16.12.12

Հայ երգի նոր «աւետիս»

ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆ

Երգչուհի Սիրուշոն ինտերնետ հանրութեանն է ներկայացրել նոր երգ` «Պռէգոմէշ» վերնագրով: Հանրայայտ «Լոռուայ հորովել»-ի «պռէ գոմէշ» արտայայտութիւնը կրկնելուց բացի` թէ էլ ինչո՛վ եւ որքանո՛վ է այս նոր երգն առնչւում կոմիտասեան մշակման հետ, դժուարանում ենք ասել: Մասնագէտ չլինելով` չենք էլ յաւակնում ինչ-որ բան ասել, բայց ահա նոր երգի տեքստը, որի հեղինակը ժամանակակից հայ «պոէտ» Աւետ Բարսեղեանն է, բանասէրիս ասելու բան տալիս է: Եւ առաջին ասելիքն այն է, որ երգի տեքստը բացարձակ անմիտ տողերի խղճուկ շարադրանք է` անկապ ու շինծու: Ի դէպ, այս «պոէտ»ին ու նրա «պոէզիա»յին հէնց միայն «Ազգ»ի էջերում մենք անդրադարձել ենք քանիցս` հիմնականում քննադատելով նրան ասելիքի բացակայութեան, բովանդակազրկութեան եւ պոէտական ակնյայտ ապաշնորհութեան համար` բնութագրելով նաեւ նրա երգերի կեղծ «հերոս»ներին, սակայն այս նոր երգում Աւետը գերազանցել է ինքն իրեն, որովհետեւ տեքստն այնքան է անիմաստ, որ նոյնիսկ «հերոս»ի խնդիրը չի լուծել: Իսկապէս, որեւէ ձեւով հնարաւոր չէ կռահել, թէ ով է երգի հերոսը, հերոս չասենք` գործող անձը, եւ ում մասին է երգում Սիրուշոն: Վերնագրից կարծես կռահւում է, որ հերոսը գոմէշն է, թէեւ վերջինիս հերոսանալու հանգամանքը, մանաւանդ մեր օրերում, փոքր-ինչ զաւեշտալի է ու անհաւանական, բայց ուրիշ ի՞նչ մտածես, եթէ «պոէտ»ըէ արարել է «ել ու թող իմանայ աշխարհը» տողը, որով սկսւում է երգը, եւ այդ խրոխտ «ել»-ը ոչ թէ բանուոր դասակարգին է ուղղուած, ինչպէս հանրայայտ երգում, այլ այդ խեղճ կենդանուն: Այո, մեզ թոյլ ենք տալիս գուշակելու, որ, ամենայն հաւանականութեամբ, գոմէ՛շն է երգի գլխաւոր հերոսը, գոմէ՛շն է «ելնելու», բայց ինչպէ՛ս է ելնելու, որտեղի՛ց եւ յատկապէս ինչո՛ւ, բացարձակ անորոշութիւն է, մանաւանդ որ «պոէտ»ը յաջորդիւ ստեղծում է «ել ու թող ազնիւ կռիւդ Երկնքում հաստատի պատիւդ» անզուգական տողերը: Շատ մտածեցինք, թէ գոմէշն ո՛ւմ հետ եւ ինչո՛ւ է «ազնիւ» կռիւ տալու` չհասկացանք, բայց մեզ մանաւանդ յուզեց «երկինք» բառի գոյութիւնն այդ տողում, որն այնպիսի նուրբ պոէտականութեամբ էր օծել գոմէշի աշխատաւորական կերպարը, որ երգն ակամայ բալլադի էր վերածում, չնայած հիմա էլ անհասկանալի էր գոմէշական «պատիւը երկնքում հաստատելու» աւետական համոզմունքը:
Ունկնդրի համար, յատկապէս այն ունկնդրի, ում համար երգի տեքստն անկարեւոր մի բան չէ, այլ նրա «առաջին նշանակութեան» բաղադրիչը, այս երգի հերոսի ով-ինչ լինելը շարունակում է հարցական մնալ նաեւ տեքստի շարունակութեան մէջ, թէեւ կրկներգը գալիս է հաստատելու, որ հերոսը, այնուամենայնիւ, գոմէշն է: Ի դէպ, կրկներգի մասին: Այն բաղկացած է աշխատաւոր մարդու` իր հաւատարիմ գործակցին ուղղուած բացականչութիւններից, որոնք բնականաբար չէին կարող միտք դառնալ եւ դասական իմաստով նախադասութիւն կազմել. «Պռէ՛ գոմէշ, Ա՛ռ հա՛ գոմէշ, Պռէ՛ րէ՛ գոմէշ, Ա՛ռ հա՛ գոմէշ, Տա՛ր հա՛ գոմէշ, Պռէ՛ րէ՛ գոմէշ»: Սակայն, թերեւս չափազանց արժեւորելով իր հերոսին ու նրան ուղղուած «խօսքը», երգի հեղինակն այնպէս է արել, որ վերոբերեալ բացականչութիւնները երգում առաւել իմաստալից հնչեն, քան իր հեղինակային տողերը: Ի՜նչ զիջողամտութիւն:
«Նա անհնազանդ է ու քար, //աչքերում ապրում է լուռ պայքար»,- գրում է «պոէտ»ը` նորից կասկածելի դարձնելով, թէ գոմէշն է երգի հերոսը, որովհետեւ գոմէշի հերոս լինելու պարագայում պիտի ընդունել, որ վերջինս «անհնազանդ»ի հետ միասին կարող է լինել նաեւ «քար», դա դեռ քիչ է, նրա աչքերում էլ դեռ կարող է «ապրել լուռ պայքար»: «Քար»ը «պայքար»ով յանգաւորող «պոէտ» Աւետին (շուտով նա կը յանգաւորի նաեւ «մենամարտ»ն ու «անպարտ»ը, «աշխարհ»ն ու «ճանապարհ»ը, «պահանջ»ն ու «նահանջ»ը. անսպա՜ռ են աւետական տաղաչափական հնարաւորութիւնները) ուզում եմ յիշեցնել Պ. Սեւակի մի բանաստեղծական արտայայտութիւնը. «Որ մինչեւ անգամ լաւ է աւելի //բառերն իրար հետ կապ իսկ չունենան,// Քան թէ չունենան կշիռ ու արժէք»: Սեւակի այս տողերը յիշեցի, որ կարողանամ պարզապէս շնորհաւորել Աւետ Բարսեղեանին, քանզի նա այնպէս է արել, որ բառերն իրար հետ ոչ միայն կապ չունեն, այլեւ չունեն որեւէ կշիռ ու արժէք:
Ա. Բարսեղեանի յօրինած տեքստը, բնականաբար, չէր կարող չարտայայտել ստեղծողի խոր փիլիսոփայական մտորումները: Այդ մտորումներն ուղղակի երգից երգ «խեղդում» են «պոէտ»ին, եւ վերջինս բաց չի թողել հնարաւորութիւնը` նաեւ Սիրուշոյի զրնգուն ձայնով հնչեցնելու դրանք: Օրինակ` այս մէկը.
Մէկն է բնութեան օրէնքը,
Կամքն ուժեղ գտնում է ելքը...
Անտարակոյս, շա՛տ խորաթափանց, համարեա դարուինեան միտք է, բա շարունակութի՜ւնը` «... Ու շարունակում տալ սերունդներ»: Ուրեմն, արձանագրենք, թէ ի՛նչ «ունենք» այս եռատողի արդիւնքում` «կամքը» «շարունակում է տալ սերունդներ». մի՞թէ խորիմաստ չէ...
Իր «հերոս»ի ճակատագրի համար իմաստասիրական խոկումների մէջ ընկած հեղինակը երգի վերջում պարզապէս չի կարող մի երկու բառ չասել... դէ, իհարկէ, ցաւի մասին.
Ցաւն են անցկացնում դանդաղ
Սարերից իջնող ջրերը պաղ...
Դժուար է պնդել, թէ խօսքն այստեղ վարուցանքի ընթացքում «ծեծ կերած» գոմէշի ցաւի մասին է, բայց թէ Աւետը մեզ այլ բան ենթադրելու հնարաւորութիւն չի էլ թողել: Շատ որ ուզենք, կարող ենք մտածել նաեւ, որ գոմէշի վզին ու կողերին վարուցանքի սարքուսուրքի առաջացրած ցաւի մասին է խօսքը, բայց դէ ի՛նչ իմանաս` Աւետի պոէտական միտքն այդ պահին ո՛ւր է թափառելիս եղել, եւ ի՛նչ իմաստ է նա տուել «ցաւ»ին, որը կարող է, փաստօրէն, նաեւ «անցկացուել»:
Միանգամայն տրամաբանական է, որ Աւետն իր ստեղծագործութիւնն աւարտում է գոմէշային լաւատեսութեամբ.
Տաք արիւնը գոյնն է բախտի,
Բռնած ուղիդ ոչինչ էլ չի խախտի...
Մէջբերում ու չես կարողանում զսպել հիացմունքդ. ի՜նչ հրաշալի յանգաբանութիւն` «բախտի»-«խախտի», ափսոս միայն, որ դարձեալ ընթերցողի «վզին» է դրւում այս գաղտնախօսութիւնը վերծանելու ծանր լուծը, որովհետեւ ոչ մի կերպ հասկանալի չէ, թէ այդ ի՛նչ «տաք արեան» մասին է ակնարկւում, որը «բախտի գոյնն» է նաեւ, այդ ի՛նչ «բռնած ուղի» է, որը, փաստօրէն, կարելի է նաեւ «խախտել» (ուղին` խախտել), սակայն որը, ինչպէս հաւաստիացնում է «պոէտ» Աւետը, եւ ինչպէս վերահաստատում է երգչուհի Սիրուշոն, «ոչինչ էլ չի խախտի»:

Յ. Գ. - Անդրադարձը պատրաստ էր, երբ օրաթերթերից մէկում յայտնուեց Սիրուշոյի հիացական կարծիքն իր իսկ երգի մասին: Խօսելով մասնաւորապէս տեքստի մասին` երգչուհին նշում է. «Երգի խօսքերն ինձ համար յատկապէս կարեւոր էին, քանի որ ասելիք ունէի, այնքան շատ ասելիք, որ միտքս խօսքիս հերթ չէր տալիս. հասկացայ, որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել եւ միտքս ճիշդ տեղ հասցնել միայն իմ տաղանդաւոր ընկեր Աւետ Բարսեղեանը»: Վերջինս, ուրեմն, Սիրուշոյի միտքը «ճիշդ տեղ է հասցրել»: Ողբամ վիճակդ, հայ երգ: Եւ յատկապէս ողբամ, եթէ քո «տաղանդաւոր»ը Ա. Բարսեղեանն է:

«Ազգ», Դեկտեմբեր 15, 2012

No comments:

Post a Comment