4.12.12

Պտոյտ Ստամբուլում

ԱՆԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
 
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՆՉՈՒՄ՝ ՆՈՅՆԻՍԿ ԿԵԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Գիւմրեցի Անոյին (Անահիտին) Ստամբուլի Կումկափի թաղամասում ճանաչում են որպէս հին ու լաւագոյն առեւտրականներից մէկի: Դեռ 15 տարի առաջ, երբ տիկին Անահիտը վաճառեց Երեւանում գտնուող իր տունը ու մեկնեց Ստամբուլ, հաւատում էր հարստանալու, լաւ կեանք ունենալու մտքին: Հիմա նա 70 տարեկան է, միայնակ ու յոգնած:
Արտերկրում լաւ կեանքի փնտռտուքների արդիւնքում Անահիտի ընտանիքը ցիրուցան է եղել: Արդէն երկար տարիներ է` չի տեսել Ռուսաստանում գտնուող երեխաներին. «Մենակ "սկայպ"ով ենք խօսում, կարօտս առնում եմ, ի՞նչ անեմ: Էլ էս հասակիս վեր կենամ ո՞ւր գնամ: Չէ, մենակ չեմ զգում ինձ, բոլորն ինձ ճանաչում են, տալ-առնել ունեմ»,- ասում է Անահիտը:
Անոն Ստամբուլի նորեկ հայերին միշտ ապաստան է տուել, օգնել է` տեղաւորուեն, աշխատանք գտնեն, բայց արդիւնքում միշտ էլ դժգոհ է մնացել հայերի հետ գործ բռնելուց: «Եկան ստեղ, էնքան խաբեցին, ապրանքը տարան, փողերը չբերեցին, դրա համար էլ սրանք լարուեցին մեր դէմ: Երեք տուն եմ ունեցել, հիմա ոչինչ չունեմ "լաւ" հայերի պատճառով: Գալիս են, թուրքերի տներում են աշխատում, ինձ են խաբում, քեզ են խաբում, նրան են գցում ու գնում են: Մօտ 28 հազար դոլարի միայն ինձ են խաբել»,- բողոքում է Անահիտը:
Տիկին Անահիտի ապրուստի միակ միջոցն այժմ փոքրիկ սեղանիկն է` վրան շարուած ռուսական սննդամթերքով: Օրական վաճառում է այնքան, որքան անհրաժեշտ է ապրելու եւ կենցաղային ծախսերը հոգալու համար: Անահիտը միշտ ձեռքի մէջ է պահում հեռախօսը, որի վրայ էլ զանգեր է ստանում Հայաստանից: «Ընկերուհիներս են զանգում, ասում են` Ան, գալիս ենք էդտեղ` աշխատենք: Որ ասում եմ` մի եկէք, գիտեն, թէ ստեղ էնքան լաւ ա, որ ուզում եմ` մենակ ես հարստանամ: Չեն հաւատում, որ մեղր թափած չի… Ի՞նչ անեմ, թող գան»,- յուսահատուած ասում է Անահիտը:
Չնայած տարիներ շարունակ խաբուած լինելուն` գիւմրեցի Անոն շարունակում է ընդունել ու ճանապարհել նորեկ հայերին: Հիմա նա ապրում է Հայաստանից ժամանած երկու կնոջ հետ, ովքեր նոր-նոր են ընկնում աշխատանքային կարօտախտի գիրկը: «Բայ ի՞նչ անեմ, իմ հային հօ չե՞մ թողնի դրսում մնայ: Ասում եմ` եկէք, ինձ մօտ մնացէք, մինչեւ կը տեղաւորուէք: Շատ են գալիս, էրեխեքի հետ, էստեղ էլ են էրեխէք ունենում…»,- պատմում է տիկին Անահիտը:
Մեր խօսակցութեան ընթացքում անցորդների մեծ մասը հայերենով բարեւում էր Անահիտին, հարցնում որպիսութիւնն ու գնում: Թուրքիայում ապրած տարիների ընթացքում գիւմրեցի կինը հասցրել էր բազմաթիւ թուրք, քուրդ եւ հայ ընկերներ, ծանօթներ ու բարեկամներ ձեռք բերել: «Թուրքերին էլ հայերեն ենք սովորացրել: Բոլորն ինձ ճանաչում են, կեանքս էստեղ է դասաւորուել արդէն: Չնայած` ճանաչելով հանդերձ, մի անգամ փորձել են տնիցս գողութիւն անել: Հայեր էին, գիշերով մտան տունս. մէկը` դռնից, միւսը` լուսամուտից: Ես էլ արթնացայ, գրտնակը բարձիս տակ եմ պահում, փախան: Յետոյ իմացայ, որ դրանց ուրիշ գործով բռնել են»,- ասում է Անահիտը:
Անահիտը Հայաստան վերադառնալ չի ուզում, չի պատկերացնում, թէ ինչպէս պիտի ապրի այնտեղ. «Որ գնամ Հայաստան, ինձ ոչ ոք չի թողնի դրսում էսպէս սեղանիկ դնեմ, նստեմ: Կը գան էլ հարկ կ'ուզեն, էլ տեղի փող կ'ուզեն, մինչեւ կը հանեն քեզ տեղիցդ: Էստեղ ինձ բան ասող չկայ, ինձ համար ապրանք եմ ծախում: Եթէ Հայաստան գամ, էսպէս դրսում չնստեմ, իմ օրուայ հացի փողը չաշխատեմ, կը մեռնեմ: Ուզո՞ւմ ես` գամ Հայաստան, մեռնեմ»,- ասում է Անահիտը:

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ
13-ամեայ Մամուկան ստիպուած է ամէն օր համոզել ինքն իրեն, որ իր թուրք «շէֆ»ին աւելի շատ է սիրում, քան սեփական հօրը: Ծանր սոցիալական պայմաններն սկսել են ազդել նոյնիսկ Հայաստանի անչափահաս քաղաքացիների զգացմունքների եւ աշխարհայեացքի վրայ:
Մամուկան աշխատում է Ստամբուլի Կումկափի թաղամասի կօշիկի արտադրամասերից մէկում: Հրազդանից Ստամբուլ է տեղափոխուել մոր` Կարինէի եւ փոքր եղբօր` Ռոբերտի հետ: Տատն ու ամենափոքր եղբայրը` Սամուէլը, մնացել են Հայաստանում, իսկ հօր մասին տեղեկութիւն չունի. «Չգիտեմ` ուր ա, էստեղ էր, բայց գնացել ա»,- ասում է Մամուկան` մի տեսակ ամաչելով իր ընտանիքի կարգավիճակից:
Արդէն 4 տարի է, ինչ ամէն օր առաւօտեան 7-ին Մամուկան աշխատանքի է գնում, ամբողջ օրն անցկացնում աշխատավայրում, իսկ երեկոյեան 8-ից յետոյ վերադառնում է «շէֆ»ի վարձած բնակարանն ու փորձում հանգստանալ` մինչեւ յաջորդ առաւօտ: Մամուկան աշխատավայրում ամենասիրուածն է. բոլոր մանր-մունր գործերը նրան են բաժին ընկնում:
Հարցին, թէ արդեօք չի՞ կարօտել Հայաստանը, չի՞ ուզում վերադառնալ, պատասխանում է. «Չէ, հէչ: Ստեղ լաւ ա, լաւ ընկերներ ունեմ, լաւ մէջք ունեմ...»: Մամուկան թուրքերէն վարժ է խօսում, իսկ դպրոց վաղուց է` չի յաճախում: Նրա մայրն արդէն յստակ բացատրել է, որ իր ապագան կօշիկ կարելն է, իսկ լաւագոյն դէպքում` փոքրիկ արտադրամաս ունենալը:
«Հիմա ես չէ՞ի ուզենայ իմ Հայաստանում լինէի, իմ ընտանիքում, իմ էրեխու մօտ լինէի` ամենակարեւորը: Չէի ուզի` իմ էրեխէն ստեղ աշխատէր, կ'ուզէի` սովորէր: Բայց էստեղ իրենց ապագան էս ա` պիտի աշխատեն, իրենց պահեն»,- յուզմունքով, բայց եւ իրականութեան գիտակցումով խօսում է Կարինէն:
Բանկերից վերցուած բազմաթիւ պարտքերն են Կարինէին ստիպել վերցնել իր միակ յոյսը` երեխաներին եւ հասնել Թուրքիա: Երրորդ երեխային Ստամբուլ չի բերել, քանի որ աշխատել չէր կարողանայ. ֆիզիկական խնդիրներ ունէր: Պարտքերը մարելուց եւ Ստամբուլում յարմար տեղաւորուելուց յետոյ` միակ միտքը, որ Կարինէին հանգիստ չի տալիս, Հայաստանում թողած երեխայի կարօտն է. «երեխաս 2 տարեկան էր, երբ թողեցի, եկայ Թուրքիա: Հետեւիցս լացում էր, չպտտուեցի, որ չտեսնեմ` ոնց ա լացում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ էրեխու կողքին չլինէի, երբ Սեպտեմբերի մէկին առաջին դասարան էր գնում, ինչի՞ ա մեր Հայաստանը մեզ էն օրը գցում, որ ստիպուած տուն-տեղ թողնում, հասնում ենք Թուրքիա»,- բողոքում է Կարինէն:
4 տարիների ընթացքում Կարինէն մէկ-երկու անգամ է կարողացել այցելել մօրն ու երեխային, իսկ վերջին տարիներին ամսական 100-200 դոլար է ուղարկել նրանց:
«Արդեն Հայաստան ոչ մէկն էլ չի ուզում գնա: Էնտեղ ոչ մէկն էլ չի ապրի: Եթէ պետութիւնն ինձ բաւարարէր, իմ երկու տարեկան էրեխուն կը թողնէի, կը գայի՞: Իմ էրեխէն հաց էր ուզում, ես հաց չունէի, որ տայի: Հայաստանն իմ ինչի՞ն ա»,- ասում է Կարինէն:

ԱՊՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ
Երբ գիւմրեցի Արտաշին հարցրինք, թէ ինչու է յայտնուել Ստամբուլում, պատասխանեց. «Ամենաէժան տոմսն էստեղ էր, ստեղ եկայ»: Բանակից վերադառնալուց յետոյ այդպէս էլ աշխատանք չի գտել Հայաստանում, որոշել է արտագաղթել: Եթէ նախկինում միայնակ էր մեկնել Ռուսաստան, այս անգամ` մօր ու քրոջ հետ բռնել է Թուրքիայի ճամբան:
Արտաշն աշխատում է կօշիկի արտադրամասում` հայերի, վրացիների, թուրքերի ու քրդերի հետ: Ասում է, որ յարմարուել է միջավայրին, գիտի ում հետ շփուի, ում հետ` ոչ: «էստեղ կարեւորը դու քեզ հանգիստ պահես, շատ չխառնուես, մարդկանց չխաբես, մարդիկ էլ քեզ նորմալ կը վերաբերուեն: Լիքը դէպքեր են լինում. մէկը միւսին ծեծում, սպանում են, իրարից գողանում են, բայց մարդուց է կախուած` իրեն ոնց կ'ընդունեն: Եթէ նորմալ մարդ եղար, նորմալ էլ կ'ընդունուես»,- ասում է Արտաշը:
Գիւմրիում գտնուող իրենց տունն Արտաշենք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Մայրը ստիպուած է եղել իրեն եւ քոյրերին միայնակ մեծացնել` փոքրիկ վագոն-տնակում: Փոքր տարիքում մի գուցէ տուն չունենալու փաստից այդքան չի նեղուել, բայց բանակից յետոյ արդէն չի համակերպւում այդ մտքի հետ:
Արտաշը որեւէ աղջկայ դեռեւս ամուսնութեան առաջարկ չի արել` իմանալով, որ տանը բաւականաչափ սենեակներ չկան բոլորի համար:
Արտաշն աշխատել է Գիւմրու կարուսելների պարկում` նուազագոյն աշխատարձով: Հիմա նախընտրում է ապօրինի ապրել Թուրքիայում, բայց իմանալ, որ իր աշխատանքով որեւէ բան կարող է փոխել կեանքում:
 «Շատ հայերի է ոստիկանութիւնն արտաքսում: Թուրքիայի կառավարութիւնը լաւ էլ գիտի, թէ քանի հոգի են օրինական, քանիսը` չէ: Բայց եթէ գալիս ես, աշխատանք ես գտնում ու առանց միւսներին վնասելու աշխատում ես, հանգիստ են թողնում: Եթէ չէ, ուղղակի փողոցում կանգնեցնում են, փաստաթղթերդ են ուզում, չունեցար, տանում են ոստիկանութիւն, մի քանի օրից արտաքսում Հայաստան»,- պատմում է Արտաշը:
Մայրը` Զինան, աշխատում է թուրք ընտանիքում` տունն է մաքրում, ամենօրեայ ճաշը եփում ու հետեւում ծերերին: Քոյրը` համեմատաբար աւելի լաւ աշխատանք է գտել. Ստամբուլի ոսկու շուկայի արտադրամասերից մէկի մասնագէտն է: Տանը իւրաքանչիւրը հոգում է իր բաժին հոգսը. Արտաշի պարտականութիւնը նոր տան համար գումար հաւաքելն է: Տուն գնելու է Երեւանում կամ Գիւմրիում, քանի որ մշտապէս Թուրքիայում մնալ չի պատրաստւում:
Ստամբուլում հայաստանցիները երբեք չեն խօսում իրենց յաջողութիւնների մասին, քանի որ չեն վստահում միմեանց: Արտաշը ճանաչում է հայաշատ Կումկափի թաղամասի գրեթէ բոլոր բնակիչներին: «Հայերն էստեղ յաջողութիւններ ունենում են, բայց էդ մասին չեն պատմում ոչ ոքի, քանի որ գողութիւնն ու յանցագործութիւնը շատ է: Հայը հայից արդէն որերորդ անգամ է` գողութիւն է անում: Բոլորն էլ վախենում են ասել, որ փող ունեն: Կան հայեր էլ, որ թուրքերի հետ համագործակցում են, բիզնես են դնում, բայց քանի որ իրենք օրինական չեն էստեղ, բոլոր փաստաթղթերը թուրքի վրայ են գրանցում»,- ասում է Արտաշը:
Հայաստանցիները շատ շուտ են աշխատանք գտնում, իսկ մի քանի ամսում լիարժէք տիրապետում են թուրքերէնին: Արտաշի մայրն ընտանիքում ամենաառաջինն է Թուրքիա եկել, բայց դեռեւս վարժ չի խօսում թուրքերէն: Նա դժուարութեամբ է յարմարւում միջավայրին, բայց այդ մասին լռում է. երեխաների համար տուն գնելն իր վերջին պարտականութիւնն է համարում:
«Ես ինչի՞ պիտի Թուրքիայ հասնէի… Հայերն իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են, թող չքանդէին էդ երկիրը, ես կը մնայի, կ'աշխատէի: Էդ կարօտը, տառապանքը, որ ես եմ տանում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ երկիրը թողնէի, գայի թուրքի մէջ ապրէի: Չնայած մեզ վատ չեն վերաբերւում, բայց ինչքան էլ լաւ լինեն, իմ հողը չեն, իմ երկիրը չեն: Էրեխէքիս որբ մեծացրի, ուսումները կիսատ թողած` բերեցի Թուրքիա, ինչի՞… մեր տեղը չէր սա»,- յուզմունքով ասում է Զինան: 

«Հետք», Հոկտեմբեր 24, Հոկտեմբեր 31, Նոյեմբեր 7, 2012

No comments:

Post a Comment