21.11.16

Աշոտ Մելքոնեան. «Ակադեմիան ազգային արժէք է, որը ոչ ես եմ ստեղծել, ոչ էլ այսօրուայ կառավարութիւնը»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 
Հայաստանում եկե՞լ է արդեօք ակադեմիական գիտութեան վերջը: Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ինստիտուտները 1990-ական թուականներից վերածուեցին ՊՈԱԿ-ների [պետական ոչ-առեւտրական կազմակերպութիւններ]: ՊՈԱԿ-ների վերացման վերաբերեալ ներկայ կառավարութեան վերաբերմունքը յայտնի է: Սակայն գիտնականները կարծում են, որ այն, ինչ վերաբերում է նախարարութիւններին կամ պետական կառոյցներին կից ՊՈԱԿ-ներին, գիտութեան դէպքում նոյն վերաբերմունքն արդարացուած չէ: Մտահոգութիւններ կան նաեւ գիտական աստիճան ունեցողներին յաւելավճարներից զրկելու տրամադրուածութեան եւ մի շարք այլ նորամուծութիւնների հանդէպ, որոնք գիտութեան ասպարէզում մտադիր է իրականացնել նոր կառավարութիւնը: Օրերս ԳԱԱ [Գիտութիւնների Ազգային Ակադեմիա] Պատմութեան ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնութիւնն էր յայտնել այն առաջարկին, որով վերացւում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը` վերածելով այն միաստիճանի: Այդպիսի որոշումն, ըստ խորհրդի, անշրջելի կորուստներ կը բերի գիտութեանը, մասնաւորապէս` հայագիտութեանը: Գիտխորհուրդը բերում է այն հիմնաւորումը, որ Եւրասիական Միութիւնում` երկաստիճան գիտաստիճանաշնորհման համակարգի առկայութեան պարագայում դա նաեւ տարբեր խնդիրներ կ'առաջացնի Հայաստանի համար, այդ թւում` վկայականների փոխճանաչման հարցում (երկաստիճան համակարգը գործում է նաեւ Եւրոպայի առաջատար երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Շուէյցարիայում եւ այլն):
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանի հետ մեր զրոյցը վերաբերում է այս օրերին ակադեմիական գիտնականների շրջանում տիրող մտահոգութիւններին։

- Պարոն Մելքոնեան, ի՞նչն է յատկապէս անհանգստացնում ակադեմիական գիտնականներիդ:
- Խորհրդային տարիներին ստեղծուեց Գիտութիւնների Ակադեմիան պատերազմի թէժ պահին, 1943 թուականին, եւ պետութիւնը, ազգը այդ ազգային արժէքի կարիքն ունէին: Յետխորհրդային շրջանում այդ վիճակը պիտի փոխուէր, քանի որ ակադեմիան իր բազմաթիւ ինստիտուտներով սպասարկում էր ողջ Խորհրդային Միութեան գիտութիւնը, մասնաւորապէս` ճշգրիտ գիտութիւնները: Երբ կապերը կտրուեցին նախկին խորհրդային, ներկայիս անկախ պետութիւնների հետ, այլեւս Հայաստանը նման շռայլութիւն չէր կարող թոյլ տալ իրեն: Եթէ չեմ սխալւում` 6-8 հազար աշխատող ունէր միայն Ակադեմիան, իսկ ողջ Հայատանում 20 հազարից աւելի գիտաշխատողներ կային: Բնականաբար կրճատման պիտի գնայինք: Դա արւում էր փուլ առ փուլ:
Հիմա կարծեմ 2,5 հազար գիտաշխատող է մնացել ակադեմիայում, սպասարկող անձնակազմի հետ միասին: Անկախութեան առաջին օրերին մենք դիւանագէտների կարիքն ունէինք, դրա համար պէտք էին պատմաբաններ, արեւելագէտններ, միջազգայնագէտներ, որոնք գիտութեան ոլորտից գնացին եւ դիւանագիտական ճակատում մինչեւ հիմա աշխատում են, դարձան պրոֆեսիոնալ դիւանագէտներ, գիտաշխատողների թիւն այդպիսով գնալով պակասեց: Տարօրինակն ինչ էր. յետխորհրդային շրջանում մենք յայտնուեցինք մի իրավիճակում, երբ հնչում էր հարցադրում` արդեօք մեզ պէ՞տք է Գիտութիւնների Ակադեմիա, եւ ամէն անգամ բերւում էր Արեւմուտքի օրինակը, նկատի ունենալով ամերիկեան մոդելը, որտեղ գիտութիւնը հիմնականում զարգանում էր համալսարաններում: Բայց ամբողջ հարցն այն էր, որ մեր ունեցած մոդելը հայկական չէ, այլ` հէնց եւրոպական (գերմանական) է, եւ ակադեմիական գիտութիւնը հնարաւորութիւն է ընձեռում գիտնականին ` շատ քիչ դասաքանակի դասաւանդման պայմաններում հիմնականում զբաղուել գիտութեամբ: Ակադեմիական համակարգը` պրուսական մոդելը, որ ժամանակին վերցրեց Ռուսաստանը, Պեօտրի, Եկատերինայի ժամանակներից սկսած, խորհրդային շրջանում շարունակուեց, մենք էլ դա ընդօրինակեցինք: Գիտաշխատողը հիմնականում զբաղուած էր հիմնարար գիտութեամբ, նաեւ` կիրառականով: Յետխորհրդային շրջանում, ամբողջ քառորդ դար մենք, ստացւում է, պայքարում ենք Ակադեմիան պահպանելու համար, որը զաւեշտ է:
1992 թուականի Փետրուարից մեզ մօտ մտցուեց թեմատիկ ֆինանսաւորումը, մեր ինստիտուտները վերածուեցին ՊՈԱԿ-ների, մենք բաւական դժուարին ժամանակներ ապրեցինք, որովհետեւ տեղի ունեցաւ կադրային սարսափելի արտահոսք արտերկիր: Այդ պայմաններում մենք փորձեցինք գոնէ գիտութիւնը պահպանել չնչին աշխատավարձերի պայմաններում:
Հիմա մեր կառավարութիւնը ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի [Ծրագրերի Իրականացման Գրասենեակ] հանդէպ մերժողական կեցուածք է որդեգրել, գուցէ դա տրամաբանուած է եւ հիմնաւորուած մի կողմից, բայց միւս կողմից` մեր եւ նախարարութիւններին կից գործող ՊՈԱԿ-ներին դնել նոյն հարթութեան վրայ, դա այնքան էլ ճիշդ մօտեցում չէ:
Մեզ ասում են` գուցէ միաւորէք գիտութեան տարբեր ուղղութիւններ, ասենք` հայագիտական ինստիտուտները` լեզու, գրականութիւն, պատմութիւն, արուեստ, արեւելագիտութիւն: Բայց սրանցից իւրաքանչիւրը պահանջարկ ունեցող գիտութիւն է, սրանք դարձնել բաժիններ մէկ ընդհանուր հայագիտութեան ինստիտուտի մէջ` նշանակում է գիտութեան այս կամ այն ոլորտն ուղղակի սպաննել: Օրինակ` չունենալ արեւելագիտութիւն, երբ իրանագիտութիւն, թուրքագիտութիւն, արաբագիտութիւն ունենք, սրանք բոլորը տանել մէկ բաժնի տակ` որպէս արեւելագիտութիւն տեղաւորել, նշանակում է նորից վերադառնալ 1935 թուական` ԽՍՀՄ Գիտութիւնների Ակադեմիայի հայկական մասնաճիւղի գոյատեւման ժամանակներ, ու նորից զրոյական վիճակից սկսել: Յաջորդ հանգամանքը կիրառական եւ հիմնարար գիտութիւնների փոխյարաբերութեան հարցի հետ է կապուած: Այն մտայնութիւնը, թէ քանի որ կիրառական գիտութիւնն է բերում շահոյթ, ուրեմն հիմնարար գիտութիւնը մեզ պէտք չի, սխալ է, եթէ չլինի հիմնարար գիտութիւնը, կիրառական գիտութիւն չի կարող լինել: Կիրառելի որեւէ բան ստեղծելու համար դու պիտի հիմնարար աշխատանք կատարես նախ տասնամեակներով, որը հետագայում կարող է այնպիսի հզօր արդիւնքի բերել, փակելով տարիների քո ողջ ծախսածը:

- Մինչեւ այդպիսի որոշումը` կառավարութիւնից ԳԱԱ ներկայացուցիչների հետ խորհրդակցե՞լ են:
- Որքան ես գիտեմ, կառավարութեան մօտեցումը հետեւեալն է. դուք առաջարկութիւններ ներկայացրէք` ո՞ր ՊՈԱԿ-ներն էք կրճատում: Այսինքն` մենք պէտք է երեւի առաջարկենք, որ 30-ից աւելի ինստիտուտից թողնում ենք 15-ը, յետոյ տեղի ունենայ հանդիպում, ու քննարկենք արդէն տեղի ունեցածը: Խնդիրն այն է, որ նախ պէտք է քննարկես-հասնես ընդհանուր յայտարարի, համոզուես, որ դա է ճիշդը, հիմնաւորուածը, ու յետոյ անցնես կրճատման: Իմաստ ունի՞ քննարկել մի բան, երբ դա արդէն տեղի է ունեցել: Եթէ նման որոշում կայացուի, որ ակադեմիական ինստիտուտները, այդ թւում նաեւ հումանիտար-հայագիտական ոլորտի, ուղղակի կրճատուեն որպէս ՊՈԱԿ-ներ, սա նշանակում է ակադեմիական գիտութեան վերջը: Եւ բոլորը թող յիշեն, որ ակադեմիան ազգային արժէք է, որը ոչ ես եմ ստեղծել, ոչ էլ այսօրուայ կառավարութիւնը, ազգի մեծերն են ստեղծել` Յովսէփ Օրբելին, Վիկտոր Համբարձումեանը, միւս մեծերը: Մի կողմից ասում են, որ գիտելիքայէն տնտեսութիւն պէտք է ստեղծել, որ զէնքի նոր տեսակներ են պէտք, տեխնոլոգիաներով պիտի զբաղուենք, միւս կողմից ասում են` մեզ հիմնարար գիտութիւն պէտք չի: Եթէ դու չդնես գումար ուսումնասիրութիւնների համար, այդ զէնքի տեսակները կը ստեղծուե՞ն: Գիտութեան այդ ոլորտը կը զարգանա՞յ, ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի ոլորտներում կ՚ունենա՞նք օլիմպիադաների յաղթողներ, որոնք աշխարհում այսօր մեծ ճանաչում ունեն, եւ ակադեմիական ժողովներում Ակադեմիայի նախագահը բերում է տուեալներ, թէ չնչին ֆինանսական պայմաններում ինչպիսի արդիւնքներ է գրանցում Հայաստանը տարածաշրջանում:

- Այնուամենայնիւ` թէկուզ ներսից վերաբեռնում, մոդայիկ բառով` ռեսթարթ, պէ՞տք է: Ուռճացուած չէ՞ համակարգը Ձեր կարծիքով:
- Բոլորին թւում է, թէ մենք անընդհատ պիտի բան առաջարկենք: Դուք ինչպէ՞ս էք պատկերացնում, միջինը 60-70 հազար դրամ աշխատավարձով գիտութիւնների թեկնածուն, որին երբեմն աշխատանքի գալ չես կարողանում պարտադրել, քանի որ աշխատավարձը չի բաւականացնում գալու-վերադառնալու համար, այդ մարդուց դու պահանջում ես գիտական ահռելի պրոդուկտ, սա պատկերացնել հնարաւոր չէ: Ուռճացուածի մասով. հիմա կառավարութիւնը գնում է մի ճանապարհով, որ ուռճացնելու է գիտութեան թեկնածուների եւ դոկտորների թիւը: Կրթութեան զարգացման վերաբերեալ մի նախագիծ է պտտւում (փոփոխութիւններ կրթութեան օրէնքի մէջ), որով գիտութեան թեկնածուի աստիճանը վերանում է, ու բոլորը դառնում են գիտութեան դոկտորներ, օրինակ է բերւում Արեւմուտքը, մինչդեռ Եւրոպայի երկրների մեծ մասում երկաստիճան է: ԵԱՏՄ [Եւրասիական Տնտեսական Միութիւն] մտնելու իմաստով էլ` ռուսական մոդելը շատ ընդունելի է մեզ համար, այդ կազմի երկրները եւս երկաստիճան համակարգ ունեն: Ղազախստանը եւ Վրաստանը անցան միաստիճան համակարգի, ու հիմա այնտեղ մղկտում են, որ սխալ են գործել: Անթոյլատրելի է երկաստիճան համակարգը փոխել` 6- 10 հազար գիտութեան թեկնածու, որոնց մի զգալի մասը, ինչու չէ, նաեւ պաշտօնեաներ են, չինովնիկներ, մեխանիկօրէն կը դառնան գիտութեան դոկտորներ, եւ գիտութեան հերը վերջնականապէս կ'անիծուի: ԲՈՅ-ը [Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողով] բարեփոխումներ է իրականացրել, մասնագիտական խորհուրդները փոխել- դարձնելով առաւելաբար 9 հոգանոց նեղ մասնագիտական, որտեղ պիտի թեզ պաշտպանեն: Հիմա խօսում են այդ ԲՈՅ-ը փոխելու մասին: ԲՈՅ-ի ղեկավար Լիլիթ Արզումանեանն, ի պատիւ իրեն, միշտ ակտիւ աշխատում է, շարժման մէջ է եւ կարողանում է փոփոխութիւններ իրականացնել, չինովնիկների ճանապարհը փակել, դժուարացնել հրապարակումների խնդիրը` կանոնակարգը բարդացնելով: Բայց հիմա թեկնածուները մեխանիկօրէն դառնալու են դոկտոր, ով պիտի որոշի` ո՞վ է դառնալու դոկտոր, ով` ոչ, եթէ գիտական խորհուրդների հանգամանքը մէջտեղից դուրս է գալիս, եւ որքան ես գիտեմ` Գիտութեան Պետական Կոմիտէի իրաւասութեանը պէտք է տրուի ԲՈՅ-ի գործառոյթը: Սա եւս նշանակում է` էդ ոլորտը քանդուքարափ անել: Գիտութեան նկատմամբ անլուրջ վերաբերմունք` չի կարելի նման բան թոյլ տալ:

- Ակադեմիայի մեղքի բաժինը չէ՞ք տեսնում, որ գործընթացների յետեւից էք գնում` ժամանակին չէք միջամտում, առաջարկում, նորանում, սերնդափոխւում...
- Վերջին շրջանում ակադեմիական ինստիտուտների 90 տոկոսի ղեկավար կազմը երիտասարդացել է: Թեկնածուների թիւը երիտասարդների առումով բաւականաչափ աւելացել է: 30 հազար դրամ թոշակով (իսկ մինչեւ վերջերս 10 հազար էր) ի՞նչ անի ասպիրանտը: Նրան գումար ու հեռանկար պէտք է տալ, բնակարան պէտք է ունենայ, որ ընտանիք կազմելուց խնդիր չունենայ: Չեն գալիս երիտասարդներն ասպիրանտուրա (ոմանք էլ ասում են` բանակից փախչում են), նոյնիսկ այդ պայմաններում տեղերը դատարկ են մնում:

- Միշտ խօսում են ԳԱԱ նախագահի տարիքից...
- Ակադեմիան ֆուտբոլային թիմ չէ, ծանրակշիռ գիտնական պիտի լինես, ճանաչում ունենաս, յետոյ նոր հասնես մի բանի կամ պաշտօն զբաղեցնես: Երբ 2002 թուականին 41 տարեկանում ինձ առաջարկուեց պատմութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնը` ինձ համար ամենամեծ դժուարութիւնն այն էր, որ նախորդ տնօրէնների` խոշոր գիտնականների անուններն ինձ ճնշում էին: Երբ մտածում էի, որ Յովսէփ Օրբելին, Աբգար Յովհաննիսեանը, Մկրտիչ Ներսիսեանը, Սուրէն Երեմեանը, Հրանտ Աւետիսեանն են եղել պատմութեան ինստիտուտի տնօրէն, դա ինձ ճնշում էր: Սա գիտութիւն է, պիտի փուլ անցնես: Տարեց գիտնականներ ունենք, որ երկու տարին մէկ գիրք են դնում սեղանին: Բայց երիտասարդների առումով հէնց մենք ենք մտահոգուած, փորձում ենք անել առաւելագոյնը: Պետութիւնը գիտաշխատողի տարրական խնդիրներով չի զբաղւում, նրանից սարսափելի մեծ արդիւնք է պահանջում: Անհնարին է: Խօսում են ծախսերի վերադարձի մասին` արդիւնքի տեսքով, այդ առումով նախկին վարչապետներից մէկին Ակադեմիայի ժողովներից մէկում ասել են` երբ Վռամշապուհ արքան հայոց գրերի ստեղծման ժամանակ օգնում էր Մեսրոպ Մաշտոցին, նա չէր ակնկալում, որ դրանով իր գանձարան գումար պիտի մտնի, գումարը հոգեւոր արժէքների տեսքով եկաւ Հայաստան:

- Որպէս պատմաբան կը խնդրէի գնահատել` ի՞նչ վիճակում է հիմա մեր երկիրը, վիճակի հետեւա՞նք են այս կարգի որոշումները միայն, թէ, այնուամենայնիւ, ռեսուրս կարելի է գտնել:
- Գնում ենք կրճատումների ճանապարհով, որովհետեւ վիճակն է թելադրում, աղէտալի ֆինանսատնտեսական վիճակում ենք, միայն պետական պարտքի` 6 միլիարդ [դոլար]ի շրջանակում գտնուելը դրա պարզ վկայութիւնն է: Բայց երբ գնում ես կրճատման ճանապարհով երկրում ահռելի գործազրկութեան պարագայում, զուգահեռաբար աշխատատեղ չստեղծելով ու ծրագիր չառաջարկելով` ազատուած մարդկանց վերաբերեալ, իսկ ՊՈԱԿ-ներում աշխատող մարդկանց մի զգալի հատուածը լուրջ գիտնականներ ու մասնագէտներ են, ու նրանք մնալու են փողոցում, սա անընդունելի է:
«Ի՞նչ պէտք է անել» հարցին ես պատասխանում եմ` հանգիստ թողէք գիտութիւնը: Չեմ ուզում, որ անիւ յօրինենք: ԳԱԱ-ին յատկացուող 5 մլրդ դրամը չնչին ֆինանսաւորում է:

- Կը ներէք հարցի ոչ կոռեկտ ձեւակերպման համար, օրինակ` եթէ դուք լինէիք ԳԱԱՅ ղեկավարը, ի՞նչ կը ձեռնարկէիք:
- Կառավարութեան հետ կը խօսէի շատ կարծր դիրքերից, յիշեցնելով, որ ազգային արժէքն անձեռնմխելի է: Կորուստը կը լինի անդառնալի, մենք ոչ մէկս յաւէրժ չենք, բայց գիտութիւնը, ի դէմս ակադեմիայի եւ միւս հաստատութիւնների, ազգային արժէք է, եւ վերացնելը անդառնալի կը լինի մեր երկրի համար: Որովհետեւ մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ հեռանկար կարող ենք ունենալ յառաջիկայ տասնամեակի ընթացքում, բացի գիտութիւնից: Զարմանալի է, մի կողմից խօսում ենք գիտութեան կարեւորութեան մասին, միւս կողմից էլ գիտութիւնը քանդելու ճանապարհով ենք գնում: Ես չեմ խորշում ասել` շատ մի՛ փորփրէք եւ բարեփոխում ասուածը չարափոխման մի վերածէք, 25 տարի հնարաւոր չէ բարեփոխում իրականացնել: Թեմատիկ ֆինանսաւորումը, որի դէմ այդքան պայքարեցինք, վերջապէս համոզուեցին, որ արդիւնաւէտ չէ, վերջին տարիներին նորից վերադարձանք բազային ֆինանսաւորման, որը քննութիւն էր բռնել կէս դարից աւելի: Հիմա նորից խօսում են թեմատիկ ֆինանսաւորման մասին, որի դէպքում շատ աւելի կամայական մօտեցում կարող է լինել:
Ես զգուշացրել եմ, որ սա շատ վտանգաւոր խաղ է եւ կարող է բումերանգի էֆեկտ ունենալ:

- Եթէ Դուք լինէիք վարչապետը, ինչ կերպ կը դնէիք խնդիրը` նկատի ունենալով մեր այժմեան պայմանները:
- Նախ փող չլինելը յարաբերական է, երբ տեսնում ես, կառավարութիւնն էլ բացայայտեց վերջին շրջանում, որ շատ թաքցուած գումարներ կան, ու դրանք կարող են բիւջէ մտնել: Պարզուեց, որ գազի գինը հնարաւոր էր իջեցնել, երբ վիճակը ծանր է, այսինքն` եթէ ուզում են, ֆինանսներ գտնւում են: Իսկ գալով Ձեր հարցին` ես ինձ չեմ պատկերացնում վարչապետի պաշտօնում, որովհետեւ չգիտեմ լուծումը, չեմ պատկերացնում, ազնուօրէն խորստովանում եմ, ամէն մարդ պէտք է լինի իր տեղում: Վարչապետը ծրագիր պէտք է առաջարկի, իսկ ես փորձեմ այդ ծրագրին նպաստել: Պատմութեան ինստիտուտի մակարդակով` պատկերացնում եմ, թէ ինչ պիտի անեմ. երբ տնօրէն դարձայ, երեսուն ծանրակշիռ աշխատութիւն դրուած էր դարակում, փոշին վրան նստած, տպագրելու հնարաւորութիւն չունէինք: Ստեղծեցինք Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանի անունով տպարան, 150-ից աւելի գիրք ենք հիմա տպել մեր միջոցներով, դրսից ոչ մի օգնութիւն չենք ստացել: Տպարանը նուիրեցին Աշճեանի հարազատներն ԱՄՆ-ից, տպում ենք բարեգործական հիմունքնէով, առանց վաճառքի, հիմա գոնէ գիտաշխատողը գիտի, որ ինքը գիտական պրոդուկտ տա` անպայման կը տպագրուի: Տարեկան տպագրում ենք 30-40 մենագրութիւն եւ ժողովածու: Ակադեմիական հրատարակութիւնների 600 աշխատութիւնից 350-400-ը հումանիտար բլոկի ինստիտուտներն են տպագրում: Թողնեն մեզ հանգիստ` աշխատենք, կայ համակարգ, որն աշխատում է, էդ համակարգի գլխին խփելն ապագայի իմաստով վտանգաւոր է: Վերջին շրջանում գոնէ սոցիալական փաթեթի մէջ յայտնուեցինք, մարդիկ կարողանում են բուժուել, իսկ մեր կառուցուածքները սուղ ֆինանսաւորմամբ էլ աշխատում եւ արդիւնք են տալիս:
«Ազգ», 18 Նոյեմբեր 2016

No comments:

Post a Comment