22.10.16

Օդային հնագիտութեան ռահվիրան եւ նրա հայապատում գործերը

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Բելգիացի մի ընկերուհուց վերջերս ստացածս նուէրը՝ 2016-ին, Շուէյցարիայում հրատարակուած լուսանկարչական ալբոմը, ավելի քան հաճելի անակնկալ էր: Լեւոն Նորդիկեանի եւ Մարկ-Անտուան Կեսերի հեղինակած «Փոքր Ասիայից Լեւանտի երկինք. Անտուան Պուադըբարՙ հետազօտող եւ օդային հնագիտութեան ռահվիրան» վերնագրուած ֆրանսերէն ալբոմը ոչ միայն ինքնին հետաքրքրական էր որպէս պատմական վաւերագրութիւն, այլեւ, առաջին հերթին, ինձ գրաւեց հայութեան հետ ունեցած իր առնչութեամբ... Սա Բէյրութի Սեն Ժոզէֆ համալսարանի լիբանանեան նախապատմութեան թանգարանի տնօրէն, մեր հայրենակից Լեւոն Նորդիկեանի երկրորդ գիրքն է Պուադըբարի մասին. առաջինը՝ «Օդային հնագիտութեան ակունքներում. Ա. Պուադըբար», լոյս է տեսել 2000-ին, Բէյրութում (հեղինակակից՝ Ժան-Ֆրանսուա Սալ):

Ֆրանսիացի հնագէտ, լուսանկարիչ, ճիզուիտ քարոզիչ, երկու աշխարհամարտերի միջեւ եղած ժամանակաշրջանում Լեւանտում ֆրանսիական աւիացիայի օդաչու Անտուան Պուադըբարը (1878-1955) ծնուել է Լիոնում, վախճանուել Բէյրութում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռուել է գերմանացիների դէմ Լոթարինգիայում, այնուհետեւ կապիտանի աստիճանով ֆրանսիական ռազմական առաքելութեան կազմում մեկնելով Կովկաս՝ որոշ ժամանակ գործել է Հայաստանի Հանրապետութիւնում: 1924-ից աշխատել է Բէյրութի Սեն Ժոզէֆ համալսարանում, որտեղ մասնակցել է Եղեռնից փախստական հայերին ցուցաբերուող աշխատանքներին...
Այդ պաշտօնում եղած ժամանակ մի անգամ Փարիզի Աշխարհագրական ընկերութիւնը նրան առաջարկել է որոնել ջրային կէտեր եւ կորած խողովակաշարեր Սիրիայի հիւսիսում: 1925-ին սիրիական անապատի վրայով օդանաւով թռչելիս Պուադըբարը մայրամուտի կարմիր լոյսի ներքոյ գետնի վրայ յայտնաբերել է երկրաչափական պատկերներ բացայայտող նեղ գծագրութիւններ: Այս դիտարկմամբ նա դարձել է առաջին յայտնի օդային հետազօտողը, որը հնարաւորութիւն է տուել օդուժի տեխնիկական միջոցների օգտագործմամբ բացայայտել հին հռոմէական պաշտպանական գծերը՝ լիմեսները: Այդպիսով ծնունդ է առել օդային հնագիտութիւնը: Շարունակելով իր հետազոտությունը՝ մինչեւ 1932 թուականը նա տարորոշել է լիմեսների տեղադրությունը՝ Պալմիրայից մինչեւ Տիգրիս գետը: Այնուհետեւ, մինչեւ 1942 թուականը Պուադըբարը բացայայտել է հռոմէական պաշտպանական գծերը Եփրատ եւ Որոնտես գետերի միջեւ: Արդիւնքում նա 250 թռիչքների ընթացքում օդում անցկացրել է 550 ժամ, որոնց ժամանակ կատարել է հազարաւոր լուսանկարահանումներ...
Անդրադառնանք Պուադըբարի՝ հայութեան հետ ունեցած առնչութիւններին: «Փոքր Ասիայից Լեւանտի երկինք» հատորը բացւում է Արարատ լերան պատկերով, լուսանկարուած Արարատեան դաշտից, աջ կողմում կադր է մուտք գործում շոգեքարշը: Ֆրանսիայի ճիզուիտական կազմակերպութիւնը դեռեւս 1881-ին հիմնել էր «Առաքելութիւն Հայաստան» խումբը, որի կազմում էլ Պուադըբարը, ինչպէս նշուեց, 1904-ին մեկնել է Օսմանեան կայսրութիւն եւ գործել Թոքաթի, Սվազի, Ամասիայի, Մարզուանի, Կեսարիայի եւ Ադանայի կաթոլիկ հայերի շրջանում՝ փորձելով նրանց կապել Հռոմի հետ: Մասնաւորապէս Թոքաթում ֆրանսիացի ճիզուիտները հիմնել են դպրոց եւ հիւանդանոց, որոնք բաց են եղել բոլոր ազգութիւնների համար: Թոքաթում էլ Պուադըբարը, սկսած 1905 թուականից, սկսել է զբաղուել լուսանկարչութեամբ, որը նրա համար ժամանց չէր, այլ գիտական եւ փաստագրական առաքելութիւն: Պուադըբարի լուսանկարները տպագրուել են «Միսիոն կաթոլիկ» եւ այլ եւրոպական կրօնական հանդէսներում՝ եւրոպացիներին ծանօթացնելով հեռաւոր եւ չբացայայտուած երկրների ու ժողովուրդների հետ... Ներկայացուող գրքի «Պուադըբարը "Առաքելութիւն Հայաստանում"» գլխին (հեղինակՙ Լեւոն Նորդիկեան) հետեւում են հիմնականում տղամարդիկ եւ երեխաներ պատկերող լուսանկարներ, որոնք, չնայած վկայութիւնների բացակայութեանը, անկասկած, հայեր են: Յատկապէս ուշագրաւ են նուագածուների եռեակ, գորգ գործող կանանց եւ զինուորական հագուստներով տղամարդկանց պատկերող լուսանկարները...
Յաջորդ գլուխը վերնագրուած է «Պարսկաստանի ճանապարհներից դէպի վաղանցիկ Հայաստանի Հանրապետութիւնը», հեղինակը դարձեալ Լեւոն Նորդիկեանն է: Մի քանի տարուայ ընդմիջումից յետոյ ֆրանսիական բանակում մարտնչող Պուադըբարին վիճակուած էր կրկին առնչուել հայ ժողովրդի հետ այս անգամ Արեւելեան Հայաստանում: Երբ Գերմանիան ճակատ է բացել Կովկասում, 1917-ին Պուադըբարը գեներալ Մաքսիմ Վէյգանի կողմից նշանակուել է Կովկասում ֆրանսիական ռազմական առաքելութեան անդամ: «Պուադըբարը Հայաստանի Հանրապետութիւնում (1918-1920)» ենթագլուխը ներկայացնում է այն պատմական միջավայրը, որի պայմաններում ծնունդ առաւ հայկական պետականութիւնը, յիշատակւում են նրա գոյութեան ընթացքում առկայ խնդիրները, յիշւում է 1915-ի ցեղասպանութիւնը, թէ ինչպէս Անտանտը ցանկացել է աջակցել Հայաստանին եւ միւս նորանկախ հանրապետութիւններին՝ ընդդէմ բոլշեւիզմի եւ այլն... Ահա այդ դժուարին տարիներին Պուադըբարը երեք տարի գործել է Հայաստանում՝ աշխատելով սպայ եւ թարգման, քանի որ տիրապետել է հայերէնին ու թուրքերէնին: Գեներալ Նազարբէկեանի, վարչապետ Խատիսեանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե.ի հետ նա մասնակցել է տարբեր պայմանագրերի կնքմանը: Նորդիկեանը վկայում է, որ Պուադըբարը մեծ ժողովրդականութիւն է վայելել հայ բնակչութեան շրջանում: Այս գլխին յաջորդող որոշ լուսանկարներում ճանաչելի են Հայաստանի Հանրապետութեան ժամանակաշրջանի Երեւանի աղքատիկ համայնապատկերը՝ Արարատի խորապատկերով, Էջմիածնի Մայր Տաճարը, գեներալ Անդրանիկը Մայր Տաճարի բակում, զինուորականներ, նաեւ ենթադրեալ հարսանեկան մի լուսանկար, որտեղ հայկական տարազներով կանանց եւ չերքէզկաներով տղամարդկանց կողքին անսովոր է թւում գրեթէ ժամանակակից տեսք ունեցող աղջնակը՝ ճերմակ կարճ շրջազգեստով, գլխին կապած ժապաւէնով եւ բաց ոտքերով...
Գրքի մնացեալ մասում Միջին Արեւելքում Անտուան Պուադըբարի կատարած լուսանկարներն են՝ սիրիական, լիբանանեան բնանկարներ, տարբեր ազգութիւնների մարդիկ, անապատի, ծովի տեսարաններ, օդանաւից կատարուած լուսանկարներ, յատկապէս՝ մեծ տարածութիւններ ընդգրկող լանդշաֆտներ, որոնց ուսումնասիրումն առատ նիւթ կը տայ լուսանկարչութեան պատմութեամբ եւ տեսութեամբ զբաղուողներին, պատմաբաններին, հնագէտներին, ազգագրագէտներին...
Յիշենք, որ ողջ կեանքում Պուադըբարն ակտիւօրէն աշխատակցել է գիտական մամուլին, հրատարակել գրքեր: Դեռեւս 1919-ին Փարիզի «Պայո» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Անտուան Պուադըբարի «Հեծելազօրային հոգեւորականի ուղեգրութիւնը. Հայաստանից մինչեւ ֆրանսիական ճակատ. 1914, Մայիս-1917, Դեկտեմբեր» գիրքը: Հայ իրականութեանն էին վերաբերում նաեւ նրա «Հայերի ռազմական դերը կովկասեան ռազմաճակատում ռուսական բանակի դասալքութիւնից յետոյ» (1920), «Փարիզից կովկասեան ռազմաճակատ Միջագետքով եւ Պարսկաստանով» (1920), «Կովկասի պատմութիւնը պատերազմից առաջ եւ յետոյ. ականատեսի նոթեր» (1922), «Ուղեւորութիւններ. Պարսկաստանի խաչմերուկներում» (1923) գրքերը: Փարիզի «Ռեւիւ դէզ էտիւդ արմենիէն» հայագիտական հանդէսում հրատարակել է «Անդրկովկասը եւ Արեւելեան Հայաստանը դիւանագիտական փաստաթղթերում Բրեստ-Լիտովսկի դաշնագրից մինչեւ Կարսի պայմանագիր» (1924, հատոր 4) եւ «Հայկական հնագոյն ասեղնագործութիւնը» (1929, հատոր 9) յօդուածները, իսկ «Կարմիր խաչի միջազգային հանդէսում»՝ «Ֆրանսիական առաքելութիւնը Բէյրութի հայկական ճամբարներում» (1926, թիվ 85) հաղորդումը: Բէյրութի Սէն Ժոզէֆ համալսարանի Արեւելեան գրադարանում պահուող նրա հարուստ արխիւն ընդգրկում է փաստաթղթեր, մօտ տաս հազար լուսանկար, որոնց պահպանման գործին, ի դէպ, աջակցել է նաեւ Բրիւսելի Պօղոսեան հիմնադրամը:
Մեզ՝ հայերիս, անհրաժեշտ է պաշտօնապէս, պետական մակարդակով կապ հաստատել Սէն Ժոզէֆ համալսարանի գրադարանի հետ եւ ձեռք բերել Պուադըբարի՝ Հայաստանում կատարած եւ հայութեանը վերաբերող լուսանկարների, ինչպէս նաեւ այլ նիւթերի պատճէնները, ինչը, վստահաբար, մեծապէս կը հարստացնի մեր իմացութիւնը 1905-1920 թուականների հայութեան զոյգ հատուածների կեանքի, կենցաղի եւ պատմութեան վերաբերեալ...

«Ազգ», 21 Հոկտեմբեր 2016

No comments:

Post a Comment