30.11.12

Աւելի քան 21 միլիոն դոլար՝ մեր գիւղական շրջանների եւ աղէտեալ սիրիահայութեան համար

Յ. ԱՒԵՏԻՔԵԱՆ

Հակառակ ոմանց կարծիքին, վստահօրէն կարելի է ասել, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ղեկավարութեան եւ մասնաճիւղերի կազմակերպած դրամահաւաքի ձեռնարկների (հեռուստատեսային եւ այլ մարաթոններ, ճաշկերոյթ-հանգանակութիւններ, համերգներ եւ այլն) այս տարուայ հասոյթը, որպէս հնչուն մասնակցութիւն կամ մասնակցութեան խոստում, գոհացուցիչ է: Ամէն ինչից երեւում է, որ ձեռնարկների կազմակերպիչները հետզհետէ աւելի պրոֆեսիոնալ են դառնում եւ տարիների ընթացքում կատարելագործում իրենց աշխատանքըՙ ամէն անգամ գումարների հաւաքագրման աշխարհագրութիւնը եւ մասնակիցների թիւը ընդարձակելով: Օրինակ, Հնդկաստանի մուտքը հայկական այդ քարտէզՙ բացառիկ անակնկալ է. թէեւ դեռեւս չգիտենք այդտեղ հանգանակուած 600 հազար դոլարի ծագումնաբանութիւնը: Խրախուսիչ է նաեւ այն կարեւոր ներդրումը, որը վերջին տարիներին ցուցաբերում են մեր ամենաբազմամարդ Ռուսաստանի համայնքի մեծահարուստները, գրեթէ միշտ հաւաքագրելով ընդհանուր գումարի կէսից աւելին:
Այսուհանդերձ, դեռեւս շատ աշխատանք կայ անելու հանգանակուող գումարը կրկնապատկելու եւ քառապատկելու համար: Հայութեան նիւթական կարողութիւններին լաւատեղեակները պնդում են, որ տարեկան 100 միլիոն դոլարի ցուցանիշը դիւրաւ հասանելի է մեր ժողովրդի համար, եթէ հանգանակութեան ձեւերն ու գործիքները ճիշդ կազմակերպուեն:
Թերեւս: Յամենայն դէպս, առանց փորձագէտ լինելու էլ կարծում եմ, որ նախորդ օրը եզրափակուած հանգանակութեան բացուած ցուցակում խիստ անբաւարար է Շուէյցարիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Արգենտինայից (*), Մոնրէալից ու մանաւանդ Քուվէյթից ստացուած կամ խոստացուած գումարների չափը, իսկ Արաբական Միացեալ Էմիրութեան բացակայութիւնը ցուցակիցՙ անբացատրելի է իսկապէս:
Խիստ անբաւարար է Մ. Նահանգների Արեւելեան ափից ստացուած արդիւնքը, ընդամէնըՙ 600 հազար: Այնինչ այդքան գումար կարելի էր ապահովել Նիւ Եորքից, Նիւ Ջերսիից, Չիկագոյից, Ֆիլադելֆիայից կամ Դետրոյթից ընդամէնը մէկ հայրենակցից: Եւ այդ արդիւնքը ստիպում է ինձ մտածել, որ Հիմնադրամի ղեկավարութիւնը արդէն 15 տարի անընդհատ Կալիֆոռնիայում կազմակերպելով հանգանակութեան գլխաւորՙ հեռուստամարաթոնը, սխալ է վարւում, մէկ անգամ եւս ընդգծելով հայաստանցիներից շատերի թիւր պատկերացումը, թէ Մ. Նահանգները դա Լոս Անջելեսն է իր արբանեակ քաղաքներով: Այնինչ Արեւմտեան (**) ափի հայաշատ քաղաքներում են գտնւում մեր բարեկեցիկ եւ առաւել հարուստ ազգակիցները: Եւ հէնց այդ շրջանի հայութիւնն է հիմնականում, որ աւելի քան 100 տարուց ի վեր վարժուել է նուիրատուութիւն, բարեգործութիւն անելու աւանդոյթներին:
Եւ ընդհանրապէս, եթէ համեմատենք 0,5 միլիոնանոց ֆրանսահայ եւ 1,5 միլիոնանոց ամերիկահայ գաղութների հանգանակած գումարները, ապա, թէեւ փոքր չափով, երկրորդը զիջում է առաջինին: Պատճառները արժանի են աւելի լուրջ ուսումնասիրութեան:
Այսուհանդերձ, ներկայ հանգանակութեան կարեւորագոյն առանձնայատկութիւնն էլՙ սիրիահայութեանը օգնել-նպաստելու նպատակն էր, ընդհանուր գումարներից մասհանումը դէպի այդ աղէտեալ գաղթօջախը: Դա շեշտում էր «Հայաստան» հիմնադրամի իսկապէս համահայկական բնոյթը եւ ընդգծում, որ բովանդակ հայութեան որեւէ շերտի կամ հատուածի կարիքի մէջ յայտնուելու դէպքում, հիմնադրամը պիտի հասնի օգնութեանՙ անկախ աշխարհագրական դիրքից ու վայրից, դա լինի Արցախի, Հայաստանի Հանրապետութեան գիւղական շրջանները, թէ սիրիահայութիւնը:

Ստորեւՙ 2012 թ.-ի հանգանակութիւնների գումարները բացուածՙ ըստ երկրների եւ ըստ Հիմնադրամի պաշտօնական հաղորդագրութեան տուեալների:

Երկիր                                             Գումար (՚ԱՄՆ դոլար)
Հայաստան եւ ԼՂՀ                                          2,500.000
Ռուսաստան                                                  12,100.000
Ֆրանսիա                                                          2,196.239 
Գերմանիա                                                           122,438
Հոլանդիա                                                               58,600
Շուէյցարիա                                                           31,800
Բելգիա                                                                    10,200
Յունաստան                                                           38,200
Իտալիա                                                                  50,000
ԱՄՆ Արեւելեան ափ                                          600,000 
ԱՄՆ Արեւմտեան ափ                                    1,500.000* (գումարները վերջնականացւում  են)
Արգենտինա                                                         700,000
Բրազիլիա                                                            100,000
Կանադա (Տորոնտօ)                                           500,000
Կանադա (Մոնրէալ)                                           125,000
Մեծ Բրիտանիա                                                  170,000
Հնդկաստան                                                          600,000
Իրան                                                                         15,000
Քոււեյթ                                                                       5,000
Ընդամէնը`                                                       21 422 477

«Ազգ», Նոյեմբեր 24, 2012

(*) Նկատի ունենալով Արժանթինի մէջ վերջին շրջանին տիրող տնտեսական կայունութեան պակասը, 700.000 տոլարի գումարը բնաւ կարելի չէ «խիստ անբաւարար» նկատել։
(**) Իմա՛՝ Արեւելեան։

No comments:

Post a Comment