30.12.13

Վարդան Պետրոսեան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթէ ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ»

ԶԱՐՈՒՀԻ ՄԵՋԼՈՒՄԵԱՆ

Հեռախօսազրոյց դերասան եւ երկու ամիս կալանավայր գտնուող Վարդան Պետրոսեանի հետ:
-Վարդա՛ն, ինչպէ՞ս էք, առողջութիւնն ինչպէ՞ս է Ձեր:
-Առողջական վիճակս բաւարար է, համեմատաբար լաւ եմ, կրիզիսային վիճակն անցաւ: Գիտէ՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցէին կիսագիտակից վիճակում պատգարակի վրայ: Երբ անկողին մտայ, տեսայ շուրջս հաւաքուած սեւ հագած տղաներ` կալանաւոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խօսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, յետոյ թէյ բերեցին, զարմանալի մի թէյ` մեղրամոմով: Տուեցին գաթա: Կը հաւատա՞ք` 10-15 րոպէում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նոյնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդէն կարգաւորուել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տեւել` 10 ժամից աւելի: Այդ ողջ ընթացքում ինձ մօտ էր շտապօգնութեան բժիշկը, ով հետեւում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիւանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մէկ-մէկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողութեան տակ եմ:

-Մարդու կեանքում բեկումային թուեր կան: 2013-ի Հոկտեմբերի 20-ից առաջն ու յետոն ինչպէ՞ս էք բնորոշում:
- Վթարից ճիշդ կը լինէր ես մահանայի, ոչ թէ այն երկու պատանիները, բայց եթէ Աստուած պահպանեց իմ կեանքը, պարտաւոր եմ ապրել այլ կերպ` աւելի՛ հոգեւոր կեանքով: Այս դէպքը իմ հոգեւոր կեանքում բեկում կ'առաջացնի, ինչը կ'անդրադառնայ եւ՛ իմ մասնագիտական, եւ՛ հասարակական կեանքում: Այդ բեկումն արդէն եղել է:
 
-Վթարից յետոյ մեծ աղմուկ բարձրացաւ, քննարկումներ` սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատաւոր, շատերը` փաստաբան: Ձեր յայտնի լինելը, ի՞նչ էք կարծում, խանգարե՞ց:
-Հասկանալի էր, որ իմ յայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացաւ: Յետոյ առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները եւ դրանց դէմ հակազդեցութիւնները շատ վնասեցին, նախաքննութեան ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրաւորեցին: Իմ կալանաւորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամէնի մէջ, հիւանդ վիճակում կալանաւորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամէնը մարդկանց վիրաւորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանութիւն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանօրէն չանդրադառնալ զոհուած երեխաների ընտանիքների վրայ:
Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջոյ ծածկում է այն, ինչ կայ խորքում: Եւ ես աւելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են` դատաւոր, դատապաշտպանից շատ հեռու: Եւ մինչեւ իրար մեղադրելը, մինչեւ իրար վրայ քար նետելը մարդ իրապէս պիտի հասկանայ այն ողբերգութիւնը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհուել է եւ մէկն էլ ողջ է մնացել, փառք Աստծոյ, բայց ծանր վիրահատութիւններ է տարել: Եւ իմ առաջին միտքը եւ խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կը լինեմ քայլելու, թէկուզ ուրիշի օգնութեամբ, ինձ տարէք այդ մարդկանց տուն, որովհետեւ ես այդպէս եմ պատկերացնում առաջին քայլը` կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցաւը, որովհետեւ ես մասնակից եմ դրան թէկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետեւ դա, այնուամենայնիւ, նաեւ իմ մասնակցութեամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհուել այդ մայրերի առաջ, փարուել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասուել, կիսել ամբողջութեամբ նրանց վիշտը: Բայց, աւաղ, հիւանդանոցից դուրս գրուելուց անմիջապէս յետոյ ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Յակոբեանների մօտ, ցաւակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ: Ցաւօք, իմ մասին խօսքի վրայ արգելք է դրուել, կալանք է դրուել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նոյնպէս հասկանում եմ: Եւ ես մտածել եմ, որ ժամանակ է պէտք: Ցաւալին  այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարէնը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականութեան, հակառակը` աւելի է գրգռում: Եւ մենք սկսում ենք իրար վրայ մեղքեր ման գալ: Ինչի դա կը բերի, որեւէ լաւ բանի՞: Արդեօ՞ք զոհուած երեխաներին մի օգուտ կը տայ կամ այն աղջկան, ով ծանր վիրահատութիւններ է տարել եւ հիմա էլ ունի բժշկական օգնութեան կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցութիւն ունենալ այդ ամէնի մէջ` Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնութիւն: Վկայ է Աստուած` քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգաւոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարաւոր է դա հասկանալ: Չգիտեմ, արդեօք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մէջ էլ կայ մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաեւ մեղաւոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհուած երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաեւ իմն են: Արդեօ՞ք այդ ընտանիքները կը հասկանան իմ այս միտքը, արդեօ՞ք չեն չարանայ: Իմ համար այդ երեխաները կենդանի են, եւ ես նրանց հետ գնալու եմ դէպի ապագայ… մինչեւ վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծոյ առաջ, եւ ես իմ բաժին պատասխանը տամ:
Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պէտք էր օգնութիւն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատուութեան, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանուել: Արդեօ՞ք բնական չէ իմ պաշտպանուելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եւ այս փոխադարձ ինքնապաշտպանութիւնը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրայ:
Այս ամբողջ նախաքննութիւնը տանում է ինչ-որ մի դատավարութեան, որը նախատեսում է 4-10 տարուայ ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթէ ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամէնը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճւում ենք դրանով, միգուցէ կա՞ն մարդիկ, որ իսկապէս հրճւում են: Ոչինչ է դա ինձ համար:
Իմ կեցուածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջեւ բոլորովին այլ է, դատարանի առջեւ` բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչեւ դատարանին հասնելը, շատ կ'ուզէի լինէր ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, աւելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստուածաշնչեան խօսքերը յիշեցի. «Ողորմութիւն եմ ուզում, ոչ թէ զոհ»: Իսկ մենք գնում ենք դէպի նոր զոհեր:     
Տեղի է ունեցել ողբերգութիւն, եւ այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարէն կարող էր լինել ցանկացած մէկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցաւ, մի տառապանք, որ կրելու եմ մինչեւ կեանքիս վերջ: Եւ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստուած զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ աւելի: Ես չեմ հրաժարւում զրկանքի ինձ հասանելիք չափից:
 
-Խօսեցիք հապճեպութիւնից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպութիւն դրսեւորուեց: Օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան սկզբունքը ցոյց տալու խնդիր կա՞ր, թէ՞…
-Երեւի ինչ-որ մէկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անյարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրաւական համակարգն իսկապէս կարիք ունի բարեփոխումների: Եթէ ամէն ինչ օրէնքով պիտի արուի, թող ինձնից սկսուի, ինչո՞ւ ոչ:
Կալանքի երկարացման համար կ'ուզէի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լաւ եմ զգում. շրջապատուած եմ  բախտակից եղբայրներով, որոնցից ամէն մէկն ունի իր պատմութիւնը, իր ողբերգութիւնը, ինչպէս նաեւ բժշկական հսկողութեան տակ եմ:
 
-Ստեղծագործո՞ւմ էք դատապարտեալների հիւանդանոցում:
-Դեռեւս ապրում եմ կալանաւորի կեանքով: Շփւում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարեւոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանայ, կ'իմանաս միայն ապրելով: Ինչքան խեղուած ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմութիւններ: Իմ կալանաւոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ` ինչու էք այդպէս մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մէկը թող իրեն ապահովագրուած չզգայ: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, եւ մեզ ոչինչ չի պատահի:  Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամէն տեղ կարող է դարան մտած՝ սպասում է մեզ եւ կարող է մի վայրկեանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երեւի սա անհրաժեշտ փորձութիւն է, նրան նուաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետեւ երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ:
Դեռեւս չեմ գրում, հաւաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եւ հէնց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խօսք, նաեւ կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախութիւն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսեանին, բեմի Վարդանին: Բայց, մի՛ վախեցէք, ես յետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խօսք ունեմ ասելու: Եւ իմ խօսքը կը լինի շատ աւելի իմաստուն, շատ աւելի կտրուկ, կեանք տեսած, խոհեմ, խելօք, խորը:
 
-Վարդան, Ամանորը դիմաւորելու էք դատապարտեալների հիւանդանոցում…
-Ես իմ կալանաւոր եղբայրների հետ միասին պիտի անցկացնեմ Նոր Տարին: Այստեղ էլ մարդիկ ունեն իրենց երազանքները: Գիտէ՞ք, որն է իրենց առաջին նուիրական երազանքը: Կը մտածէք` ազատութիւնը: Ո՛չ, առաջին հերթին, դրսում գտնուող իրենց ծնողների ու երեխաների առողջութիւնն է ու երջանկութիւնը: Նոր յետոյ` իրենց ազատութիւնը: Այդպիսին են կալանաւորները:
Յետոյ գալու է Սուրբ Ծնունդը, նոյնչափ սիրելի տոն ինձ համար: Շատ կ'ուզեմ, որ Քրիստոսի ծննդեան հետ ամէն մարդ վերածնուի որպէս հոգեւոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամէն ինչ անում են հոգեւորը սպանելու համար: Բայց այդ հոգեւորը կենդանի է, քանի կայ հոգու լոյսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թէկուզ կալանավայրում: Զրկանքները տրուած են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կայ այդ գիտակցումը, ոչ մի ցաւ նրան չի տապալի, ընդհակառակը կը դարձնի աւելի ուժեղ, աւելի դիմացկուն, աւելի լուսաւոր:
Աւանդոյթի համաձայն, Յունուարի 1-ին մենք գնում ենք այն մարդկանց տուն, ովքեր հարազատ են կորցրել: Այդ առումով ծանր տարի էր, ես շատ մտերիմներ, հարազատներ, գործընկերներ եմ կորցրել: Բայց ինձ համար ամենածանր կորուստը երկու պատանիներն են, որ մահացան: Եւ ես շատ կ'ուզէի Յունուարի 1-ին լինել առաջին մարդը, ով կը թակէր այդ մարդկանց տան դուռը ցաւակցելու համար: Բայց այդ դռները փակ են իմ առաջ, ես էլ կալանատանն եմ: Սակայն մտովի կը գնամ այդ մարդկանց մօտ: Կը ցաւակցեմ երկու ընտանիքներին, անտեսանելի մի պահ կը նստեմ անկիւնում, յետոյ կ'այցելեմ իմ ազգականներին ու կը վերադառնամ կալանավայր:
Նոր Տարին թող բերի, առաջին հերթին, խաղաղութիւն յատկապէս Յակոբեանների ընտանիքներին, 2 պատանիների հոգիներին` խաղաղութիւն, առողջութիւն` փոքր աղջկան, մխիթարութիւն` մայրերին, համբերութիւն` հայրերին: Կալանաւոր եղբայրներիս էլ համբերութիւն: Նրանց հարազատներին, որ սրտատրոփ սպասում են իրենց սիրելիների ազատութեանը: Իմ հարազատներին, որ այդքան իմ պատճառով տառապում են, նորից համբերութիւն: Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյութիւն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ:  
Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկէտը` նորից ամաչելով: Կ'ուզէի լինել դատարանում, որովհետեւ այնտեղ էլ ահագին նիւթ կայ ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ եւ այլն: Ես իրենց արդէն ասել եմ` մի՛ նեղացէք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում էք իմ յաջորդ ներկայացման սցենարը:

«Հետք», Դեկտեմբեր 29, 2013  

No comments:

Post a Comment