1.11.14

Հայերէնը, շումերերէնը եւ ուրարտերէնը (*)

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Դէ եկ, վարդապետ, ու մի խենթանայ...
Պարոյր Սեւակ, «Անլռելի զանգակատուն» 

Հայերենը, շումերերենը եւ ուրարտերենը
Հայոց ազգային ազատագրական գիտութեան կարեւոր ուղղութիւններից է մեր «նոր» լեզուաբանութիւնը: Այն ընդգրկում է մի շարք ոլորտներ` հայոց մերձաւոր ազգակցութեան որոնումներ եւ հայերեն բառերի փոխառութիւններ այլեւայլ, մօտիկ ու հեռաւոր լեզուներում (Հին Արեւելք, Պոլինեզիա, Հարաւային Ամերիկա եւ այլն): Ստորեւ` միայն երկու մասնաւոր դէպքի մասին:

Ուրարտուի արձանագրութիւնների լեզուն հայերէնը չէ: Այդ լեզուն` ուրարտերէնը, ազգակից է տարածաշրջանի մէկ այլ հնագոյն լեզուի` խուռիերէնին, որն արդէն անհետացել էր մի քանի դար առաջ: Եւ ընդունուած էր կարծել, որ հայերէն խօսող մարդիկ Հայկական լեռնաշխարհ պիտի թափանցած լինէին աւելի ուշ, քան այդ լեզուի կրողները: Ազգային ազատագրական գիտութեան ամենաառաջին գործը պիտի լինէր ուրարտերէնի հայերէն կարդալը: Եւ այն կարդացուեց ազատագրականների առաջին ռահվիրաներից մէկի կողմից: Սա առաջին փորձը չէր. անցեալում այդ տեսակէտն արտայայտուած եղել էր Անդրէաս Մորդտմանի կողմից (1877 թ.): Այն, ինչպէս եւ, ի միջի այլոց, ուրարտերէնը որպէս վրացերէն կամ սեմական լեզու մեկնաբանելու փորձերը, մերժուել էին գիտութեան, նաեւ հայ գիտնականների կողմից: Բայց այս վերջին փորձը շատ հակագիտական էր, եւ անհրաժեշտութիւն էր դարձել ձեռնարկել նորը: Եւ ահա, ստեղծուեց շատ աւելի մտածուած նոր տեսութիւնը: Հեղինակը, ի տարբերութիւն նախորդի, ծանօթ է լեզուաբանութեան դրոյթներին, յղում է ուրարտերէնի մասնագէտների աշխատանքները:
Միւսը հայերենի եւ շումերերենի ազգակցութեան խնդիրն է: Այստեղ մեր տեղական «մերձգիտութիւն»ը մենակ չէ: Վաղուց ի վեր շումերերէնը փորձում են մօտեցնել թուրքական լեզուներին, ընդ որում` առանձին-առանձին` թաթարերէնին, չուվաշերէնին, կան շումերա-հունգարական, շումերա-վրացական ազգակցութեան տեսութիւններ, տարբեր գիտականակերպութեան աստիճանների, ըստ հեղինակների կրթութեան, էրուդիցիայի եւ օժտուածութեան մակարդակների:
Ինչեւէ, նշուած երկու տեսութիւնների վերջնական նպատակն է Հայաստանի եւ հայերի դերի բարձրացումը, փառաբանումը եւ պանծացումը: Ուրարտուի հարցը ակնյայտ է` մենք ենք, ու մերն է, եւ վերջ: Եւ հայ-շումերական ուսումնասիրութեան եզրափակումն էլ անթաքոյց է` պարզւում է, որ հայերին են պատկանում շումերական քաղաքակրթութեան նուաճումները (ինչպէս եթէ ֆրանսերէնի եւ լատիներէնի լեզուական յայտնի ազգակցութեան հիման վրայ հռոմէական մշակոյթի նուաճումները ֆրանսիացիները վերագրէին իրենց):
Նման տեսակէտների դէմ վիճելն աւելորդ է: Վերծանողները սովորաբար այնքան էլ լաւ յարաբերութիւնների մէջ չեն գիտութեան եւ, մասնաւորապէս, հայերէնի պատմական քերականութեան հետ: Ընդհանրապէս, որեւէ այլ լեզուով յայտնի արձանագրութիւնը հայերէն կարդալը վերին աստիճանի զարմանալի բան է: Պէտք է ե՛ւ հայերէն լինի, ե՛ւ նոյն իմաստն ունենայ, ինչ ունէր այդ լեզւում, քանի որ տեքստերի թարգմանութիւնները հիմնականում չեն վիճարկւում: Բայց հնարաւոր չէ դրանց հեղինակներին եւ «ազատագրական ակտիւիստ»ներին համոզել յետ կանգնել իրենց ճշմարտութիւններից: Պէտք է ուղղակի չէզոք, սովորական մահկանացուներին ծանօթացնել այն գիտական փաստերին, որոնք անընդունելի են դարձնում նման տեսութիւնները: Այդ պատճառով ներկայացնում եմ որոշ տեղեկութիւններ լեզուների կառուցուածքի եւ ազգակցութեան հնարաւորութիւնների վերաբերեալ: Ցաւօք, հնարաւոր չէ այս դէպքում խուսափել որոշ տեխնիկական մանրամասնութիւններից:
Աշխարհի լեզուները, անկախ իրենց ծագումից, բաժանւում են մի շարք կառուցուածքային տիպերի: Այսպէս, էրգատիւ լեզուների քերականութեան մէջ էական է գործողութիւնը կատարողի եւ գործողութիւնը կրողի հակադրութիւնը (իսկ ուղղական-հայցական կամ նոմինատիւ լեզուներում` սուբյեկտի եւ օբյեկտի հակադրութիւնը): Սինհարմոնիկ լեզուների բառերում հնչիւնները համապատասխանեցւում են իրար (այլ լեզուներում` ոչ): Կցական լեզուներում բառափոխութիւնը կատարւում է բառին նոր ձեւոյթներ յաւելելով, իսկ թեքական լեզուներում` բառի ներքին փոփոխութեամբ:
Լեզուների այս յատկանիշները պահպանւում են հազարամեակներ: Այսպէս, հնդեւրոպական լեզուները նոմինատիւ են եւ թեքական, կովկասեանները` էրգատիւ եւ կցական, թուրքականները` նոմինատիւ, կցական եւ սինհարմոնիկ: Հնագոյն հայերենը, որպէս հնդեւրոպական լեզու, եղել է ոչ սինհարմոնիկ, նոմինատիւ, թեքական լեզու: Ժամանակի ընթացքում փոխուել է նրա վերջին յատկանիշը՝ ներկայ հայերէնը, կարելի է ասել, վերածուել է կցական լեզուի` պահպանելով հին թեքականութեան որոշ տարրէր (օրինակ հայր, սեռական հոլովում` հօր, արմատի ձեւափոխութեամբ): Գրաբարում այդ թեքականութիւնը աւելի լաւ է պահպանուած (հմմտ. օրինակ հարց «հայրերի»): Իսկ գրաբարից աւելի քան հազար տարի առաջուայ հնագոյն հայերէնում այն պիտի է՛լ աւելի վառ արտայայտուած լինէր:
Այժմ` տեղեկութիւններ շումերերէնի եւ ուրարտերէնի վերաբերեալ: Շումերերէնը սինհարմոնիկ, էրգատիւ եւ կցական լեզու է: Այն գրանցուած է այն ժամանակներից, երբ հնագոյն հայերէնը, ըստ լեզուաբանութեան տուեալների, դեռ շատ հեռու պիտի չլինէր հնագոյն յունարէնից: Իսկ այդ հայ-յունական ընդհանուր լեզուն, ակնյայտօրէն, եղել է ոչ սինհարմոնիկ, ոչ էրգատիւ եւ ոչ կցական: Այսինքն, հայերէնի եւ շումերերէնի միջեւ չկան եւ չեն կարող լինել նոյնիսկ կառուցուածքային ընդհանրութիւններ, էլ չասած ազգակցութեան մասին:
Ուրարտերէնն էրգատիւ եւ կցական լեզու է: Հայ-յունական ընդհանրութեան լեզուն, ինչպէս ասուեց, այդպիսին չի եղել: Եթէ ուրարտերէնը հայերէն է, ապա հայերէնը վերջին չորս հազար տարուայ ընթացքում սկզբից, չգիտես ինչու, ձեւափոխուել է էրգատիւ կցականի, ապա նորից կորցրել էրգատիւութիւնն ու ձեռք բերել թեքական տարրեր: Բայց այդպէս չի լինում:
Եւ սա միայն` ըստ լեզուների մի քանի կառուցուածքային յատկանիշների: Իսկ հնչիւնային համապատասխանութիւննե՞րը, բազիսային բառապաշա՞րը, քերականութի՞ւնը, բանաձեւային արտայայտութիւննե՞րը:
Մի փոքրիկ ծանօթութիւն: Երբ յայտնաբերուեցին խեթերէն արձանագրութիւնները, շուտով դրանք սկսեցին կարդալ եւ հասկանալ: Պարզուեց, որ խեթերէնը հնդեւրոպական լեզու է, սակայն` այնքան տարբեր միւսներից, որ այն կարելի է բնութագրել ոչ թէ որպէս հնդեւրոպական «քոյր լեզու», ինչպէս մնացածները, այլ` «մօրաքոյր լեզու»: Բայց եւ այնպէս, այդ անյայտ, վերին աստիճանի դժուար լեզուն կարդացուեց, եւ նրա հնդեւրոպական բնոյթը բացայայտուեց XX դարի սկզբին: Խեթերէնում առկայ էին հնդեւրոպական որոշ բանաձեւային արտայայտութիւններ, որոնք օգնում էին վերծանութեանը:
Ուրեմն, վերին աստիճանի դժուար, մինչ այդ անյայտ հնդեւրոպական «մօրաքոյր լեզու»ն հնարաւոր եղաւ հասկանալ եւ նրա հնդեւրոպական բնոյթը պարզել հեռաւոր 1916-ին, համաշխարհային պատերազմի թոհուբոհում, իսկ յայտնի, մինչեւ այժմ խօսուող հնդեւրոպական «քոյր լեզու» հայերէնի հին սեպագիր տարբերակները լուսաւոր XXI դարում, հարիւր տարի անց, անամօթաբար, դեռ չեն բացայայտւում, բացայայտուածներն էլ չեն ընդունւում ո՛չ մեր գիտնականների, ո՛չ միջազգային գիտութեան կողմից: Դէ եկ, վարդապետ, ու նորից ու նորից մի խենթանայ... Այդ ի՞նչ մակարդակի գիտնականներ են ուրարտերէնի ու շումերերէնի վերծանողներն ու ներկայիս մասնագէտները: Եւ ի՞նչ դաւադրութիւն է հիւսուած մեր ազգի գլխին...

www.ilur.am/news/view/36362.html, Հոկտեմբեր 20, 2014

-------------------
(*) Այս յօդուածաշարքին նախորդ բաժնին համար, կարդացէ՛ք  այստեղ։





No comments:

Post a Comment