ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Էն որ Ադամն ու Եւան հայ են,
էտի գիտութիւնն ա ապացուցել:
Եթէ Ադամն ու Եւան հայ են,
ո՞նց կարող ա Աբրահամն ու Իսահակը
ուզբէկ ըլնեն:
Վարդան Պետրոսեան
Ընդհանրապէս, տեղաբնիկ` աբորիգեն են անուանում հեռու երկրների վայրի բնիկներին, որոնց յայտնաբերում, ապա նուաճում, գաղութացնում, «քաղաքակրթում» էին եւրոպական ճանապարհորդ նուաճող-գաղութարարները`Ջէյմս Քուքը եւ նրա նմանները: Այսինքն, այդ բառը մի տեսակ բացասական երանգներ ունի իր մէջ, իբրեւ անքաղաքակիրթ, յետամնաց, երբեմն` մարդակեր (չէ՞ որ Քուքին, ասում են, կերել են):
Հայերը հնդեւրոպական լեզուով խօսող ժողովուրդ են: Իսկ հնդեւրոպացիների հնագոյն հայրենիքը մինչեւ անցեալ դարի վերջին տասնամեակները սովորաբար տեղայնացնում էին Արեւելեան Եւրոպայում: Դէ ուրեմն, հայերի լեզուական նախնիները այնտեղից պիտի եկած լինէին: Եւ ոչ մի սարսափելի բան չկար կարծես: Թէեւ կարծիք կար, որ հայերէնը ոչ հնդեւրոպական, տեղական լեզու է, բայց դա գիտական չէր:
Մեր երկրի պատմութիւնը մի հետաքրքիր առանձնայատկութիւն ունի: Կայ հակահայ պատմագիտութիւն, որի նպատակը հայերի դերն ընդհանրապէս նսեմացնելն է` ե՛ւ հնում ե՛ւ հիմա: Կայ հակահրէականութիւն, կայ հակաիմպերիալիզմ, հակասովետականութիւն, կայ ուրեմն նաեւ հակահայկականութիւն: Այն, իր տեսական դրոյթներով, ստեղծուել եւ զարգացել է Ռուսաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում: Հիմնական հակահայ երկիրը, ի հարկէ, Թուրքիան էր, իսկ հիմա նրան արդէն գերազանցում է նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը: Դէ, եթէ գրաւել ես մէկի երկիրը, ոչնչացրել բնակչութիւնը, պիտի մի կերպ արդարանաս: Հայերը ներկայացւում են մօտաւորապէս այսպէս. մի փոքրաքանակ, շատ անպէտք ցեղ, որ եկաւ Բալկաններից, փչացրեց Ուրարտուի հրաշալի պետութիւնն ու մշակոյթը, բայց երբեք էլ մի կարգին պետութիւն չկարողացաւ ստեղծել, ընդհանրապէս ոչինչ կարգին բան չարեց, չստեղծեց, այլ զբաղւում էր գզվռտոցով, առեւտրով, խաբէութեամբ եւ այլ անդուր բաներով: Դրան զուգահեռ` հայ եւ այլազգի նորմալ գիտնականներն էլ գրում էին` ինչ որ եղել է` որ, ի վերջոյ, այնքան էլ անպէտք ժողովուրդ չենք եւ այլն: Եւ մենք էլ ունենք մեր զէնքը` հակաթուրք տեսակէտը` մի վայրի, անտաշ, անլուայ ցեղ, հեռաւոր Միջին Ասիայից եկաւ մեր երկիրն ու փչացրեց ծաղկուն քաղաքակրթութիւնը` փոխարէնը ոչինչ չստեղծելով:
Մեր գալը հեռուներից` Բալկաններից, շատ տհաճ է հնչում, երբ ասւում է շատ աւելի ուշ եկուոր թշնամիների կողմից: Բայց յանկարծ ստեղծւում է մի նոր վարկած, որի կէտերից մէկի համաձայն` հնդեւրոպացիների հին հայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհում եւ մերձակայքում: Ուրեմն, հայերի ծագման վերաբերեալ վարկածները կարելի է բաժանել «տեղաբնիկութեան» եւ «եկուորութեան» տարբերակների, որոնցից առաջինը «հայանպաստ» կամ «ազգանպաստ» կը լինի, իսկ երկրորդը` «հակահայ» եւ «հակազգային»: Այս տեղաբնիկ-եկուոր բաժանումը եւ տերմինաբանութիւնը մինչեւ այժմ շրջում է Հայաստանում, ինչպէս Մարքսի եւ Էնգելսի սիրած ուրուականը, դասաւանդւում եւ նորանոր հետեւորդներ ձեռք բերում:
Բայց գիտութիւնը մի բան է, իսկ քաղաքական համակրանքն ու ատելութիւնը` այլ բաներ: Ըստ այդմ, ստորեւ անդրադառնանք այդ հարցերին հանրագիտարանային, ժամանակակից գիտութեան յայտնի փաստերի մակարդակով:
Նախ եւ առաջ պէտք է ասել, որ հնդեւրոպացիների հայաստանեան տեղայնացման վարկածը, որն առաջ էր քաշուել Թամազ Գամկրելիձէի եւ Վեաչեսլաւ Իվանովի կողմից, ընդամէնը մէկն է եղած վարկածներից: Հեղինակներն ականաւոր գիտնականներ են, վարկածն էլ հետաքրքիր է, բայց այն ոչ առաջ, ոչ հիմա, երբեք չի ընդունուել աշխարհի առաջատար մասնագէտների կողմից: Նոյնիսկ այն մասնագէտները, որոնք հիացել են հեղինակների` միւս հարցերի քննարկմամբ եւ վերլուծութիւններով, իրենց զարմանքն են արտայայտել հնդեւրոպական հայրենիքի այդ տեղայնացման առթիւ:
Ժամանակակից գիտակից մարդը, գիտական լեզուով` Homo sapiens sapiens-ը, կենսաբանական մէկ միակ տեսակ է (բոլոր ռասաները` սեւ սպիտակ, դեղին, նոյն միասնական ծագումն ունեն): Բրածոյ նախամարդիկ` պիթեկանթրոպները, սինանթրոպները, նէանդերթալցիները եւ այլն, անհետացել են եւ չունեն կենդանի ժառանգներ: Ժամանակակից մարդը ձեւաւորուել է մեզանից շուրջ երկու հարիւր հազար տարի առաջ, Աֆրիկայի արեւելքում: Այնտեղից մարդկանց որոշ խմբեր, դանդաղ տեղաշարժուելով, հազարամեակների ընթացքում կարողացել են հասնել այլ երկրներ եւ ի վերջոյ տարածուել ամբողջ աշխարհում: Այն տարածքը, որը եղել է մարդկութեան օրրանը, հազարամեակների ընթացքում ենթարկուել է նորանոր մարդկանց ներհոսքների, եւ տեղի բնակչութիւնը չի կարող համարուել «տեղաբնիկ»: Հնագոյն մարդկանց գենետիկական յատկանիշները լաւագոյնս պահպանել են Հարաւային Աֆրիկայի բուշմենները, բայց նրանք էլ «տեղաբնիկ» չեն, այլ հազարաւոր կիլոմետրեր տեղաշարժուել են նախնական հայրենիքից: Ռասայական տարբերութիւնները ձեւաւորուել են շատ ուշ: Այսպէս, առաջ բոլոր մարդիկ սեւամորթ են եղել: Բաց գոյնը (թոյլ պիգմենտացիան) հիւսիսային, քիչ արեւոտ տարածքներում բնակուելուց յետոյ է ձեւաւորուել, որպէս «դէ» (D) վիտամինի առաջացմանը նպաստող գործօն:
Ժամանակակից մարդը մեր տարածքները եւ ընդհանրապէս` Եւրոպա է հասել մեզանից մօտ 40 հազար տարի առաջ: Հայաստանում գիտակից մարդու հին ներկայութեան հետքերը քիչ են: Հնում մարդիկ բազմաքանակ չեն եղել եւ չէին էլ կարող լինել: Իսկ վերջին սառցադաշտային մաքսիմումի դաժան պայմաններում առաւել քիչ են եղել: Ինչեւէ, դրանից յետոյ Հայկական լեռնաշխարհը դառնում է նէոլիթեան երկրագործութեան առաջին օջախներից մէկը (մ.թ.ա. շուրջ 10000-6000 թ.):
Հնագոյն քաղաքակրթութիւններն ի յայտ են գալիս, այսպէս կոչուած` Բարեբեր Կիսալուսնի գօտում, որն ընդգրկում է Եգիպտոսի, Լեւանտի ծովափնեայ հատուածները, Հայկական լեռնաշխարհի հարաւը, Միջագետքը, ներկայիս Իրանի հիւսիսային որոշ շրջաններ եւ հասնում մինչեւ Պարսից ծոց: Այստեղ են առաջացել երկրագործութիւնը եւ անասնապահութիւնը, առաջին քաղաքային բնակավայրերը: Նոյնիսկ նէոլիթից հազարամեակներ անց, մ.թ.ա. IV-I հազարամեակներում, դեռեւս այստեղ է կենտրոնացած եղել աշխարհի բնակչութեան աւելի քան 10 տոկոսը:
Մարդկութեան պատմութեան հին շրջանների մասին մեր տեղեկութիւնները գալիս են հնագիտական յուշարձաններից: Միայն վերջերս Հայկական լեռնաշխարհի ծայր հարաւային շրջաններում եւ մերձակայքում (ներկայիս Թուրքիայի տարածքում) բացայայտուեցին մի քանի զարմանալի յուշարձաններ` Գեօբեքլի թեփէն, Նեւալը չորին եւ Չայոնիւ թեփէսին` մեզանից շուրջ տասը հազար տարի առաջ կերտուած համալիրներ, որոնցից պարզ դարձաւ, որ մարդկութեան շատ ձեռքբերումներ շատ աւելի վաղ են, քան ենթադրուել էր (այսպէս, տաճարական հսկայական համալիրներ են կառուցուել մինչեւ հողագործութեան ծագումը):
Հնագոյն մարդու հետքերի ներկայութիւնից չի բխում, որ մեր նախնիներն ապրել են մեր լեռնաշխարհում արդէն, ասենք, այդ ժամանակներից: Նշուած նորքարէդարեան կառոյցները լքուել են, եւ մարդիկ, ընդհանրապէս, տեղաշարժուել են: Հայաստանի բնակչութեան անընդհատութեան մասին կարելի է խօսել թերեւս միայն Նոր քարի դարի վերջերից:
Մ.թ.այ. IV հազարամեակի կէսերից մինչեւ երրորդ հազարամեակի կէսերը մեր տարածքներում ծաղկում է ապրում, այսպէս կոչուած` Կուր-Արաքսեան վաղ բրոնզէդարեան մշակոյթը (իր ամենաընդարձակ դարաշրջանում տարածուել է Դաղստանից մինչեւ Պաղեստին): Նրա բնորոշ յատկանիշներն են վառ արտայայտուած սոցիալական շերտաւորման բացակայութիւնը եւ նստակեաց, խաղաղ, երկրագործական կացութաձեւը բաւական զարգացած բնակավայրերում: Մ.թ.ա. III հազարամեակի կէսերից յետոյ սկսում են ի յայտ գալ նոր իրողութիւններ` ռազմաշունչ գաղափարախօսութեամբ մարդկանց ներհոսք, սոցիալական վառ արտայայտուած շերտաւորում, առաջնորդների ճոխ թաղումներ, սկսւում է Միջին բրոնզի դարաշրջանը: Շուտով հիմնայատակ կործանւում է ողջ հին մշակոյթը, վերանում են բնակավայրերը, եւ լեռնաշխարհում երկար դարեր տիրապետող է դառնում քոչուորական կենցաղը:
Վաղ բրոնզի մշակոյթում, դատելով հնագիտական նիւթից, աչքի ընկնող առաջնորդներ չեն եղել: Այդ խաղաղասէր հասարակութիւնն անպաշտպան էր Միջին բրոնզի ռազմատենչ եկուորների դէմ, որոնց առաջնորդների դամբարաններից մեծաքանակ զէնք եւ հարստութիւն է յայտնաբերւում: Ի միջի այլոց, հէնց այս ներգաղթողներն են, եւ ոչ մեզանում այնքան սիրելի «տեղաբնիկներ»ը, որ շատ առումներով համապատասխանում են հնդեւրոպացիների վերաբերեալ յայտնի պատկերացումներին (եթէ հնդեւրոպացիները նուաճել եւ իրենց լեզուն են պարտադրել Հնդկաստանից մինչեւ Արեւմտեան Եւրոպա բնակուող հին ցեղերին, նրանք պիտի ունենային ռազմաշունչ գաղափարախօսութիւն, ռազմական առաջնորդներ եւ այլն, որոնք պարզորոշ ի յայտ են գալիս հնդեւրոպական ժողովուրդների առասպելներում, եւ որոնց յիշեցնող իրողութիւններ չեն երեւում Վաղ բրոնզի դարաշրջանի մշակոյթում): Ընդ որում, միջին բրոնզէդարեան մշակոյթները ստորաբաժանւում են հետեւեալ տիպերի` վաղ դամբանաբլուրների, թռեղք-վանաձորեան, սեւան-արցախեան, կարմիրբերդեան եւ կարմիրվանքեան: Սրանք, ամենայն հաւանականութեամբ, ներկայացրել են ոչ թէ մէկ, այլ տարբեր էթնիկական խմբեր:
Մի քանի հարիւրամեակի ընթացքում Միջին բրոնզէդարեան տարբեր խմբերի համահարթեցումից յետոյ, մ.թ.ա. II հազարամեակի կէսերից սկսւում է Ուշ բրոնզի դարաշրջանը: Ուշ բրոնզից Վաղ երկաթի դար անցման ժամանակ (մ.թ.այ. XII դար) եւս լեռնաշխարհում տեղի են ունենում նշանակալի մշակութային փոփոխութիւններ, որոնց գոնէ մի մասը, ակնյայտօրէն, պայմանաւորուած պիտի լինէր բնակչութեան տեղաշարժերով եւ էթնիկական կազմի փոփոխութեամբ: Այսպէս, լեռնաշխարհի արեւմտեան շրջանները, որոնք գտնւում էին խեթական մշակոյթի ոլորտում, հեղեղւում են արեւելեան շրջաններից ներգաղթեալներով, որոնք փոխում են տեղի մշակութային դաշտը:
Նոր մարդկանց ներհոսքով պայմանաւորուած` մշակութային մէկ այլ մեծ փոփոխութիւն տեղի է ունենում Ուրարտուի դարաշրջանում (մ.թ.այ. IX-VII դդ.): Այդ պետութիւնը, նուաճելով համարեա ողջ լեռնաշխարհը, իր հետ բերում էր մի նոր, մինչ այդ անյայտ մշակոյթ: Այն իր դրսեւորումներով` ամրոցներ, տաճարներ, զէնք, խեցեղէն եւ այլն, օտար էր լեռնաշխարհի` մինչ այդ եղած մշակոյթին: Այն, անկասկած, հարաւային ծագման է, ինչպէս եւ Ուրարտուն ստեղծող եւ կառավարող վերնախաւը: Նրանք լեռնաշխարհ էին մտել լեռնաշխարհի ծայր հարաւից` այնտեղից, որտեղ կենտրոնացած էին նրանց մեծ աստուածներ Խալդիի եւ Թէյշեբայի պաշտամունքները: Ուրարտական, ինչպէս եւ ասորեստանեան աղբիւրները յիշատակում են լեռնաշխարհի բազում ցեղերի, որոնք կարող էին բաժանուել մի քանի էթնիկական խմբերի: Բացի այդ, ուրարտական արքաները մարդկանց հսկայական խմբեր են տեղափոխել լեռնաշխարհի մի ծայրից միւսը` բնակեցնելով նրանց, այսպիսով, իրենց համար օտար էթնիկական միջավայրերում:
Ուրարտուն «տեղաբնիկ» եւ հայկական համարող հեղինակները պէտք է որոշեն, թէ որն են դրանցից մերոնք` լեռնաշխարհի հին բնակչութի՞ւնը, թէ՞ աւելի բարձր մակարդակի, բայց ուշ «եկուոր», ուրարտական պետական մշակոյթի համալիրը բերողները, եւ եթէ, ասենք, «տեղաբնիկներ»ը, ապա դրանց տարբեր խմբերից ո՞րը: Արեւմուտքից արեւելք բերուածնե՞րը, որոնք, ակնյայտօրէն, խէթա-լուվիական աշխարհի մարդիկ էին, թէ՞ արեւելքից արեւմուտք եւ հարաւ տեղափոխուածները:
Այսպիսով, Հայկական լեռնաշխարհում բնակչութեան անընդհատութեան մասին կարելի է խօսել ամենավաղը Նոր քարի դարաշրջանից: Յետագայում, ակնյայտօրէն, տեղի են ունեցել բնակչութեան կազմի նշանակալի փոփոխութիւններ: Կարելի է վստահաբար ասել, որ Միջին բրոնզի սկզբի եւ Ուրարտուի տարածման ժամանակ ի յայտ եկող եկուորները այլ ծագում ունէին եւ լեզուով տարբերւում էին երկրի հին բնակիչներից: Ուրարտուի դէպքում հարցն աւելի պարզ է` եկուորներն իրենց հետ բերում էին գիր, մի լեզուով, որ հայերէն չէ:
Ամփոփենք:
1. «Տեղաբնիկ» եւ «եկուոր» յորջորջումները գիտական չեն: Տեղաբնիկ տերմինը, մի տեսակ, նսեմացնող է: Այդպէս են աւելի յաճախ կոչում հեռաւոր երկրների` քաղաքակրթութեանը ուշ ծանօթացած ցեղերին:
2. Մարդկութիւնն առաջացել է Արեւելեան Աֆրիկայում, բայց նոյնիսկ այդ սկզբնական հայրենիքի ներկայիս բնակիչները «տեղաբնիկ» չեն, այլ յետագայում գաղթածներ: Այլուրեք եւս մարդկութիւնը «եկուոր» է:
3. Ժամանակակից մարդը Հայաստանում «եկուոր» է եւ յայտնուել է քառասուն հազար տարի առաջ: Բայց ժամանակից հայերն այդ մարդկանց կենսաբանական ժառանգները չեն կարող լինել: Երկրի անընդհատ բնակեցուածութիւնը սկսուել է Նոր քարի դարից յետոյ:
4. Հայերէնը հնդեւրոպական լեզու է: Հնդեւրոպական լեզուների նախահայրենիքի հայաստանեան տեղայնացումը ընդամէնը վարկած է, եղած վարկածներից մէկը, որը երբեք չի ընդունուել աշխարհի առաջատար գիտական կենտրոններում` Սովետական Միութիւնից եւ յետսովետական երկրներից դուրս: Ուրեմն, ըստ գիտութեան մէջ առաւել ընդունուած վարկածների` հայերի լեզուական նախնիները, այսինքն` վաղնջահայերէնով խօսող մարդիկ, Հայաստանում «եկուոր» են:
5. Մ.թ.ա. III հազարամեակի կէսերից Հայկական լեռնաշխարհում, ինչպէս եւ հարեւան տարածքներում, տեղի է ունենում նոր մարդկանց ներհոսք: Կործանւում է տեղի բարձր, նստակեաց մշակոյթը, եւ երկիրը երկար դարեր յայտնւում է քոչուորական կենսակերպի խաւարում: Այդ նոր բնակչութիւնն է, որ, ի հակադրութիւն տեղի խաղաղասէր հին բնակչութեան, իր մշակոյթով համադրելի է հին հնդեւրոպացիների հետ: Ընդ որում` այդ նոր բնակիչները միատարր չեն եղել, այլ ներկայացրել են մի քանի խմբեր:
6. Մ.թ.ա. IX դարի կէսերից Հայկական լեռնաշխարհի հարաւում ստեղծւում է Ուրարտու պետութիւնը, որը շուտով կարողանում է իրեն ենթարկել համարեա ողջ լեռնաշխարհը: Ուրարտական մշակոյթն իր յատկանիշներով տարբերւում է տեղի հին մշակոյթից, եւ այդ նոր մշակոյթի բերողները, անկասկած, եկուորներ էին հարաւից:
Քանի որ ի վերուստ «տեղաբնիկ» ոչ մի տեղ չկայ, ապա «տեղաբնիկութեան» գաղափարի ջատագովները պէտք է որոշեն, թէ ո՞ր «եկուորներ»ն են Հայաստանում «տեղաբնիկ», եւ ինչքան ժամանակ է պէտք այդպիսին դառնալու կամ համարուելու համար` երե՞ք, չո՞րս, հի՞նգ հազար տարի, թէ՞ ինչ: Եւ որոշեն, թէ մեր երկրի այս բազմատեսակ հին «եկուորներ»ից որոնք են մեր «տեղաբնիկ» հայերը:
Սակայն իրականում պէտք է հրաժարուել «տեղաբնիկ» եւ «եկուոր» տերմինների չարաշահումից: Դա գիտական չէ:
www.ilur.am/news/view/36522.html, Հոկտեմբեր 23, 2014
-------------------
(*) Այս յօդուածաշարքին նախորդ բաժնին համար, կարդացէ՛ք այստեղ։
Սա ընդամէնը գիտական շղարշի ներքեւ տգիտութեան մարմնացումն է...Թող յօդուածագիրը նախ ճշդէ թէ ի՞նչ կը հասկնայ հնդեւրոպակի ու ձիու )որն հայկական լեռնաշխարհի ինքնորոյն կենդանի է) յառաբերականութիւնը, ապա նաեւ հնդեւրոպական proto լեզուի ու հայերէնի առընչութիւնները սկսելով հիթիթական վաղ ղրջանից )ի միջի այլոց անդրադառնալով նաեւ Փիթըր Ենսընի մօտ 120 տարի առաջ այս գծով ընդգծած մանրամասներին ու այլ կարեւոր հարցերին, ու ապա փաստարկ բերէ եկւորութեան վերաբերող մանրամանսերը ուկշիռքի նժարներու վրայ դնելով կշռէ ու տադէ ...այդ ժամանակ զինք մասնագէտի առումով կրնամ կարդալ...
ReplyDeleteՎերջին քառորդ դարուն, Արմէն Պետրոսեանը բազմաթիւ գիտական յօդուածներ ու գիրքեր գրած է այս նիւթերուն մասին (հայերէն, ռուսերէն եւ անգլերէն), ուր լայնօրէն անդրադարձած է անոնց, եւ պատճառ չեմ տեսներ զանոնք «գիտական շղարշի ներքեւ տգիտութեան մարմնացում» նկատելու։ Peter Jensenը 1899ին առաջարկած է խեթական արձանագրութիւններուն լեզուն կարդալ որպէս հայերէն, ինչ որ գիտականօրէն ընդունուած չէ, մանաւանդ երբ Հրոզնին 1916ին այդ արձանագրութիւնները կարդացած է որպէս առանձին լեզու (ի դէպ, որեւէ հայ լուրջ մասնագէտ չէ հետեւած Ենսէնի դրոյթներուն կամ այդ ուղղութեամբ տեսութիւն մը զարգացուցած չէ)։
ReplyDelete