ԼԵՒՈՆ ԳԱԼՍՏԵԱՆ
«Արեւմտեան քրիստոնէութիւնը կամ ուրիշ խօսքերով, քրիստոնեայ եւրոպականութիւնը ներկայացնող քաղաքական մեծ ուժը, Հայաստանի վերաբերմամբ գործադրում էր իր շահերի քաղաքականութիւնը, որ ոչ մի կապ չունենալով կրօնակցութեան կամ քրիստոնէութեան հետ, սիրում էր յաճախ վարագուրուել այդ գաղափարական անուններով: Սակայն հայ գործիչների կրօնակցական հանգամանքն այնքան հիմնաւոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հաւատում էին, թէ իրենց կրօնակից արեւմուտքը երբեք չի թողնի, որ ահաւոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թոյլ Հայաստանը: Այս նախապաշարմունքը մեծամեծ աղէտներ է պատճառել հայ ազգին»:
ԼԷՕ
Ինչպէս անհատը, այնպէս էլ ազգը ունենում է բնական հասունացման փուլեր, մանկութիւն, հասունութեան: Չհասունացած, այսինքն կեանքի բարդ երեւոյթներին չհամակերպուող մարդուն անուանում են մանկամիտ: Այդպիսի մարդու տարբերակիչ յատկանիշն է ուրիշին ապաւինելը: Մեր ազգի անհատները, անշուշտ, հեռու են մանկամիտ լինելուց: Բայց այստեղ բախւում ենք պարադոքսի, հասուն անհատներ, հաւաքական մանկամտութիւն: Սխալ է այն միտքը, թէ ազգի հասունութեան չափանիշը միայն պաշտօնական դիւանագիտութեան հասունութիւնն է: Կայ նաեւ ժողովրդական դիւանագիտութիւն, որն ի տարբերութիւն պաշտօնականի` պահպանողական է եւ դժուար է ճկւում: Այսօր Հայաստանի քաղաքական ուժերի ծրագրերը ճանաչելու ոչ մի դժուարութիւն չկայ: Մամուլ, միտինգ, նոյնիսկ հեռուստատեսութիւն: Պաշտօնական դիւանագիտութիւնը (լայն իմաստով` ապարատի, հասարակական կազմակերպութիւնների եւ կուսակցութիւնների գործունէութիւնների մեխանիկական գումարը) ջանում է ժողովրդին տանել իր ետեւից, ցաւօք, ժողովրդական կոլեկտիւ գիտակցութիւնը հասկանալով ոչ թէ որպէս իր ներքին մեխանիզմը ունեցող իրողութիւն, այլ իբրեւ փիլիսոփայական հասկացութիւն: Ուստի անհրաժեշտ է ճանաչել սեփական ժողովրդի ազգահոգեբանաթիւնը, դիտելով այն մասնաւորապէս մշակութաբանական տեսանկիւնից:
Հայ ժողովրդական դիւանագիտութիւնը ձեւաւորուել է եւ շարունակում է գործել քաղաքական իրադարձութիւնների, գաղափարների եւ հերոսների (առաջնորդների) իւրօրինակ բանահիւսական ընկալման շրջանակներում: Նշենք վերջինիս ամենատիպական յատկանիշները.
1. Քաղաքականութեան բարոյական ըմբռնում. աշխարհը լոյսի եւ մութի, բարու եւ չարի յաւերժական պայքար է: Ժողովուրդը միշտ արդար է:
2. Հերոսը (առաջնորդը) իդէալական է, չպէտք է ունենա հակասութիւններ: Հերոսին քննադատելը նրան իդէալական տեսնելու պատկերացումից է բխում:
3. Ժամանակը անփոփոխ է. «Այսպէս եկել է, այսպէս կը գնա»:
Միաժամանակ պնդել, թէ նշուած յատկանիշները բնորոշ են միայն հայ ժողովրդին, ճիշդ չի լինի: Խնդիրն այն է, որ ազգային ողբերգութիւնների առարկայական նստուածքը եւ վերջինիս մշտապէս համակերպուող պաշտօնական դիւանագիտական դիրքորոշումները մեզանում զարմանալիօրէն համարժէք են եղել: Խօսքը ազգի եւ նրա առաջնորդների ցանկալի միասնութեան մասին չէ, այլ յստակօրէն տարբերակուած պրոֆեսիոնալ դիւանագիտութեան բացակայութեան մասին: Պատահական չէ, որ շատ համարձակ եւ առողջ գաղափարներ (յատկապէս ազգային անկախ պետականութիւն ունենալու գաղափարը) դժուարութեամբ են թափանցում ժողովրդական կոլեկտիւ գիտակցութեան ամուր պատնէշներից ներս:
Ոմանք, հապշտապօրէն այս երեւոյթը բացատրում են այսպէս կոչուած ազգային բարդոյթների գոյութեամբ: Անտեսւում է երեւոյթի (թուրքավախութիւն, ռուսավախութիւն) պատմամշակութաբանական պատճառականութիւնը: Ազգային մանկամտութիւնը բացատրել զուտ քաղաքագիտական վատ պատրաստուածութեամբ եւ մեխանիկօրէն նրան պարտագրել դիւանագէտ լինելու չափանիշներ, յղի է հիւանդագին հակազդեցութեամբ:
Այսպէս, Երեւանի փողոցներից մէկը Անդրանիկի անունով անուանակոչելու հանդիսութեան օրերին մարդիկ անբարեացակամօրէն ընդունեցին հռետորներից մէկի պատմական մի ակնարկը, որը ներկայացնում էր նաեւ հերոսի դիւանագիտական վրիպումները: Ինչ խօսք, հռետորի նպատակը Անդրանիկի կերպարի ամբողջական, պատմականօրէն լիարժէք բացայայտումն էր, բայց ժողովրդական ընկալումը ետ մղեց այն: Բանն այն է, որ Անդրանիկի կերպարը ազգի եօթանասնամեայ նիրհի մէջ անգամ գոյավարել է ընդհանրապէս ազգային հերոսի աւանդական կաղապարի կայուն օրէնքներով (սպիտակ նժոյգով ամենայաղթ հերոսը):
Ազգի քաղաքականացումը գաղափարների քարոզչական «արմատաւորում» չէ, այլ ազգի ինքնաճանաչման եւ աշխարհաճանաչման յարաբերակցութեան ներդաշնակաւորման որակապես նոր պատմափուլ: Այստեղ վճռորոշ դեր պիտի խաղայ ժողովրդական յիշողութեան վերաիմաստաւորումը:
Ժողովրդական յիշողութիւնը ունի երկու կենսական ազդակներ. բանաւոր-յիշողական եւ գրքային-քարոզչական: Եթէ մենք ուզում ենք հասնել ազգային գաղափարախօսութեան աւարտուն մի վիճակի, ուստի գոնէ հեռանկարային պլանում նախ եւ առաջ պէտք է նորովի ընթերցենք մեր պատմութիւնը: Այն առ այսօր մնում է մի չվերծանուած փակ նշանային համակարգ, որը ըստ էութեան զրկուել է պատմականութիւնից: Պատմութեան կարեւոր հանգուցափուլերը տարրալուծուել են մի արտապատմական եւ արտաժամանակային համոզմունքի մէջ, որը կնքուել է «հայի ճակատագիր» միստիկական ձեւակերպումով: Սրանից է ածանցուել նաեւ այսպէս կոչուած «բարոյական յաղթանակներ»ի մասին մարտիրոսական կարգախօսը:
Ընդհանրապէս յայտնի է, որ լինում են երկու տեսակ յաղթանակներ, նիւթական եւ բարոյական: Այս վերջինը հայ ժողովուրդը դարէ-դար ընկալել է իբրեւ իր աննուաճ արժանիքը: Յաղթանակի եւ պարտութեան չափանիշների այսպիսի ընկալումը իսկապէս յիշեցնում է միջնադարեան քրիստոնէական աշխարհում լայնօրէն տարածուած վկայաբանութիւնների, այսինքն հաւատքի համար պայքարած եւ նահատակուած սրբերի մասին պատմութիւնների գաղափարախօսութիւնը: Բայց, եթէ եւրոպական քրիստոնէական աշխարհը պատմութեան թելադրած նորակերպ բարոյաքաղաքական արժէքներին ականջալուր, մշակեց ազգային քաղաքականութեան առարկայական կողմնորոշիչնէր, առասպելաբանական մտածողութիւնը թողնելով պատմութեանը իբրեւ յաղթահարուած փուլ, ապա մենք մեզ պարտադրուած հարցադրումների պատասխանը նախ եւ առաջ որոնեցինք բարու եւ չարի մասին բարոյագիտական խորհրդածութիւններում, մեզնից դուրս (արեւմուտք կամ հիւսիս) մղելով դատաւորի դժուարին դերը եւ արդիւնքում ստեղծեցինք գերագոյն դատաւորի առասպելը, երեւի ապաւինելով արդար դատաստանի քրիստոնէական ակնկալութեանը: Եւ ինչպէս հաւատացեալն է իր աղօթքով ջանում հաղորդակցուել Աստծուն, այնպէս էլ մենք մի երեւելի գրական տքնանքով ստեղծեցինք «նամակ… թագաւորին» էպիստոլեար ժանրը:
Յիշեալ ժանրով ստեղծուած ծաւալուն ժառանգութեան քննութեամբ կարելի է կազմել նամակների համահաւաք տեքստը:
1. Ով թագաւո՛ր, դու հզօր ես եւ արդարադատ:
2. Մենք խեղճ ենք եւ իբրեւ նուիրուած խեղճեր, միշտ բարձր ենք պահել հաւատարիմ ծառայիդ մեր անունը: Մենք քո տէրութեան ամենածառայ ծառան ենք:
3. Մեր տունը քո տունն է: Մեր աստուածը քո աստուածն է:
4. Խնդրում ենք (տարբերակներ` աղաչում ենք, պաղատում ենք) քո օգնութեանը, որը մեր փրկութիւնն է:
5. Իմ միամիտ թագաւոր, դու քո թշնամիներին չես ճանաչում: Մենք, որպէս քո հմուտ եւ աչքաբաց ծառաներ, յայտնում ենք քեզ այն խորհրդաւոր գաղտնիքը, որ եթէ մեզ չօգնես, ապա թշնամին մեզ ուտելուց յետոյ կը գայ եւ կ՚ուտի քեզ:
ՆԱՄԱԿ Ա.
«Եւ այս է այն գրութեան պատճէնը, որ գրեցին Թէոդոս կայսրին.
«Յովսէփ եպիսկոպոս իմ բազմաթիւ եպիսկոպոսակիցներով եւ Հայոց ամբողջ, զօրքով, Վասակ մարզպան եւ Ներշապուհ Ռմբոսեան սպարապետի հետ միասին եւ բոլոր մեծամեծ նախարարներով` մեծանուն Թէոդոս կայսրիդ շատ ողջոյն հասնի մեր կողմից քեզ ու քո բոլոր զօրքերին, որ ձեր խաղաղասէր` մարդասիրութեամբ տիրում էք ծովին ու ցամտքին, եւ երկրաւորներիցս չկայ մէկը, որ դէմ գնա ձեր խոչընդոտներ չունեցող տէրութեանը:
Ինչպէս որ մենք էլ ունենք ձեր առաջինի նախնիների մասին անսուտ յիշատակարաններ, նրանք Եւրոպան նուաճելով` անցան եւ տիրեցին Ասիացիների երկրներին եւս Սերայի սահմաններից մինչեւ Գադերովնի կողմերը, եւ ոչ ոք չգտնուեց, որ ըմբոստանար եւ նրանց ձեռքի տակից դուրս գար:
Եւ այնչափ մեծ իշխանութեան մէջ մեծ ու սիրելի դաստակերտ էին անուանում Հայոց աշխարհը: Այս պատճառով էլ մեր նախնին` Տրդատիոսը, յիշելով ձեր առաջին սէրը, որ մանկութեան ժամանակ իր հօրն սպանող մարդախողխող հօրեղբայրների ձեռքից փախցրած` փրկուել ու սնուել էր յոյների երկրում եւ ձեր օգնութեամբ թագաւորելով տիրեց իր հայրենի աշխարհին, նոյնպէս եւ Քրիստոսի հաւատն ընդունելով Հռոմի սուրբ եպիսկոպոսապետից, լուսաւորեց հիւսիսի խաւար կողմերը, որ եւ ահա արեւելքի խաւարասէր որդիներն ուզում են խլել, կորզել մեր ձեռքից: Եւ մենք յոյս դնելով արիութեան ու քաջութեան վրայ, բաներ կային, որ ընդդիմացանք նրանց հրամաններին, բայց էլ աւելի շատ բան կայ, որին պատրաստուել ենք այսուհետեւ ընդդիմանալու: Գերադասեցինք մահն աստուածապաշտութեամբ, քան կեանքն ուրացութեամբ, եթէ դուք էլ պաշտպանէք մեզ, ահա կրկին կեանքի հանդիպեցինք եւ ոչ թէ մահուան, իսկ եթէ մի քիչ էլ դանդաղէք, գուցէ այս կրակի բոցը ուրիշ շատ աշխարհների էլ հասնի»:
Եղիշէ, Վարդանի եւ հայոց պատերազմի մասին, Ե., 1958, էջ 67:
ՆԱՄԱԿ Բ
«Թագաւոր ինքնակալ եւ մեր Գլխաւոր.
Արժանաժառանգ, պատուական թագաւոր Ուռուսի Մօսկովի, ամենայն մեծամեծաց,
իշխանի իշխօղ թագաւոր, յարևելից, եւ հարաւային, եւ ի հիւսիսի, եւ երեք կողմին
իշխանացն հրամանատու եւ վերակացու, հզօր եւ մեծ ինքնակալ թագաւոր քրիստօնէից,
պատուական և անթառամելի թագդ պարծանաց, գօվելի եւ վայելչական, արմատ ես
արքունական, ջահ ես լուսատու ուղղադաւան, որ միշտ լոյս ածես Ազգիս համար։
Մենք մեծ Հաեաստանեացս իշխանքներս եւ մելիքներս ի հեռիաստանէ իբր ի մօտ
գօլով արտասուելով և պաղատելով անկանիմք ի յօտս նազելի եւ ինքնակայ
թագաւորիդ. մենք անարժանքս գրեցաք գիր քո օծեալ թագաւորիդ, որ ծանուցանեմք
զմեր գամենայն խղճութիւնս ի ձեռաց ռպի (պարսիկների — Լ. Գ.), մենք այժմուս
գոյհութիւն եւ փառք կու մատուցանեմք ամենի կարողի Աստուծոյ, որ ետ քեզ
կարողութիւն, որ յաղթեցիր զհակառակորդս քո։
Մենք բոլորով սրտիւ առ աստուած աղաղակեմք, որ այլ առավել տայ կարող
զօրութին քո ինքնակալ թագաւորիդ, որ մեր աղաչանացն լսես, և գթաս ի վրայ մեր
որ լինի քեզանօվ ազատութիւն այս տառապեալ գերի քրիստօնէիցս»։
Լէօ, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Ե., 1973, էջ 43։
Լէօ, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Ե., 1973, էջ 43։
ՆԱՄԱԿ Գ
«Մեծարգոյ պարոն Գորբաչով…»:
«Գարուն», թիւ 10, 1990
Յ.Գ.-
ՆԱՄԱԿ Դ
«Մեծարգոյ պարոն...»։
«ՀԱՅԿԱԿԱՆՔ»
No comments:
Post a Comment