25.2.16

Ներգաղթ դէպի լեզուն

ԼՈՒՍԻՆԷ  ԱՒԵՏԻՍԵԱՆ

Նորութիւն չէ, որ լեզու եւ ազգ հասկացութիւնները անքակտելիօրէն շաղկապուած են միմեանց, պայմանաւորուած միմեանցով, ներհիւսուած միմեանց մէջ, նոյնանիշ լինելու աստիճան սերտ։ Իսկ բառարմատների ակունքներում, իսկապէս լեզու բառն իր նախնական վիճակում նշանակել է ազգ։ Օրինակ՝ ռուսերէնի ներկայ փուլի լեզու բառը, որ է язык  (հնչում է եազիկ [yazik]՝ ի-ն աւելի մօտ ը-ին), հին սլաւոներէնում նշանակել է ազգ, ժողովուրդ։ Սա պատահական երեւոյթ չէ։ Թերեւս զարմանալի զուգադիպութիւն թուայ, որ այդ բառի հնչումը շատ մօտ է հէնց մեր «ազգ» բառին…։

Ազգի ինքնագիտակցութեան մէջ առաջին ու ամենակայուն արժէքը լեզուն է։ Ուրեմն ազգը ծագում-կազմաւորւում եւ գոյութիւն է ունենում շնորհիւ լեզուի…։ Լեզուն ծնողն է ազգի…։ Եւ ծնունդից ի վեր ցանկացած ազգի ամենաապահով ապաստանը նրա լեզուն է, նրա մտածողութեան միակ անկողոպտելի կրիչը…։ Նա է ազգի ճշմարիտ Հայրենիքը, որտեղից ոչ ոք չի կարող կազմակերպել տեղահանութիւն, եթէ բնակիչներն իրենք այն չլքեն…։
…Ինչպէ՞ս իւրաքանչիւր հայի ներսում չառաջանայ ըմբոստութիւն՝ ընդդէմ ԻՒՆԵՍԿՕ-ի արձանագրութեան, թէ արեւմտահայերէնը հաստատապէս վտանգուած՝ մեռնող լեզու է…։ Այսպիսի ախտորոշումն ու վճիռն արդէն սպանիչ են…։
Այն դժոխային օրերին, երբ անհրաժեշտ էր հայ երեխաներին փրկել, ապա նաեւ ազգային կրթութեամբ ապահովել նրանց, օտարազգի առաքելուհիները իրենց մեծ սրտի թելադրանքով ջանք չխնայեցին, հրաւիրեցին հայերէնի ուսուցիչների, որպէսզի երեխաները գոնէ լեզուով մնային Հայրենիքում ու չկտրուէին իրենց ինքնագիտակցութիւնը սնուցող աւիշից…։ Նաեւ իրենք սովորեցին հայերէն՝ նրանց հետ միայն նրանց լեզուով խօսելու համար, մարդկութեան մեծագոյն ողբերգութեան ականատեսի իրենց զգայուն էութեան մէջ այնպէս ամուր կրեցին այն, որ ծերանոցում վերջին տարիներն անցկացնող 90-նն անց Հեդուիկ Բիւլը, մոռանալով ազատօրէն տիրապետած մի քանի լեզուները՝ խօսում էր միայն հայերէն։ Լինելով բողոքական կամ կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ՝ նրանք երբեք չփորձեցին իրենց հաւատքի ուղով տանել հայ երեխաներին, այլ Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորների հրաւիրեցին՝ կազմակերպելով էութեամբ ու մտածողութեամբ ճշմարիտ հայի դաստիարակութիւն…։ Ուրեմն ԻՒՆԵՍԿՕ-ի արձանագրութեան ենթապատկերում զո՞ւր էին ջանքերը, անիմաստ զոհաբերութի՞ւն եղաւ նրանց արածը…։ Հարիւր տարի առաջ թէ յետոյ, ո՞րն է տարբերութիւնը։ Եթէ լեզուն պիտի մեռնէր, դրա համար աւելի բարենպաստ պայմաններ եղել են…։
Հայը իր հանդէպ մարդկայնութեան ցանկացած դրսեւորման համար երախտապարտ է իր բոլոր սերունդների յիշողութեամբ…։
Այսօր նոյնպէս առաքեալների կարիք կայ։ Գուցէ թուայ, թէ միայն մեզ եւ մեր լեզուի համար…։ Սակայն կատարելիք մեծ գործերի կարիքն ունի աշխարհը։ Փրկութեան հոգատար ձեռքերում ապաստանած մեր պապերի երախտագիտութիւնը այսօր մենք ենք յայտնելու՝ նրանց մասին գրելով, նրանց յուշարձանը նրանց իսկ ծննդավայրում կանգնեցնելով, նրանց գրականութեան՝ մեզ հարազատ երկերը թարգմանելով…։
Մեծ խնդիրները ճիշդ է, սկսում են լուծուել փոքրերից։ Սակայն կարելի է կազմակերպուել ու գործել այնպէս, որ մեծ ու փոքր հարցերը լուծուեն զուգահեռաբար եւ միաժամանակ։ Եթէ Մարիա Եակոբսէնի հայրենակիցները կամ գոնէ նրանց մեծ մասը նրան հազիւ թէ ճանաչէին, ապա հայ որբերին իր կեանքը նուիրաբերած Մարդու յուշարձանը, հայերի կողմից որպէս երախտագիտութեան ու յարգանքի փոքրիկ նշան նրա իսկ հայրենի քաղաքում տեղադրուելով, ոչ միայն կ’ընդգծի նրա անձը, կը վերապատմի նրա ինքնանուիրումի պատմութիւնը, որ անկասկած կը յուզի նրա հայրենակիցներին, այլեւ «կը ստիպի» ճանաչել այն ազգի պատմութիւնն ու ճակատագիրը, յանուն որի ամէն ինչից իրեն զրկել է եւ դեռ կարող է զրկել Մարդը…։ Յուշարձանը նաեւ դառնում է մարդկութեան պատմութեան եւ մարդկայնութեան դասագիրք։ Սկսւում է փոխադարձ ճանաչողութիւնը, երկխօսութիւնը ուրիշ մի մակարդակում…։
Այդպիսի յուշարձան են եւ կարող են դառնալ գրքերը։ Ոչ լոկ «բեսթսելլեր»-ները, այլ նրանք, որոնք մե´զ են անհրաժեշտ, որոնք կրում են յաւերժական արժէքներ եւ պէտք է դաստիարակը դառնան նոր սերնդի։
Նրանք ովքեր ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլուր, առանց դժուարութեան օգտւում են հէնց այդ լեզուով գրուած գեղարուեստական եւ մասնագիտական գրականութիւնից։ Իսկ Հայաստանում տարիներով ուսումնասիրում են գերմաներէն, ֆրանսերէն եւ այլ լեզուներ (անշուշտ ոչ ի զուր), որպէսզի կարողանան թարգմանել տասնամեակներ կամ տարիներ առաջ աշխարհի առջեւ բացուած գրականութիւնը։ Այն էլ հարց է, արդեօ՞ք լեզուակիրների միջավայրից հեռու ապրելով՝ հնարաւոր է լեզուամտածողութիւնը լիովին ճանաչել՝ նրա բոլոր նրբութիւններով, դարձուածքների նրբերանգները շօշափելիօրէն զգալով, չէ՞ որ հարազատ թարգմանութիւնն այդ է պահանջում (ի հարկէ չի նշանակում, որ այս պարագայում բացառում եմ բարձրորակ թարգմանութիւնները, պարզապէս ջանքերն են անհամեմատ մեծ…)։ Մինչդեռ այդպիսի թարգմանութիւն կարող են կատարել այդ լեզուն հարազատ միջավայրում որպէս մայրենի կիրառող հայերը, որոնք ոչ պակաս կատարեալ պիտի տիրապետեն իրենց մայրենիին։
Թումանեանն իրաւամբ ասում էր. «Թարգմանութիւնը ապակու տակ դրուած վարդ է», այսինքն տեսնում ես, սակայն բոյրը չես զգում։ Ուրեմն միայն զգայարաններիդ մի մասով ես ընկալում…։ Համաձայնելով հանդերձ Թումանեանի մտքի հետ, այնուամենայնիւ այս համատեքստում իմ դիտարկումով եւ համոզմամբ՝ արեւմտահայերէն թարգմանութիւնը անզգալի լինելու աստիճան թափանցիկ ու նրբահիւս շղարշով խորհրդապսակուած տարաշխարհիկ ծաղկի է նման, եւ շղարշն անզօր է թաքցնել նրա բոյրը։ Մարդկային մեծ ողբերգութեան ու մարդածին աննախադէպ աղէտի արդիւնքում, արեւմտահայերէնի համար բնականօրէն ստեղծուեցին «լաւագոյն» պայմաններ՝ առանց կորուստների սեփական լեզուից սեփական լեզուին փոխանցելու գաղափարներ, մտածութեան կերպեր, դարձուածքներ…։
Գուցէ առարկութիւն լինի, թէ նախ անհրաժեշտ է ապահովել հայերէնի կատարեալ իմացութիւնը, յետոյ անցնել թարգմանութեան գործին։ Սակայն յաճախ աւելի բարդ խնդրի լուծման ժամանակ է, որ ինքնըստինքեան լուծւում են նրա նախապայման խնդիրները։ Իսկ Էյնշտէյնի շատ կարեւոր մի միտք հաստատում է, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել նրանից մէկ աստիճան վեր բարձրանալով միայն…։
Լեզուն թարգմանն է մտքի, լեզուն մտքի ծնողն ու զաւակն է միաժամանակ… այն միջնորդ է թէʹ նոյն, թէʹ տարբեր լեզուներով մտածողների միջեւ։ Եւ ռուսերէն լեզու բառի վերը բերած թռուցիկ ստուգաբանութեանը յաւելեմ, որ հին ռուսերէնում լեզու բառը պարզապէս նշանակել է թարգմանիչ…։
Թարգմանութիւնը ոչ միայն լեզուն հարստացնում է նոր բովանդակութեամբ, այլեւ երիտասարդութիւն եւ ճկունութիւն է հաղորդում նրան…։ Առաջին գործը, որ արեց Մաշտոցը գրերի գիւտից յետոյ, թարգմանիչներ պատրաստելն էր ու ինքնուրոյն գրականութեան կողքին թարգմանական մեծ գրականութիւն ստեղծելը…։
Մենք գուցէ շատ ենք ուշացել…։ Հարիւր տարի…։ Մինչդեռ Ցեղասպանութիւնից յետոյ, ի հեճուկս բոլոր անբարենպաստ պայմանների, կազմակերպուած գործելու դէպքում փնտրուած թարգմանիչների հսկայական փաղանգ կ’ունենայինք աշխարհի բոլոր ծայրերում…։
Բայց երբեք էլ ուշ չէ, պէտք է սկսել այսօր։
Սա այն դէպքն է, երբ պայմանական սկզբի համար ուղղակի նուիրեալներ են պէտք…։ Թարգմանութիւններ մինչեւ հիմա էլ կատարել են Սփիւռքում, սակայն անհրաժեշտ է նպատակադրուել եւ նպատակամղուած կերպով թարգմանութիւնը որպէս լեզուի պահպանութեան, կատարելագործման կարեւոր միջոց ընտրել, արեւմտահայերէնը նաեւ նրանով Սփիւռքում ամրացնել ու ամրակայել, այն ամենաանմիջական միջնորդ լեզուն դարձնել աշխարհը ընթերցելու համար, ինչպիսին էր եւ դեռ շարունակում է Հայաստանի Հանրապետութիւնում լինել ռուսերէնը։ Միջնորդ լեզուի իր դերով ռուսերէնը այդպէʹս արմատաւորուեց Հայաստանի Հանրապետութիւնում։ Այդպէս էլ շատ իրատեսական ու հնարաւոր է դառնալու՝ ոչ միայն Սփիւռքում արեւմտահայերէնի աւելի եռանդագին ու բուռն գործածութիւնը, այլեւ Հայաստանի Հանրապետութիւնում եւս այն գիտութեան եւ ամէնօրեայ ընթերցումի լեզուի վերածելը, որ հաւասարազօր կը լինի պետական երկրորդ գրական լեզուին՝ արեւելահայերէնին…։
Դժուար է, ծանր է, սակայն հնարաւոր…։ Օտարազգի առաքելուհիները ինքնազրկումով ողբերգական տարիներին կարողացել են՝ հայ երեխաներին ապահովել ազգային կրթութեամբ…։ Ուրեմն մենք պարտաւոր ենք անել ամէն ինչ՝ լեզուն պահպանելու, զարգացնելու, նրա աշխարհասփիւռ մարմինը շքեղօրէն կենդանի պահելու համար…։ Եւ խօսքը վերաբերում է ոչ միայն արեւմտահայերէնին, այլեւ արեւելահայերէնին, որովհետեւ վերջինս նոյնպէս ապահովագրուած չէ։
Ներգաղթի կազմակերպումն ուրիշ մակարդակ է ենթադրում այսօր։ Նախկին ներգաղթներին փոխարինելու պիտի գայ սրբազան մի Ներգաղթ, որի ուղղութիւնը ոչ թէ դէպի Հայաստան, այլ դէպի լեզուն է լինելու, դէպի ամենաապահով ապաստանը…։ Նահանջը տեղի է ունեցել օտարացման ճանապարհով՝ մտածողութեան ու լեզուի ցաւատանջ օտարման։ Վերադարձը լինելու է նոյն ճանապարհով՝ օտար եզերքից դարձով դէպի սեփական մտածողութիւնը, սեփական լեզուն ու լեզուամտածողութիւնը։ Դրա լաւագոյն եղանակը թարգմանութիւնն է…։ Թարգմանութիւնը օտար ափերում ներգաղթ է դէպի Հայրենիք։ Թարգմանութիւնը դարձ է ուղիղ իմաստով, քանի որ նրա նպատակն է նախ թարգմանողին «ստիպել» սեփական միտքը վերածել հայերէնի։ Թարգմանիչը վերստին հայացողն է ու հայացնողը։ Որքան շատ թարգմանիչներ լինեն Հայրենիքից դուրս, այնքան շատ հայացողներ ու հայացնողներ կ’ունենանք սահմաններ չունեցող մեր Հայրենիքի համար։
Թարգմանել հայերէն, նշանակում է ուղղութիւն վերցնել դէպի հայերէն, հետեւել կողմնացոյցին եւ մտածողութիւնը յստակ ուղղել ըստ հայերէնի…։
Գուցէ շատերը նպատակակէտին հասնելու ճանապարհին ոչ այդքան կարեւոր համարեն թարգմանութեան դերը, եւ դրա փոխարէն առաջարկեն աւելի հանգամանալից մտածել, թէ ինչպէս Սփիւռքի նոր սերնդի հային գրել ու կարդալ տալ մայրենիով։ Իմ պատկերացմամբ դա կարելի է անել հէնց այսպէս՝ սկզբի համար նրան «թարգմանիչ» դարձնելով։ Ի հարկէ մենք նրանից առայժմ կատարեալ թարգմանութիւններ չենք սպասում, բաւական է միայն առաջին քայլը՝ սեփական միտքը վերածել սեփական մտքի…։ Համոզուած եմ, որ նախնական փուլում լեզուի կենսունակութեան վերականգնման գրաւական է օտար լեզուից կատարելիք փոխադրութիւնը, եւ գուցէ վերջինս իսկապէս, հէնց որոնուող ճանապարհն է։ Թարգմանութիւնը լեզուամտածողութեան արտանկարչութիւնն է, ես այսպէս եմ ընկալում։ Արտանկարելու ընթացքում փորձ է արւում թափանցել բնօրինակի հեղինակի մտայղացման մէջ, ընկալել նրա գծերն ու գոյները, կատարումի կերպն ու վերարտադրման եղանակը, նաեւ ձեւաւորւում է որոշակի գեղագիտական ճաշակ եւ շրջահայեացութիւն։ Նկարչութիւնն էլ լեզու է։ Եւ սեփական ասելիքը արհեստավարժ կերպով ներկայացնելու համար այդ լեզուն սովորողը ձգտում է ընկալել, իւրացնել, վերաիմաստաւորել նկարչական «դարձուածքներ», այլաբանական խօսքի ոճեր, արտայայտչամիջոցներ…։ Եւ կարծեմ նկարչական կրթարաններում որպէս մեթոդ արտանկարելու փորձեր են յանձնարարւում՝ ճարտարագործութեամբ (տեքնիկապէս) աճելու, բարձրանալու, սեփական գաղափարները ճկունօրէն պատկերելու աստիճանին հասնելու համար։ Այսինքն սեփական միտքը մայրենի լեզուով լսելու համար տարաշխարհում՝ կարիք կայ օտար մտածողութիւնը մայրենիի վերածելու փոխադրութեան, ունեցած հնարաւորութիւններով օտար մտածողութեան արտապատկերումի, երկու լեզուամտածողութիւնների զուգահեռումի, բաղդատման, նրանց գործուն համընթացութեան…։
Այսօր հարցում եմ ուղղում Լիբանանի, Սիրիայի, Իրաքի իմ ազգակիցներին։ Դուք կամ ձեզանից շատերը կարդում էք արաբերէն գրականութիւն։ Արդեօք գրագէտների նոր սերունդի շարքում ներկայ օրերում չկա՞ն գրողներ, ովքեր արծարծում են համամարդկային արժէքներ։ Անկասկած կան եւ հրատապ խնդիր է նրանց հնարաւորինս արագ թարգմանելը հայերէն։ Աշխարհը կարիք ունի երկխօսութիւնների, աշխարհը կարիք ունի յաշտութեան (յաշտ-զոհ) եւ ինքնահաշտութեան։ Թարգմանութիւնը կը դառնայ ժամանակի, միջոցների եւ կարողութիւնների այն փոքրիկ զոհաբերութիւնը, որ կը միաւորի մեզ։ Արաբ այդ գրագէտը կը զգայ, որ իր միտքն ու գաղափարը գտնում են արձագանք այն ազգի հոգու տարողութեան մէջ, որի հետ հարիւր (եւ աւելի) տարի առաջ ցեղասպան իր կրօնակիցները վարւում էին այնպէս, ինչպէս այսօր են վարւում իր հետ իր իսկ ազգակիցները։ Մենք ճակատագրի եղբայրներ ենք։ Մենք՝ նրա աւագ եղբայրը, աւելի քան ԻՒՆԵՍՔՕ-ն ու աշխարհի բոլոր մարդասիրական կառոյցները միասին, ողբացել ենք հազարաւոր արաբների, քրտերի ցեղասպանութիւնը, աւելի քան բոլորը մէկտեղ կսկծացել ենք չքնաղ Մոսուլի աւերումի համար… աւելի քան աշխարհի որեւէ անկիւն, մեր սիրտը տեղ ունի նրանց ապաստանելու…։

«Հետք», 22 Փետրուար 2016 (http://hetq.am/arm/news/65913/nergaxt-depi-lezun.html)

No comments:

Post a Comment