27.8.16

26 տարի անց՝ երկու սպառնալիք մեր պետականութեանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
 
Հայաստանի անկախութեան հռչակագրի մասին խօսելիս, շատերը չգիտեն, ոմանք էլ մոռացել են, թէ ո՞րն է նրա ուղերձը հայ ժողովրդին, ի՞նչ հռչակեց այն: 26 տարի առաջ, 1990-ի Օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագոյն Խորհրդի ընդունած Հռչակագրով յայտարարուեց «Հայաստանում անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը»: Սա է Հայաստանի անկախութեան հռչակագրի հիմնական գաղափարը: Անկախութեան հռչակագրից շուրջ մէկ տարի յետոյ՝ Սեպտեմբերի 21-ին, անցկացուեց Հայաստանի անկախութեան հանրաքուէն, որի միահամուռ «այո»-ի արդիւնքների հիման վրայ Հայաստանը հռչակուեց անկախ պետութիւն: Հանրաքուէից երեք ամիս առաջ, Հայաստանի իշխանական եւ ոչ իշխանական 6 քաղաքական կուսակցութիւններ՝ ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ՀՀԿ-ն, ՀՌԱԿ-ը, ՀԱՊԿ-ն, ՀՔԺՄ-ն(*), անկախութեանն «այո» ասելու միասնական կոչով դիմեցին հայ ժողովրդին:

ԽՆԴԻՐԸ ՈՉ ԹԷ ԼԱՒ ԿԱՄ ՎԱՏ ԱՊՐԵԼՆ Է, ԱՅԼ ԱՊՐԵԼ-ՉԱՊՐԵԼԸ (**)

26 տարի է անցել Հայաստանում անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկզբից եւ 25 տարի՝ անկախութեան հռչակումից: Եթէ պայմանականօրէն տասնամեակների բաժանենք մեր անկախ պետականութեան անցած ճանապարհը, ապա առաջին տասնամեակը ամենածանրագոյնն էր եւ ամենամեծ զոհողութիւնների շրջանը:
Ինչ մարտահրաւէրներ ասես, որ չդիմագրաւեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետութիւնն ու նրա ժողովուրդը՝ արցախեան պատերազմ, աղէտի գօտի եւ հարիւր հազարաւոր անօթեւաններ, հարիւր-հազարաւոր փախստականներ Ադրբեջանից, էներգետիկ դաժանագոյն ճգնաժամ՝ ցրտի եւ մթի տարիներ, որոնք Հայաստանից ամենամեծ՝ 800 հազարից 1 մլն մարդու արտագաղթի, իսկ երկրում մնացողների համար՝ անասելի տառապանքի եւ զրկանքների պատճառ դարձան, համատարած գործազրկութիւն, շուրջ 600 հազար փակուած աշխատատեղեր, բնակչութեան համատարած աղքատացում, արդիւնաբերութեան եւ գիտատեխնիկական հզօր ներուժի փլուզում, ձեռնարկութիւնների համատարած թալան, այն ժամանակուայ իշխանութիւնների անհեռատես կառավարում եւ խուլ անտարբերութիւն բնակչութեան վիճակի նկատմամբ: Սակայն այս ամէնը չէր խանգարում մարդկանց հաւատալ, որ գալու է վաղուայ Հայաստանը եւ այս ամէնը անցեալ է դառնալու: Ի վերջոյ, այդ տարիները մնացին յետեւում, եկան 2000-ականները:
Հայաստանի տնտեսութիւնը սկսեց զարգանալ, 7 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ ունեցանք, շինարարական «բում», տեղական արտադրութեան մասնակի վերականգնում եւ ծաւալների աւելացում, աղէտի գօտում հազարաւոր բնակարանների կառուցում, քայքայուած միջպետական ճանապարհների, նոր ջրագծերի, Իրան-Հայաստան գազամուղի կառուցում եւ այլն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այն ժողովուրդը, որ կրել էր 90-ականների զոհողութիւնները, 2000-ականների արմատական փոփոխութիւնները չընկալեց որպէս երկրի ծանր վիճակից դուրս գալու փաստ: Յոռետեսութիւնն աւելի խորացաւ 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից յետոյ, երբ մեր տնտեսութեան երկու խոշոր ճիւղեր՝ հանքարդիւնաբերութիւնն ու յատկապէս շինարարութիւնը անկում ապրեցին, ինչը էապէս ազդեց ընդհանուր տնտեսական վիճակի եւ բնակչութեան սոցիալական կացութեան վրայ:
2010-ականները կարելի է համարել ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու ժամանակաշրջան՝ 2011-2012-ին արդէն ճգնաժամը տնտեսութեան մէջ յաղթահարուեց, թէեւ աղքատութեան ցուցանիշը միայն 2014-ին մօտեցաւ նախաճգնաժամային ցուցանիշին: Այդուհանդերձ, 2010-ականները աչքի են ընկնում բնակչութեան մէջ տիրող արժէքային դեգրադացիայով, մասնաւորապէս՝ պետականութեան նկատմամբ անտարբերութեամբ ու այն որպէս առաջնային արժէք անտեսելով: Չնայած գոյութիւն ունեցող բազմաթիւ լուրջ եւ լուծում պահանջող խնդիրներին՝ սոցիալական կացութեան, պետական պաշտօնեաների կողմից չարաշահումների եւ այլն, ներկայ տարիները համեմատութեան եզր անգամ չունեն 90-ականների հետ: Քննադատելով մեր թերութիւններն ու անարդարութիւնները, հարկ է նաեւ տեսնել, հասկանալ եւ գնահատել 20-25 տարիների ընթացքում պետութեան եւ մեր կեանքի բոլոր ասպարէզներում արձանագրուած փոփոխութիւնները(՚՚***): Մինչդեռ, դա չենք անում, իսկ շատերին էլ թւում է, որ այսպէս թէ այնպէս պէտք է ունենայինք պետութիւն, ապրէինք առանց օտար տիրապետութեան՝ ասես ծանօթ չեն մեր ստրկացմանն ու օտարի դաժան լծի բազմադարեան պատմութեանը: Շատերը դադարել են ընկալել, որ մեր գլխաւոր խնդիրը ոչ թէ լաւ կամ վատ ապրելն է, այլ ապրել-չապրելը՝ գոյութիւն ունենալը, որի միակ տարբերակը պետութիւն ունենալն է: Հակառակ դէպքում պարզապէս կը դադարենք որպէս ազգ գոյութիւն ունենալուց: Սա մեր անկախութեանը սպառնացող երկու հիմնական վտանգներից առաջինն էՙ անփութութիւն պետական շահերի գերակայութեան նկատմամբ: Ամենավատն այն է, որ պետական իշխանութիւնը քայլեր չի ձեռնարկում պետական մտածելակերպի արմատաւորման ուղղութեամբ՝ կրթական համակարգի, մշակոյթի, զանգուածային լրատուամիջոցների միջոցով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԳԱՂՈՒԹ» ՅԱՅՏԱՐԱՐՈՂՆԵՐԸ ԵՒ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ
Երկրորդ վտանգը ուղղակիօրէն բխում է առաջինից եւ փոխկապակցուած է նրա հետ: Շահարկելով պետութեան մէջ առկայ խնդիրները, որոնց մասին վերեւում նշեցինք, քաղաքական, քաղաքացիական եւ լրատուական դաշտում, ամերիկեան ու եւրոպական զանազան հիմնադրամների եւ հասարակական կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ, ակտիւօրէն քարոզւում է Հայաստանի անկախութեան ոչ լիարժէք, աւելի կոնկրէտ՝ «գաղութ» լինելու անհեթեթ միտքը: Դա արւում է Ռուսաստանի դէմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու գլոբալ քաղաքականութեան շրջանակներում, բայց տուեալ դէպքում դա աւելի շատ վնասում է մեր պետականութեանը, քան Ռուսաստանին(****): Պետական մտածելակերպի լուրջ դեֆիցիտի եւ պետութեան հանդէպ անփոյթ մօտեցման լայն տարածուածութեան պարագայում, սա աւելի է խորացնում թիւր պատկերացումը անկախութեան եւ պետականութեան կարեւորութեան մասին: Շատերը չեն հասկանում, որ միայն անկախ պետութիւնն է ունենում ռազմավարական դաշնակից, եւ եթէ Հայաստանը անկախ չլինէր, չէր կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Չեն հասկանում, որ փոքր եւ ոչ միայն փոքր պետութիւնները աշխարհում գտնւում են այս կամ այն գերտէրութեան ազդեցութեան գօտում եւ նրա ստեղծած անվտանգութեան համակարգում: Հայաստանի համար այդ գերտէրութիւնը Ռուսաստանն է: Ոչ ոք մեզ չի առաջարկել այլ անվտանգության համակարգ, որի այլընտրանքը չկայ էլ: Մինչդեռ նման անվտանգութեան համակարգը եւ գերտէրութեան հետ ռազմավարական դաշնակից լինելը Հայաստանին աւելի անհրաժեշտ է, քան աշխարհի միւս երկրներին: Դժուար է գտնել մէկ այլ երկիր, որը շրջապատուած է երկու թշնամի երկրներով, որոնք ամէն պահի պատրաստ են քեզ սրբել աշխարհի երեսից: Այս տարածքով, բնակչութեան թուով, բնական ռեսուրսներով, տնտեսական զարգացուածութեան մակարդակով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, անհնար է միայնակ դիմագրաւել այս մշտական սպառնալիքին: Դրա համար, այո, նախեւառաջ պէտք է լինենք անկախ պետութիւն, ապա՝ ունենանք ռազմավարական դաշնակից:
Հայաստանը «գաղութ» յայտարարողների տրամաբանութեամբ ԱՄՆ «գաղութ» պէտք է համարուեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հարաւային Կորէան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Իտալիան, Լեհաստանը եւ 100-ից աւելի երկրներ, որտեղ տեղակայուած են ամերիկեան ռազմական բազաները: Օրինակ՝ Գերմանիայում դրանց թիւը մօտ 200 է, իսկ այդ երկրի ոսկու պաշարները պահւում են ոչ թէ Գերմանիայում, այլ ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվում եւ անգամ չեն վերադարձւում Գերմանիային, չնայած վերջինիս բազմաթիւ դիմումներին: Հիմա ի՞նչ, Գերմանիան գաղո՞ւթ է, կամ գուցե ԱՄՆ-ի կողմից օկուպացված երկի՞ր: Ոչ ի հարկէ, Գերմանիան ԱՄՆ դաշնակիցն է եւ այդ երկիրը կատարել է իր ընտրութիւնը, ելնելով իր անվտանգութեան մասին սեփական պատկերացումներից(*****):
Մի խոսքով, «Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի» սկզբից 26 տարի անց կանգնած ենք վերոնշեալ երկու վտանգների առջեւ, որոնք պարտաւոր ենք յաղթահարել, եթէ ցանկանում ենք, որ մեր պետութիւնն ու ժողովուրդը յարատեւ լինեն:

«Ազգ», 26 Օգոստոս 2016

----------------------------------
(*) Այս սկզբնատառերէն ոմանք ոչինչ կրնան ըսել այսօրուան ընթերցողին, հետեւաբար անհրաժեշտ է զանոնք «վերծանել». ՀՀՇ՝ Հայոց Համազգային Շարժում, ԱԻՄ՝ Ազգային Ինքնորոշման Միաւորում,  ՀՀԿ՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն, ՀՌԱԿ՝ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցութիւն, ՀՔԺՄ՝ Հայաստանի Քրիստոնէական-Ժողովրդավարական Միութիւն։ ՀԱՊԿ-ի նշանակութիւնը չկրցանք մտաբերել կամ գտնել («Հայկականք»)։

(**) Ապրիլ-չապրիլ կը նշանակէ վերապրիլ, ինչ որ վերջին 100-200 տարիներու գաղարափօսութիւնը կազմած է։ Բացառուած չէ, որ բուն ընտրութիւնը ըլլայ՝ մեր գլխաւոր խնդիրը ապրիլ կամ չապրիլ է ԵՒ լաւ կամ վատ ապրիլ։ Այլապէս պէտք է ենթադրել, որ  «լաւ կամ վատ» ապրիլը միայն... հայաստանեան էլիտայի առանձնաշնորհո՞ւմն է («Հայկականք»)։
(***) «Պետական պաշտօնեաների չարաշահումները» անմեղ նախադասութիւնը ամբողջութեամբ դուրս կը ձգէ հայաստանեան ներկայ իրականութեան գլխաւոր չարիքը. հսկայական ընկերա-տնտեսական խրամատը, որ գոյացած է 2000ական թուականներէն «աղքատ» երկրի միլիառատէր 10-20 ընտանիքներուն եւ բնակչութեան մնացեալ 99%-ին միջեւ։ Այստեղէն կը բխի «բնակչութեան մէջ տիրող արժէքային դեգրադացիա»ն, պետականութեան նկատմամբ անտարբերութեամբ ու մասամբ նորին, որուն դէմ «քայլերու ձեռնարկելը» (այսինքն՝ քարոզչութիւն ընելը) պիտի յանգէր այն տրամաբանական հարցումին, թէ պետութիւնը ի՞նչ քայլերու կը ձեռնարկէ այդ բնակչութեան ժխտական հայեացքը հիմնովին արմատախիլ ընելու, այսինքն՝ չարիքին արմատը չորցնելու համար («Հայկականք»)։  
(****) Լաւ է, որ 1990ական թուականներուն սկիզբը «ամերիկեան ու եւրոպական զանազան հիմնադրամների եւ հասարակական կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ» «քաղաքական, քաղաքացիական եւ լրատուական դաշտ» չկար, որպէսզի այդ ժամանակ հնչող հակառուսական/հակախորհրդային կոչերը ամբաստանուէին... «Ռուսաստանի դէմ Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու գլոբալ քաղաքականութեան շրջանակներում» քարոզչութիւն տանելու անվերջանալի յանկերգով։ Այդ յանկերգին կողքին, արդեօք կարելի չէ՞ մտածել, որ այսօր Ռուսաստանի ի նպաստ դիրքորոշուողները... ռուսական նմանօրինակ ֆինանսաւորումէ կը նպաստաւորուին։ («Հայկականք»)։
(*****) Շատ աւելի դիւրին էր օրինակ բերել Հարաւային Գորէան, որ նոյնպէս օկուպացուած երկիր չէ, եւ Միացեալ Նահանգները ունի իբրեւ ռազմավարական դաշնակից։ Արդեօք ամերիկեան «ռազմավարական դաշնակից»ը... զէնք կը ծախէ՞ Հիւսիսային Գորէային («Հայկականք»)։

No comments:

Post a Comment