29.1.17

Փաթեթային, փուլային եւ մոռացուած պահեր

 ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏԵԱՆ

Մեր նորագոյն պատմութեան մէջ կան պահեր, որոնք, ըստ իս, ճակատագրական են եղել: Դրանցից շատերը քչերին են ծանօթ: Նման պահերի մասին դրանց մասնակիցներից ոմանք նոյնիսկ մոռացել են: Այլօք, եթէ յիշում են, յաճախ իրենց ձեւով են յիշում. կամ աղօտ, կամ յարմարեցուած` իրենց ներկայի քաղաքական պահանջներին: 
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ներկայ պահը կարեւոր է, եթէ ոչ ճակատագրական: Քաղաքական որոշ գործիչներ փորձեր են կատարում այդ նորագոյն անցեալի հետ համեմատութիւններ անել ու «պատմութիւնից դասեր քաղել»: Յաճախ այդ փորձերը ապարդիւն են, եւ, սովորաբար, անիմաստ: Երբեմն էլ նոյնիսկ վնասակար են: Երբ գործիչը պատմութիւնը կառուցում է իր քաղաքական ընթացքի արդարացման, այսօրուայ պէտքերի ու յարմարեցրած յիշողութեան շուրջ եւ կանխորոշում, թէ պատմութիւնից ինչ դաս է քաղում, այդ ընթացիկ պահանջմունքն է, որ որոշում է, թէ պատմութիւնն ինչպէս է ընթացել եւ ոչ հակառակը: Դժուար թէ մտային նման վարժանքը որեւէ մէկին օգտակար լինի, բացի այդ գործչից ու նրա ներկայացրած գաղափարախօսութիւնից կամ կուսակցութիւնից: Իսկ մեզ այսօր անհրաժեշտ են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող իրական հարցերի իսկական լուծումներ: 
Հետեւաբար, անհրաժեշտ եմ համարում խօսել նման մի պահի մասին, որը պատմութեան ու այսօրուայ կացութեան համար կարեւոր ուղեցոյցներից մէկը կարող է լինել, նոյնիսկ` «դասեր» ներշնչել: Մինչեւ հիմա դժուարանում էի այդ մասին որեւէ նիւթ հրապարակել: Նախ` որովհետեւ արդէն երկար ժամանակ է աշխատում եմ ԼՂ հարցին վերաբերող իմ գրքի վրայ, որը պիտի ընդգրկի այս եւ այլ նման պահեր, երկրորդ, որովհետեւ մինչեւ հիմա այդ պահի բացայայտումը անհրաժեշտ չէի համարում: Սակայն նկատի ունենալով բազմազան գործիչների` երբեմն արժէքաւոր հրապարակային արտայայտութիւններն ու աւելի յաճախ` ինքնավստահ պատմաբանի ոճով ներկայացրած աղբը, կարծում եմ, այս մասին խօսելու ժամանակը հասունացել է:
Նպատակս պնդելը չէ, որ մենք աւելի լաւն էինք, քան այսօրուայ մեր ղեկավարութիւնն ու դիւանագէտները: Խնդիրը պարզապէս մեր 25 տարեկան «նորագոյն» պատմութեան մի կարեւոր դրուագ ուշադրութեան յանձնելն է: Հրապարակում եմ 1997-ի մի հանդիպման պատմութիւնը` կրկին զգուշացնելու համար, որ այն, ինչ կարելի էր ստանալ որպէս Ղարաբաղեան հարցի լուծում` մօտ 20 տարի առաջ, հաւանաբար, հնարաւոր չէր 2005-ին: Եւ այն, ինչ կարելի էր նոյնիսկ 2005-ին, արդէն կարծես թէ անկարելի է այսօր: Կարո՞ղ է պատահել, որ Մադրիդեան սկզբունքներն էլ անկարելի դառնան շուտով: Իսկ ի՞նչ է հնարաւոր լինելու 5 տարի յետոյ կամ վաղն առաւօտեան, եթէ չվերանայենք մեր մտածելակերպը, եթէ նշանակալից փոփոխութիւններ չընդունենք մեր հաշուարկների ու գործելակերպի մէջ: 
Խնդիրը կռուող զինուորները չեն, ազգային ոգին չէ, ոչ էլ մեր հիմնական շահերն են: Խնդիրը նոյնիսկ մեր սփիւռքը չէ, որը, որպէս հակազդող միջոց, իբրեւ հակակշիռ է մատնանշւում մեր հաշուարկներում` ադրբեջանական նաւթին ու գազին: Խնդիրը մեր հարցի լուծումների կարելիութիւններն են եւ դրանց յարաբերակցութիւնը` տարածաշրջանային ու միջազգային յարաբերութիւնների ոլորտներում: Խնդիրը վերաբերում է նաեւ մեր դիւանագիտութեան կարելիութիւններին, որոնք առաւելագոյն արդիւնքն են տալիս, երբ ներքին միացեալ ջանքերով իրական խնդրի դրական լուծման ենք ձգտում: Հրապարակում եմ իմ յիշողութիւնները` 1997-ի ամրան մի հանդիպման մասին, հիմնուած մանրամասն նօթագրութիւնների վրայ, որի նախապատմութիւնը, որքան էլ հետաքրքիր եւ կարեւոր լինի, անհրաժեշտ չեմ համարում շարադրել այդ պահի էութիւնը արժեւորելու համար: Դա կը լինի գրքում: 

ՆԱԽԱԲԱՆ 
1996-ի Դեկտեմբերի ԷԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին հետեւեցին Մինսկի խմբի կողմից ԼՂ հարցի կարգաւորման` մէկ առաջարկութեան երկու տարբերակներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները գլխաւոր առաջարկը կողմերին ներկայացրին 1997-ի Մայիսի 29-31-ը, երբ այցելեցին տարածաշրջան (համանախագահները վերադարձան տարածաշրջան Յունիսի 12-13-ին` երկրորդ տարբերակը ներկայացնելու, երբ ԼՂ-ը մերժեց առաջինը): 
1997-ի Մայիսի առաջարկը հիմքում ունէր փաթեթային լուծումը, որովհետեւ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Ստեփանակերտը երկար ժամանակ արդէն պնդում էին փաթեթային լուծման տարբերակը` իւրաքանչիւրը մտածելով, որ իր համար դա է նպաստաւորը: Այսինքն` իւրաքանչիւրը փափագում էր իրավիճակից պոկել առաւելագոյնը: Կողմերից Երեւանն էր միայն, որ մտածում էր, թէ պէտք չէ անկարելիի հետեւից գնալ, այլ հարցը պէտք է կարգաւորել ըստ կարելուոյն` փուլայինի հիման վրայ, որը տակաւին հնարաւորութիւններ էր ընձեռում ապագայի համար, միաժամանակ, Ղարաբաղն ու Հայաստանը դուրս բերելով վտանգաւոր ստատուս քուոյից: Իսկ այդ` փաթեթային լուծման առաջարկը ԼՂ-ին անկախութիւն չէր ընծայում: 
Ընդհանրապէս, Երեւանը հետեւեալ մօտեցումն ունէր ԼՂ բանակցութիւնների կապակցութեամբ. կտրուկ չմերժել միջազգային միջնորդների կողմից ներկայացուած առաջարկները, դրանք ընդունել որպէս բանակցութիւնների հիմք, սակայն որեւէ առաջարկի կապակցութեամբ բանակցութիւնները սկսելուց առաջ ներկայացնել առաջարկի մօտեցման, որեւէ կոնկրէտ պարբերութեան կամ ձեւակերպման նկատմամբ մերժում կամ վերապահութիւն արտայայտող հիմնաւորուած կէտեր: ԼՂ-ը աւելի հանգիստ էր զգում Մինսկի խմբի այս կամ այն առաջարկութիւնը առանց տատամսումի մերժելու հարցում:
Սակայն Լիսաբոնից յետոյ ներկայացուած այս փաստաթուղթը տարբերւում էր նախորդներից, որովհետեւ փաթեթային էր, այսինքն` այն, ինչ Ստեփանակերտն ու Բաքուն պնդում էին: Եւ Ստեփանակերտը բաւականին մտահոգ էր այս առաջարկի բովանդակութեամբ: ԼՂ ղեկավարութիւնը վստահ էր, որ առանց վարանելու մերժելու էր այն եւս: Սակայն այդ ղեկավարութիւնը այս անգամ մտահոգ էր, որ Երեւանի սովորական մօտեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ եւ Յունիսի 8-ից ծանր բանակցութիւնների մէջ մտաւ Երեւանի հետ` մի ելք գտնելու համար: 
Մի կողմ թողնելով այս դրուագի` Յունիսի 8-ից սկսած անմիջական նախապատմութիւնը, այստեղ կը պատմեմ բուն դէպքի` Յունիսի 14-ի այդ կարեւոր հանդիպման մասին: 
Եթէ չեմ սխալւում` Յունիսի 14-ի առաւօտեան Ստեփանակերտից զանգեցին, թէ` ԼՂ ղեկավարութիւնը փափաքում է Մինսկի խմբի այդ առաջարկի կապակցութեամբ շտապ հանդիպում ունենալ Հայաստանի ղեկավարութեան հետ եւ պատրաստ է հասնելու Երեւան նոյն օրը` ամսի 14-ին ու երեկոյեան ունենալ այդ հանդիպումը: Հիմնուելով իմ նօթերի ու յիշողութեան վրայ վերակառուցում եմ հանդիպումը եւ ներկայացնում այնքան մանրամասն, որքան հնարաւոր է եւ անհրաժեշտ: Ասեմ, որ յիշողութեանս մէջ մեծ տեղ է գրաւել այդ հանդիպումը, որովհետեւ որքան ժամանակը առաջ գնաց, այնքան զգացի դրա կարեւորութիւնը: 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հանդիպումը կայացաւ Շաբաթ երեկոյեան` կառավարական ամառանոցներում գտնուող փոքր լողաւազանի մօտ: ԼՂ-ը ներկայացնում էին ԼՂ վարչապետ ու գործող նախագահ Լէոնարդ Պետրոսեանը (Ռոբերտ Քոչարեանը Մարտին նշանակուել էր ՀՀ վարչապետ ու ԼՂ նախագահի նոր ընտրութիւնը տակաւին չէր կայացել), ԼՂ ԱԳ նախարար Արկադի Ղուկասեանը (արդէն յստակ էր, որ նա պիտի լինէր ԼՂ յաջորդ նախագահը) եւ ԼՂ Պաշտպանութեան նախարար Սամուէլ Բաբայեանը: ՀՀ կողմից` ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ՀՀ ԱԺ նախագահ Բաբկէն Արարքցեանը, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարեանը, ՀՀ Պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը, ՀՀ Ազգային Անվտանգութեան նախարար Սերժ Սարգսեանը, ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանեանը եւ ես` ՀՀ նախագահի գլխաւոր խորհրդականը, Անվտանգութեան խորհրդի քարտուղարն ու բանագնացը: 
Կարելի է ասել` ՀՀ եւ ԼՂ Անվտանգութեան Խորհուրդների համատեղ նիստ էր, սակայն նաեւ անպաշտօն նիստ էր: Բացակայում էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Շահէն Կարամանուկեանը, եւ այդ նիստի վերաբերեալ արձանագրութիւն գոյութիւն չունի: 
Հանդիպումը բացեց ՀՀ նախագահը` խնդրելով, որ ԼՂ ղեկավարութիւնը ներկայացնի իր խնդիրը: ԼՂ ղեկավարութիւնից ոչ ոք որեւէ բան չասաց: Նախագահ Տէր-Պետրոսեանը կրկնեց իր հարցը` ընդգծելով, որ ԼՂ ղեկավարութիւնն էր հանդիպում խնդրել: Կրկին պատասխան չկար: 
Տէր-Պետրոսեանը նրանց գործը դիւրացնելու համար ասաց մօտաւորապէս հետեւեալը. «Քանի որ խնդիրը վերաբերում է ԼՂ հարցին եւ, յստակօրէն, Մինսկի խմբի վերջին առաջարկին, թոյլ տուէք ներկայացնել մեր այլընտրանքներն ու իւրաքանչիւրի հաւանական հետեւանքները, յետոյ կը խօսենք մեր անելիքների մասին»: Նա ներկայացրեց հինգ տարբերակ (սրանք հիմնականում նոյնն էին, ինչ նա աւելի ուշ` Հոկտեմբերին պիտի ներկայացնէր իր` «Պատերազ՞մ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդուածում)` ներառեալ փաթեթայինի եւ փուլայինի հետ կապուած հարցերը: Յետոյ նա ԼՂ ղեկավարներին առաջարկեց արձագանքել իր խօսքին: 
Առաջինը խօսեց Լէոնարդ Պետրոսեանը, որն այդ տասը հոգանոց խմբի կազմած շրջանի մէջ նստել էր մօտաւորապէս Տէր-Պետրոսեանի դիմաց, ձախից Քոչարեանն էր ու Բաբայեանը, աջից` Ղուկասեանը: Լէոնարդ Պետրոսեանը յայտարարեց, որ ԼՂ ղեկավարութիւնը իր ամբողջ կազմով քննել է իրավիճակը եւ, նկատի ունենալով այդ կացութեան ծանրութիւնը, յանգել այն եզրակացութեան, որ անհրաժեշտ է խնդրին փուլային լուծում տալ, որ փաթեթայինը չի տալու այն, ինչ ուզում ենք: Տէր-Պետրոսեանը ապշած էր: Առաջին անգամ էր, որ ԼՂ ղեկավարութիւնը ինքն իր ներքին գործընթացներով հասել էր այնտեղ, որտեղ էր Հայաստանը: Տէր-Պետրոսեանը խնդրեց, որ Պետրոսեանը կրկնի իր ասածը: Լէոնարդը կրկնեց: Այնուհետեւ Տէր-Պետրոսեանը խնդրեց, որ Ղուկասեանն ու Բաբայեանը, անկախաբար Պետրոսեանից, յայտնեն իրենց կարծիքը: Ղուկասեանն ու Բաբայեանը հաստատեցին Լէոնարդի խօսքերը: Տէր-Պետրոսեանը նայեց շուրջը` տեսնելու, թէ արդեօ՞ք միւսներն էլ նոյն բանն են հասկանում այդտեղ կատարուածից, ինչ` ինքը: Յետոյ ՀՀ Նախագահը շարունակեց իր խօսքը, որը հետեւեալն էր. «Ուրեմն, վստահ լինենք, որ բոլորս էլ հասկանում ենք, թէ ինչ է նշանակում փուլային լուծում. վերադարձնում ենք ԼՂ-ից դուրս մեր հակակշռի տակ գտնուող 7 տարածքներից 6-ը, Լաչինը պահում ենք: ԼՂ-ը պահում է իր բոլոր ռազմական կարելիութիւնները. վերադարձրած տարածքների վերաբերեալ ապահովում ենք առաւելագոյն անվտանգութիւն ԼՂ համար` ե՛ւ ռազմական, ե՛ւ միջազգային քաղաքական տեսակէտից: Պատերազմն աւարտւում է, խաղաղութեան պայմանագիր ենք ստորագրում Ադրբեջանի հետ: Կարգավիճակի հարցը թողնում ենք հետագայի բանակցութիւններին: Այսինքն, տարածքներ` խաղաղութեան համար, եւ ոչ` կարգավիճակի»: 
Տէր-Պետրոսեանը հարցրեց ԼՂ երեք ղեկավարներին` արդեօք փուլայինով նոյն բա՞նն ենք հասկանում: Երեքն էլ դրական պատասխան տուեցին: Ապա Տէր-Պետրոսեանը դարձաւ միւսներին. «Բոլորդ հասկանու՞մ էք, թէ ինչ կատարուեց այստեղ: Հրադադարից ի վեր առաջին անգամ է, որ ԼՂ-ը եւ ՀՀ-ը լիովին համաձայն են խնդրի լուծման ձեւին: Գնում ենք փուլայինով ու բոլորս էլ հասկանում ենք, թէ դա ինչ է նշանակում: Այստեղ կա՞ որեւէ մէկը, որը համաձայն չէ այս գործընթացին»: Նա` երկու, թերեւս, երեք անգամ հարցրեց. «Որեւէ մէկը խնդիր ունի՞ այս մօտեցման կապակցութեամբ»: 
Ոչ ոք չառարկեց կամ խնդիր չներկայացրեց` բացի Բաբայեանից, որը վերջում որոշ տատամսումից յետոյ հարցրեց. «Չե՞նք կարող Քելբաջարն էլ պահել»: Նա արդէն ոտքի էր կանգնել ու յենուել Քոչարեանի աթոռի թիկնակին: Քոչարեանը դարձաւ դէպի Բաբայեանը (նա չէր կարող վերջինիս ուղիղ նայել, քանի որ այդ դիրքում անհրաժեշտ էր գլուխը շրջել 180 աստիճանով) եւ ասաց. «է՞շ ես, ի՞նչ ես, ա՛յ տղայ, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա Քելբաջա՞րն էլ ես ուզում»: 
Տէր֊-Պետրոսեանը ընդմիջեց. «Մի րոպէ, Ռոբերտ ջան»: Դարձաւ ինձ. «Ժիրայր, կարո՞ղ ես բանակցութիւններում Քելբաջարը եւս պահել»: «Վստահ չեմ, կարող եմ փորձել: Մինչեւ հիմա գնում ենք "6+1" ձեւաչափով, երբ խօսում ենք փուլային լուծման մասին: Վեցը տալիս ենք, մէկն ենք պահում: Չեմ կարծում, թէ դա կարելի է "5+ 2"-ի հասցնել, սակայն կարող ենք "5+1+1" ձեւաչափին հասնել. 5-ը տալիս ենք, 1-ը պահում ենք, 1-ն էլ "ժամանակաւոր" պահում ենք, յետոյ կը տեսնենք»,-ասացի: 
«Այդ պատասխանը քեզ գոհացնու՞մ է, Սամո»,-հարցրեց ՀՀ Նախագահը: «Եթէ Ժիրայրն է դա ասում, այո՛, գոհացնում է»,- ժպտալով ասաց ԼՂ Պաշտպանութեան նախարարը: Նախագահը դարձաւ ինձ. «Քո կարծիքով սրա հիման վրայ որքա՞ն ժամանակից կարող ես խաղաղութեան պայմանագիրը բերել: Երեքից չորս շաբաթը բավարա՞ր է»: «Ո՛չ, պարոն նախագահ. 4-6 շաբաթ պէտք է նկատի ունենալ»: 
Դրանով աւարտուեց հանդիպման այդ մասը: Ես գնացի իմ սենեակ ու սկսեցի աշխատել մի փաստաթղթի վրայ, որը կարելի էր անպաշտօն ու խորհրդապահական ներկայացնել Մինսկի խմբին` որպէս հիմք մի նոր, փուլայինի վրայ հիմնուած ԵԱՀԿ առաջարկի: Դրանից յետոյ եղած պատմութիւնը նոյնպէս չեմ մանրամասնում այստեղ, սակայն կը ներկայացնեմ մի քանի դիտողութիւններ: 

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ 
ՀՀ նախագահի ամփոփած մօտեցումների ու այդ հանդիպման ներկաների կողմից ընդունուած հիմքի վրայ տեքստ պատրաստուեց, հսկայական աշխատանք կատարուեց կարեւոր մայրաքաղաքներում այն ներկայացնելու համար, հսկայական քաղաքական դրամագլուխ ներդրուեց այդ գործընթացի համար: Ի վերջոյ, Երեւանն ու Ստեփանակերտը միմեանցից անկախ յանգել էին նոյն եզրակացութեանը: Այդ հանդիպման հիման վրայ Երեւանում պատրաստուած տեքստն էր սկզբնօրինակը 1997-ի Սեպտեմբերի ԵԱՀԿ առաջարկի, որը Տէր-Պետրոսեանը ընդունեց որպէս բանակցութիւնների հիմք:
Մեր պատրաստած տեքստի դրոյթները, անշուշտ, ենթարկուեցին Մինսկի խմբի համանախագահների վերախմբագրմանը` ըստ իրենց ներքին բանակցութիւնների տրամաբանութեան, որի հետեւանքով ԵԱՀԿ այդ առաջարկի մէջ տեղ գտան դրոյթներ, որոնք մեզ համար վիճելի կամ անընդունելի էին: Երեւանը, ԵԱՀԿ առաջարկը բանակցութիւնների հիմք ընդունելով հանդերձ, միաժամանակ, ԵԱՀԿ ներկայացրեց մի հիմնաւոր փաստաթուղթ, որում թուարկել էինք այն կէտերը, որոնք պէտք է բանակցութեան առարկայ լինէին:
Սակայն 1997-ի Սեպտեմբերի առաջարկն իր էութեամբ համապատասխանում էր Յունիսի 14-ի հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի կողմից յստակեցուած սկզբունքներին: Սկզբունքներ, որոնց համաձայնել էր ԼՂ ղեկավարութիւնը եւ ոչ մի առարկութիւն չէր արել ՀՀ ղեկավարութեան որեւէ անդամ: Այդ նոյն մօտեցումն էր, որ ԼՂ նոյն ղեկավարութիւնը, Քոչարեանն ու Վազգէն Սարգսեանը, եւ վերջում` Սերժ Սարգսեանը մերժեցին: Նրանք պնդեցին լուծման փաթեթային տարբերակը եւ, ի վերջոյ, հասցրին Տէր֊-Պետրոսեանի` ՀՀ նախագահի պաշտօնից հրաժարմանը: 
Ինչպէ՞ս մեկնաբանել այս զարգացումները եւ ի՞նչ դասեր քաղել անմիջական դերակատարների ու միջնորդների վերաբերմունքից: Սա թողնում եմ ընթերցողի եւ պատմաբանների դատողութեանը: Այսօր իմ նպատակն էր փաստը ներկայացնել նախքան այդ փաստի կորուստը` որեւէ պատճառով: Այդ հանդիպմանը մասնակցած տասը հոգուց երկուսը արդէն չկան, սպանուած են Վազգէնն ու Լէոնարդը: Միւսները կամայ թէ ակամայ կարող են մոռացած լինել, կամ իրենց համար այնքան էլ կարեւոր չէր այդ հանդիպումը: Որքան տեղեակ եմ` մասնակիցներից որեւէ մէկը այդ հանդիպման մասին մինչեւ հիմա չի գրել, ոչ էլ հրապարակաւ արտայայտուել է: 
…Ժամանակի ընթացքում կորցրել ենք ու տակաւին կորցնում ենք այն, ինչ կարող էինք ստանալ: Այն, ինչ սեղանի վրայ է այսօր` ԵԱՀԿ/մադրիդեան սկզբունքներով (կամ նրան յաջորդող նոյնանման տարբերակներով) թէ զուտ ռուսական ներշնչմամբ, աւելի լաւը չէ, քան 1997-ի Սեպտեմբերի առաջարկութիւնը: Այն պնդումները, թէ Մադրիդեան սկզբունքները աւելի լաւն են, քան 1997-ի Սեպտեմբերի փաստաթուղթը կամ նախկինում ներկայացուած միջազգային որեւէ առաջարկ, նման յայտարարութիւնների հեղինակների վարկը փրկել փորձող գործարք են կամ քաղաքական կամաւոր կուրութիւն: Առանց անգամ առաւել չափով մանրամասնութիւնների մէջ մտնելու, ակնյայտ է, որ «97»-ով ԼՂ եւ Լաչինի ամբողջական տարածքը պահում էինք մեր հակակշռի տակ: Իսկ երբ այդ փաստաթղթի կապակցութեամբ բանակցութիւնները յաջող աւարտուէին, դա պիտի հաստատուէր ԵԱՀԿ եւ դրանից յետոյ` ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի կողմից: Այդպիսով` ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդն ու, նոյնիսկ որ աւելի կարեւոր է, Հայաստանը դառնում էին փաստաթղթի դրոյթների երաշխաւոր, իսկ փաստաթուղթը վերածւում էր միջազգային իրաւունքի համազօր-համարժէք համաձայնութեան: 1997-ի Սեպտեմբերի առաջարկութեամբ կարգավիճակի եւ Լաչինի խնդիրը թողնում էինք ապագային, այսինքն` այդ տարածքներում պահպանւում էր այդօրեայ, այդ պահի կարգավիճակը: Մինչդեռ Մադրիդեան փաստաթղթով հայկական վերահսկողութեան տակ էր մնում ոչ թէ Լաչինի ամբողջ տարածքը, այլ միայն միջանցքը: Իսկ դրան հետեւող տարբերակների մէջ Լաչինը յանձնում ենք ինչ-որ անորոշ «միջազգային» ուժի եւ վստահ չենք, թէ ո՞վ է լինելու այդ տարբերակներում նշուած սկզբունքների շուրջ կայանալիք որեւէ համաձայնութեան երաշխաւորը, եւ այդ հանգրուանում ո՞րն է լինելու ՀՀ դերը: 
Ի դէպ` 1997-ի Դեկտեմբերին Կոպենհագէնում տեղի ունենալիք ԷԱՀԿ նախարարական հանդիպմանը Ղարաբաղի պատուիրակութեան մասնակցութիւնն ապահովելու համար Մինսկի խմբի համանախագահողները մեզ գրաւոր տեղեկացրել էին, որ պատրաստ են երկրորդ փուլ տեղափոխել նաեւ Քելբաջարի հարցը: Այդ հանդիպման եզրակացութեան միակ առարկութեան խնդիրը` Քելբաջարի հարցն էլ լուծուեց ի նպաստ մեզ: Սակայն դա էլ չգոհացրեց ԼՂ ղեկավարութեանը: Մտածելու բան է: 
Նոյնքան կարեւոր է հետեւեալ կէտը: Ըստ 1997-ի Սեպտեմբերի փուլայինի վրայ հիմնուած ԷԱՀԿ առաջարկի` Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծելու համար պիտի ստեղծուէր Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ եռեակից կազմուած յանձնաժողով: Այսինքն` ԼՂ-ը պիտի ունենար վետոյի իրաւունք: Դա կը լինէր ԼՂՀ ղեկավարութեան, Ազգային Ժողովի թէ հանրաքուէի միջոցով, ԼՂՀ որոշելիքն էր: Մադրիդեան կամ դրան հետեւող այլ փաստաթղթերում նշուած սկզբունքներում աւելացել է ԼՂ ինքնորոշման իրաւունքը հաստատող այս կամ այն տարբերակող տերմինը, որի իսկական իմաստը չգիտենք. երբ կողմերը չեն կարողացել ճշտել, թէ այդ իրաւունքը ում է վերաբերում, թէ որ կողմը ինչ է հասկանում այդ յաւելումից, վաղ է ասել` դա լա՞ւ բան է, թե՞ ոչ: 
Կան նաեւ այլ տարբերութիւններ` Մադրիդեան սկզբունքների ու 1997-ի Սեպտեմբերի առաջարկութեան միջեւ, սակայն սա այն տեղը չէ, ուր այդ վէճը պէտք է ծաւալուի: Միաժամանակ, այդ հիմնական տարբերութիւնները նշելը անհրաժեշտ էր այստեղ: Անշուշտ, շատ բան է փոխուել այս 20 տարուայ մէջ, սակայն չի փոխուել Տէր-Պետրոսեանի` «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդուածում ներկայացրած տրամաբանութեան ուժը: Վկայ` 2016-ի Ապրիլի քառօրեայ պատերազմը: Իսկ փոփոխուած իրականութիւնների մէջ չպիտի մոռանալ Հայաստանից շարունակուող արտագաղթը, լուրջ եւ հիմնաւոր տնտեսական աճի պակասը եւ այլ կարեւոր չափանիշներ, որոնք աւելի յստակ են դարձնում այդ յօդուածի տրամաբանութիւնը: Այս` մօտ 20 տարուայ ընթացքում ոչ մի հիմնական հարց չի լուծուել: 
Մի հարց կայ, որը յաճախ բարձրացրել եմ. ԼՂ եւ ՀՀ համար կարեւո՞ր է լուծել Ղարաբաղեան հարցը, դա կարելի՞ է լուծել` ստանալով մեզ համար անհրաժեշտը եւ ոչ ցանկալին, քանզի ցանկալին պնդելով կարող ենք կորցնել անգամ մեզ անհրաժեշտը: 
Վերջին նկատողութիւն: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով պիտի չցանկանային տեսնել յիշատակածս հանդիպման մասին որեւէ հրապարակում: Այդ պատճառների մի մասը կարող է լինել նաեւ լուրջ: Կան մարդիկ, որոնք գուցէ մտածում են, թէ նման հրապարակումը, մանաւանդ այս պահին, կարող է այս կամ այն կերպ վնասել որեւէ գործընթաց, որեւէ քաղաքական դէմքի կամ ուժի: Առանց վիճաբանութիւնների մէջ մտնելու կարող եմ ասել հետեւեալը. եթէ մեր գործընթացները, դէմքերն ու ուժերը այնքան փխրուն են, որ չեն կարող դիմանալ պատմութեան այս կամ այն փաստին` հին թէ նոր, դատապարտուած են ձախողման ու այդ հարցում իմ օգնութեան կարիքը չունեն: 
Ամէն գործիչ պատասխանատու է իր արածի եւ չարածի, ասածի եւ չասածի համար, մանաւանդ, երբ այդ շարքից որեւէ հանգամանք ազդեցութիւն է թողել մեր երկրի քաղաքականութեան, ապագայի, պատմութեան եւ, ի վերջոյ, մեր ժողովրդի բարօրութեան վրայ: 

«Առաւօտ», 25 Յունուար 2017 
 

No comments:

Post a Comment