Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

3.7.16

Արմատախիլ արեւմտահայի մի զգացողութիւն... (Արփիկ Միսաքեանի մահուան տարելիցին առթիւ)

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇԵԱՆ

Յաճախ լսել ենք, որ «աշխարհումս անփոխարինելի մարդ չկայ։ Գերեզմաններում բազմաթիւ են այդպիսիները…»։ Թէպէտ Աւետարանում չկայ նման մի արտայայտութիւն, երբեմն էլ հաւատացել ենք։
Այնուամենայնիւ, իրականում, կան բացառութիւններ։
Մեզանից հեռացող Արփիկ Միսաքեան եղաւ այդ անփոխարինելի անձնաւորութիւնը։
Յիսուն տարիներ շարունակ նա դիմադրեց, տեղի չտուաւ ամէն տեսակ դժուարութիւնների, զրկանքների, անիրաւութիւնների…։

83 rue d’Hauteville «Յառաջ»-ը մի բերդ էր ուր պահպանուեց մեր լեզուն՝ անաղարտ արեւմտահայերէնը։ Երբեմն նաեւ լոյս էին տեսնում Voltaire-ի լեզուով յօդուածներ։ Հարազատ ոճով։ Ոչ մի գրութիւն, ծանուցում, յօդուած «թալալսուած» էր (baclé)։ Այլ՝ խնամուած։
Արփիկ Միսաքեանի համար այս կեանքում՝ վերեւ Աստուած էր, ներքեւ՝ «Յառաջ»-ի խմբագրատունը…։

***

1976-ին հաճոյքն ունեցայ Արփիկի հետ գնալ Երեւան՝ բռնագրաւուած Արարատի շուքին։ Նրա առաջին այցն էր։ Այդ թուականներին «անդամահատուած» բայց հարազատ հայրենիքում լինել դեռ մի տեսակ յուզիչ ուխտագնացութիւն էր։ Արփիկը իր այդ յուզիչ ուխտագնացութիւնը զգացական խոր ապրումներով եւ գեղեցիկ հայերէնով արտայայտեց «Յառաջ»-ի էջերում «Արարատ, սիրելիս» յօդուածաշարքով։ Այն ինչ հիմա Փարիզ-Զուարթնոց չորս-հինգ ժամ հեռու է, այլեւս մի պտոյտ, գրեթէ մի weekend, մի կարճ օդափոխութիւն։ Երբ իմացայ որ երկու երեք օրից պիտի լինէր գրողների մի հաւաքոյթ, իսկոյն գտայ մի ծանօթ մտաւորական, որին յայտնելով Ա. Միսաքեանի ներկայութիւնը, խնդրեցի որ նրան հրաւիրեն։ Ընդունեց։ Բայց հրաւէրը չեղաւ։
Բնականաբար այդ մի զրկանք էր որ Արփիկին ցաւ պատճառեց։ Բայց նրա կողմից ոչ մի դժգոհութիւն։ Ընդհակառակը, Արփիկը փորձեց ինձ հանդարտեցնել՝ «չպիտի զարմանալ, սիստեմը պահանջում է որ գրողը լինի զուսպ, հնազանդ մանաւանդ ան զգուշանայ սփիւռքահայերից…»։
Հայաստանում Մեսրոպեան լեզուին փարած ռուսաց բառերը որոշ մի կոլորիտ են ստեղծում։
Մի օր էլ այդ «էվոլուցիա»-ին հաւատարիմ հայաստանաբնակ մի երիտասարդ մտաւորական, Փարիզ եղած ժամանակ, հեռաձայնում է Արփիկին։ Երեկոյեան 6-ի մօտերը։
- Տիկին Միսաքեան, ես Հուռիփն եմ, ուզում եմ գալ, մի փոքր ձեզ հետ կիսուել, եթէ չէք վռազում։
- Համէ, արձագանգեց ծանր շեշտով Արփիկը։
- Այսինքն ձեզ այցելել։
Կիսաժպիտ ինձ պատմեց Արփիկ, բնաւ իրան շոյուած չզգաց։
Իրաւ է, որ 2015 Յունիս 19-ից՝ Արփիկ Միսաքեանի մահից յետոյ բազմաթիւ յօդուածներ լոյս տեսան, ցաւելով ու ջերմօրէն գնահատելով Ա. Միսաքեանի անձը, նրա յատկութիւնները եւ եզակի դերը Սփիւռքում եւայլն եւայլն։
Արդ, եթէ այդ բոլոր ջերմ արտայայտութիւնների ու գնահատանքների գործնականօրէն կէսը միայն կատարուէր Արփիկի ողջութեան, «Յառաջ»-ի բաժանորդները պիտի հասնէին 5000-ի։ Ու հաւանաբար, Արփիկը աւելի ուշ հեռանար մեզանից…։
Գերեզմանները մնում են անբնակ… իսկ մեր ազգային ինքնութիւնը վտանգուած։ Ցաւալի է հաստատել, որ այդ նկատմամբ, Սփիւռքի մտահոգութիւնը, աջակցութիւնը մնում է… «համեստ»։ Սակայն, հարկաւոր է յիշել, որ «Մ. Ջ.» եղաւ այն եզակի անձնաւորութիւնը, որ Արփիկ Միսաքեանին ապահովեց «Յառաջ»-ի խմբագրատան սեփականութիւնը։ Պահանջելով, որ երբեք չնշուի իր անունը, այլ խօսքով, ինչպէս ասում էր մեծ մայրս՝ «լաւութիւն արա եւ թալի ծով…»։
Արփիկ Միսաքեան՝ արմատախիլ արեւմտահայի մի զգացութիւն, այլեւս մի զգալի բացակայութիւն։ Դիմադրութեան մի խորհրդանիշ՝ մեր շարունակուող «նահանջ»ի ճանապարհին…։

«Նոր Յառաջ», 18 Յունիս 2016

No comments:

Post a Comment