22.11.13

«Առան, Շիրվան եւ Ադրբեջան». Հայաստանի համար կարեւոր միջազգային հնչեղութեան միջոցառում

ԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Օրերս ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնը կազմակերպել էր «Առան, Շիրվան եւ Ադրբեջան» միջազգային հնչեղութեան գիտաժողով, որին ներկայ էին տարածաշրջանի բնիկ ժողովուրդների` Ադրբեջանում «ազգային փոքրամասնութիւն» բնորոշումը ստացած թալիշների, թաթերի, լեզգիների, աւարների ներկայացուցիչներ: Գիտաժողովին մասնակցում էին արեւմտեան հեղինակաւոր ուսումնական հաստատութիւնների պրոֆեսորներ, տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ գիտնականներ եւ ասպիրանտներ: Գիտաժողովի ընթացքը չխաթարեց անգամ էլեկտրաէներգիայի ժամանակաւոր անջատումը:
ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրեանը տեղեկացրեց գիտաժողովի առանցքային նշանակութեան եւ առանձնայատուկ կարեւորութիւն ունեցող զեկուցումների մասին:
«Նախ այսպիսի միջոցառումներին մշակւում են ուղենիշներ, որոնք յետագայում պէտք է քննարկուեն եւ յայտնուեն հայ-իրանական, հայ-թալիշական, հայ-լեզգիական փոխյարաբերութիւնների հիմքում: Ինչ վերաբերում է կոնկրէտ այս գիտաժողովին, ապա այս անգամ հանգամանօրէն քննարկեցինք
Ա. Ադրբեջանում էթնիկական ժողովուրդների հարցերի ընդհանրացումը, հնարաւոր լուծումների առաջարկներ ու մշակումներ: Քանի որ տեղաբնակ ժողովուրդները հասկանում են` չի կարող Ադրբեջանի նման երկրում լինել իրենց իրաւունքների պահպանում, խօսքի ազատութիւն, ազգային պատկանելութեան նկատմամբ հանդուրժողականութեան քաղաքականութիւն, բնականաբար նրանք ձգտում են նուազագոյնն ինքնավար պետական միաւորման ստեղծմանը: Այս գաղափարն  էլ աւելի ամրապնդուեց գիտաժողովին:
Բ. Իրանի դերը տարածաշրջանում` որպէս քաղաքական-հասարակական գործօն, հայերի հետ առնչութիւնները:
Գ. Մենք գրանցեցինք Արեւելագիտութեան ֆակուլտետի ուսանողների գիտական մակարդակի բարձրացում, մեր իրանագիտութեան դպրոցի ձեռքբերումների դրսեւորման հնարաւորութիւն»:
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, շարունակելով գիտաժողովի բարձրացրած առանցքային ու արդիական  հիմնախնդիրների թեման, նկատեց.
«Գիտաժողովը մեր գիտական միջոցառումների շարքից է: Դեռեւս 2005-ին առաջին թալիշագիտական միջազգային գիտաժողովն էր, շարքը մինչ օրս շարունակւում է, սա էլ մի մասն էր այդ շղթայի: 2005-ից ի վեր գրեթէ ամէն տարի ամենաքիչը մէկ գիտաժողով ենք ունենում: Առանցքային քննարկումները ծաւալուեցին ներկայիս Ադրբեջանի թե՛ տեղաբնակ ժողովուրդների, թե՛ հէնց ադրբեջանցիների խնդիրների շուրջ: Ասեմ, որ մենք դիտարկում ենք որպէս գործընկեր այն էթնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք չեն գնում կեղծ արժէքների, հայատեացութեան քարոզչութեան հետեւից, հիմնուած չեն կեղծ պատմութեան վրայ, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցելու` անկախ նրանց բնակութեան վայրից, դաւանանքից ու քաղաքացիութիւնից: Այս գիտաժողովներն ապացուցում են, որ հայերը կրողները չեն այն կերպարի, որն ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իր տարածքի բնիկ ժողովուրդների աչքին»:
Զեկուցումների տեսքով քննարկուեցին կովկասալեզու ժողովուրդների, թաթերի կամ կովկասեան պարսիկների խնդիրները, եւ առաջին անգամ ՀՀ պատմութեան մէջ Հայաստան ժամանած թաթ ժողովրդի ներկայացուցիչը զեկոյց կարդաց Ադրբեջանում ու Դաղստանում թաթերի խնդիրների վերաբերեալ: Նոր ասպարէզներ բացուեցին, որտեղ մենք կարող ենք լուրջ յաջողութիւն գրանցել Իրանի, Վրաստանի, Դաղստանի, Արեւմուտքից` Կանադայից ու այլ երկրներից ժամանած գիտնականների հետ բեղուն համագործակցութեան շրջանակներում:
Ուշագրաւ էր գիտաժողովի ժամանակ Իրանի համալսարանի պրոֆեսոր Սալեհի զեկուցումը 16-րդ դարի մի քանի մանրանկարների մասին: Այստեղ պատկերուած էր եւ գրուած ներկայիս Ադրբեջանի տարածքի` Առանի ու Շիրվանի, շիայ դաւանող ժողովուրդների դաժան կոտորածների պատմութիւնը, որ իրագործել էր Օսմանեան կայսրութիւնը: Սա փաստացիօրէն փշրում է այն կարծրատիպային գաղափարախօսութիւնը, որ մշտապէս առաջ են տանում ու քարոզում նոյն Ադրբեջանի իշխանութիւնները` «երկու պետութիւն, մէկ ժողովուրդ»: Բնականաբար, սա միակ կռուանը չէ այս թիւր մտքի չէզոքացման պարագայում, սակայն նշանակալից է, քանզի հիմնուած է միջնադարեան աղբիւրի վրայ:
Պարոն Ոսկանեանը նշեց, որ հայկական իրականութեանը պէտք են մասնագիտացուած լրագրողներ, քանի որ գիտաժողովում շօշափուած թեմաները լուսաբանելու համար անհրաժեշտ է խորքային մօտեցում եւ թեմայի իմացութիւն: Նա կոչ է անում լրագրողներին զգօն լինել համանման թեմաների շուրջ գրելիս, նախապատմութիւններին ուշադրութիւն դարձնել, իրանագէտներն էլ իրենց հերթին պատրաստ են մեկնաբանել կամ հարկ եղած դէպքում յուշել ու մատնանշել աղբիւրները:
Նկատենք, որ ծագումով Իրանից, արեւմտեան տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների պրոֆեսորները, մեզ հետ զրոյցում կարծիք յայտնելով Ադրբեջանում Հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրութիւնների վերաբերեալ, խօսեցին զանգուածային ընտրախախտումների, Իլհամ Ալիեւի երրորդ պաշտօնաւորման կանխատեսելի բացասական հետեւանքների, ինչպէս նաեւ նախընտրական ու հետընտրական անհիմն ձերբակալութիւնների, մասնաւորապէս թալիշների ու լեզգիների նկատմամբ կիրառուող հետապնդումների մասին: Շեշտուեց, որ Արեւմուտքը բաւարար ուշադրութիւն չի դարձնում այս հիմնահարցերին` նուազ չափով բարձրաձայնելով Ադրբեջանի տեղաբնակ ժողովուրդների խնդիրը, երբ անհրաժեշտ է լինում սեփական նկրտումներից ելնելով` լծակներ կիրառել Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ:

www.animargaryan.org, Նոյեմբեր 7, 2013

No comments:

Post a Comment