեալը. "…Ապրիլեան գործողութիւնների ժամանակ կիրառուել է մեր բանակի մինչեւ 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայութեան հրետանին չեմ մօտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպէս է արձագանգել, կարծես թէ պատերազմ էր սկսուել: Նրանք մարտի մէջ են մտցրել իրենց ողջ սպառազինութիւնը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդէն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառոյցներին ներգրաւել միջնորդական աշխատանքներին…":
Աւելին, Զաքիր օղլին նաեւ փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախայարձակ գործողութիւնների, իսկ իրենք այդ ամէնին դիմակայելով, յաջողութեամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրուած է եղել իրենց բանակի առջեւ…
Դէ ինչ, Զաքիրին հակադարձելու եւ, առաւել եւս, նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկութիւն երբեւէ չեմ ունեցել եւ հիմա էլ աւելորդ եմ համարում զբաղուել այդ անարդիւնք աշխատանքով: Պարզապէս, կը ցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է….»,- գրած է Հասրաթեանը ու «Ապրիլեան քառօրեայ առճակատում» անտիպ փաստա-վաւերագրական մենագրութենէն հատուած մը մէջբերած է:
Նա, մասնաւորապէս, ներկայացուցած է ապրիլեան պատերազմի մանրամասնութիւնները, կողմերուն ռազմական նիւթերու եւ մարդկային կորուստներն ու յաջողութիւնները.
«Ապրիլի 2ից 5ը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի միջեւ անմիջական շփման պայմաններում ծաւալուած մարտական թէժ գործողութիւնները եւ դրան յաջորդած ու մինչեւ Մայիսի սկիզբը տեւած ակտիւ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգութիւնները ցոյց տուին, որ պաշտօնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտուելու Արցախեան առաջին պատերազմում կրած պարտութեան եւ դրա արդիւնքում արձանագրուած իրողութիւնների հետ, այլեւ, վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդիրը հանգուցալուծել ուժային ճանապարհով:
Հակամարտութեան գօտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերուած եռակողմ պայմանաւորուածութիւնից մօտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածաւալ յարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գործողութեան մէջ դրեց իր տրամադրութեան տակ եղած ժամանակակից սպառազինութեան եւ տեխնիկայի գրեթէ բոլոր միջոցները, այդ թւում՝ միջազգային կոնվենցիաներով արգելուած զանգուածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», «Kasirga», «Ուրական», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռէակտիւ համակարգեր, «TOC-1A» (Սոլչեպեկ) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայէլական արտադրութեան գրոհային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարուող հրթիռներ, «Մի-24G» հարուածային ուղղաթիռներ եւ այլն: Սակայն նման ուժերի եւ միջոցների ներգրաւման արդիւնքում հակառակորդն անկարող եղաւ հասնելու իր առջեւ դրուած անգամ նուազագոյն խնդրի կատարմանը:
Ի մի բերելով քառօրեայ պատերազմի եւ դրան յաջորդած զարգացումների արդիւնքները՝ միանշանակ կարելի է արձանագրել, որ եթէ Արցախի բանակը հերթական անգամ պատուով դուրս եկաւ իրեն պարտադրուած առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառութեամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձեալ յայտնուեց աննախանձելի վիճակում:
Համոզուելու համար փորձենք ըստ ուղղութիւնների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտօնական Բաքուն դիմեց լայնածաւալ յարձակման: Ապրիլեան առճակատման վերլուծութիւնից պարզորոշւում է, որ, դիմելով նման արկածախնդրութեան, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախաւը նպատակ ունէր լուծելու հետեւեալ խնդիրները.
 ա) Օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առաւելութիւնները՝ անցնել յանկարծակի յարձակման եւ շփման գծի հիմնական հարուածային ուղղութիւններում ուժերի դասաւորուածութիւնը փոխել իր օգտին.
բ) Մարտադաշտում ապահովելով շօշափելի յաջողութիւն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպէս հայկական կողմի վրայ ճնշում գործադրելու լծակ եւ, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպութիւններին ցոյց տալ, որ «status-quo»ն (իրերի ներկայ դասաւորութիւնը) անընդունելի է Ադրբեջանի համար.
գ) Սեփական հանրութեան շրջանում հաւատ ներշնչել տարիներ շարունակ «գրաւեալ տարածքներ»ի ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարութեան կողմից արուող սին յայտարարութիւնների հանդէպ.
դ) մարտական ակտիւ գործողութիւններն օգտագործել երկրի ներսում ստեղծուած ֆինանսատնտեսական դժուարին կացութիւնից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու համար.
ե) Գործնական կիրառման միջոցով ճշգրտել ինչպէս իւրային զօրքերի ղեկավարման ու փոխգործակցութեան կազմակերպման հարցերը, այնպէս էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինութեան եւ տեխնիկայի, այդ թւում՝ նոր նմոյշների պատրաստականութիւնը մարտական պայմաններում.
զ) Ստուգել հայկական ուժերի եւ միջոցների պատրաստութիւնն ու գործողութիւնների ներդաշնակուածութիւնը լայնածաւալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.
է) Մարտական կիրառման մէջ դնելով նորագոյն հրթիռահրետանային եւ օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարուածներով առաւելագոյն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրութիւն սերմանել "հակառակորդի ճամբարում", իսկ միւս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը եւ ձերբազատուել նախորդ պատերազմից ժառանգած պարտուողի հոգեբանութիւնից:
Իսկ այժմ, ըստ վերոնշեալ կէտերի, փորձենք դիտարկել, թէ իրականութեան մէջ ինչպիսի արդիւնքների հասաւ Ադրբեջանն ապրիլեան քառօրեայի ընթացքում, եւ որոնք են այն "ձեռքբերումներ"ը, յանուն որոնց պաշտօնական Բաքուն գնաց լայնածաւալ առճակատման: Սկսենք նրանից, որ իրականում քառօրեայ ռազմական գործողութիւնների արդիւնքում հակառակորդին յաջողուեց մարտագծի հարաւային թեւում տիրել 1500 մ. լայնութեամբ եւ 450մ. խորութեամբ բնագծի (67.5 հա.) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հիւսիսային ուղղութեամբ՝ վերահսկողութեան տակ առնել 4300 մ. լայնութեամբ եւ 1000 մ. խորութեամբ առաջնագիծ (430 հա.) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրեայ ինտենսիւ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրաւեց 19 դիրք, կամ մակերեսային միաւորով արտայայտուած շուրջ 500 հեկտար տարածք:
Փաստենք նաեւ, որ ադրբեջանական հրամանատարութիւնն այս խնդիրը լուծելու համար, ընդդէմ առօրեայ մարտական հերթապահութիւն իրականացնող արցախեան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի յանկարծակիութիւնն ապահովելու նպատակով գործողութեան մէջ դրեց իր էլիտար 052 (ԵԱՇՄԱՅ) յատուկ նշանակութեան բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետեւ մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների եւ հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցաւ լայնածաւալ յարձակման: Ռազմական գործին քիչ թէ շատ տեղեակ մասնագէտները կարող են հաւաստել, որ նման ծաւալի ուժերով եւ միջոցներով ձեռնարկուած գործողութեան արդիւնքում Ադրբեջանի ունեցածը ոչ թէ ձեռքբերում, այլեւ կատարեալ ձախողում էր:
Այս եզրայանգումը տեղին է ոչ միայն այն հանգամանքով, որ կատարուածը վաշտի կամ առաւելագոյնը՝ գումարտակի ուժերով իրականացուելիք խնդիր էր, այլեւ բաւականին կարճաժամկէտ առճակատման ընթացքում հակառակորդի տուած կորուստների քանակով: Չնայած պաշտօնական Բաքուն մինչեւ վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիւը, պատճառաբանելով, որ "զոհերի եւ վիրաւորների մասին տեղեկութիւններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում", բայց եւ այնպէս, դատելով ռադիօկլանման, տարբեր լրատուամիջոցների, այդ թւում՝ համացանցի եւ միջազգային փորձագիտական աղբիւրների տուեալներից՝ ակնյայտ է դառնում, որ նրա զոհերի թիւը հասնում է շուրջ 1000ի, իսկ վիրաւորներինը՝ մօտ 2000ի:
Յատկանշական է, որ Ապրիլի 5ին, երբ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակաւ շրջանառութեան մէջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրութիւնը, նոյն օրը ադրբեջանական «Մէյտան Թի.Վի.» անկախ հեռուստաալիքը հանրութեան ուշադրութեանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացաւ ոչ միայն տուեալ լրատուամիջոցը փակելու, այլեւ վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ յարուցելու համար…
Ուշագրաւ է նաեւ նոյն Ապրիլի 5ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակուած տուեալը, որն, ըստ Ադրբեջանի զինեալ ուժերի գլխաւոր շտաբի իր աղբիւրների տրամադրած փակ տեղեկատուութեան, կազմել է շուրջ 800 մարդ… Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միաւոր հետեւակի մարտական մեքենայ (ՀՄՄ), 1 «Գրադ» ռէակտիւ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրաւորային տեխնիկա, 2 միաւոր «Մի-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարուածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնեակ աւտոմոբիլային տեխնիկա եւ այլն:
Համեմատութեան համար նշենք, որ նոյն ժամանակահատուածում, այսինքն՝ Ապրիլի 2ից 5ը, հայկական կողմը տուեց 75 մարտական զոհ (63 զինծառայող, 12 պահեստազօրային), 121 վիրաւոր, շարքից դուրս եկաւ 14 տանկ (որից 6ը վերականգնուեց եւ նորից վերադարձուեց շարք) եւ մի քանի աւտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաեւ ակտիւ մարտական գործողութիւններին յաջորդած հրաձգային, հրթիռահրետանային եւ զրահատանկային փոխհրաձգութիւնների ընթացքում:
Ապրիլի 6ից 30ն ընկած ժամանակահատուածում հայկական կողմը տուեց եւս 13 մարտական զոհ, որից 8ը՝ զինծառայող, 5ը՝ պահեստազօրային: Ադրբեջանական բանակի կորուստները տակաւին անհամեմատ շատ էին՝ տասնեակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլեան սրացումների արդիւնքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ) եւ այլ ռազմական տեխնիկա:
Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարուած՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը ոչ միայն կորցրեց բանակցութիւնների սեղանի շուրջ հայկական կողմի վրայ որեւէ ճնշում գործադրելու հնարաւորութիւնը, այլեւ ստիպուած էր կրած անյաջողութիւնը պարտակելու համար դիմել իրողութիւնների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկուած նախայարձակ գործողութիւնների հետեւանք: Այնինչ փաստերը լրիւութեամբ հակառակն են ապացուցում եւ դրանում համոզուած է, եթէ ոչ ադրբեջանական, ապա գոնէ միջազգային հանրութեան եւ, յատկապէս, փորձագիտական շրջանակների մեծամասնութիւնը:
Որ իրականում հակառակորդի գործողութիւնները եղել են նախապէս պլանաւորուած եւ միասնական ղեկավարման ներքոյ, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակեայ հրետանային նախապատրաստութեան անցկացումն ու յատուկ նշանակութեան խոշոր ուժերի կիրառումը հետեւակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային եւ օդային հարուածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ եւ հարուածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թէ յարձակուող, այլեւ պաշտպանուող կողմը, մանաւանդ, եթէ ի նկատի առնենք, որ Արցախի զինուած ուժերի տրամադրութեան տակ եւս կային, եթէ ոչ նմանատիպ, ապա այլ յարձակողական զինատեսակներ:
Համոզուելով, որ շրջանառութեան մէջ դրուած այս պնդման հաւաստիութիւնն ապացուցելը զուրկ է որեւէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, սեփական դէմքը փրկելու համար, գնաց աւելի հեռուն՝ յայտարարելով, թէ իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարեւորութեան մի շարք բնագծեր եւ տասնեակ հազարաւոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թւում նաեւ՝ բնակավայրեր:
Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնեան իշխանաւորները, գիտակցաբար աղաւաղելով իրողութիւնները՝ փորձեցին մարտավարական որոշ յաջողութիւններ ներկայացնել որպէս ռազմավարական ձեռքբերումներ, յատկապէս վկայակոչելով համապատասխանաբար՝ հիւսիսում եւ հարաւում գրաւած Թալիշի մերձակայ դիրքերն ու "Վարազաթումբ" բարձունքը: Մինչդեռ իրականութիւնն այն է, որ նշուած յենակէտերն զբաղեցնելով, հակառակորդն ի զօրու եղաւ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որեւէ օպերատիւ ու, առաւել եւս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժէք պաշտպանութեան համար:
Ինչ վերաբերում է «ազատագրուած տասնեակ հազարաւոր հեկտարներին ու… բնակավայրերին», ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քօղարկելու քարոզչական հնարք… Աւելին, ալիեւեան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ունէր, չեղածը եղածի փոխարէն մատուցելու ճանապարհով, սեփական հանրութեան շրջանում ամրապնդել հաւատը իր իշխանութեան հանդէպ: Սա պահանջուած էր յատկապէս այն իրողութեան պայմաններում, երբ կապուած նաւթադոլարային ներհոսքի նուազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականութիւնը:
Քառօրեայ ռազմական գործողութիւնների արդիւնքում պարզորոշուեց մի հանգամանք եւս, որը կարեւոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաեւ հայկական կողմի համար: Խօսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառուած նորագոյն տեխնիկական միջոցների հնարաւորութիւնների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդաւոր նաւթադոլարների հասնող տարատեսակ սպառազնութիւն ու զինտեխնիկա եւ անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարաւորութիւնների մասին, Ադրբեջանը վերջապէս առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում:
Սակայն դէպքերի զարգացումը, յատկապէս, ռազմաճակատի հարաւային եւ հիւսիսային ուղղութիւններում, ցոյց տուեց, որ հակառակորդն իր տրամադրութեան տակ ունենալով «Սմերչ», «TOC-1A», «Kasirga» եւ այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդիւնաւէտ թիրախային խոցումներ, այլեւ անպատրաստ էր տուեալ կրակային միջոցների լիարժէք շահագործմանը:
Այս ամէնից հետեւում է մի պարզ ճշմարտութիւն՝ մարտադաշտում գործողութիւնների յաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առաւելութիւններով օժտուած կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստութիւն ունեցող անձնակազմը: Թէ որքանով այս իրողութեան մէջ համոզուեց ադրբեջանական կողմը, դժուար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածաւալ յարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպէս վերեւում նշուեց, նպատակ ունէր ստուգելու նաեւ պաշտպանութեան բանակի մարտունակութիւնը, դա ակնյայտ է:
Ադրբեջանական հրամանատարութիւնը, մարտագծի տարբեր հատուածներում ծաւալելով միաժամանակեայ յարձակողական գործողութիւններ, սակայն չհասնելով որեւէ էական յաջողութեան, աւելին՝ գրեթէ բոլոր ուղղութիւններում տալով մեծ կորուստներ, եթէ ոչ հրապարակային, ապա ամենայն հաւանականութեամբ ներքին համոզուածութեամբ յանգեց այն եզրակացութեան, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստութեան եւ, յատկապէս, ղեկավարման համակարգի ու զօրքերի փոխգործակցութեան տեսանկիւնից, Արցախի զինուած ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում:
Թերեւս, հէնց այս իրողութեան գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առաւել հրէշաւոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացուող հետեւակային մարտերից անցնել անխնայ հրթիռահրետանային, զրահատանկային եւ օդային հարուածների, թիրախներ ընտրելով, ինչպէս առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպէս էլ խաղաղ բնակավայրերը:
Ակնյայտ էր նաեւ նպատակը՝ առաւելագոյն կորուստներ պատճառել հայկական զօրքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպէսեւ՝ խուճապային տրամադրութիւն ստեղծել քաղաքացիական բնակչութեան շրջանում:
Յատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարութիւնը կիրառուեց ոչ միայն չորսօրեայ ակտիւ ռազմական գործողութիւնների ընթացքում, այլեւ կողմերի միջեւ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնից յետոյ: Համաձայն պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների՝ միայն Ապրիլի 2ից 5ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախեան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղութեամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ:
Գրեթէ նոյն ինտենսիւութեամբ, բայց արդէն տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրուեցին նաեւ Ապրիլի 5ից մինչեւ Ապրիլի 30ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի եւ ճակատամերձ բնակավայրերի ուղղութեամբ ադրբեջանական զինուժն արձակեց մօտ 104 հազար կրակոց, որից աւելի քան 4500ը հրանօթներից, «Գրադ» եւ «TR-107» տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄներից եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Դատելով վերոբերեալից, համոզմունք է ստեղծւում, որ ադրբեջանական հրամանատարութեան կողմից մշակուած եւ կիրառման մէջ դրուած ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշուարկների վրայ կառուցուած գործողութիւնների հանրագումար: Թերեւս, հակառակորդի լրջագոյն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախեան բանակի առաջնային գծում ստեղծուած պաշտպանական եւ մարտավարատեխնիկական հնարաւորութիւնները, ընտրեց կայծակնային հարուածով այն ճեղքելու եւ հաշուած օրերի ընթացքում հետագայ խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիւ խորութիւն զբաղեցնելու անհեռանկար մարտավարութիւն: Աւելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզուած իր մշակած յարձակողական պլանի իրատեսութեան մէջ, որ նախապէս պատրաստել էր սեփական յաջողութիւնների օպերատիւ տարածման տեղեկատուական ծրագիր, ինչն արդէն գործողութեան մէջ դրեց յարձակողական մարտերի մեկնարկային օրուայ երկրորդ կէսին:
Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մէկ տարածեց "հայկական կողմի ձեռնարկած նախայարձակ գործողութեան" մասին ապատեղեկատուութիւն, իսկ ապա ժամեր անց յայտարարեց, թէ իբր իրենք "հակայարձակողական մարտերի արդիւնքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպէս նաեւ Թալիշն ու Սէյսուլանը եւ արդէն մարտեր են մղում Սարսանգի եւ Ֆիզուլու համար":
Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկութիւնների սնանկութիւնն ապացուցելու համար նոյն օրը տասնեակ հայրենական եւ օտարերկրեայ լրատուամիջոցների հնարաւորութիւն տրուեց նկարահանումներ կատարել նշուած գիւղերում եւ ներկայացնել իրականութիւնը:
Դէպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտօնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրութեան համար արդէն յայտնի դարձած ապատեղեկատուութիւնը, այլեւ ամիսներ անց, իսկ աւելի ճիշդ՝ 2017 թ. Փետրուարին, այդ երկրի նախագահի մակարդակով յայտարարուեց, թէ իրենց կառավարութիւնը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարուայ Ապրիլին Ջաբրայիլի շրջանում "ազատագրուած" Ջոդջուկ Մարջանլու գիւղի վերականգնման եւ վերաբնակեցման ուղղութեամբ:
Մինչդեռ իրականութիւնն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողութեան տակ էր յայտնուել դեռեւս 1994թ. Յունուարին»։

news.am, 14 Յուլիս 2017

No comments:

Post a Comment