17.12.12

«Հայոց պատմութիւն» դասագրքում կեղծուել է 1988-ից ի վեր ամբողջ պատմութիւնը

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ
 
Յայտնի պատմաբան, ակադեմիկոս Գագիկ Սարգսեանը 1992 թ. մի առիթով գրում է. «Տասնամեակներ շարունակ արտադրական-քաղաքական ոլորտից պատմագրութեան մէջ ներարկուել է որոշակի, շատ պարզունակ եւ դրանով էլ վարակիչ ու գրաւիչ "խորհրդային մարքսիզմ"ի առանցքագաղափարը (կոնցեպցիան).... Իշխող քաղաքական դոկտրինայի թոյնը, հոսելով հին պատմութիւնից դէպի նորը, հետզհետէ ուժեղանում էր, իսկ հասնելով նորագոյնին, պարզապէս կազմալուծում այն: Բայց միայն սա չէր դրա վտանգը: Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղաւաղման, նենգափոխման թոյլատրելիութիւնը նաեւ այնպիսի դէպքում, երբ այդ արւում էր ոչ թէ իշխող դոկտրինայի հունով, այլ ցանկացած բարձր քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային, կամ որեւէ այլ եղանակով» («Հայաստանի Հանրապետութիւն», 14.08.1992):

Դա գիտէինք, աւելի ճիշդ` զգում էինք բոլորս արդէն ուսանողական տարիներին: Հէնց դա էր պատճառը, որ յարգի էր հին եւ միջնադարեան պատմութիւնը, մինչդեռ նոր, առաւել եւս` նորագոյն շրջանի պատմութիւնն արհամարհուած էր: Նրանք, ովքեր լուրջ գիտութեամբ զբաղուելու մտադրութիւն ունէին, խորանում էին հին պատմութեան մէջ, իսկ նրանք, ովքեր ի զօրու չէին դա անել, կամ կարիերայի համար էին եկել համալսարան, ընտրում էին նորագոյնը, որտեղ այն առաւելագոյնս էր թոյլ տալիս պատմական փաստերի աղաւաղում ու նենգափոխում` յանուն... որեւէ շահի: Նորագոյն պատմութեան մէջ էլ, իր հերթին, ամենաարհամարհուածը, բայց նաեւ` արագ առաջ գնալու համար ամենահեշտն ու գայթակղիչը կոմունիստական կուսակցութեան պատմութեան բնագաւառն էր: Բայց մտաւորական, անգամ ուսանողական միջավայրում նրանք մեծ վերապահութեամբ էին գիտնական համարւում, նրանց աշխատանքներն էլ` գիտական:
Այս ամենավերջին դասի ցայտուն մի ներկայացուցիչ է ԵՊՀ [Երեւանի Պետական Համալսարանի] կողմից հրատարակուած «Հայոց պատմութիւն» դասագրքի 1988-ից մինչեւ մեր օրերը հատուածի հեղինակ Էդիկ Մինասեանը: Նա 1985-ին «գիտութիւն» է մտել ՍՄԿԿ [Սովետական Միութեան Կոմունիստական Կուսակցութեան] պատմութեան, այլ խօսքով` պատմական փաստերի աղաւաղման ու նենգափոխման առաւել բարձր մակարդակ պահանջող եւ ապահովող հետեւեալ խօսուն թեմայով. «ՀԿԿ [Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան] գործունէութիւնը բանուոր դասակարգի, գիւղացիութեան եւ մտաւորականութեան դաշինքի ամրապնդման ուղղութեամբ, 1970-ական թուականներ» (տե՛ս http://www.ysu.am/faculties/?view=20005&f=2&id=2):  Աւարտուեց ԽՍՀՄ-ը, փակուեց նաեւ ՍՄԿԿ պատմութիւնը: Է. Մինասեանը «վերապրոֆիլաւորուեց» Հայաստանի պատմութեան 1988-ից սկսուող շրջանով` իր հետ այստեղ բերելով միակ «օժիտ»ը`  պատմական փաստերի աղաւաղման ու նենգափոխման ունակութիւնն ու սովորութիւնը: Թերեւս հէնց այդ նկատառումով է, որ հէնց նրան է յանձնարարուել է ԵՊՀ հրատարակած հայոց պատմութեան դասագրքի` ղարաբաղեան շարժումից սկսած մինչեւ մեր օրերի պատմութեան շարադրանքը: Այդ շարադրանքի` 2008 թ. Մարտի 1-ին վերաբերող դրուագն է ահա, որ որպէս պատմութեան կեղծման ակնառու օրինակ` ցնցեց շատերին` ամբողջ 10 օր դառնալով մամուլի քննարկման առարկայ: Դժուար չէր ենթադրել, որ նոյնպիսի կեղծիքներով պէտք է կազմուած լինէր 1988-ից ի վեր շրջանի նրա ողջ շարադրանքը:  Եւ այդպէս էլ կայ. գրքի վերջին 150 էջն այլ բան չէ, քան, նախ` «Ղարաբաղ կոմիտէ»ի, ապա` Հայոց Համազգային Շարժման եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի դէմ կեղծիքների ու ստերի վրայ յենուած քարոզչանիւթ: Ստորեւ կը ներկայացնենք կեղծիքների մի քանի օրինակ` սահմանափակուելով միայն ղարաբաղեան շարժման (1988-1990) տարիներով:
Ա) Ինչպէ՞ս դադարեցին 1988-ի փետրուարեան հանրահաւաքները: Ըստ Է. Մինասեանի` «հարցն ըստ էութեան լուծելու փոխարէն կենտրոնական իշխանութիւնները փորձում էին պայքարը դադարեցնել հայ անուանի մտաւորականների միջոցով» (էջ 716): Խօսքը Զօրի Բալայեանի եւ Սիլվա Կապուտիկեանի մասին է: Ընթեցողը սրանից հասկանում է, որ այդ «փորձ»ը յաջողութեամբ չի աւարտուել: Եւ իրօք, քիչ յետոյ կարդում ենք. «1988 թ. փետրուարի 26-ին ԽՄԿԿ [Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութեան] ԿԿ-ի [Կենտրոնական Կոմիտէի] գլխաւոր քարտուղար Մ. Գորբաչովը յատուկ կոչով դիմեց Ադրբեջանի եւ Հայաստանի աշխատաւորներին` յորդորելով դադարեցնել ցոյցերն ու հանրահաւաքները` խոստանալով առաջիկայում լուծել բարձրացուած հարցերը: Հայ ժողովուրդը մէկ անգամ եւս հաւատաց կենտրոնական իշխանութիւններին եւ դադարեցրեց գործադուլներն ու հանրահաւաքները»:
Այդ օրերին հանրահաւաքի մասնակիցներն, անշուշտ, լաւ կը յիշեն, թէ ինչու եւ ինչպէս դադարեցուեցին արդէն կէս միլիոնն անցնող հանրահաւաքները: Ժողովուրդը ոչ թէ հաւատաց կենտրոնական իշխանութիւններին, այլ Զ. Բալայեանին եւ Ս. Կապուտիկեանին: Այդ մասին յետագայում ափսոսանքով վկայում են հէնց իրենք: Զ. Բալայեան. «Երեկոյեան ժամը 6-ին ես ելոյթ ունեցայ եօթ հարիւր հազարանոց «յանձնաժողով»ում: Մէկ միլիոն չորս հարիւր հազար աչքեր ինձ էին նայում: Մարդիկ հաւատում էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հէնց Գորբաչովի մօտ: Ես համոզեցի, որ հարկաւոր է գնալ տները (ընդգծումն իմն է-Ա.Ս.): Ես տեսայ, թէ ինչպէս է դանդաղօրէն ժողովուրդը թողնում հրապարակը: Բայց ինձ համար այդ օրը դարձաւ ամենասեւ օրը, իմ կեանքի ամենասեւ ժամը: Որովհետեւ հէնց այդ օրը, հէնց այդ նոյն ժամին սկսուեց «Սումգայիթ»ը («Աւանգարդ», 11.02.1990): Այդ օրը նոյն ժամերին նոյն բանն անում էր Սիլվա Կապուտիկեանը` հեռուստատեսութեամբ` կոչ անելով ցրուել եւ Ղարաբաղի հարցի լուծման շարունակութիւնը «վստահել իշխանութիւններին» (տես` Ս. Կապուտիկեան, Էջեր փակ գզրոցներից, էջ 285-292, 294-299): Ո՞ւմ հաւատանք` Զ. Բալայեանին եւ Ս. Կապուտկեանի՞ն, թէ՞ Է. Մինասեանին: Բայց այս ամէնը մի կողմ. մի՞թէ Է. Մինասեանն ինքն այդ օրը չի եղել հանրահաւաքի 700.000 մասնակիցներից մէկը...
Ինչի՞ համար է կատարուել այս կեղծիքը. որ Զօրի Բալայեանն ու  Սիլվա Կապուտիկեանն ազատուե՞ն իրենց կատարած ճակատագրական սխալից, ինչն իրենք են յետագայում ցաւով խոստովանել:
Բ) «1988 թ. մարտին Արցախ-Հայաստանում աւելի մեծ թափով վերսկսուեցին բողոքի բազմահազարանոց ցոյցերն ու հանրահաւաքներըէ (էջ 718):
Սա կեղծիք չէ, այլ պարզ ապացոյց այն բանի, որ Է. Մինասեանը, մեղմ ասած` չի տիրապետում նիւթին: Փետրուարի 27-ին հանրահաւաքում «կազմկոմիտէ»ն չփորձեց հակադրուել Զ. Բալայեանին եւ Ս. Կապուտիկեանին: Բայց կասկած ունենալով, թէ այդ ամէնը կարող է նաեւ խաղ լինել, Մարտի 26-ը նշանակեց յաջորդ հանրահաւաքի օր: Կազմկոմիտէի կասկածները հաստատուեցին, սակայն Մարտի 26-ի նախօրեակին զօրք մտցուեց Երեւան, Կոմիտեն թռուցիկով կոչ արեց այդ օրը տնից դուրս չգալ եւ Երեւանը դարձնել «մեռեալ քաղաք»: Իսկ հանրահաւաքները սկսուեցին միայն Մայիսի կէսերից:
Գ) Ղարաբաղեան կամ հայկական ժողովրդավարական շարժման ղեկավար մարմինը` «Ղարաբաղ» կոմիտեն, շարադրանքում յիշատակւում է երկու անգամ: Առաջինը. «1988 թ. փետրուարին ստեղծուեց շարժման կազմկոմիտէ, իսկ մարտի սկզբներին` Իգոր Մուրադեանի նախաձեռնութեամբ "Ղարաբաղ" անուանումով կոմիտէ» (էջ 716): Յետոյ այն չի յիշատակւում մինչեւ դեկտեմբեր: Ամէն ինչ տեղի է ունենում ինքն իրեն, առանց որեւէ ղեկավարութեան: Կոմիտէն յիշատակւում է մէկ էլ երկրաշարժի առիթով. «Աղէտի գօտու վերականգնման գործում բացասական դեր խաղացին "Ղարաբաղէ կոմիտէ"ի ղեկավարները, որոնք օգնութեան եկածներից պահանջում էին հեռանալ Հայաստանից: Այդ պայմաններում ԽՍՀՄ այլ հանրապետութիւններից շատ կազմակերպութիւննէր դադարեցրին իրենց աշխատանքները եւ հեռացան» (էջ 724):
Սա ոչ միայն կեղծիք, այլեւ կեղտոտ յերիւրանք է` դժուար է ասել, թէ ում հրահանգով յօրինուած: «Ղարաբաղ» կոմիտէին, ապա ՀՀՇ-ին ամէն տեսակ մեղքերի մէջ ժամանակին մեղադրել են խորհրդային իշխանութիւնները, նրա ընդդիմադիր ուժերը, հակառակորդները, որոնց տասնեակ մեղադրանքներում ոչ մէկը նման բան չէր ասել:
Ապա յիշատակւում է Կոմիտէի` 1988-ի Դեկտեմբերի 10-ին ձերբակալուելը եւ 1989 թ. Մայիսի վերջին ազատ արձակուելը: Եւ վերջ:
Չի յիշատակւում Կոմիտէի անդամներից (Լեւոն Տէր-Պետրոսեան, Վազգէն Մանուկեան, Բաբկէն Արարքցեան, Ռաֆայէլ Ղազարեան, Աշոտ Մանուչարեան, Վանօ Սիրադեղեան, Համբարձում Գալստեան, Սամուել Գէորգեան, Ալեքսան Յակոբեան, Դաւիթ Վարդանեան, Սամսոն Ղազարեան) ոչ մէկի անունը, այն դէպքում, երբ շարադրանքը յագեցած է հարիւրաւոր անուններով: Ուսանողն այս ընթացքում տասնեակ ու հարիւրաւոր անուններ պէտք է իմանայ. օրինակ` Բագրատ Ուլուբաբեանի Մոսկուա ուղարկած նամակն ստորագրած տասնեակից աւելի մարդկանց` իրենց պաշտօններով հանդերձ, մէկական էջ պէտք է կարդայ Քերոլայն Քոքսի եւ Ցվետանա Պասկալեւայի մասին, բայց չպիտի իմանայ «Ղարաբաղ» կոմիտէից եւ ոչ մէկի անունը: Մինչդեռ այդ երկու տարուայ պատմութեան առանցքը, հիմնական քաղաքական գործօնը եղել է «Ղարաբաղ» կոմիտէն: Այդ մարդկանց ղեկավարած շարժման շնորհիւ է, որ Խորհրդային Միութեան հոգեվարքի ջղաձիգ ցնցումների պայմաններում հնարաւոր եղաւ փրկել Ղարաբաղը տեղահանութեան վտանգից:
Դ)  Երբ անհնար է լինում շրջանցել «Ղարաբաղ» կոմիտէ, Հայոց Համազգային Շարժում, Լեւոն Տէր-Պետրոսեան անունները, դրանք, ըստ հնարաւորի, ուղեկցւում են բացասական մի բնորոշմամբ, բացասական մի խօսքով:
Լեւոն Տէր-Պետրոսեանի անունը առաջին անգամ յիշատակւում է միայն 1990 թ. Օգոստոսի 4-ին Գերագոյն Խորհրդի նախագահ ընտրուելու առիթով: Դա շատ կարեւոր մի իրադարձութիւն էր` այդ ընտրութեամբ արձանագրուեց 70-ամեայ կոմունիստական իշխանութեան աւարտը եւ ժողովրդավարական ուժերի յաղթանակը: Սակայն դասագրքի հեղինակների համար դա չէ կարեւորը, այլ որ այս ընտրութեան վրայ էլ ինչ-որ ստուեր ընկնի. Լեւոն Տէր-Պետրոսեանը ԳԽ նախագահ ընտրուեց` «երկար վիճաբանութիւնների, պատգամաւորների զգալի մասի անհամաձայնութեան եւ հոգեբանական ճնշումների պայմաններում» (էջ 734):
ԵՊՀ հրատարակած հայոց պատմութեան դասագրքում, ղարաբաղեան շարժումից սկսած` ղարաբաղեան պատերազմի եւ մինչեւ մեր օրերի պատմութիւնն ամբողջութեամբ կեղծուած է:  Ակնյայտօրէն գործել է հետեւել հրահանգը. հնարաւորինս շրջանցել, անտեսել կամ, եթէ դա հնարաւոր չէ` արժէզրկել ու սեւացնել այն ամէնը, ինչ կապուած է «Ղարաբաղ» կոմիտէի, նրա անդամների, Հայոց Համազգային Շարժման, վերջինիս իշխանութեան, Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ: Ադրբեջանական ու թուրքական պատմագրութիւնը շատ աւելի յարգանքով է վերաբերւում պատմական փաստերին, քան այս գրքի հեղինակները: Հեղինակներ ասելով` պէտք է նկատի ունենալ հետեւեալ հիերարխիկ շարքը. ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեան, գրքի խմբագիր Հրաչիկ Սիմոնեան, ռեկտոր Արամ Սիմոնեան, Կրթութեան նախարար Ա. Աշոտեան, համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսեան:
Եթէ սա լինէր մի մարդու հեղինակային մենագրութիւն, կարելի էր նաեւ ընդհանրապէս չնկատել ու չանդրադառնալ (նման աղբով լիքն է վերջին երկու տասնամեակը): Բայց սա պետականօրէն հաստատուած դասագիրք է բուհերի համար: Ահա, պետականօրէն հաստատուած այս դասագրքի` 1988-ից առ այսօր շարադրանքը խոտան է: Այն այլ բան չէ, քան խորհրդային տարիներին յայտնի մի «ագիտատորի եւ պրոպագանդիստի բլոկնոտ»` յօգուտ գործող ռեժիմի: Եւ այս խայտառակութիւնը պարտադիր պէտք է դասաւանդուի բոլոր բուհերում, իսկ այն դասաւանդող դասախօսները ակամայ պէտք է ստանձնեն ռեժիմի ագիտատորների ու պրոպագանդիստների դերը:

«Չորրորդ ինքնիշխանութիւն», Դեկտեմբեր 7, 2012
   

No comments:

Post a Comment