28.2.15

Սկիզբը եւ վերջը. միստիկա

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 
«Իմ սկզբում է իմ վերջը»:
Թոմաս Էլիոտ

Յայտնի մի մտայնութիւն կայ` որտեղ սկիզբն է, այնտեղ էլ վերջն է: Ամէն ինչ վերջանում է այնտեղ, որտեղ սկսուել է: Այս մտայնութիւնը բնորոշ է յատկապէս վաղնջական, առասպելաբանական մտածողութեանը: Իրօք, երեւի չկայ մի առասպելաբանական, կրօնական կամ միստիկական համակարգ, որտեղ երեւոյթի սկիզբն ու վերջը չհամընկնեն: Ըստ հայկական վաղնջական պատկերացումների, աշխարհը ողողող ջրերում լողում է մի հսկայական օձ-վիշապ, այնքան երկար, որ հասնում է իր իսկ պոչին: Նա ջանում է կուլ տալ իր պոչը, եւ երբ դա յաջողուեց, աշխարհը կը կործանուի: Ամէն մի մահ սկսւում է կեանքից եւ ամէն մի կեանք սկսւում մահից: Երկիրն ամէն ձմրան մեռնում է եւ ամէն գարուն նորից վերածնւում, պտղաբերում ու նորից մեռնում: «Մեռնող եւ յառնող» աստուածները ծնւում են բնութեան զարթօնքի հետ ու զոհւում ձմրանը, որպէսզի նորից վերածնուեն յաջորդ գարուն: Նրանց կերպարով է մոդելաւորւում աշխարհը: Եւ աշխարհն ինքը, բազում կրօնական ու առասպելաբանական համակարգերում, պարբերաբար կործանւում է, ապա նորից վերստեղծւում:
Ընդհանրապէս, աշխարհի առասպելաբանական սկիզբը, այլ կերպ ասած` արարումը տեղի է ունենում մի սկզբնական «սրբազանէ կէտ»ում: Այդտեղ է ստեղծւում տիեզերքը եւ նրա բնակիչը` առաջին մարդը: Եւ եթէ, ըստ քո կրօնի, մարդկութիւնը ստեղծուել եւ բնակեցուել է քո երկրում, ապա որտե՞ղ, ասացէք խնդրեմ, այն պիտի վերջանայ: Նոյնը եւ ողջ տիեզերքը, քանի որ մարդով է տիեզերքն իմաստաւորւում ու նրանով է այն կանգուն:

* * *
Ուրեմն, աշխարհի վերջը, ըստ առասպելաբանական, կրօնական եւ միստիկական տրամաբանութիւնների, կապուած է աշխարհի սկզբի, եւ այսպիսով` Հայաստանի հետ: Հայի բախտ:
Հայաստանն օտարների կողմից կոչւում է Արմենիա եւ նման ձեւերով: Հայ իրականութեան մէջ էլ Ար(այ)մ- տարրով անունները` Արամ, Արամանեակ, Արամայիս, Արմաւիր, կապուած են ազգածնութեան առասպելի հետ եւ խորհրդանշում են մեր երկրի եւ ժողովրդի արմէն ցեղանունը: Դրանք հին անուններ են: Իսկ աւելի նոր ժամանակներում արմ- տարրը հանդէս է գալիս յապաւումների մէջ` Արմաւիա, Արմպրոմցվետմետ, Արմգիպրոզեմ, Արմակադ եւ այլն, եւ այլն: Սա յայտնի է բոլորին:
Ըստ քրիստոնէական կրօնի, չարի եւ բարու միջեւ աշխարհի վերջին ճակատամարտի վայրը, որը եւ խորհրդանշում է աշխարհի վերջը, կոչւում է Արմագեդոն: Շատ խելք պէտք չի հասկանալու համար, թէ ինչ է նշանակում այս բառի առաջին արմ-ը (*): Արմաւիր, Արմաւիա, Արմակադ, Արմֆան… Որքան ուզէք կարելի է շարունակել: Եւ բոլորը կապուած Հայաստանի հետ, բոլորը Արմենիա անուան առաջին տարրով կազմուած բառեր: Եւ ի՞նչ, դրանց մէջ միայն մէ՞կը պիտի մի ինչ-որ ուրիշ բան նշանակի: Ոչ, բարեկամներ, այդպէս չի լինում: Մարդկային, առասպելաբանական, կրօնական, միստիկական եւ մնացած բոլոր այլ տրամաբանութիւններով, աշխարհի վերջը կապուած է Հայաստանի հետ: Եւ Արմագեդոնն էլ, ակնյայտօրէն, այդ հաւատի դրսեւորումներից մէկն է: Եւ ինչպէ՞ս կարող է վերջ լինել առանց հայի մատը խառնուելու:
Իսկ ի՞նչ է նշանակում այդ բառը: Վերեւում բերուած համարեա բոլոր յապաւումները ռուսերեն են` Արմպրոմցվետմետ` «Հայաստանի գունաւոր մետալուրգիայի արդիւնաբերութիւն», Արմֆան` «Գիտութիւնների Ակադեմիայի հայկական մասնաճիւղ» եւ այլն: Ուրեմն տեսնենք, թէ ինչ է նշանակում այդ գեդոնը ռուսերէնում: Ահաւասիկ` ռուսերէն գեդոնիզմն անուանումն է այն էթիկական ուսմունքի, որի համաձայն հաճոյքը կեանքի բարձրագոյն բարիքն է եւ կեանքի նպատակը (ռուսերէնում «հ» հնչիւնը չկայ, այդ պատճառով հին յունարէն հեդոնէ` «հաճոյք» բառից ծագող այս տերմինը ներկայացւում է որպէս գեդոն): Այսպիսով, Արմագեդոնը Հայաստանի հեդոնական կազմակերպութեան կամ հաճոյքի փիլիսոփայութեան ընկերութեան ռուսական անուան յապաւումն է: Այդ կազմակերպութիւնը դեռ չի ստեղծուել, կամ գաղտնի է դեռ, ինչպէս վայել է «դաւադրութեան տեսութեան» այդպիսի կարեւոր սուբյեկտին:
Ուրեմն, աշխարհի վերջն առնչւում է հայերի` հաճոյքին տրուելու հետ: Հէնց տրուեցինք, վերջ, այդտեղ կը սկսուի աշխարհի վերջի ճակատամարտը: Զարմանալի բան է, թէ ինչպէս աշխարհում ամէն ինչ կապուած է մեզ ու մեր ճակատագրին: Մի պահ մոռացար, հաճոյքին տրուեցիր` կը գայ աշխարհի վերջը: Ահա թէ ինչու հայերը չեն սիրում ոչ ոքի: Սէրը հաճոյքի թագուհին է, նրա գագաթնակէտը: Եւ միեւնոյն ժամանակ` աշխարհի վերջը, եթէ յանկարծ հայն իրեն թոյլ տայ սիրել:

«Առաւօտ», 27 Փետրուար 2015

-------------------------------
(*) Ըստ ընթացիկ ստուգաբանութեան, յունարէն Armageddon բառը կու գայ եբրայերէն har Megiddo բառակապակցութենէն, այսինքն՝ «Megiddoի լեռ»։  Սակայն, պաղեստինեան Megiddoի քաղաքին մօտ լեռ չկար, այլ միայն դաշտ («Հայկականք)։  

No comments:

Post a Comment