ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Տարիներ
շարունակ մեր գրականութեան մէջ ու մամուլում շրջանառուել են փաստեր, որոնք
ընթերցողին հետաքրքրել են, զարմացրել եւ ուրախացրել, սակայն դրանք ստուգելը
եղել է անհնար, յատկապէս եթե դրանք վերաբերել են աշխարհի տարբեր
անկիւնների պահոցներում ծուարած գրքերի, թերթերի, լսատեսողական նիւթերի:
Ուսումնասիրողները եւ լրագրողները ստիպուած կրկնել են արդեն ասուածը՝ յղելով
մէկ կամ լաւագոյն դէպքում երկու սկզբնաղբիւրի:
Վերջին ժամանակներս աշխարհի հետ աւելի բաց յարաբերուելու եւ յատկապէս Համացանցի անսպառ հնարաւորութիւններն ու շտեմարանները գործածելու շնորհիւ հնարաւոր է դառնում կատարել տարբեր կարգի ստուգումներ ու ճշդումներ: Խօսքը վերաբերում է յատկապէս կինոյի պատմութեամբ զբաղուողներիս, որոնց համար երբեմնի անմատչելի կինոնկարների գրեթէ մեծ մասն այսօր հնարաւոր է դիտել համացանցով, սեփական տանը...
Ահա մի շարք ճշդումներից մէկը:
Հայ
կենսագրութիւնների լաւագոյն աղբիւրներից մէկում՝ Գառնիկ Ստեփանեանի
«Կենսագրական բառարան»ի առաջին հատորում կարդում ենք. «ԹՈՄԱՅԵԱՆ Կայ.-
Կինոռեժիսոր, դերասան: Ծնուել է Նիւ Եորքում, որտեղ ստացել է կրթութիւնը,
հետեւել կինոարուեստին: Նիւ Եորքի բեմերում Շառլ Բաուէրի հետ խաղացել է
«Կարմիր ձեռնոցներ» պիեսում: «Բաժանման կէտը» ֆիլմում նոյնպէս կատարել է
կարեւոր մի դեր: Աւելի փայլել է իր մասնակցութեամբ բեմադրուած «Եռուզեռ
փողոցում» ֆիլմում, որտեղ խօսում է հայերէն»: (Տես Գառնիկ Ստեփանեան,
«Կենսագրական բառարան», հատոր Ա., Երեւան, 1973, էջ 367):
Իրականում
այդ դերասանի ազգանունը եղել է ոչ թե Թոմայեան, այլ Թոմաջան (անունը
անգլերէն գրւում է Գայ, տրուած է արեւմտահայ տառադարձութեամբ)(*), նա ծնուել է
ոչ թէ Նիւ Եորքում, այլ Ուորչեսթրում (Մասաչուսեթս), Նիւ Եորքի բեմերում
նրա խաղընկերոջ անունը եղել է ոչ թէ Շառլ Բաուէր, այլ Շառլ Բուայէ, ֆիլմը
կոչուել է ոչ թէ «Բաժանման կէտը», այլ «Բեկումնային պահը», իսկ միւս
կինոնկարի վերնագիրը ոչ թէ «Եռուզեռ փողոցում» է, այլ «Խուճապ փողոցներում»
(Panic in the Street)...
Տուեալ դէպքում մեզ ամենից
հետաքրքրողը 1950 թուականին նկարահանուած ամերիկեան ֆիլմում հայազգի
դերասանի կողմից հայոց լեզուն հնչեցնելն է: Իսկապէս, հազուագիւտ բան է՝
օտար արտադրութեան ֆիլմում լսել հայերէն խօսք, այն էլ՝ այդ ժամանակաշրջանի
կինոյում:
Թւում էր, թէ այս տեղեկութիւնը սպառիչ
կերպով լուսաբանուել է 1988 թուականին Երեւանի «Ֆիլմ» թերթում տպագրուած «Կայ
Թումայեան» (sic) յօդուածում (հեղինակ՝ Ս. Յարութիւնեան), որտեղ այնքան
մանրամասնօրէն է պատմւում այդ ֆիլմում դերասանի կողմից հայերէն խօսելու
պատմութիւնը, ասես յօդուածի հեղինակն առնուազն նկարահանումների տաղաւարում է
եղել: Մէջբերենք այդ հատուածը.
«Էլիա Կազանի «Պանիկը
(sic) փողոցում» ֆիլմում էր, նկարահանուած 1950 թ., որտեղ գործունեայ Պոլդին
ամբողջ մենախօսութիւններ է արտասանում հայոց լեզուով:
Ինչպէ՞ս եղաւ, որ դերասանը յանկարծ էկրանից խօսեց... հայերէն: Պատմում են թէ...
...Այդ
ֆիլմի միզանսցեններից մէկի նկարահանման ընթացքում ռեժիսորին երկար ժամանակ
չէր յաջողւում հաւաստիութիւն հաղորդել այն տեսարաններից մէկին, որին
մասնակցում էր Կ. Թումայեանը:
Արեւելեան կաֆէ-բարի
սպասասեղանի այն կողմում բարմէնն է (Կ. Թումայանը): Նրան են մօտեցել լավ
«թրջուած» երկու յաճախորդ, նրանց լեզուները համարեա թէ չեն պտտւում
բերաններում, որ բարմէնին բացատրեն, թէ ի՞նչ են ուզում: Բարմէնը մտահոգուած,
տարակուսանքով եւ ապա զայրոյթով սպասում է դէպքերի զարգացմանը...
Կայ,-
հայերէն դիմում է Է. Կազանը դերասանին (Է. Կազանը ծնուել եւ մեծացել է Կ.
Պոլսի Բերա հայաշատ թաղամասում եւ սահուն խօսում է հայերէն),- քիչ մը
աշխուժութիւն տուր գործին:
Ի՞նչ ընեմ, որ սա ապուշները մոռցեր են իրենց ըսելիքը,- զուտ հայկական շարժուձեւերով, ցասումով, զայրոյթով թնդում է Թումայեանը:
Այնքան
անսպասելի, անհասկանալի եւ անակնկալ է եղել այս մոլեգին պոռթկումը, որ
դերասաններ Թոմի Կուկը եւ Արթուր Քեննեդին (իրականում ֆիլմում նկարահանուել է
Էդուարդ Քենեդին - Ա. Բ.) ապշած, ակամայից ստեղծել են հիանալի մի
տեսարան... : Հետագայում, ֆիլմի միւս տեսարանների նկարահանման ընթացքում
նման «հնարանքները» դարձել են «ծրագրաւորուած անակնկալներ», որոնց ժամանակ
ֆիլմի ժապաւէի վրա պահպանուել են խրոխտ ձայնով մեր հայրենակցի «չոռ»,
«գրողի ծոցը» եւ հայերէն այլ խօսակցական «գոհարներ» (տես «Ֆիլմ»,
20.06.1988):
Բայց այդպէ՞ս էր որ:
Այսօր
այս կինոնկարը նոյնպէս հասանելի է համացանցում: Ֆիլմում առկայ են որոշ
հայկական նշմարներ՝ գործող անձանցից մէկն ասում է, թէ զոհուած անծանօթը
կարող է լինել «հայ, չեխ կամ մէկ այլ արեւելաեւրոպացի», խօսք է լինում
հայկական ռեստորանի մասին: Գայ Թոմաջանի հերոս Պոլդիի մայրը հայերէն
մրմնջում է հերոսներից մէկի հետ, որից հասկանալի է «ինչո՞ւ կ՚երթայ» խօսքը,
ֆիլմի ամենասկզբում Պոլդին արտասանում է «հա՛յդէ նստիր» եւ «հերսը մի՛
հաներ», վերջում՝ «ինծի մի՛ չարչարե[ր]» խօսքերը, սակայն՝ ոչ մի «ամբողջ
մենախօսութիւններ հայոց լեզուով», ոչ մի «չոռ» կամ «գրողի ծոցը»...
Գառնիկ
Ստեփանեանը իր տեղեկութիւնը վստահաբար քաղել է սփիւռքահայ մամուլից, որն
էլ ուզածի պէս ճոխացրել է Ս. Յարութիւնեանը: Ի դէպ, վերջինս դերասանի
ծննդեան եւ մահուան թուականներն էլ նշել է 1902-1981, մինչդեռ իրականում եղել
է 1919-2005: Իրականութեանը չի համապատասխանում նաեւ նրա վկայութիւնը, որ
իբր ամերիկեան մեծանուն կինոբեմադրիչ Էլիա Կազանը ծնուել է Բերա թաղամասում
եւ սահուն խօսել է հայերէն: Նա իսկապես ծնուել է Կոստանդնուպոլսում,
սակայն՝ Ֆեներ թաղամասում, եւ որեւէ տուեալ չկայ, թէ նա տիրապետել է
հայերէնին:
Ի դէպ, Գառնիկ Ստեփանեանի՝ վերոնշեալ
բառարանի առաջին հատորում (էջ 213) տեղ է գտել նաեւ Էլիա Կազանը (Գազան),
իսկական ազգանունով՝ իբրեւ Գազանճեան: Սա նոյնպէս հաւանաբար ժամանակի
սփիւռքահայ մամուլ սպրդած սխալներից էր: Կազանը եղել է ազգութեամբ յոյն,
իսկ նրա իսկական ազգանունը եղել է Կազանջօղլու:
Սոյն
օրինակները հետազօտողներին եւ մշակոյթի պատմաբաններին կրկին յիշեցնում
են, թէ որքան զգոյշ է պէտք վարուել տպագիր խօսքի հետ, երբեք հարիւր
տոկոսով չվստահել ամէն տեսակ վկայութիւններին եւ առաջին իսկ
հնարաւորութեան դէպքում մշտապէս ստուգել սկզբնաղբիւրը...
------------------------
(*) (Edward) Guy Thomajan, ամենայն հաւանականութեամբ, ազգական էր նոյն քաղաքը՝ Ուստըր ծնած ամերիկահայ անգլիագիր գրագէտ P. K. (Puzant Kevork) Thomajanի («Հայկականք»)։
No comments:
Post a Comment