2.12.12

Նոր եռահատորեակ՝ ցեղասպանութեան վաւերագրերով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հայաստանի Ազգային Արխիւը հրատարակել է «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն: Եռահատորեակի գլխաւոր խմբագիրը, հեղինակն ու կազմողը պատմական գիտութիւնների դոկտոր, Հայաստանի Ազգային Արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանն է:

Եռահատորում ներկայացուած են Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների վկայութիւնները, փաստեր, որոնք բացայայտում են թուրքական իշխանութիւնների կողմից 1915 թուականին հայ բնակչութեան ոչնչացմանն ուղղուած ծրագրերն ու գործողութիւնները:
Նոյեմբեր 28-ի ասուլիսի ժամանակ Ամատունի Վիրաբեանը տեղեկացրեց, որ Մեծ Եղեռնի 100-ամեայ տարելիցը յիշատակելու կապակցութեամբ Հայաստանի նախագահի ղեկավարութեամբ ստեղծուել է պետական յանձնաժողով, որն էլ ձեռնամուխ է եղել 100-ամեակին ընդառաջ ծրագրերին, որոնցից մէկն էլ եռահատորեակի հրատարակումն է: Այս հատորներում կը գտնէք վկայութիւններ, որոնք գրի են առել Ցեղասպանութեան ականատեսները 1916-ին, եւ ի տարբերութիւն մինչեւ այսօր հրատարակուած գրքերի` այս հատորներն ամփոփում են ոչ միայն պետական ու դիւանագիտական փաստաթղթերը, այլեւ Ցեղասպանութիւնը տեսած մարդկանց պատմութիւններն ու յիշողութիւնները, եւ այս գրքերի կենտրոնում առաջին հերթին մարդն է: Հանգամանքը, որ ականատեսների վկայութիւնները հաւաքուել են ջարդերից ու տեղահանութիւնից ընդամէնը մի տարի անց, արդէն իսկ հաւաստում է դրանց վաւերական կարեւոր արժէքը Հայոց ցեղասպանութեան համակողմանի ուսումնասիրման գործում:
Ամատունի Վիրաբեանի փոխանցմամբ` եռահատորում նաեւ ներկայացուած են ցեղասպանութեան կազմակերպիչների ու իրականացնողների անունները: Զետեղուած տեղեկութիւնների հաւաքագրումը կատարուել է նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. Բաքուի կոմիտէի, իսկ փաստահաւաք յանձնախմբի կազմում ընդգրկուած են եղել Զապէլ Եսայեանը, Ստեփան Զօրեանը, Վահան Թոթովենցը, Զօրավար Անդրանիկը, Մուրատ Սեբաստացին եւ այլք: Ժողովածուն եւս մէկ անգամ ապացուցում է, որ երիտթուրքերի վարչակարգը Հայոց ցեղասպանութիւնը ծրագրել էր նախօրօք, եւ վաւերագրերը, որոնք կրում են այս տեղեկատուութիւնը, ժողովածուին տալիս են նաեւ քաղաքական արժէք:
Հատորներում հրապարակուող փաստաթղթերը խմբաւորուել են ըստ նահանգների (վիլայէթների), գաւառների, գաւառակների եւ գիւղախմբերի: Առաջին հատորում ներկայացւում է Վանի նահանգը, երկրորդում` Բիթլիսի նահանգը, իսկ երրորդում` էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներն ու Պարսկահայքը: Ընդանուր առմամբ` երեք հատորներում ընդգրկած են 602 փաստաթուղթ, որոնք բոլորը բնագրեր են (*):
Ամատունի Վիրաբեանը պատմում է, որ ժողովածուն ծրագրուած էր հրատարակել 2015 թուին, սակայն երբ մոսկուայաբնակ գործարար Գագիկ Մելիքեանը, որը «Վան» հասարակական կազմակերպութեան հիմնադիր անդամն է, իմանում է հրատարակման ծրագրի մասին, ստանձնում է ֆինանսաւորման գործը, եւ «Վան» կազմակերպութեան ֆինանսաւորմամբ ժողովածուն հրատարակւում է այս տարի ու եկող շաբաթուանից կը վաճառուի Երեւանի բոլոր գրախանութներում: Ժողովածուի հրատարակման համար օգտագործուել է նաեւ պետական բիւջէից Ազգային Արխիւին յատկացուած գումարից:
Ամատունի Վիրաբեանն ասում է, որ գրքերի վաճառքից ստացուած գումարը օգտագործուելու է գիրքը անգլերէն, ռուսերէն ու թուրքերէն թարգմանելու համար: Մինչեւ 2015 թուականը ժողովածուն նաեւ կը լինի համացանցում: Ըստ Ամատունի Վիրաբեանի` հատորների հանդէպ հետաքրքրութիւնը բաւականին մեծ է, դրանց մասին տեղեկատուութիւն արդէն կայ նաեւ Թուրքիայում, որտեղ սպասում են թուրքերէն թարգմանութեանը: «Չնայած կարծում եմՙ հայերենից թուրքերն իրենք էլ կը թարգմանեն: Ու բացի դրանից` Ազգային Արխիւը միշտ բաց է, ու նոյնիսկ թուրք որեւէ պատմաբան, որը հայերեն գիտի, կարող է գալ ու մեր արխիւում ուսումնասիրել սոյն վկայութիւնները», աւելացրեց պարոն Վիրաբեանը:
Իւրաքանչիւր հատորը լոյս է տեսել 1000 օրինակով, եւ սրանց սպառումից յետոյ եւս 1000-ական օրինակ կը հրատարակուի: Բացի դրանից` նախատեսւում է նաեւ 4-րդ ու 5-րդ հատորների հրատարակումը (**):
Ամատունի Վիրաբեանը ասում է, որ Մեծ Եղեռնի 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ իրագործելու ուրիշ ծրագրեր էլ կան: Նախատեսւում է հրատարակել նաեւ փաստաթղթերը, որոնք վկայում են Թուրքիայում հայերի կրած տնտեսական ու մշակութային վնասների մասին: Ազգային Արխիւը մտադիր է ստեղծել նաեւ Ցեղասպանութեան զոհուածների յստակ անուանացանկը: Օրինակ` Մոսկուայում բացուած Հոլոքոսթի թանգարանում կը տեսնէք` էկրանին երեւում են այն հրեաների անունները, որոնք սպանուել են Հոլոքոսթի ժամանակ: Ազգային Արխիւը նախատեսում է ստեղծել նաեւ Հայոց ցեղասպանութեան ժամանակ զոհ դարձած հայերի անուանացանկը, որը մինչեւ այսօր ամբողջութեամբ չունենք:
Կրկին անդրադառնալով «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ» ժողովածուին` Ամատունի Վիրաբեանը ընդգծեց, որ նախատեսուած է եղել ժողովածուն կոչել «Վշտապատում», սակայն յետոյ փոխել են, քանի որ վշտապատումը նախ խիստ էմոցիոնալ է հնչում, երկրորդն էլ` օտար լեզուներով վշտապատումը գուցէ ճիշտ չթարգմանուէր:
Ժողովածուում զետեղուած են Ազգային Արխիւի ֆոնդերում պահուող փաստաթղթերի տեղեկատուութիւնը, 127 լուսանկար ու վաւերագրերի 48 լուսապատճէն, որոնք պահպանւում են ոչ միայն Ազգային Արխիւում, այլեւ Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-ինստիտուտում ու Հայկական Ճարտարապետութիւնն Ուսումնասիրող Հիմնադրամում: Հատորներից իւրաքանչիւրում կան նաեւ տեղագրական քարտէզներ:

«Ազգ», Նոյեմբեր 29, 2012

(*) Փաստաթուղթերէն 424-ը լոյս տեսած է առաջին անգամ ըլլալով։
(*) Ըստ PanArmenian.Net-ի, Ա. Վիրաբեան նաեւ յայտնած է. «Չորրորդ հատորը նուիրուած կը լինի Կիլիկիայի հայերի վկայութիւններին, իսկ հինգերորդում կ՚ամփոփուեն Արեւմտեան Հայաստանի սահմաններից դուրս գտնուող հայաշատ տարածքներում հայ բնակչութեան տեղահանութեան եւ կոտորածի մասին վկայութիւններ»։

No comments:

Post a Comment