4.12.12

Մենք չենք ուզում ձեզ կարօտել

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

Չենք ուզում ու վերջ: Ոչ թէ որովհետեւ ձեզ չենք սիրում, այլ որովհետեւ ձեզ սիրում ենք: Դուք ասում էք, թէ ձեր երա՞զն էք կորցրել Երեւանի գիշերներում... Հաւատում ենք, աւելին` մենք էլ: Բայց մենք նաեւ ձեզ ենք կորցրել, ձեր ասած Երեւանի գիշերների կամ մեր սիրոյ աշնան նման անվերադարձ:
Չէ, գալիս էք (ինչը վերադարձ չէ), յիշում էք մեզ, սիրում էք մեզ, կարօտում էք մեզ, ու գիտէ՞ք, մենք չենք ուզում, որ դուք մեզ կարօտէք ոչ թէ որովհետեւ ձեզ չենք սիրում, այլ որովհետեւ ձեզ սիրում ենք, գիտենք, որ դուք էլՙ մեզ: Ու գիտենք, որ գնացել էք ոչ թէ որովհետեւ մեզ չէք սիրում կամ ձեզ աւելի շատ էք սիրում, այլ գնացել էք, քանի որ մեզ սիրում էք, շատերդ յանուն մեզ. այդ մասին են վկայում այն բանկային «չէկ»երը, որոնք պահպանում ենք` ամէն ամիս ձեզանից գումար ստանալով, պահպանում ենք ոչ թէ որպէս փաստաթուղթ, այլ որպէս ձեզանից մի թուղթ, եթէ կ'ուզէք` նամակ:
Դուք ասում էք, թէ երբ կարօտում էք, նստում էք ինքնաթիռ, որը ձեզ 2, 4, 6, 12 ժամում բերում է այստեղ, որտեղ մենք ենք, ու որտեղից դուք էք գնացել: Իսկ գիտե՞ք, թէ ինչե՜ր կարող էինք մենք անել այդ 2, 4, 6, 12 ժամում, օրինակՙ դուք կարող էիք 2 ժամ համերգ տալ, մենք` ձեզ ծափահարել... Պատերազմներ են սկսւում 2 ժամում, պատերազմներ են աւարտւում 12 ժամում, մարդիկ են ծնւում ու մահանում, ու սիրում ու կարօտում 12 ժամում. մենք չենք ուզում, որ դուք մեզ կարօտէք ու չենք ուզում, որ ձեզ կարօտենք: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինէք... Սուտ է, չենք հաւատում, որ գալու էք, ոչ թէ որովհետեւ խաբում էք մեզ, այլՙ որովհետեւ խաբում էք ձեզ. դուք էլ չէք գալու, մոռացէք, դուք այլեւս այլ երկրի քաղաքացի էք, ու դա դաւաճանութիւն չէ, դա ձեր ընտրութիւնն է, ձեր կեանքը, ձեր իրաւունքը: Դուք օգտուել էք գնալու ձեր իրաւունքից, մենք էլ մեր (ու նաեւ ձեր) մնալու իրաւունքից...
Դուք ոտքի էք կանգնում, յուզւում էք, արտասւում էք, երբ «Հայաստան», «հայ» բառերն էք լսում: Մենք էլ: Դուք դրա համար ձեր պատճառն ունէք, մենք` մեր, դուք արտասւում էք կարօտից, մենք արտասւում ենք ցաւից... Դուք տեսե՞լ էք Երեւանը գիշերին, երբ ու որտեղ կորցրեցիք ձեր երազը... Այնտեղ գիտե՞ք, թէ որքան մութ պատուհաններ կան, հետեւաբար մարդիկ, որոնք Երեւանում էլ երազ չեն տեսնում, որ մէկ էլ կորցնեն...
Դուք հեռու էք, բայց մօտ ենք միմեանց նաեւ ճիշդ այնքան, որքան իրար մօտ են ցաւն ու կարօտը... Ու վերջապէս դուք չկաք, կանք` մենք: Հէնց դրա համար էլ մենք չենք ուզում ձեզ կարօտել ու չենք ուզում, որ դուք մեզ կարօտէք...

«Ազգ», Նոյեմբեր 27, 2012

No comments:

Post a Comment