4.12.12

Կառավարութեան կոչը գիտնականներին. գնացէք էս երկրից

ԴԱՆԻԷԼ ԻՈԱՆՆԻՍԵԱՆ
 

Օրէր առաջ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը «ArmNews» հեռուստաընկերութեամբ հեռարձակուող «Hotel ArmComedy» երգիծական հաղորդման ընթացքում, անդրադառնալով գիտութեան ֆինանսաւորման խնդիրներին, յայտարարեց. «Աւելի լաւ է, որ դու` որպէս փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագօ կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Յետոյ իմ երկրին աւելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտութիւններով, քո գրանտերով եւ այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբորանտ, եթէ պետութիւնը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո յառաջխաղացման չի կարող ապահովել»:
Այո, ՀՀԿ [Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան] փոխ-նախագահ ԿԳ [Կրթութեան եւ Գիտութեան] նախարարը արտագաղթելու կոչ է անում երիտասարդ գիտնականներին: Եւ այստեղ զարմանալու բան չկայ, քանի որ ճիշտ նոյն միտքը` համարեա նոյն բառերով ձեւակերպուած, ասել էր Սերժ Սարգսեանը նախորդ տարի (Դեկտեմբերին) երկու տասնեակ երիտասարդ գիտնականներիս հետ հանդիպման ժամանակ:
Առաջին հայեացքից գաղափարը միգուցէ ճիշդ միտք թուայ: Իրօք երիտասարդ գիտնականին աւելի ձեռք է տալիս գնալ եւ դառնալ փայլուն գիտնական, քան մնալ Հայաստանում եւ գիտութեամբ զբաղուելու հետ զուգահեռ այլ գործով զբաղուել (քանի որ գիտնականի աշխատավարձը չի բաւարարում):
Սակայն եկէք հարցին նայենք պետութեան շահերի տեսանկիւնից: Իհարկէ չի բացառւում, որ յետագայում երիտասարդը իրօք աճի եւ «դրսից» մի օգուտ տայ Հայաստանին: Բայց եկէք հասկանանք, որ գիտնականը, բացի համաշխարհային գիտութեան «գրանտը կրծելուց», հանդիսանում է երկրի քաղաքացի, հասարակութեան անդամ… Եւ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտնականները հասարակութեան լաւագոյն խաւերից մէկն են:
Հէնց գիտութեան ու մշակոյթի ոլոտների ներկայացուցիչներն են հանդիսանում հասարակութեան լոկոմոտիվը եւ զարգացում ապահովողը: Իհարկէ, կարելի է երկրի ընդերքում գտնել ոսկի, նաւթ կամ որեւէ այլ հարստութիւն (այդ թւում` սփիւռքից ստացած նուէր), բայց քաղաքակիրթ երկիր դառնալու համար պէտք է ունենալ ինտելեկտուալ խաւ:
Ի վերջոյ, հէնց հասարակութեան ինտելեկտուալ խաւի ներկայացուցիչների քանակն է մեր առաւելութիւնը Ադրբեջանի նկատմամբ, որը մեզանից աւելի հարուստ է: Եւ հէնց այդ խաւի նշանակութիւնը գիտակցելն է, որ 1915 թուականին ստիպեց Թուրքիայի իշխանութիւններին սկսել ցեղասպանութիւնը ազգի գլխատումից` ապրիլի 24-ին ինտելեկտուալ խաւի ձերբակալութիւնից:
Սակայն գիտութեան ֆինանսաւորումը ամէն կերպ չաւելացնելը, ինչպէս նաեւ գիտնականներին երկրից հեռանալու կոչեր հնչեցնելը յստակ մատնացոյց է անում նրան, որ մեր երկրի կառավարութեանը պէտք չէ ինտելեկտուալ խաւ: Իշխանութիւնը, մի կողմ դնելով պետութեան բոլոր տեսակի շահերը, երկիրը փորձում է դարձնել մատուցողների, տաքսիստների, բանուորների, հանքափորերի, ոստիկանների եւ աւտոլուացողների երկիր, քանի որ (ամենայն յարգանքով այդ խաւերի նկատմամբ) պէտք է ընդունենք, որ այդ խաւերի գլխին աւելի հեշտ է կանգնել (կառավարել իրենց):
Իշխանութիւնները նախընտրում են, որ առաւել ինտելեկտուալ մարդիկ լքեն երկիրը եւ, մի բան էլ, արտերկրից փող ուղարկեն Հայաստան, որ այստեղ թալանելու կամ, աւելի ճիշտ, լափելու բան լինի:
Մի բան հասկանալի է` այս իշխանութիւնների` ազգին ինտելեկտազրկելու մտադրութիւնը յստակ է: Բայց մենք պէտք է գիտակցենք, որ այդ գործողութիւնները համարեա չեն զիջում 1915 թուականի ապրիլի 24-ին տեղի ունեցածին եւ, հետեւաբար, ոչ մի կերպ չպէտք է հանդուրժենք այդպիսի քաղաքականութիւն:
 
«Հետք», Նոյեմբեր 28, 2012

No comments:

Post a Comment