6.10.13

Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի Մարտիրոս Սարեանի նախագիծը

ՊԵՏՐՈՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան հռչակումը (28 Մայիս, 1918 թ.) կարեւոր նշանակութիւն ունեցաւ հայկական նորոգ պետականութեան կերտման գործում: Շուրջ 500 տարի հայ ժողովուրդը զրկուած էր պետականութիւնից եւ Մայիսի 28-ի ակտով հնարաւոր է դառնում նորովի կերտել պետական կառոյցներն ու խորհրդանիշները:

Հանրապետութեան խորհրդանիշներն սկսուել են օգտագործուել դեռեւս մինչեւ դրանց պաշտօնապէս հաստատումը: Այդ տեսակէտից յատկապէս յատկանշական են պետական դրօշի ընդունման հետ կապուած իրողութիւնները: Յայտնի է, որ Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշը չի հաստատուել պետական մարմինների՝ Խորհրդարանի եւ կառավարութեան կողմից, սակայն սկսել է օգտագործուել դեռեւս 1918 թ. երկրորդ կէսից:
Իրադարձութիւններին քաջատեղեակ եւ դրանց բոլորից մօտ կանգնած Հայաստանի Հանրապետութեան երբեմնի վարչապետ Սիմոն Վրացեանը վկայում է, որ պետական դրօշը ընդունուել է 1918 թ. Յուլիսին՝ Թիֆլիսի եւ Երևանի Ազգային Խորհուրդների` Երեւանում կայացած միացեալ նիստում` վերջնական հաստատումը թողնելով Սահմանադիր Ժողովին: «Դրօշակի ձեւի եւ գոյնի շուրջ,- գրում է Ս. Վրացեանը,- եղան բաւական երկար խորհրդակցութիւններ. ի նկատի առնուեցին Հայոց պատմական դրօշակները, լսուեց հայկաբան Ստ. Մալխասեանցի հիմնաւորուած զեկուցումը հայկական դրօշակի մասին եւ, ի վերջոյ, որոշուեց ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարուի Սահմանադիր Ժողովի կողմից, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ:
Ի՞նչ բովանդակութիւն կամ խորհուրդ էր դրւում այդ գոյների կամ դրօշակի ամբողջութեան մէջ:
Առանձին պատգամաւորներ իրենց մտքում ունէին, անշուշտ, որոշ բացատրութիւն, ոմանք ճառով էլ արտայայտուեցին, բայց Հայաստանի Խորհուրդն այդ մասին որեւէ որոշում չտուեց, եւ դրօշակն իր ամբողջութեան մէջ, գոյների ընտրութիւնն ու դասաւորութիւնը, աւելի շուտ, արդիւնք էր քուէարկութեան պատահականութեան:
Պատգամաւորների մի մասի կողմից մասնաւոր առարկութիւն էր լսւում, գլխաւորապէս գործնական տեսակէտից, նարնջագոյնի դէմ, Հայաստանում դժուար էր այդ գոյնի կտոր գտնել: Առաջարկում էին փոխարէնը դնել կանաչ գոյնը. ոմանք փաստ էին բերում, որ կանաչը մեր պատմական գոյներից մէկն է: Բայց նարնջի գոյնը առանձնապէս պաշտպանում էր Յովհաննէս Քաջազնունին, որը ղեկավարւում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմիրի, կապոյտի եւ նարնջագոյնի ներդաշնակութիւնը դուր էր գալիս նրան:
Կային, սակայն, հայկական եռագոյնի մէջ եւ գաղափար ու խորհուրդ դնողներ: Այդ գոյները, կարծես, բխում էին մեր կեանքից, խորհրդանշում էին հայ պետականութեան ծագումն ու ապագան: Կարմիրը հայ ժողովրդի թափած արիւնն էր, կապոյտը՝ Հայաստանի կապոյտ երկինքը եւ նարնջի կամ ոսկու գոյնը՝ խտացումը մեր աշխատանքի: Հայ ժողովուրդը, որ արիւնով էր ձեռք բերել իր ազատութիւնը հայրենի կապոյտ երկնքի տակ իր համբաւաւոր աշխատասիրութեամբ՝ պիտի վերաշինէր երկիրը եւ ապրէր ազատ ու երջանիկ…»* :
Այսպիսով, Թիֆլիսի եւ Երեւանի Ազգային Խորհուրդների միացեալ նիստի մասնակիցների քուէարկութեամբ է, որ հանրապետութեան պետական դրօշն ունենալու էր հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները: Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշն առաջին անգամ բարձրացուել է 1918 թ. Օգոստոսի 1-ին Խորհրդարանի շէնքի գլխին՝ Հայաստանի Խորհրդի բացման օրը: Բայց նարնջի գոյնի կերպասի առկայութիւնն այն ժամանակների Երեւանում անհնարին էր ապահովել: Ելքը փորձել էր յուշել Ներքին Գործոց նախարար Արամ Մանուկեանը: 1918 թ. Սեպտեմբերի 19-ին նա շրջաբերական հրահանգ է ուղարկել պետական կառավարման հիմնարկութիւններին՝ ունենալ եւ կրել «Հանրապետութեան դրօշակ հետեւեալ գոյներով, ըստ կարգի վերեւից ներքեւ՝ կարմիր, կապոյտ, դեղին»**:
Վերոշարադրուածը վստահօրէն ցուցում է, որ Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշը եղել է ժամանակաւոր, իսկ վերջնական հաստատումը թողնուել է Սահմանադիր Ժողովին***: Բնականաբար, պետական դրօշի վերջնական տարբերակի վերաբերեալ եղել են ոչ միայն խորհրդակցութիւններ, այլև խօսակցութիւններ, առաջարկութիւններ: Այս տեսանկիւնից հետաքրքրութիւնից զուրկ չէ հայ նշանաւոր նկարիչ Մարտիրոս Սարեանի խորհրդածութիւնները, որ ստորեւ ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Իր տեսակէտները Հայաստանի պետական դրօշի գոյների եւ դրանց հերթականութեան մասին նա յատուկ նամակով փոխանցել է հանրապետութեան վարչապետ Ալեքսանդր Խատիսեանին:
Նամակը, որ գրուած է ռուսերէն 1919 թ. Յուլիսի 3-ին Նոր Նախիջեւանից, արդէն հրատարակուել է նկարչի թոռնուհու՝ Ռուզան Սարեանի կողմից****: Ցաւօք հրապարակումը չի ուղեկցուել Մարտիրոս Սարեանի երեք ջրաներկ պատկերների (դրօշի) վերատպումով: Կարծում ենք, որ դա աւելորդ չէ: Մեր մշակոյթի մեծերից պահպանուած իւրաքանչիւր տող, էսքիզ, սեւագիր նոթ եւ այլն իրական մասունքի արժէք ունի, ինչպէս օրինակ` Լէոնարդօ դա Վինչիից ու Պիկասոյից կամ Չարենցից ու Թումանեանից, Ադոնցից ու Իսահակեանից հրաշքով փրկուած յիշատակները: Այս նկատառումով է, որ հրատարակում ենք Մարտիրոս Սարեանի առաջարկած Հայաստանի պետական դրօշի էսքիզներն ու խմբագրական առանձին միջամտութիւններով՝ Ալ. Խատիսեանին ուղղուած նամակը***** :
Մեծարգոյ Ալեքսանդր Իւանովիչ,
Մօտ մէկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց Խորհրդարանի անդամ Մարտիրոս Յարութիւնեանը: Ի միջի այլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրօշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը: Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Յարութիւնեանի խօսքերից իմացայ, որ դրօշը վերջնականապէս մշակուած չէ, եւ ես՝ որպէս նկարիչ, համարձակւում եմ անել մի քանի առաջարկութիւններ:
 Ծիածանի հիմնական գոյները հետեւեալն են՝ կարմիր, դեղին եւ կապոյտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագոյնը, կանաչը եւ մանուշակագոյնը: Ընդամէնը վեց գոյն, հետեւեալ հերթականութեամբ` 

կարմիրնարնջագույնդեղինկանաչկապույտմանուշակագույն:
  
Գոյների նման հերթականութիւնը թողնում է ծիածանի ամբողջական տպաւորութիւն, եւ ինձ թւում է, թէ հէնց այդպիսին պէտք է լինի Հայաստանի դրօշը:
Մարտիրոս Սարեանի էսքիզները
Եռագոյն դրօշներ ընդհանրապէս բաւականին շատ կան: Գոյութիւն ունի նաեւ Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրօշը:
Իմ կարծիքով, մեզ՝ որպէս արեւելեան ժողովրդի, չափազանց կը պատշաճէր բազմագոյն դրօշը, որն ի յայտ է բերում ինքը` չքնաղ եւ յաւերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամէն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իւանովիչ, դիմելով Ձեզ, որպէս հին հասարակական գործչի եւ կրթուած մարդու, որ գլխաւորում է մեր կառավարութիւնը, յուսով եմ, որ Դուք անուշադրութեան չէք մատնի դիտողութիւններս եւ Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կը կամարէք մեր տանջուած եւ սիրուած Հայրենիքը:   
                                                                        Անկեղծօրէն Ձեզ նուիրուած՝
նկարիչ Մարտիրոս Սարեան

1919 թուական
31 Յուլիսի
Դոնի Նախիջեւան
1-ին Սոֆիևսկայա, 27

* Ս. Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Թեհրան, 1982, էջ 183:
** Ա. Վիրաբեան, Ինչպէս են ընտրուել Հայաստանի առաջին Հանրապետութեան պետական խորհրդանիշերը, տե՛ս «Հայաստանի Հանրապետութիւն», օրաթերթ, 2006:
*** Հայկական դրօշակներ եւ զինանշաններ, Բէյրութ,1966, էջ 47-48 :
**** Մարտիրոս Սարեան, Նամակներ, հատ. I (1908-1928), տեքստերը պատրաստեց, կազմեց, խմբագրեց եւ յառաջաբանը գրեց Ռուզան Սարեանը, Երեւան 2002, էջ 216:
***** Բնագիրը տե՛ս ՀՀ Ազգային Արխիւ, ֆ. 200, ց. 1, գործ 35, թ. 138, 139, 140:

«Էջմիածին», թիւ Ե, 2009




No comments:

Post a Comment