22.7.16

Լռութիւնը բազմիմա՞ստ է, թէ՞ անիմաստ

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Հանրապետութեան նախագահը լռում է, նրա պահանջով կամ թելադրութեամբ լռում են միւսները՝ ԱԺ նախագահ, նախարարներ, անգամ ոստիկանապետը, որի սպան զոհուել է, ենթականերից ոմանք՝ վիրաւորուել: Լռում է գլխավոր դատախազը, որի յոխորտացող ինքնավստահութիւնը այժմ փուչիկի տպաւորութիւն է թողնում: Լռում է Ազգային Անվտանգութեան Ծառայութեան պետը, երբ ներքին անվտանգութիւնն է վտանգուած: Լռում են Հանրապետական Կուսակցութեան անդամները, նոյնիսկ նրանցից ամենապերճախօսներն ու շատախօսները: Լռում է Հ. Յ. Դաշնակցութիւնը, բացառութեամբ նրա մի քանի ներկայացուցիչների. երեւի արդէն զղջացել են կոալիցիա մտնելու համար:

Չունե՞ն ասելիք: Անշո՛ւշտ ունեն: Պարզապես չունեն քաջութիւն ողջ ճշմարտութիւնն ասելու, խոստովանելու, ստեղծուած վիճակի համար իրենց մեղքի բաժինն ընդունելու: Իրականում նրանք արդէն 5 օր երկխօսութեան մէջ են, բայց միայն ոստիկանների եւ անվտանգութեան աշխատակիցների միջոցով, Խորենացու փողոցի վրայ եւ շուրջը, ոստիկանութեան շէնքը գրաւման տակ պահող զինեալների ու նրանց համակիրների, նոյն ոստիկաններին քարկոծողների հետ: Իւրօրինա՜կ երկխօսութիւն մահակներով, վահաններով ու քարերով: Սակայն նրանք՝ իշխանութիւնները, ոչինչ չեն ասում հասարակ քաղաքացիներին, լուռ ու մտահոգ մեծամասնութեանը, որ արդէն տեւական ժամանակ բացատրութիւնների է սպասում, առաջին հերթին՝ անարիւն լուծումների:
Նրանք, այսինքն իշխանաւորները, ոչինչ չեն կարողանում ասել այն բազմութիւններին, որոնք տարիներով այս եւ նախորդ իշխանութիւնների կողմից խաբուել են, կեղեքուել, ստորացուել եւ արհամարհուել, որոնց ստիպել են 5 կամ 10 հազար դրամի ընտրակաշառքի դիմաց իրենց քաղաքացիական իրաւունքները զիջել պատահական մարդկանց, «լավ տղերք»ի, կարիերիստների, «փայ մտնողներ»ի, կեղեքիչների: Ազգաբնակչութեանը ի՞նչ ասեն նրան յուսալքութեան մատնողները, ժողովրդի մէջ սարսափելի ատելութիւն, անհանդուրժողականութիւն սերմանողները:
Իրօք, այս պահին իսկական սով է առաջնորդների, վստահելի, ճշմարտախօս, իմաստուն լիդերների: Փոխարէնը ասպարէզը բաց է թողնուել բոլոր տեսակի նոր պատեհապաշտների, արկածախնդիրների առջեւ: Դուռը բաց է թողնուել, լայնօրէ՛ն, սադրիչների, արտաքին թշնամիների առջեւ:
Լռութիւնը այս պահին ոսկի չէ, թիթե՛ղ անգամ չէ: Պետակա՜ն լռութիւնը:
Ո՞վ է լինելու այն մարդը, որ կը խախտի այդ լռութիւնը, կը խոստովանի այս եւ նախորդ իշխանութիւնների մեղքերը, առաջին հերթին՝ սեփական մեղքերը: Ո՞վ է լինելու այն մարդը, որ վերջ կը տայ այս ատելութեանը, փոխադարձ անհանդուրժողութեանը: Ո՞վ է յոյս տալու այս ժողովրդին, սթափութեան եւ լաւատեսութեան մղելու նրան: Եւ առաջին հերթին՝ ո՞վ է արդարօրէն եւ առանց յաւելեալ արեան հանգուցալուծելու մեր ժողովրդի ամենասթափ մտածողի՝ Պատմահօր փողոցի վրայ ծաւալուող դէպքերը:

«Ազգ», 22 Յուլիս 2016

No comments:

Post a Comment