27.8.16

Անկախութեան հռչակագիրը նշելիս

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉԵԱՆ
 
Կը գայ օրը՝ բարին հետը
Կը սկսուի նոր առաւօտը
Եւ դարերի արահետը
Կը տրորի մեր զոյգ ոտը։

Չենք լինի մենք էլ ոչ մէկի
հպատակն ու խոնարհ ճորտը
մեր գերանդին կը թրատի
սովետական մոլախոտը։

Հերիք այսպէս մնանք ծառայ,
սրան, նրան եւ ուրիշին.
-Չէ՞ որ ունենք ամուր ակռայ
եւ վստահ ենք մեր ներուժին։

Անկախութեան գալը քիչ է,
մեր մտքերը պիտի մաքրենք,
եւ հնոտի կայքն ու ինչքը
գրողի սեւ ծոցն ուղարկենք։

Երբ գայ օրը՝ բարին հետը,
լինենք զգաստ եւ արթուն։
-Օ՜հ, փշոտ է արահետը,
մեզ շատ վտանգ է սպառնում:



Մի քանի օր առաջ մոռացուած մի թղթապանակում գտայ այս բանաստեղծությունը, որը ոչ վերնագիր ունի, ոչ էլ հեղինակ։ Թուագրուած է 24.08.90։ Այսինքն գրվել է Անկախութեան հռչակագրի ընդունման յաջորդ օրը՝ իրադարձութիւնը նշող մի խումբ ընկերների կողմից։  Հիմա ստոյգ չեմ յիշում՝ ովքեր էին եւ չսխալուելու համար չեմ տալիս անուններ։ Ովքեր ողջ են, գուցէ արձագանգեն։
Ես միայն յիշում եմ Արամ Աւետիսեանին, ով հեգնանքով հարցրեց. «Խի՞ չես անկախութեան մասին մի հատ հայրենասիրական ստիխ գրում»։ Ես էլ, իբր զահլա չունեմ, ասեցի. «Դու ինչի՞ չես գրում»։ Ասեց՝ ես բանաստեղծ չեմ։
-Ես էլ քո իմացած ձեւի բանաստեղծներից չեմ,-ասացի,-գրում եմ, երբ կարողանում եմ։
-Մուսա չունե՞ս,- հարցրեց։
-Չէ,- ասացի։
-Բա էն …-ին (ծանօթ աղջկայ անուն տուեց) ուղարկեմ, գայ մօտդ։
-Գայ, ի՞նչ անի։
-Քնած ժամանակ մէջքդ կը ծածկի,- ասաց տղերքից մէկը։
Ու զաւզակութեան այս մթնոլորտում, չեմ յիշում ում առաջարկով, կոլեկտիւ բանաստեղծութիւն գրելու միտք ծագեց։ Սկսեցինք, լավ հաւէսով գրում էինք, բայց վերջում, նմանակման (պլագիատի) վտանգն զգալով, դադարեցինք։
Ո՞վ գրեց առաջին տողը, ով՝ երկրորդը, երրորդը… Չեմ յիշում։ Ձեռագիրն էլ չկայ, որ գոնէ այդպես նոյնացնեմ հեղինակներին, թէեւ քսանվեց տարի անց դժուար է։ Հաւանաբար, չկարողանալով կիսել ձեռագիրը՝ մտել ենք «Գարուն»ի խմբագրութիւն ու մի քանի օրինակ մեքենագրել։
Հիմա ո՞ւր են տղերքը՝ չգիտեմ։ Ի՞նչ են մտածում էս տողերի մասին։ Բայց կոլեկտիւ բանաստեղծութիւնը ինչ-որ խորհուրդ կարծես թէ ունի։ 

«Հետք», 23 Օգոստոս 2016 (hetq.am/arm/news/70193/ankakhutyan-hrchakagiry-nshelis.html)

No comments:

Post a Comment