17.7.17

«Զանգակ»-ի աշխատակից. «Կարճ ժամանակում թարգմանել ենք հայերէն տարբերակ չունեցող 100-ից աւելի գրքեր»

«2012-13 թթ. "Զանգակ" հրատարակչութիւնը աւելի լայն ու ընդգրկուն կերպով նախաձեռնեց թարգմանական գրականութեան հրատարակումը՝ ներառելով բազմաբովանդակ գրականութեան հեղինակների, եւ այդ ընթացքում արդէն թարգմանուել են տարբեր ժամանակաշրջաններ եւ գրական ժանրեր, ուղղութիւններ ներկայացնող 100-ից աւելի հեղինակներ»,- «Հայ ձայնի» հետ զրոյցում նշեց «Զանգակ» հրատարակչութեան թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպեանը:

Ըստ Մեսրոպեանի՝ թարգմանական գրականութեան ոլորտի ձեռքբերումներից է թարգմանութեան որակի աճը, որը նկատելի է դառնում իւրաքանչիւր յաջորդ թարգմանութեան հետ: «Այս ընթացքում թարգմանուել են այնպիսի գրքերը, որոնք նախկինում հայերէնով հասանելի չեն եղել ընթերցասէր հանրութեանը՝ այդպիսով նաեւ լրացրելով ոլորտի բացերը: Որպէս ձեռքբերում հարկ է նշել նաեւ մեր հրատարակած գրքերի տեսքը, քանի որ իւրաքանչիւր գիրք պէտք է ունենայ համապատասխան ապրանքային տեսք, իսկ թարգմանուած գիրքը իր բարձր որակով չպէտք է զիջի բնօրինակին: Մենք նաեւ թարգմանում ենք համաշխարհային բեսթսելլերները, ինչը արդէն դարձել է մեր տենդենցը»,- նշեց Մեսրոպեանը՝ ընդգծելով, որ Հայաստանում զարգանում է թարգմանական ոլորտը, գրախանութներում հայերէն թարգմանական գրականութիւնը ծաւալային առումով զգալի տեղ է գրաւում եւ նախորդ տարիների համեմատ՝ թէ՛ թարգմանութիւնների որակով ու քանակով, թէ՛ հեղինակների ընտրութեամբ, թէ՛ տեխնիկական հարցերում ձեռքբերումներն ու առաջընթացը անզէն աչքով նկատելի են:

Մեսրոպեանի խօսքով, բացի հրատարակչութիւններից այսօր հայերէն թարգմանական գրականութեան առաջընթացին նպաստում են նաեւ ամսագրերն ու հանդէսները, որոնք եւս ընթերցողներին են ներկայացնում նոր ու որակեալ թարգմանութիւններ, հայերէնով բացայայտում են մի շարք գրողների:

«Թարգմանուող գրքերը մի քանի սկզբունքներով են ընտրում՝ մեզ առաջարկում են մեր արտասահմանեան գործընկեր հրատարակչութիւնները, գրական գործակալները, որոնք զբաղւում են գրականութեան տարածմամբ, եւ ծանօթանալով առաջարկուող գրքին, տալիս ենք մեր հաւանութիւնը կամ ինքներս, ուսումնասիրելով շուկան, ընտրում ենք վերջին տարիներին յաջողութեան հասած գրքերը, բեսթսելլերները, ինչպէս նաև նախորդ դարում գրուած, այժմ արդիկանութիւն ունեցող, սակայն հայերէնով չթարգմանուած գրքերը: Փորձում ենք բազմակողմանիօրէն անդրադառնալ գեղարուեստական, հանրամատչելի գրականութեանը՝ առանց աչքաթող անելու գունազարդ ու գունագեղ մանկական գրականութեանը եւ փորձելով իւրաքանչիւր տարիքի ու ճաշակի ընթերցողին ներկայացնել իր նախընտրած գրականութիւնը»,- ասաց մեր զրուցակիցը` յաւելելով, որ գրքերը առաւելապէս թարգմանւում են անգլերէնից, քանի որ ամբողջ աշխարհի բեսթսելլերների մէկ երրորդն այդ լեզուով է գրւում, թարգմանւում են նաև գերմաներէնից, ֆրանսերէնից, իտալերէնից, նաեւ հին յունարէնից, պարսկերէնից:

Մեսրոպեանի դիտարկմամբ, ամէն ինչ կախուած է շուկայի պահանջարկից, պէտք է հրատարակել այնպիսի գրքեր, որոնք կարելի կը լինի սպառել, իսկ մեզանում դեռեւս շատ զարգացած չէ գիրք գնելու մշակոյթը: Այնուամենայնիւ, վերջին շրջանում գիրք գնողների աճ է նկատւում, սակայն պէտք է հաշուի առնել այն հանգամանքը, որ գրական շուկան դանդաղ է զարգանում եւ ժամանակատար է: «Մենք նաեւ թարգմանիչների պակաս ունենք: Կան լեզուներ, օրինակ՝ սկանդինաւեան լեզուներ, դանիերէն, որոնց մասնագէտները՝ թարգմանիչները, չկան կամ շատ քիչ են եւ զբաղուած են այլ աշխատանքով»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթութիւն ստացած թարգմանիչների մի մասը ոչ միշտ է մասնագիտական գիտելիքների տեսանկիւնից պատրաստ լինում գրքերի թարգմանութեամբ զբաղուել, եւ այս հարցի լուծման համար նպաստաւոր կը լինի համալսարան-հրատարակչութիւն կապի ամրապնդումը: Մեսրոպեանի խօսքերի համաձայն՝ լինում են նաեւ դէպքեր, երբ թարգմանիչները առաջարկում են որոշ գրքերի թարգմանութիւններ, որոնք ընդունւում են կամ մերժւում, լինում են նաեւ այնպիսի դէպքեր, երբ հրատարակչութիւնն է հրաւիրում ոլորտում արդէն յայտնի թարգմանիչների ու առաջարկում թարգմանել այս կամ այն գիրքը:

Խօսելով ապագայի պլաններից՝ մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստւում են լոյս ընծայել մի շարք նոր գրքեր, որոնց մի մասը ընթերցողի սեղանին կը լինի մինչեւ աշնան սկիզբը: Սպասուելիք գրքերի ցանկում են Սթիվեն Քինգի «Փայլատակում» գիրքը, Արթուր Միլլերի 5 պիեսները, որոնք նախկինում հայերէն չեն հրատարակուել, Արթուր Ադամովի 4 պիեսները, «Վինի Փուի» 2-րդ հատորը եւ այլն:

«Հայ ձայն», 15 Յուլիս 2017

No comments:

Post a Comment