15.6.14

«Մենք երազում ենք, միասին»

Ֆրանսացի, հայ եւ թուրք խումբ մը արուեստագէտներ եւ մտաւորականներ ստորագրած են հայեւթրքական հաշտութեան նիւթին շուրջ վերոնշեալ խորագրով գրութիւն մը, որ հրապարակուած է երեք լեզուներով՝ հայերէն, թրքերէն եւ ֆրանսերէն: Գրութիւնը լոյս կը տեսնէր Ուրբաթ, Մայիս 30ին, ֆրանսական «Լիպէրասիոն» եւ թրքական «Ռատիքալ» թերթերուն մէջ: Ստորեւ կու տանք հայերէն տարբերակը.

Մենք, այս տեքստի ներքոստորագրեալներս, երազում ենք համատեղ հայերի եւ թուրքերի միջեւ խաղաղութեան ժամանակաշրջանի մասին, որը բացւում է այս երկու ժողովուրդներից իւրաքանչիւրի պատմութեան մէջ:
Թուրքական Հանրապետութեան քաղաքական մշակոյթը չափազանց երկար ժամանակ ուզեց թաքցնել հիմնական յանցանքը՝ արգելափակելով մուտքը դէպի անցեալ, դրանով իսկ կանխելով հաստատուն իրաւական պետութեան կայացումը: Ոչ ոք իրաւասու չէ ջնջելու այն հրէշաւոր իրադարձութիւնը, որ տեղի ունեցաւ 1915 թուականին, ոչ էլ նրա հետեւանքները:
Արդէն տասը տարի է, որ հնարաւոր է ներգրաւուել շատ բնագաւառներում. գիտական ուսումնասիրութիւններ, մշակութային միջոցառումներ, յուշարձանների վերականգնումներ, ծագման հետ կապուած անձնական որոնումներ, հանրահաւաքներ՝ ի նշան յիշողութեան: Հնարաւոր է լրջօրէն, անկեղծօրէն եւ հետեւողականօրէն ձեռնամուխ լինել յիշողութեան գործին՝ մասամբ փոխհատուցելու այն, ինչն աւերուել էր, օգնելով նրանց, ովքեր վիթխարի մեղքի զոհ դարձան՝ ճանաչելով յատուկ մի իրաւունք: Յիշողութեան եւ կեանքի թելերը սկսեցին միաւորուել: Մեր կամքը դրանք դարձնում է երկարատեւ եւ ենթադրում է, որ թուրքական պետութիւնը ոչ միայն չի խանգարի, այլեւ մասնակից կը լինի դրան:
Հարիւր տարի անց, Սփիւռքի հայերը դիւրագրգիռ են՝ ստիպուած լինելով կրկնելու պատմութեան վերաբերեալ արհեստածին բանավէճը, բայց միեւնոյն ժամանակ տանջալից է նրանց ցանկութիւնը՝ տեսնելու այն երկիրը, որի ծնունդ են իրենք, եւ ցոյց տալ իրենց զաւակներին: Այսօր Թուրքիան արգելք չի դնում դրանում, սակայն ճշմարտութեան՝ պետական մակարդակով արտաբերած մի հատիկ զօրեղ բառը թոյլ կը տար ստեղծելու նոր յարաբերութիւններ քաղաքների եւ գիւղերի հետ, որոնց անունները լսելիս անգամ արցունք է գալիս նրանց աչքերից: «Եւ ջուրը նորից դանդաղ, բայց աննկուն կը բացի ակօսը», ինչպէս ասում էր Հրանդ Տինքը:
Մենք երազում ենք միասին: Թուրքիայի յիշողութիւնը՝ վկայ նրա պատմութիւններն ու տեղավայրերը, յարգում է հայ զոհերին, ընդունելով, որ նրանք ցեղասպանութեան զոհեր են, մատնացոյց անելով անձանց եւ գաղափարներ, որոնք այդ ամէնի պատճառն էին: Նրա պատմութեան դասագրքերն եւ փողոցների անուանումները գովաբանում են արդարներին, ովքեր փրկեցին Հայերին, ոչ թէ նրանց կոտորածի պարագլուխներին եւ իրականացնողներին: Նա վերադարձնում է Եկեղեցուն եւ հայկական հիմնարկութիւններին՝ իրենց պատկանած յուշարձանները: Թուրքերն ու հայերը հպարտանում են այդ ժառանգութեամբ:
Մեր երազի մեջ է նաեւ լրիւ եւ լիակատար քաղաքացիութիւնը աշխարհիկ Թուրքական Հանրապետութեան մէջ. ոչ մուսուլմանները կարող են պետական պաշտօններ զբաղեցնել, մարդասպանները ի վերջոյ դատապարտւում են, ատելութեան պրոպագանդան արգելւում է օրէնքով: Հայերն ու Թուրքերը գտել են միջոցներն ու ճանապարհը՝ իւրաքանչիւրը իւրովի, ընդունելու մուսուլման Հայերին, որոնք ուզում են ապրել իրենց կրկնակ ինքնութեամբ:
Մենք երազում ենք միասին, որ ակօսը հասնի մինչեւ երիտասարդ, անկախ Հայաստան, որն այսօր պատսպարում է հայկական կեանքի մեծ մասը: Շրջափակումով այն խեղդելու փոխարէն, թուրքական կառավարութիւնը՝ ականջալուր սահմանակից շրջանի առաջարկներին, բացում է իր սահմանը, օգնում է այդ Հայաստանին՝ ազատուելու մեկուսացումից: Նա Հայերին տալիս է արտօնեալ մուտքի իրաւունք Սեւ ծովի նաւահանգիստներից, Հայաստանից ոչ հեռու՝ Տրապիզոն, Սամսուն: Ապա նաեւ՝ Միջերկրական ծովի նաւահանգիստներից, Կիլիկիայի Մերսին կամ Այաս, որը տնտեսական նպատակայարմարութիւնից զատ, կը դառնայ միջնադարեան ժառանգութեան եւ նոր բազմազգ մշակութային կեանքի լուսաբանման օջախ:
Ի վերջոյ, խորհրդանշելու համար այդ նոր ժամանակաշրջանը, մենք երազում ենք այն մասին, որ երկրները հոգեպէս բաժանեն Արարատ լեռը: Արարատ լեռը դառնում է բնութեան վիթխարի մի պարտէզ, գրանցուած ԻՒՆԷՍՔՕ-ի կողմից մարդկութեան համաշխարհային ժառանգութեան ցանկում, եւ բաց, իբրեւ ազատ տարածք, Թուրքերի եւ Հայերի երկրների համատեղ տնօրինութեան ներքոյ: Մարդկութեան յայտնութեան այդ խորհրդանշական վայրը դառնում է աշխարհի փարոսը:
Այս համատեղ երազը իրականացնելու համար, այս տեքստի ներքոստորագրեալներս պատրաստ ենք օգնել ամբողջ աշխարհում այն Հայերին, ովքեր ցանկանում են մասնակից դառնալ երթին՝ արտագաղթի ճանապարհներով: 2015 թուականից սկսած նրանք միասին ուխտի կը գնան իրենց նախնիների երկիրը՝ վերագտնելու իրենց յիշողութիւնը եւ իրենց պատմութեան հետքերը:

Սամիմ Աքկէօնիւլ, Ճէնկիզ Աքթար, Կորիւն Ափրիկեան, Արիան Ասքարիտ, Սիպէլ Ասնա, Սերժ Աւետիքեան,Մարի-Օտ Պարոնեան, Վարվառա Պասմաճեան, Ալի Պայրամօղլու, Ռոզին Պօյաճեան, Անահիտ Տօնապետեան, Տընի Տօնիկեան, Գլէր Ճուտիչէնթի, Նիլիւֆէր Կէօլէ, Ռոպէր Կէտիկեան, Տէֆնէ Կիւրսօյ, Ահմէթ Ինսէլ, Ալի Գազանճըկիլ, Ժագ Քէպատեան, Ֆէրհաթ Քէնթէլ, Ռեմոն Գէորգեան, Միշէլ Մարեան, Ժերար Մալխասեան, Իւմիթ Մէթին, Աղաւնի Փամոքճեան, Մանուկ Փամոքճեան, Իզապէլ Ուզունեան, Արման Սարեան, Պէթիւլ Թանպայ, Ժերար Թորիկեան, Սերա Եըլմազ:

«Նոր Յառաջ», Մայիս 31, 2014

No comments:

Post a Comment