2.2.14

Փոքրիկ բառարան

ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Երբ տեսայ, թէ ինչպէս «Արմենիա» հեռուստալիքի երէկուայ «Բարի լոյս, հայեր» հաղորդման մէջ Թումոյի անիմացիայի խմբի երեխաները «storyboard» եզրի փոխարէն ասում են «պատմատախտակ», շատ ուրախացայ (http://www.armeniatv.am/hy/programs/29728/46058):
Էդպէս ամէն անգամ հրճւում եմ, երբ Թումոյում ստեղծուած հայերեն մասնագիտական եզրերը կեանք են ստանում աշակերտների բերանում:
Ցաւօք, Հայաստանում որոշ մարդիկ փորձում են բառաթարգմանական աշխատանքը ծաղրել «գրգռաճեղք» ու «փրփրագմփիկ» տիպի անեկդոտային յօրինուածքներով: Նման մարդիկ պատկերացնել էլ չեն կարող, որ, օրինակ, @ նշանը տարբեր լեզուներով թարգմանւում է որպէս` «կապիկի պոչ» (յաճախ «մայմուն» բառով), կամ` «փղի կնճիթ», «կատուի պոչ», «միաու-միաու», «սարդակապիկ», «բադի ճուտ», «ճիճու», «շան գլուխ», «լուսնի ականջ», «խուճուճ ալֆա», «գանգուր “ա”», «ձկան օղակ», «գեօզալ “ա”» (Թուրքիայում), «ականջ», «կեռիկ», «փաթաթուած “ա”», «խխունջ», «պարոյր», «խենթ “ա”», «մէյմուն “ա”» եւ այլն:
Թումոյի ինքնուսոյց վարժանքների վրայ աշխատելիս նկատեցի, թէ իրականում որքան շատ ու տարբեր մասնագիտական լեզուներ ուղղակի գոյութիւն չունեն հայերէնով, տարբեր արուեստների ու բարձր տեխնոլոգիաների եզրեր կամ ռուսերէն են կիրառւում, կամ` անգլերէն: Եւ մեր թարգմանական խումբն սկսեց աշխատել այդ եզրերը հայերէն թարգմանելու կամ արդէն թարգմանուածը վարժանքների միջոցով շրջանառութեան մէջ դնելու վրայ: Եւ մեծ յոյսեր ունեմ, որ Թումոն կը դառնայ մի կղզեակ, որտեղից կը տարածուի նոր Հայաստանի տեսլականը` մասնագիտական ու ինտելեկտուալ տարբեր ոլորտներ ժամանակակից հայերէնով հնչեցնելու ունակ, ուրեմն նաեւ` էդ ոլորտներում ստեղծագործական ներդրում ու մասնակցութիւն ունեցող մի աշխարհ: Որովհետեւ երբ մեր աշակերտը «interactive»-ի փոխարէն ասում է «փոխազդու», նոյնիսկ եթէ բառն անծանօթ լինի, մայրենի լեզուի արմատների շնորհիւ շատ աւելի լաւ է հասկանում իմաստը, ինչպէս որ անգլիալեզու երեխան է նոր ու անծանօթ եզրը հասկանում անգլերէն արմատների շնորհիւ: Եւ դա կարեւոր է ոչ միայն զուտ լեզուական առումով, այլ նաեւ` մասնագիտական:
Թումոյում, ի հարկէ, ստեղծելու ենք մեր բառարանը, բայց մինչ այդ ուզում եմ մի շարք եզրեր հրապարակել, որպէսզի ուրիշներն էլ ծանօթանան: Ափսոս, որ աշխատելու ընթացքում ստեղծուած կամ գտած բոլոր բառերը ժամանակին դուրս չեմ գրել, բայց ունեմ մի փոքր ցանկ, որ արժէ ներկայացնել:
Ուրեմն, մի շարք բառեր ստեղծել եմ ինքս` յաճախ օրեր տրամադրելով դրան: Որոշ բառերի թարգմանութիւնն ուղղակի օգտակար է` որպէս ստեղծագործական խթանիչ: Օրինակ` Pacman խաղի անունը թարգմանելու համար ստիպուած էի ուսումնասիրել խաղը. իմացայ, որ բառի «pac» արմատը ճապոներէն «փաքու-փաքու» արտայայտութիւնից է, որը ուտելու, ծամելու, լայն բացուած բերանը բացուխուփ անելու բնաձայնութիւնն է: Խաղի մէջ էլ կլորիկ հերոսը լայնաբաց բերանով կէտիկնէր է ուտում: Հայերեն էդ բնաձայնութիւնը կը լինի` «համփ-համփ», ուրեմն խաղի անունը թարգմանեցի` Համփիկ, որ հնչողութեամբ նմանւում է Համբիկ անուանը, այսինքն` առարկան գեղարուեստական պատկերաւորմամբ անձնաւորւում է: Այս թարգմանութիւնս ուղղակի օգտակար է համակարգչային խաղ ստեղծելու ցանկութիւն ունեցողների համար` որպէս խաղակերպար կերտելու ստեղծագործական հնարամտութեան օրինակ:
Երկրորդ նման բառը Sprite-ն է, որ համակարգչային գրաֆիկայի մէջ նշանակում է երկչափ պատկեր, եւ Թումոյի վարժանքներում երեխաները սովորում են նման անիմացիոն օբյեկտներով խաղեր ստեղծել: Բառը թարգմանեցի «հարթուկ»` փորձելով տալ երկչափութեան, հարթ լինելու իմաստը, ու որպէսզի «արդուկ» բառի սխալ տարբերակի հետ չշփոթուի, արմատը մեծատառերով գրեցի:
Բացի նման գեղարուեստական տարբերակներից` թարգմանել եմ նաեւ որոշ այլ եզրեր, օրինակ.
Flashback- յետաթարթ, յետակնարկ
Multiplayer- բազմախաղորդ
Powerups- ուժաճ
Pan out- յետագնայ
Pop-down- վարիջակ
Pop-up- վերելուկ
Quick reader- արագընթերց
Storytelling- պատմասութիւն
Synopsis- համառօտագիր
Touch face- հպերես
Layout- շարակարգ,  եւ այլն:

Թարգմանել եմ նաեւ որոշ բառեր կինոարդիւնաբերութեան ոլորտից, որ հիմնականում ռուսալեզու է մեզանում, օրինակ` տեսախմբագրման եզրեր.
Cut- հատում, կտրանցում
Final cut- վերջնահատում
Jump cut- ցատկանց, ցատկանցում
Dissolve- լուծանց, լուծանցում
Cross cut- խաչանցում
Cutaway- հեռանցում
Keyframe- հիմնակադր
Match cut- սազանցում
Fade in, fade out- լուսանցում, մթնանցում
Row cut կամ rough cut- կոշտ հատում
Wipe cut- արտամղում

Տեսախմբագրման այս եզրերը իմ խնդրանքով հայկական Վիկիպեդիայով զբաղուող գործընկերներիցս մէկը տեղադրեց Վիկիում, քանի որ մեր վարժանքներում յղում կար անգլերեն տարբերակին (http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4):
Յատկապէս նոր տեխնոլոգիաների բառամթերքը թարգմանելու համար յաճախ օգտւում ենք նաեւ Microsoft-ի բառարանից: Առաջարկուած որոշ բառեր ուղղակի հրաշալի են, լիարժէք փոխանցում են իմաստը, կարճ են ու բարեհունչ, օրինակ`

Sensor- զգիչ
Short cut- կարճատ
Browser- զննիչ
Cursor- նշորդ
Homepage- տնէջ, եւ այլն:

Մի խօսքով, ահա մի փոքրիկ բառարան.

Access- մատչում
Application- գործադիր
Arrow key- սլաքաստեղն
Brain storm – մտագրոհ
Browser- զննիչ
Cameratracking- հետքագրում
Capture- կորզում
Check box- նշատուփ
Colorpicker-գունընտրիչ
Concept- յղացք
Control panel- հեռավարիչ
Cross cut- խաչանցում
Cursor- նշորդ
Customize- ընտելացնել, կազմաձեւել
Cut (տեսախմբագրման եզր)- հատում, կտրանցում
Cutaway- հեռանցում
Default- սկզբնադիր
Desktop- սեղանակ
Dialog box- երկխօսատուփ
Display- ցուցադրիչ
Dissolve- լուծանց, լուծանցում
Double click- երկ-կտտացնել
Drop down- իջնորդ
Easy-in – դիւրամուտ
Easy-out- դիւրելք
Fade in, fade out- լուսանցում, մթնանցում
Flashback- յետաթարթ, յետակնարկ
Flip book- սահատետր
Folder- պանակ, թղթապանակ
Gradient- սահանցում
Highlight- գունանշել
Homepage- տնէջ
Host- տեղակայել
Icon- պատկերակ
Input-  ներածում
Insert- զետեղել
Interactive- փոխազդու
Interface- միջերես
Jump cut- ցատկանց, ցատկանցում
Keyframe- հիմնակադր
Laptop- ծնկդիր
Layout- շարակարգ
Marker- նշիչ
Match cut- սազանցում
Multiplayer- բազմախաղորդ
Option- ընտրանք
Output- արտածում
Pacman- Համփիկ
Pan out- յետագնայ
Panel- վահանակ
Pop-down- վարիջակ
Pop-up- վերելուկ
Portable- առձեռն, դիւրակիր
Powerups- ուժաճ
Preference- նախընտրանք
Preset- նախակայում
Projector- արտապատկերիչ
Quick reader- արագընթերց
Redo- վերարկել
Render- նիւթաւորել
Right click- աջկտտացնել
Router- երթուղիչ
Row cut- կոշտ հատում
Scale- չափափոխել
Scroll- գլիկ
Self-motivated- ինքնամղուած
Sensor- զգիչ
Server- սպասարկիչ
Set- կազմ
Setting- կայանք
Settings- կարգաւորում
Short cut- կարճատ
Smartphone- խելախօս
Snapshot- ճեպապատկեր
Sound effect- ձայնային ազդանք
Spacebar- բացատ
Sprite- Հարթուկ
Storytelling- պատմասութիւն
Synopsis- համառօտագիր
Tab- ներդիր, սիւնատ
Tag- տրոհ, պիտակ
Timelapse- ժամահոսք
Timeline- ժամագիծ
Toolbar- գործիքագօտի
Touch face- հպերես
Undo- յետարկու
Unzip- անխիտ
Visions- տեսլակներ
Wipe cut- արտամղում
Workflow- աշխատահոսք
Workshop- աշխատարան
Zip – խիտ
Zip file- խիտ ֆայլ, սեղմանիշք
Zooming- դիտափոխում

Tert.am

No comments:

Post a Comment