ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ
2010 թ. Հայաստանում եւ Սփիւռքում ծաւալուեց աննախադէպ քաղաքացիական շարժում ընդդէմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ դա իւրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերարժեւորելու եւ հայկական կրթութիւնն առաջնային դիրքեր բերելու ուղղութեամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան, այլեւ հասարակութեան օտարամոլ եւ ազգային մտածողութեամբ շերտերի միջեւ:
Սակայն պարզւում է, որ բացի ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան [ԿԳՆ] համապատասխան լիցենզիայով գործող միջազգային դպրոցներից, Հայաստանում այսօր գործում են նաեւ դպրոցներ, որոնց գործունէութիւնը կարգաւորւում է ոչ ամենեւին հայաստանեան օրէնսդրութեամբ: Դրանք օտարալեզու դպրոցներ են, ամբողջութեամբ այլ երկրի կրթական ծրագրով, որտեղ հայոց լեզուին ու գրականութեանը չնչին ժամեր են յատկացւում: Նշենք, որ այդ դպրոցները բաւականին թանկ «հաճոյք» են: Օրինակ` դրանցից մէկի վարձավճարը տարեկան 24 հազար դոլար է, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ յաճախեն նաեւ հայ երեխաներ, բնականաբար` ապահովուած ընտանիքներից:
Տարեկան 24 հազար դոլարանոց դպրոցը գտնւում է Վահագնի թաղամասում: Կոչւում է QSI միջազգային դպրոց (*): Այն նախատեսուած է 3-18 տարեկանների համար: Դպրոցի կայքէջում գրուած է, որ Երեւանի QSI միջազգային դպրոցը հիմնադրուել է 1995 թ.: 2012-2014 ուսումնական տարիների ընթացքում դպրոցում սովորել է 158 աշակերտ: Դպրոցի ուսուցումն ամբողջութեամբ անգլերէն է: Դպրոցը հովանաւորւում է Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից: Այն աւարտելոց յետոյ շրջանաւարտների 90 տոկոսը նախընտրում է ուսումը շարունակել Հայաստանից դուրս (ԱՄՆ, Միացեալ Թագաւորութիւն, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան):
Այցելում եմ դպրոց` տեղում ծանօթանալու պայմաններին եւ ներկայանում եմ իբրեւ պոտենցիալ յաճախորդ, որը հետաքրքրուած է իր երեխայի համար որակեալ կրթութիւն ապահովելու հարցով: QSI միջազգային դպրոցի տնօրէն Իւջեն Վինսենթն անձամբ է ներկայացնում դպրոցը, դասասենեակները, ծանօթացնում դպրոցի առօրեային, ծրագրերին: Այստեղ անգամ աշխատակիցներն իրար հետ անգլերէն են խօսում: Պարզւում է` դպրոցի ամբողջ ծրագիրն ամերիկեան է, եւ շաբաթական ընդամէնը 1 ժամ է երեխան սովորում հայերէն, իսկ եթէ անգլերէնից թոյլ է, անգամ հայերէնի ժամն են օգտագործում անգլերէնը բարելաւելու համար: Մի խօսքով, այս դպրոցն աւարտելուց յետոյ երեխաները հայոց լեզու, հայոց պատմութիւն, հայ գրականութիւն գրեթէ չեն իմանում: Իսկ այն հարցին, թէ այդ դէպքում ինչպէս են ընդունուելու հայկական բուհեր, դպրոցի աշխատակիցն ասում է, որ հայկական բուհեր նախ չեն կարող ընդունուել, բացի այդ, իրենց դպրոցում սովորելու նպատակը հէնց այն է, որ յետագայում դրսում ուսումը շարունակեն կամ էլ, եթէ մնան Հայաստանում, ապա կարող են ընդունուել Հայաստանի ամերիկեան համալսարան: Չնայած, ինչպէս արդէն նշեցինք, այս դպրոցն աւարտած երեխաների 90 տոկոսը նախընտրում է ուսումը շարունակել դրսում:
Այս պահին դպրոցում սովորում է 140 աշակերտ, որոնցից 40-ը` հայ (**): Մեր տեղեկութիւններով` այդ դպրոց է յաճախում նաեւ ՀՀ ԱԺ պատգամաւոր, օլիգարխ Սամուէլ Ալեքսանեանի երեխան:
Հայաստանում հանրակրթական միջազգային ծրագրերով կրթութիւնն իրականացւում է «Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքի համապատասխան կէտով եւ ՀՀ կառավարութեան 2011 թ. Յուլիսի 21-ի համապատասխան որոշման պահանջներով, ըստ որոնց` օտար լեզուով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապէս ոչ պետական ուսումնական հաստատութիւնները, ինչպէս նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծուած ուսումնական հաստատութիւնները, այն էլ` բացառապէս ՀՀ կառավարութեան որոշումով, եւ պէտք է ունենան հանրակրթական համապատասխան գործունէութիւն իրականացնելու լիցենզիա:
Պարզելու համար, թէ պետութեան կողմից լիցենզաւորուած քանի օտարերկրեայ ծրագրով դպրոց կայ Հայաստանում, դիմեցինք ՀՀ ԿԳՆ, որտեղից տեղեկացրին, որ Հայաստանում հանրակրթական միջազգային կրթական ծրագրեր իրականացնող ընդամէնը 4 դպրոց կայ` «Քուանտ» վարժարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Այբ»ը եւ «Անանիա Շիրակացի»ն:
Նշենք, որ վերոնշեալ դպրոցները օտարալեզու դպրոցներ չեն, դրանք միջազգային կրթական ծրագրերով գործող դպրոցներ են, որտեղ հայկական առարկաներն իրենց լիարժէք տեղն ունեն: Մեր բարձրացրած հարցը վերաբերում էր այն դպրոցներին, որոնք օտարալեզու են, հայագիտական առարկաներ ծրագրերում գրեթէ ներառուած չեն: Եւ ԿԳՆ-ին ուղղուած նամակում յատուկ նշել էինք QSI միջազգային դպրոցի օրինակը եւ հետաքրքրուել, թէ ինչ հիմքով է այն գործում Հայաստանում:
Նախարարութիւնից տեղեկացրին, որ նման կրթական հաստատութիւն իրենց լիցենզաւորուած հաստատութիւնների բազայում գրանցուած չէ: Մինչդեռ QSI միջազգային դպրոցի տնօրէն Իւջեն Վինսենթն իմ հարցին, թէ արդեօք իրենք ունեն համապատսխան լիցենզիա ԿԳՆ կողմից, պատասխանել էր` այո:
Օտարալեզու մէկ այլ դպրոց էլ Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցն է, որը գործում է ֆրանսիական դեսպանատանը կից, Ֆրանսիայի կառավարութեան ծրագրով (***): Վճարը փոքրերի համար ամսական 165 հազար դրամ է, 6-րդ դասարանից սկսած` 200 հազար դրամ: Դպրոց այս պահին 120 աշակերտ է յաճախում, որոնց մեծ մասը, ըստ աշխատակցի, հայ է: Այստեղ, ի տարբերութիւն QSI միջազգային դպրոցի, շաբաթական 2 անգամ են հայոց լեզու անցնում, 1 անգամ էլ` հայ գրականութիւն, իսկ 6-րդ դասարանից` շաբաթական մէկ անգամ նաեւ հայոց պատմութիւն: Դպրոցի վարչական խորհրդի նախագահը Վ. Նուշիկեանն է` գործարար, աշակերտի ծնող: Խորհրդի անդամների կազմում Հայաստանում գործող ֆրանսիական յայտնի ընկերութիւնների ղեկավարներ են: Դպրոցը գործում է իբրեւ հիմնադրամ եւ ՀՀ ԿԳՆ կողմից համապատասխան լիցենզիա չունի:
Փաստօրէն, Հայաստանում գործում են դպրոցներ, որոնք պետութեան կողմից լիցենզաւորուած չեն, գործում են օտարերկրեայ ծրագրերով, օտարերկրեայ օրէնսդրութեամբ, օտար լեզուներով եւ, որ ամենամտահոգիչն է, այդ դպրոցներ յաճախում են նաեւ հայ երեխաներ:
Երեւանեան հանրակրթական դպրոցներում գործում են նաեւ, այսպէս կոչուած, ռուսական դասարաններ, որոնք նախատեսուած են Հայաստանում ապրող ռուսալեզու օտարերկրացիների համար, եւ ՀՀ քաղաքացիներն այդ դասարաններում իրաւունք չունեն սովորելու: Չնայած դրան` այդ դասարաններում շատ աւելի խորացուած են հայագիտական առարկաներ ուսուցանւում, քան, օրինակ, QSI միջազգային դպրոցում կամ Ֆրանսիական միջագային դպրոցում: Այդ դասարաններում օտարերկրացի երեխաները սովորում են հայոց լեզու, գրականութիւն, հայոց պատմութիւն, անգամ Հայ Եկեղեցու պատմութիւն ու հայրենագիտութիւն:
ՀՀ ԿԳՆ հանրակրթութեան վարչութեան պետ Նարինէ Յովհաննիսեանը «Անկախ»ի հետ զրոյցում ասաց, որ տեղեակ է այդ երկու օտարալեզու դպրոցների գործունէութեան մասին եւ հաստատեց, որ դրանք չունեն համապատասխան լիցենզիա: Հարցին, թէ այդ դէպքում ինչ իրաւական հիմքով են գործում, պատասխանեց, որ տեղեակ չէ, քանի որ դա իր իրաւասութեան մէջ չի մտնում: «Ես չգիտեմ, իրենք իրենց համար բացուել են, երեւի ինչ-որ իրաւական հիմք ունեն: Յամենայն դէպս, մենք կարող էինք նաեւ չիմանալ, որ այդ դպրոցները կան: Հիմա Դուք ասում էք` մենք իմանում ենք: Իմ իմանալով` այնտեղ յաճախում են ոչ ՀՀ քաղաքացիներ»:
Դիտարկմանը, որ այդ երկու դպրոցներն էլ գրկաբաց ընդունում են ՀՀ քաղաքացիներին, Նարինէ Յովհաննիսեանն ասաց, որ այդ մասին էլ ոչինչ չգիտի: Նա նաեւ նշեց, որ այդ երկու դպրոցները շատ վաղուց են գործում եւ հնարաւոր է` էլի նմանատիպ դպրոցներ կան, որոնց մասին իրենք չգիտեն:
«Լաւ, ո՞վ պէտք է վերահսկի այդ ամէնը, ո՞վ պէտք է բարձրացնի այդ հարցերը»: Ի պատասխան ԿԳՆ հանրակրթութեան վարչութեան պետն ասաց. «Ես չգիտեմ: Դէ դո՛ւք բարձրացրէք»:
Այո, մենք բարձրացնում ենք. Հայաստանում գործում են օտարալեզու դպրոցներ` առանց պետական համապատասխան լիցենզիայի: Դրանցից երկուսի մասին միայն կարողացանք տեղեկութիւններ հաւաքել, եւ չի բացառւում, որ նման դպրոցներ էլի կան, ուր յաճախում են հայ երեխաներ` ստանալով օտար կրթութիւն, օտար լեզուներով: Այո, այս հարցը ոչ թէ ԿԳՆ տիրոյթում է, այլ ազգային անվտանգութեան կառոյցների (****):
«Անկախ» (http://ankakh.com/article/44738/hayastanum-gvortsum-yen-otaralyezu-dprvotsnyer--vorvonts-masin-kgn-tyeghyak-che), 1 Յուլիս 2016
-------------------------
Ծանօթագրութիւններ («Հայկականք»)
(*) QSI (Quality School International) միջազգային ցանցը 37 վարժարաններ ունի՝ 29 երկիրներու մէջ (մեծաւ մասամբ՝ բայց ո՛չ միայն, Արեւելեան Եւրոպայի եւ նախկին Խորհրդային Միութեան երկիրներ)։ Տե՛ս www.qsi.org։
(**) Ըստ դպրոցի կայքէջին, Յուլիս 2016ին ան ունի 103 աշակերտ եւ նախատեսուած է 137 աշակերտ ունենալ։ Տե՛ս www.qsi.org/armenia/arm։
(***) Տե՛ս ecolefrancaise.am (ֆրանսերէն) կամ eng.ecolefrancaise.am (անգլերէն)։
(****) Հարցը տասնամեակներէ ի վեր գործող եւ կրթական արտօնագիր չունեցող դպրոցներու մասին է, հետեւաբար՝ Հայաստանի Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան կ՚իյնայ հետապնդել, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս այդ դպրոցները կը խախտեն ի՛ր (տեսականօրէն) ընթացակարգը։ Իսկ եթէ այդ նախարարութեան գործը չէ, առնուազն անոր պարտականութիւնն է պատկան մարմինները տեղեակ պահել։ «Ազգային անվտանգութեան կառոյցներ»ու պարտականութիւնը կրնայ ըլլալ միայն եթէ ապացուցուի, որ այդ դպրոցները... ազգային անվտանգութիւնը կը խախտեն։
No comments:
Post a Comment