ԴԱՒԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հայ մամուլն իր աւելի քան երկուհարիւրամեայ գոյութեան ընթացքում մեծապէս նպաստել է հայ ժողովրդի ինքնութեան ձեւաւորմանը, դարձել նրա հոգեւոր կայացման կենսագիրն ու պատմական ընթացքի ժամանակագիրը: Ցաւօք, հարիւրաւոր պարբերականներ մինչեւ այժմ գիտականօրէն ուսումնասիրուած չեն կամ էլ մասնակիօրէն են հետազօտուած: Ասուածը բացառութիւն չէ նաեւ 20-րդ դարասկզբի հայ մամուլի համար: Եւ ահա հայ ընթերցողի սեղանին է դրուել «Արեւմտահայ մամուլն իր պատմութեան աւարտին (1900-1922)» արժէքաւոր աշխատութիւնը, որի հեղինակն է արեւմտահայ մամուլի լաւագոյն գիտակներից՝ հմուտ հետազօտող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատեանը:
Հեղինակն ուսումնասիրութեան նիւթ է դարձրել Կ. Պոլսի եւ Զմիւռնիայի ոչ կուսակցական, «ազատ կամ չէզոք» թերթերն ու ամսագրերը: Կուսակցական, ինչպէս նաեւ գաւառներում հրատարակուած արեւմտահայ պարբերականները դեռեւս սպասում են իրենց հետազօտողին: Իսկ կատարուած տքնաջան աշխատանքի արդիւնքը արդէն իսկ պատկառելի հատորն է` 534 էջ, շուրջ չորս տասնեակ պարբերականների վերլուծութիւն:
Ա. Խառատեանն իր առջեւ նպատակ է դրել ներկայացնելու արեւմտահայ յիշեալ «թերթերի ու ամսագրերի տեղն ու նշանակութիւնը հայ մամուլի պատմութեան մէջ» (էջ 21): Ընդհանրական այս հիմնաւորումն այնուհետեւ կոնկրէտ խնդիրների քննութեամբ քայլ առ քայլ բացւում է աշխատութեան գլուխներում եւ ընթերցողին մատուցում արեւմտահայ իրականութեան ամենադրամատիկ շրջանում` 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձութիւնների, մամուլում դրանց արձագանքների ու մեկնաբանութիւնների ամբողջական պատկերը:
Ի դէպ, հեղինակի քննական հայեացքին բնորոշ ընդհանրական եւ կոնկրէտ մօտեցումները օգնում են բացայայտելու ոչ կուսակցական պարբերականների գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ դրանք առանձին հրապարակումներով ի ցոյց դնելու առանձնայատուկ կողմերը: Այսպէս, Ա. Խառատեանն իրաւացիօրէն նկատում է, որ քաղաքական նկարագրի երեք տարբեր ժամանակաշրջաններում արեւմտահայ մամուլը փոխել է իր ուղղուածութիւնը` ելնելով ազգի առջեւ ծառացած կարեւորագոյն խնդիրներից. «Եթէ դարասկզբին` Աբդուլ Համիդի բռնակալութեան տարիներին,- գրում է նա,- մամուլի էջերից գրեթէ ամբողջովին չքացել էին ազգային ինքնորոշման տրամադրութիւնները, ապա երիտթուրքերի տիրապետութեան շրջանում մամուլի հետաքրքրութիւնները կտրուկ փոփոխւում են, եւ նրա էջերում առաջնահերթ հիմնախնդիրներ են դառնում անասելի ճնշումների ու կեղեքումների ենթարկուող արեւմտահայութեան վիճակի ցուցադրումը, նրա անհատական ու ազգային իրաւունքների պաշտպանութիւնը... Նոյն այս ժամանակաշրջանում մամուլի եռանդուն քննարկումների առարկայ է դառնում Արեւմտահայաստանի բարենորոգման խնդիրը (1913-1914), որն իր աւարտն է գտնում Առաջին աշխարհամարտին Թուրքիայի մասնակցելու իրողութեամբ» ( էջ 484):
Ընդհանրական ուշագրաւ դիտարկում է նաեւ յիշեալ պարբերականների ժանրային նկարագրի բնութագիրը, համաձայն որի` 1900-1914 թթ. մինչ այդ իշխող հրապարակախօսական ուղղութիւնը մղւում է երկրորդ պլան, եւ առաջնային է դառնում լրատուութիւնը, որը կարեւոր խնդիր էր յատկապէս չէզոք մամուլի համար: Լրատուական այս քաղաքականութեան շնորհիւ արեւմտահայ ընթերցողը հնարաւորութիւն էր ստանում տեսնելու ոչ միայն պոլսահայ եւ զմիւռնահայ գաղթօջախների, այլեւ Արեւմտեան Հայաստանում ապրող հայ բնակչութեան կեանքի իրական պատկերը: Այլ խօսքով` յիշեալ մամուլը, հեղինակի դիպուկ բնութագրմամբ, «ստանում է սկզբնաղբիւրի նշանակութիւն»: Գրքում այս դիտանկիւնից հանգամանօրէն քննուել են «Բիւզանդիոն», «Հանրագիտակ», «Սուրհանդակ», «Արեւելէան Մամուլ», «Մանզումէի Էֆքէար», «Ժամանակ», «Դաշինք» եւ այլ պարբերականներում տպագրուած տասնեակ հրապարակումներ:
Առանձնակի հետաքրքրութիւն են ներկայացնում աշխատութեան այն էջերը, որտեղ հեղինակն ընթերցողի ուշադրութիւնը սեւեռում է դարասկզբի արեւմտահայ եւ թուրքական պարբերականների միջեւ ընթացող բանակռիւներին: Դրանք սրւում էին յատկապէս արեւմտահայերին առնչուող ողբերգական իրադարձութիւններից յետոյ: Մասնաւորապէս Ադանայի կոտորածների (1909 թ.) կապակցութեամբ թուրք թղթակիցների կեղծ հիմնաւորումներին ու մեղադրանքներին, յաճախ վտանգելով սեփական կեանքը, հայկական թերթերի աշխատակիցները պատասխանում էին արդարութեանը հետամուտ լրագրողի արժանապատուութեամբ:
Մամուլի պատմաբանին բնորոշ հետեւողական կեցուածքը նկատելի է նաեւ կոնկրէտ պարբերականների թեմատիկ ոլորտներին նուիրուած նկարագրութիւններում: Ընդ որում, հրապարակումները իւրաքանչիւր պարբերականում տարբեր են իրենց մատուցմամբ, խնդիրը վեր հանող հայեացքով, երեւոյթի ընկալմամբ եւ այլն: Դրանք քննելիս հեղինակը յիշատակում է նիւթի բնութագրական կողմերը, այն հիմնականն ու կարեւորը, որոնք, իրենց կոնկրէտութեամբ հանդերձ, ամբողջութեան մէջ ձեւաւորում են տուեալ պարբերականի լրատուական ու վերլուծական քաղաքականութիւնը: Նշուած ժամանակահատուածներում չէզոք թերթերի տեսադաշտում, քաղաքականից բացի եւ առաւել յաճախ արեւմտահայութեանը յուզող տնտեսական, սոցիալական ու մշակութային հիմնախնդիրներն են, որոնց անդրադառնում է հետազօտողը թեմատիկ բաժանումներով` գաւառների սոցիալ-տնտեսական կեանք, ապահովագրական եւ բարեգործական ընկերութիւններ, կրթութիւն, դպրոց, եկեղեցի, գրականութիւն, արուեստ եւ այլն:
Ա. Խառատեանը նախանձախնդիր է յատկապէս մամուլում հայ գրականութեանն առնչուող հրապարակումների ուսումնասիրութեան հարցում, քանի որ այդ տարիներին գրական կեանքի աննախադէպ վերելքը, գրական պարբերականների առատութիւնը, տաղանդաշատ արեւմտահայ գրողների (Գ. Զօհրապ, Է. Օտեան, Օ. Չիֆթէ-Սարաֆ, Վ. Թեքէեան, Ա. Յարութիւնեան, Զ. Եսայեան եւ ուրիշներ) ակտիւ թղթակցութիւնները, նրանց ուշագրաւ բանավէճերը ձեւաւորել էին ստեղծագործական աննախադէպ մթնոլորտ, որի գոյութեան համար մամուլի շրջահայեաց գործունէութիւնն առանձնակի կարեւորութիւն էր ստանում: Իրաւացի է հետազօտողը, երբ այդ պարբերականներից «Մասիս»ի առիթով եզրայանգում է. «Գրողը, գրաքննադատը, մամուլն ու հրապարակախօսութիւնը "Մասիս"ի հրապարակումների շնորհիւ դիտւում են որպէս հանրութեան ու ազգի համար կարեւոր բարոյական ու մտաւոր գործօններ, որոնք արժանի են հասարակութեան ամենալուրջ ուշադրութեանը: Սրանում էր նաեւ կայանում "Մասիս"ի բերած նորոյթներից մէկը արեւմտահայ մտաւոր կեանքում» (էջ 194-195):
Նշենք նաեւ, որ մանրակրկիտ հետազօտական աշխատանքը հեղինակին հնարաւորութիւն է ընձեռել վերջնական ճշգրտումներ անելու որոշ պարբերականների հրատարակութեան թուի հետ կապուած: Դա վերաբերում է մասնաւորապէս «Մանզումէի էֆքէար», «Հայրենիք», «Դաշինք» թերթերին, որոնց լոյսընծայման, ինչպէս նաեւ հրատարակութեան ժամանակաւոր դադարեցումների հետ կապուած` որոշակի տարաձայնութիւններ կային հայ մատենագէտների շրջանում: Ա. Խառատեանի փաստարկումները հիմնաւոր են, եզրայանգումները` յստակ, եւ յուսով ենք` անպայման հաշուի կ'առնուեն մասնագէտների կողմից:
Ներհուն գիտնականի այս հետազօտութիւնը ոչ միայն մոռացութիւնից փրկել է արեւմտահայ մամուլի պատմութեան կարեւորագոյն շրջաններից մէկը, այլեւ ընթերցողին է մատուցուել գիտական հիմնախնդիրների ու հարցադրումների լայն ընդգրկումով, նուրբ դիտարկումներով եւ տեղին ընդհանրացումներով` իր մնայուն տեղն ապահովելով հայ մամուլին նուիրուած սակաւաթիւ արժէքաւոր աշխատութիւնների շարքում:
«Ազգ-Մշակոյթ», 19 Դեկտեմբեր 2015
No comments:
Post a Comment