17.12.12

Մարտ 2008ը՝ հայոց պատմութեան 2012ի դասագիրքին մէջ

Ստորեւ կու տանք 14 հեղինակներու մասնակցութեամբ կազմուած «Հայոց պատմութիւն» համալսարանական դասագիրքի (Երեւան, 2012) էջ 834-837ի էջերը (գլուխի հեղինակ՝ Էդիկ Մինասեան), ըստ www.ilur.am-ի հրապարակած լուսանկարին։ Անըմբռնելի կը մնայ գիտական այն սկզբունքը՝ ըստ որուն 2008ին տեղի ունեցած դէպքերը չորս տարի ետք արդէն «պատմութիւն» կարելի է նկատել, այդ ալ՝ չորս էջ տրամադրելու չափ։ Ինչպէս տրամաբանօրէն յայտնած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ եւ Պատմութեան Հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, «խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնոյթի է, այլ` քաղաքագիտական, որովհետև, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձութիւններին պատմաբանը լիարժէք պատասխան եւ անաչառ գնահատական տալ չի կարող։ Պէտք է ժամանակ անցնի, համապատասխան աղբիւրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարաւոր լինի տալ սպառիչ պատասխան» («Հայկական ժամանակ», Նոյեմբեր 28, 2012)։

«. . . Սերժ Սարգսեանը (52, 82 %) ձայնով, իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանը ստացաւ (21, 51%) ձայն: Ընտրութիւնները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերութիւններ: ԵԽԽՎ  1609 բանաձեւում արձանագրուել էր, որ չնայած դրան, ընտրութիւնները հիմնականում անցկացուել են «Եւրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»:
Կոպտօրէն մերժելով ընտրութիւնների արդիւնքները, ընդդիմութեան արմատական թեւը, իշխանութիւնների ամենաթողութեան պայմաններում արհամարհանքով խախտելով օրէնքով սահմանուած կարգը, Փետրուարի 20-ից Երեւանում սկսեց հանրահաւաքների շարք: Յետընտրական այդ օրերին աւելի լարուեց  ու շիկացաւ նախընտրական քարոզչութեան փուլում ձեւաւորուած մթնոլորտը, որի պայմաններում մեծապէս խորացել էր անհանդուրժողականութիւնն ու անվստահութիւնը տարբեր խաւերի ու խմբերի միջեւ, հասարակութիւնը երկփեղկուել եւ բեւեռացել էր վախի, ատելութեան ու թշնամանքի ազդակների ներքոյ: Ընտրութիւններում յաղթած Սերժ Սարգսեանը Փետրուարի 26-ին նախագահի միւս թեկնածուներին համագործակցութեան կոչ արեց, իսկ Փետրուարի 29-ին քաղաքական համագործակցութեան համաձայնագիր ստորագրեց նախագահական ընտրութիւններում երրորդ տեղ գրաւած թեկնածուի հետ:
Օրինապէս նախագահ ընտրուած, բայց դեռ երդում չտուած, դեռ պաշտօնի չանցած Ս. Սարգսեանի շուրջ նախագահի մի քանի թեկնածուների եւ նրանց կողմնակիցների համախմբումն ու համագործակցութիւնը Լ. Տէր-Պետրոսեանի թիմում ընդունուեց զայրոյթով ու թշնամանքով: Առաւել սրուեցին արմատական տրամադրութիւնները: Բոլոր քաղաքական ուժերին Ս. Սարգսեանի ուղղած համագործակցութեան կոչը Լ. Տէր-Պետրոսեանի կողմից մերժուեց: Յետընտրական լարուածութեան այս պայմաններում վերջինիս կողմնակիցների գործողութիւնները դեռեւս գործող նախագահ  Ռ. Քոչարեանը որակեց «իշխանութիւնը զաւթելու ոչ լեգիտիմ փորձ» եւ յայտարարեց, որ պատասխանը կը լինի «վճռական եւ կտրուկ»: Իսկ արմատական ընդդիմութեան բողոքի գանգուածային գործողութիւնները շարունակւում էին: 10 օրերի ընթացքում ընդդիմութեան կազմակերպած չարտօնուած հանրահաւաքները վերջնականապէս ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում:
Առաջացած անվստահութեան մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տէր-Պետրոսեանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպութիւնների, արուեստի ու գիտութեան գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականութեան կոչերն ու յայտարարութիւնները: Հայաստանեայց Աոաքելական Եկեղեցու թեմակալ աոաջնորդների եւ եպիսկոպոսների Փետրուարի 29-֊ի ժողովը ուղերձ յղեց ժողովրդին` յորդորելով պահպանել ողջամտութեան ու խոհեմութեան ոգին, լինել օրինապահ, չհետեւել ատելութիւն եւ թշնամանք հրահրողներին, իւրաքանչիւր քայլ կատարել երկրի հեղինակութեան, նրա ժողովրդի ներկայի եւ ապագայի հանդէպ լուրջ մտահոգութեամբ:
Բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները` «հմտօրէն» օգտագործեցին ստեղծուած իրավիճակը: Նախընտրական եւ յետընտրական ժամանակահատուածների քարոզչութեան համադրումը ցոյց էր տալիս, որ նախընտրական քարոզչութիւնն ու քուէարկութեան օրր նրանց հնչեցուող յայտարարութիւններն ու գործողութիւնները միտուած էին յետընտրական ամենավատթար զարգացումների: Փետրուարի 20-֊29–ին Ազատութեան հրապարակում հնչող քարոզչութեան մէջ յստակ առանձնանում էին իշխանութիւնների կողմից «ժողովրդի վրայ բռնութեան», ընտրակեղծիքների, «ժողովրդի թեկնածուի» տարած յաղթանակին տէր կանգնելու, գործող իշխանութեան նկատմամբ մինչեւ վերջ անհանդուրժող լինելու կարգախօսներ: Զանգուածների յուզական տրամադրութիւնն աւելի  սրելու համար Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանաւորներին պատժելու» զանազան յայտարարութիւններ. «Եթէ մեր ներկայացուած պահանջները չկատարուեն ժամանակին, մենք կ'անենք այն, ինչ պէտք է անենք», «որեւէ մէկը չի կարող մեզ կանգնեցնել, ժողովուրդն ինքը պէտք է կամք ունենայ պատժելու յանցագործներին»:
Հակադիր մղումների այս պայմաններում հասարակութիւնը լարուածութեան նորանոր վտանգաւոր դրսեւորումներ էր ունենում: Յետընտրական այղ շրջանը շատ քաղաքագէտներ որակեցին որպէս «իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ նեարդերի պայքար»: Այս իրավիճակում ԶԼՄ-ներր [զանգուածային լրատուութեան միջոցները] շարունակում էին տալ բեւեռացուած մեկնաբանութիւններ:
Ակնյայտ էր, որ գերլարուած այս վիճակը պէտք է յաղթահարուէր խաղաղ ճանապարհով`  իշխանութեան ու ընդդիմութեան միջեւ հանդուրժողականութեան ու փոխհամաձայնութեան միջոցնէր գտնելով, բայց իշխանութեան եւ ընդդիմութեան փոխադարձ անհանդուրժողականութիւնը եւ փոխզիջման որոնման անհնարինութիւնը յանգեցրին Մարտի 1-2-ին ծաւալուած դէպքերին:
Մարտի 1-ի առաւօտեան ՀՀ ոստիկանութեան կողմից տեղանքի զննման եւ հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատութեան հրապարակում ձեռնարկուած միջոցառմանը զանգուածային անկարգութիւնների կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանեցին դիմադրութեամբ` երկաթէ ձողերով, քարերով ու փայտերով: Շուտով բողոքող զանգուածը տեղափոխուեց քաղաքապետարանի մօտ, ուր գործողութիւնները զարգանալով` կէսօրից յետոյ վերածուեցին ջարդարարութեան ու թալանի:
Անկարգութիւնների ղեկավարի եւ կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց աւերներ գործել: Ջարդուփշուր արուեցին անձնական օգտագործման շուրջ 100 աւտոմեքենայ, աւտոբուսներ, տրոլէյբուսներ, աւերուեց մերձակայքում գտնուող «Մոսկուայի տուն»ը, «Վիւասել» ընկերութեան վարչական շէնքը, կողոպտուեցին խանութներ եւ գրասենեակներ: Աւելին, ցուցարարները սկսեցին յարձակումներ գործել ոստիկանների վրայ:  Բախումների ընթացքում երկուստեք օգտագործուեց հրազէն, որի արդիւնքում զոհուեց 10 հոգի` ոստիկանութեան երկու աշխատող եւ ութ քաղաքացիական անձ: Ծաւալուած իրադարձութիւնների ընթացքում վիրաւորուեց ոստիկանութեան 220 աշխատակից, 200-ից աւելի քաղաքացիական անձինք: Զանգուածային անկարգութիւնները շարունակուեցին նաեւ Մարտի 2-ին:
Մարտի 1-ի երեկոյեան ՀՀ դեռեւս գործող նախադահ Ռ. Քոչարեանի հրամանագրով Երեւան քաղաքում 20 օրով յայտարարուեց արտակարգ դրութիւն` սահմանադրական կարգին սպառնացող վտանգները կանխելու, բնակչութեան իրաւունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով: Ակնյայտ է, որ դա պարտադրուած քայլ էր, միակ ելքը` իրավիճակից դուրս գալու: Հրամանագրում նշւում էր, «ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տէր-Պետրոսեանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրութիւնների ելքն ապօրինի միջոցներով: Ընդդիմութեան ներկայացուցիչների մի խումբ Մարտի 1-ին անկարգութիւններ են իրականացրել Երեւանի կենտրոնում` պատճառելով վնաս քաղաքացիների եւ պետութեան գոյքին, ինչպէս նաեւ ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգութեանը, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի: Այդ գործողութիւնների թիրախը ՀՀ ձեռք բերած կայունութիւնն է, իսկ հետեւանքը` միջազգային հեղինակութեան խաթարումը»: Ի հարկէ, եթէ հրամանագիրն աւելի վաղ յայտարարուէր, երբ տեղի էին ունեցել առաջին կրակոցներն ու մահուան դէպքերը, գուցէ հնարաւոր լինէր խուսափել ծանր հետեւանքներից:
Սպաննուած անձանց գործի քննութեան համար յարուցուեց քրէական գործ: Անկարգութիւնների կազմակերպիչներին, հրահրիչներին պատասխանատուութեան ենթարկելու համար կատարուեցին ձերբակալութիւններ եւ բանտարկութիւններ:
Դեռեւս ՀՀ նախագահի պաշտօնը չստանձնած հանրապետութեան վարչապետ Ս. Սարգսեանը, անդրադառնալով ողբերգական իրադարձութիւններին, ասել է, որ ընդդիմադիրների անօրինական գործողութիւնների հետեւանքով, այսպէս կոչուած ««շարժման» պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրին իրենց անյագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամէնի համար անկարգութիւնների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրէնքի, պատմութեան եւ սերունդների առաջ: Ցաւով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կոյր ատելութեան զոհը: Այսօր ես կիսում եմ իւրաքանչիւրի վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ ու հոգեկան կորով` այս արհաւիրքը յաղթահարելու համար»:

No comments:

Post a Comment