28.7.13

Ծնունդ, ապա դաստիարակութիւն

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Այն, ինչ ծնուեց Հայաստանում Յուլիսի 25-ին, գուցէ եւ կոչւում է քաղաքացիական հասարակութիւն: Յամենայն դէպս, բոլոր տեսակի առանձնայատկութիւնները, որոնք պարտադիր են քաղաքացիական հասարակութիւն կոչուելու համար, հայաստանեան այս նոր երեւոյթն ունի: Նախ, դասակարգային չէ, որովհետեւ արտասահմանեան թանկարժէք մեքենայի վարորդը կանգնեց այդ մեքենայի մասին միայն երազող երիտասարդի կողքին, քաղաքական չէ, որովհետեւ քաղաքական որոշ գործիչներ թէեւ երեւացին շարժման շարքերում, բայց ոչ ոք նրանց չլսեց, ու նրանք ոչինչ չասացին: Եւ, որը պակաս կարեւոր չէ, այս շարժումը խնդրի ու նպատակի հարցում կոնկրէտ ու յստակ է, հրաշալի գիտի, թէ ի՞նչ է ուզում եւ ումի՞ց է ուզում:


Շարժումը յաղթեց, յամենայն դէպս, սա այն շարժումներից է, որոնք պարտուել չունեն, որոնք, եթէ կան, ուրեմն արդէն յաղթել են: Շարժումը յաղթեց, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանում ծնուեց քաղաքացիական հասարակութիւնը: Եթէ սա այսպէս է, ապա ուրեմն, այժմ, այսօրուանից, Հայաստանում քաղաքացիական նորածին հասարակութեան դաստիարակութեան շրջանն է մեկնարկում: Այս երիտասարդներն այժմ կարող են, օրինակ, չհեռանալ կանգառներից ու պահանջել, որ ոչ թէ հարիւր, այլ յիսուն դրամ սահմանեն ուղեվարձը, ինչը անմիջապէս ծիծաղելի կը դարձնի շարժումը, կամ կարող են չհեռանալ կանգառից, ու պահանջել, որ երթուղայինները նստատեղերից բացի աւելի մարդ չվերցնեն, ինչը նոր մակարդակի կը հանի շարժումն ու կը շարունակի, եւ վերջապէս այս երիտասարդները կարող են չհեռանալ Բաղրամեան պողոտայից կամ Հանրապետութեան հրապարակից` պահանջելով նախագահից ու կառավարութիւնից ուղղակի եւ անմիջապէս կասեցնել արտագաղթը: Նրանք, ի հարկէ, կարող են ոչ մի բան չանել, եւ յիշել ամառային այս վեցօրեակը՝ որպէս ամառային ինքնատիպ հանգիստ, զարդարելով համացանցի սոցիալական տիրոյթն ու իրենց ընտանեկան ֆոտոալբոմները իրենց «բողոքաւոր»ի նկարներով:

Բայց գուցէ նրանք ուղղորդուա՞ծ էին (*), այսինքնՙ հնարաւոր է, որ նրանք անկեղծ չէին, դրա համար էլ յաղթեցին: Անկեղծ ասած, սա չպէտք է աւելի կարեւոր լինի, քան յաղթանակը, որովհետեւ երեւանցին շարունակում է հարիւր դրամ վճարել երթուղայինից իջնելիս, իսկ սա ամենակարեւոր ձեռքբերումն է, եթէ անգամ ոչ անկեղծութեան ծնունդ է, ուղղորդուած լինելու արդիւնք: Յետոյ ի՞նչ, եթէ այս երիտասարդներն ուղղորդուած են եղել (եթէ եղել են): Երբ երիտասարդները կանգնեն ու չհեռանան՝ մինչեւ վերանայ արտագաղթը, եւ արտագաղթը վերանայ, որեւէ մէկիս մտքով կ՚անցնի՞` ուղղորդուած են եղել նրանք, թէ ոչ:

«Ազգ», Յուլիս 27, 2013

(*) «Հրապարակ» օրաթերթը Յուլիս 25ին գրած էր, թէ ուղեվճարներուն դէմ շարժումը «ուղղորդուած էր» քաղաքապետ Տարօն Մարգարեանի «թշնամիներուն» կողմէ, յանձին՝ Հայաստանի Փոխադրամիջոցներու եւ Կապի նախարար Գագիկ Բէգլարեանի, որ Երեւանի քաղաքապետ եղած է 2009-2010ին եւ պարտադրուած՝ հրաժարելու («Հայկականք»)։

No comments:

Post a Comment