ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Յաղթողներին չեն դատում:
Վերագրւում է Եկատերինա II-ին
Չկայ ոչինչ աւելի ճշմարիտ, քան առասպելը:
Էժեն Իոնեսկօ
Եթէ յաղթողներին չեն դատում, ուրեմն` պարտուողներին դատում են: Ովքե՞ր: Ե՛ւ յաղթողները, ե՛ւ երրորդ կողմը, ե՛ւ պարտուողները: Բոլորը: «Վա՛յ պարտուողներին», ինչպէս ասել է հռոմէացիներին յաղթող գալլերի առաջնորդ Բրեննոսը:
Մեր պատմութիւնը, որոշ առումներով, պարտութիւնների շարան է: Եղել են յաղթանակներ, եղել են նոյնիսկ մեծ յաղթանակներ, բայց, ի վերջոյ, պարտուել ենք: Պարտուել են Տիգրան Մեծն ու Արտաւազդը, Արշակն ու Պապը, Մամիկոնեաններն ու Բագրատունիները, պարտուել է Հայաստանը. պարտուել ենք մենք` կորցնելով մեր հողերի եւ հայրենիքի մեծագոյն մասը: Եղել է ամենամեծ պարտութիւնը` ցեղասպանութիւնը:
Ի միջի այլոց, պարտուել են եւ այլ ժողովուրդներ ու պետութիւններ: Ռուսաստանի XX դարի պատմութիւնը, բացի մէկ մեծ յաղթանակից, նոյնպէս պարտութիւնների մի շարք է. պարտութիւն Առաջին Համաշխարհային Պատերազմում, յեղափոխութիւն, կայսրութեան անկում, քաղաքացիական պատերազմ, երկրի կործանում, միլիոնաւոր մարդկանց քաղաքական սպանութիւններ, մեծ յաղթանակ Երկրորդ Համաշխարհայինում, բայց տասնեակ միլիոնաւոր զոհերի գնով (շատ աւելի, քան պարտուած Գերմանիայի զոհերը), պարտութիւն արեւմտեան աշխարհի դէմ տնտեսական մրցութեան մէջ, պարտութիւն սառը պատերազմում եւ, ի վերջոյ, ՍՍՀՄ-ի փլուզում, նրա մաս կազմող հանրապետութիւնների անկախացում, ռուս կայսրերի կողմից դարերով ի մի բերուած հսկայական տարածքների կորուստ (միլիոնաւոր քառակուսի կիլոմետրեր): Ուրեմն, մխիթարուելու տեղ ունենք` մենակ չենք պարտութիւններում, իսկ «ընկերով մահն էլ հարսանիք է»:
Մարդը պարտուելուց յետոյ սկսում է պատճառներ որոնել: Այսինչ բանը սխալ արեցի, այնինչ բանը այլ կերպ պէտք է արուէր: Պէտք էր շուտ կամ ուշ սկսել կամ վերջացնել, համաձայնել կամ չհամաձայնել հակառակորդի պահանջներին եւ այլն: Մեր դէպքում գործում է «հայի վերջին խելքը»: Ա՛յ, եթէ այսպէս անէի՜: Եւ մեր պատմութիւնը լի է դէպքերով, որ եթէ մի քիչ այլ կերպ անէինք, ապա աւելի լաւ պայմաններով դուրս կը գայինք փորձութիւնից:
Ընդհանրապէս, մարդիկ իրենց պարտութիւններում եւ դժբախտութիւններում սովորաբար մեղադրում են իրենց հակառակորդներին: Սա է նորմալ մտածողութիւնը: Պարտւում ես ո՞ւմ` հակառակորդին, թշնամուն: Բայց ոմանք փորձում են աւելի խորը մտածել եւ գտնում այլ լուծումներ: Եւ ահա, նոր լուծում` մեղաւոր ենք մենք: Ինքնամեղադրանք: Ապա` ինքնադատապարտում եւ մեղքի ու թերարժէքութեան զգացում: Որից եւ սեփական ուժերի, սեփական կերպարի նկատմամբ բացասական վերաբերմունք: Սեփական բախտի առանձնայատուկ լինելու ընկալում: Այլ կերպ` հայի բախտ:
Իսկ աւելի «խորը մտածողները» փնտռում են աւելի «խորքային», յաճախ պարադոքսալ լուծումներ եւ գտնում, որ մեղաւոր է ինչ-որ երրորդ կողմ: Եւ հանդէս են գալիս դաւադրութեան տեսութիւնները: Դրանք վարկածներ են, որոնք ներկայացնում են պատմական երեւոյթը կամ պատմութեան ընթացքը որպէս մասնաւոր շահեր հետապնդող մարդկանց խմբերի դաւադրութիւնների արդիւնք: Արդէն ՍՍՀՄ-ում նման մի տեսակէտ կար` ամէն ինչում մեղաւոր են համաշխարհային իմպերիալիզմի մի խումբ սրիկայ հակասովետական ներկայացուցիչներ: 1988-ի շարժման սկզբին սկսեցին հանդէս գալիս ինքնուս քաղաքական վերլուծաբաններ, որոնք կարողանում էին գտնել կարեւոր դէպքերի «խորքային»` դաւադրական պատճառները: Երբեմն` ծաղրանկարային մտքեր: Ահաւասիկ, Սպիտակի երկրաշարժը, ինչ-որ գաղտնի մեթոդներով, առաջացրել էր Գորբաչովը, որպէսզի հանգցնի ղարաբաղեան շարժման կրակը: Կամ` ինչո՞ւ Գորբաչովը հայերին չի տալիս Ղարաբաղը. չէ՞ որ ակնյայտ է, որ մենք լաւն ենք, եւ մեր պահանջն արդար է, իսկ թուրքերը վատն են եւ անարդար: Պարզւում է ի՜նչ. Գորբաչովի կինը` Ռայիսա Մաքսիմովնան, իրականում Մաքսուդովնա է, կարճ ասած` թուրքի թէ թաթարի դուստր: Էլ ի՞նչ կարող է անել Գորբաչովը: Հարցը լուծուեց, հանգիստ կարելի է գնալ տուն` գծելու Ռայիսա Մաքսիմովնայի տոհմածառը:
Եւ այդ ժամանակներից ապրում ենք դաւադրութիւնների մէջ, շարժւում դաւադրութիւնից դաւադրութիւն: Եթէ մեզ սկսում ենք պատկերացնել որպէս արիացիներ, ովքե՞ր պիտի լինէին մեր դէմ հիւսուած դաւադրութեան հեղինակները: Եւ հասարակութեան մէջ տարածուեցին մասոնական ու «ջհուդա-մասոնական» եւ հակառուսականի վերածուած «հակասովետական իմպերիալիստական» դաւադրութիւնները:
Դաւադրութեան տեսութեանը հաւատում են, քանի որ դա աւելի հեշտ է բացատրում իրականութիւնը: Բայց կայ եւ մէկ այլ կարեւոր գործօն: «Այլընտրանքային պատմութիւն»ը հետաքրքիր է. այն նորովի, ոչ դասագրքային ձեւով է բացատրում եղելութիւնները: Եւ առասպելն անկասկած աւելի հետաքրքիր է, քան տափակ իրականութիւնը: Հետաքրքիր, յաճախ պարադոքսալ լուծումներ, բացատրութիւններ է տալիս` կիրառելի բոլոր դէպքերի համար: Սա դէպի իրեն է ձգում նաեւ արուեստի ներկայացուցիչներին: Լաւ է, երբ ի սկզբանէ արդէն յայտնի են չարիքի արմատը, չարի ու բարու պայքարի խորքային մեխանիզմները, աշխարհի դրական զարգացումն արգելակող դաւադրական ուժերի գործունէութեան մեթոդներն ու ձեւերը: Կարելի է արդէն շատ բաների մասին «անսխալ» դատողութիւններ անել:
Մեր ազգային ազատագրական գիտութեան մէջ էական դեր է կատարում դաւադրութեան կանխադրումը եւ բացայայտումը: Ինչո՞ւ են այսինչ եւ այսինչ այլազգի գիտնականները սխալ բաներ գրում մեր անցեալի մասին: Ուրեմն` հրեայ կը լինեն (այդպիսիք կարող են համարուել ոչ միայն ատելի Պիոտրովսկին եւ Դեակոնովը, այլեւ Հիւբշմանը եւ Մարկուարտը, որոնց գերմանական ազգանունները գոնէ ազատագրականների համար արդէն հրէական ծագման ապացոյց են): Իսկ ինչո՞ւ այսինչ եւ այնինչ հայ հեղինակները չեն ընդունում հայոց «պարզ ապացուցուած» արիականութիւնը եւ ընդհանրապէս ազատագրական հեղինակների բացայայտումները, այլ շարունակում են պաշտպանել այդ «հակահայ գիտնականներ»ի հայեացքները: Նրանք էլ, ուրեմն, «թաքնուած», «ներքին հրեաներ» են: Եւ աւելին, այդ ներքին հրեաները վճարւում են` երեւի արտաքին հրեաների կողմից: Արտասահմանեան գրանտներ, ո՞վ գիտէ, գուցէ կաշառքներ, սիոնիստական պատուէրներ եւ այլն: Ակնյայտ է, որ համաշխարհային դաւադրութիւնների հիմնական գործը հայոց բազմահազարամեայ պատմութեան պղծումն է:
Այսօրինակ բացայայտումներից յետոյ կարելի՞ է հանգիստ նստել տանը: Պէտք է տարածել ազատագրական գիտութեան կորիֆէյների «նուաճումներ»ը, մարդկանց ուսուցանել դաւադրութեան տեսութիւնները եւ «պայքարել» դրանց դէմ: Զրկել մարդկանց իսկական գիտութեանը եւ պատմութեանը ծանօթանալու հնարաւորութիւնից: Համացանցը լցնել հայհոյանքներով մեր եւ օտար գիտնականների հասցէին, մարդկանց մէջ ատելութիւն սերմանել իսկական գիտութեան եւ գիտնականների դէմ:
www.ilur.am/news/view/36924.html, Նոյեմբեր 6, 2014
-----------------------------------
(*) Այս յօդուածին նախորդ բաժնին համար, կարդացէք այստեղ։
No comments:
Post a Comment