27.2.15

Խոջալուի ողբերգութիւնը. ճշմարտութիւնը եւ սուտը

1992 թ. Փետրուարին Խոջալուի իրադարձութիւնների հետ կապուած՝ Ադրբեջանը դրանց հերթական տարելիցի նախաշեմին ակտիւացնում է հակահայկական քարոզարշաւը, որն ուղղուած է Բաքուի իշխանութիւնների մոգոնած՝ հայկական զինուած ուժերի կողմից Խոջալուի խաղաղ բնակիչների զանգուածային սպանութեան մասին քարոզչական առասպելի շրջանառմանը:
Այս բնակավայրի բնակչութեան ողբերգութեան մասին շատ է գրուել եւ խօսուել ինչպէս հայկական, այնպէս էլ արտասահմանեան եւ անգամ ադրբեջանական փորձագէտների կողմից:
Յատուկ ընդգծենք՝ խօսուել է ճշմարտացիօրէն, անկողմնակալ կերպով: Իսկ ճշմարտութիւնն այն է, որ ողբերգութիւնն, իրօք, տեղի է ունեցել, եւ մարդիկ, իրօք, սպանուել են, բայց ո՛չ բուն Խոջալուում, ո՛չ հայերի մեղքով, ո՛չ այն քանակով, ինչպէս դա ամէն կերպ Ադրբեջանն է ներկայացնում աշխարհին:
Յիշեցնենք, որ 1991թ. գարնանից ԼՂՀ մայրաքաղաքը եւ մի շարք բնակավայրեր կանոնաւոր կերպով, այդ թւում՝ «Գրադ» համազարկային կայանքներից, հրետակոծութեան էին ենթարկւում Խոջալուից, որն Ադրբեջանի իշխանութիւնների կողմից վերածուել էր ամրացուած ռազմական բազայի: ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան առջեւ որպէս հրամայական ծառացել էին այդ ռազմաբազայի ոչնչացման հարցը, որը կարեւոր դեր էր խաղում Արցախի վերջնական ոչնչացմանն ուղղուած՝ ադրբեջանական ղեկավարութեան քաղաքականութեան մէջ, ինչպէս նաեւ Ստեփանակերտի՝ հանրապետութիւնում միակ օդանաւակայանի ապաշրջափակումը: Ռազմագործողութիւնն իրականացուել էր 1992թ. Փետրուարի 25-26ը եւ պսակուել ԼՂՀ զինուած ուժերի յաջողութեամբ: Այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ ղարաբաղեան հրամանատարութիւնը խաղաղ բնակչութեան ոչնչացումից  խուսափելու համար ադրբեջանական կողմին նախազգուշացրել էր պատրաստուող ռազմագործողութեան մասին եւ հումանիտար միջանցք տրամադրել՝ Աղդամի ուղղութեամբ խաղաղ քաղաքացիների անվտանգ դուրս գալու համար, որն այդ ժամանակ գտնւում էր ադրբեջանական զինուած ուժերի վերահսկողութեան տակ: Բայց յետոյ տեղի ունեցաւ անկանխատեսելին՝ Աղդամի մատոյցներում խոջալուեցիների մի մասին դիմաւորեցին կրակոցներով, եւ նրանք անխղճօրէն ոչնչացուեցին սեփական զինուած ստորաբաժանումների կողմից:
Բայց, իրօ՞ք, ողբերգութիւնն, անկանխատեսելի էր: Ինչպէս հայկական, այնպէս էլ որոշ ադրբեջանական լրագրողների բերած փաստերն անհերքելիօրէն վկայում են, որ ողբերգութիւնը միտումնաւոր կերպով կազմակերպել են հէնց ադրբեջանցիները, իսկ աւելի ճշգրիտ՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն՝ այն ժամանակուայ նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով, ինչը խոստովանել է հէնց ինքը: Ասել է թէ՝ Խոջալուի բնակիչներն ադրբեջանական քաղաքական ուժերի՝ իշխանութեան համար կեղտոտ պայքարի զոհ դարձան: Հակառակ բազմաթիւ փաստերի, որոնք հաստատում են խաղաղ խոջալուեցիների կոտորածի մէջ ադրբեջանական կողմի բացարձակ մեղքը, Բաքուի պաշտօնական քարոզչութիւնը գաղափարական առասպել է ստեղծել «Խոջալուի ցեղասպանութեան» մասին՝ չխնայելով ջանքեր եւ միջոցներ, այդ թւում՝ ֆինանսական, այն ինչպէս սեփական ժողովրդի, այնպէս էլ միջազգային հանրակցութեան գիտակցութեան մէջ մտցնելու համար:
Սուտն ու կեղծիքը միշտ եղել են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականութեան հիմքում: «Խոջալու»ի թեման շարունակում է մնալ ադրբեջանական քարոզչութեան անկիւնաքարերից մէկը, որն օգտագործւում է որպէս գործիք ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին տեղեկատուական քաղաքականութեան մէջ: Այն, մասնաւորապէս, կոչուած է պահպանելու հայատեացութիւնն Ադրբեջանի հանրութեան շրջանում, օգտագործւում է որպէս իւրատեսակ հակակշիռ Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում իրականացուած հայկական ջարդերին, ինչպէս նաեւ՝ որպէս Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու մեխանիզմ:
Ինչպէս եւ սպասւում էր, Ադրբեջանն այս տարի եւս շարունակեց միջազգային հանրակցութեան նպատակադիր ապատեղեկատուութիւնը Խոջալուում տեղի ունեցածի վերաբերեալ: «Խոջալուի արդարութիւնը» միջազգային քարոզարշաւի շրջանակներում, որն իրականացւում է Հէյդար Ալիեւի անուան հիմնադրամի փոխնախագահ Լէյլա Ալիեւայի ղեկավարութեամբ, Եւրոպա-Ադրբեջան միութիւնը Սանկտ Պետերբուրգում եւ Ստամբուլում ռուսերէն եւ թուրքերէն գիրք է հրատարակել՝ «Խոջալու. Ռազմական յանցագործութիւնների ականատեսները. Հայաստանը մեղադրեալի աթոռին» վերտառութեամբ: Հազիւ թէ կարելի է կասկածել այդ գրքին «լցոնման» հարցում, ինչպէս նաեւ այն բանում, որ այնտեղ չենք գտնի Ադրբեջանում քաջ յայտնի մարդկանց անուններ, ովքեր հաստատում են անվիճելի ճշմարտութիւնը՝ Խոջալուի խաղաղ բնակիչների կոտորածն ադրբեջանական կողմի խղճին է ծանրացած, որն իրականացրել է ոճիր սեփական ժողովրդի դէմ՝ յանուն իշխանութեան համար պայքարի:
Թուարկենք նրանց անունները. Այազ Մութալիբով՝ այն ժամանակուայ նախագահ. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիւ, տրամադրել էին: Այդ դէպքում ինչո՞ւ պիտի նրանք կրակէին, առաւել եւս՝ Աղդամին մօտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բաւարար ուժեր կային՝ դուրս գալու եւ մարդկանց օգնելու համար»:
Արիֆ Եունուսով՝ ներկայումս բանտարկուած ադրբեջանցի իրաւապաշտպան. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերուել են քաղաքական նպատակի համար»:
Թամերլան Կարաեւ՝ Ադրբեջանի Գերագոյն Խորհրդի նախկին նախագահ. «Ողբերգութիւնն իրականացրել են Ադրբեջանի իշխանութիւնները, կոնկրետ՝ վերադասներից ինչ որ մէկը»:
Հէյդար Ալիեւ՝ նախկին նախագահ, 1992թ. Ապրիլին, «Բիլիք-Դունեասը» գործակալութեան հաղորդմամբ, յայտարարել է. «Արիւնահեղութիւնը մեր օգտին է: Մենք չպէտք է միջամտենք իրադարձութիւնների ընթացքին»:
Վագիֆ Հիւսէյնով՝ Ադրբեջանի Ազգային Անվտանգութեան նախկին նախարար. «1990թ. իրադարձութիւնները Բաքւում եւ Խոջալուում միեւնոյն մարդկանց ձեռքի գործն են»:
Օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը, ով սեփական հետաքննութեան արդիւնքում եկել է այն եզրահանգման, որ ադրբեջանական կողմն է եղել մեղաւոր խոջալուեցիների դէմ յանցագործութիւնների մէջ, սպաննուել է: Նոյն ճակատագրին արժանացաւ եւ «Մոնիտոր» ամսագրի խմբագիր Էլմար Հիւսէյնովը, ով հաղորդում էր տպագրել Ղարաբաղից: Դրանում լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը գրել է, որ «իրենց իսկ խոջալուեցիների վկայութեամբ, նրանք օգտուել են միջանցքից, եւ միջանցքի յետեւում գտնուող հայ  զինուորներն, իրօք, կրակ չեն բացել նրանց ուղղութեամբ…»:
Ահա ճշմարիտ, այլ ոչ մտացածին Խոջալուի արդարութիւնը, ճշմարտութիւնը: Բայց արդեօք այն պէ՞տք է Ադրբեջանի ներկայ իշխանութիւններին, ովքեր շարունակում են ուռճացնել Խոջալուի առասպելը:

«Ազատ Արցախ» (խմբագրական), 23 Փետրուար 2015

No comments:

Post a Comment