Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

17.12.12

Հայոց պատմութեան վիճայարոյց դասագրքում «ոչ մի նախադասութիւն չի փոխուի»

ՆԱՅԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐԵԱՆ
 
Կրթութեան եւ Գիտութեան նախարար, իշխող Հանրապետական Կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարեց, թէ չեն պատրաստւում փոխել հայոց պատմութեան բուհական դասագրքում տեղ գտած 2008 թուականի մարտիմէկեան ողբերգական իրադարձութիւնների մասին «ոչ մի նախադասութիւն»:

«Ի հարկէ, չենք պատրաստւում որեւէ բան անել: Կարծում եմ, որ առաջինը` որեւէ մէկին իրաւունք չի վերապահուած փորձելու սահմանափակել այլոց ազատութիւնները, յատկապէս` ակադեմիական ազատութիւնները: Կայ գիտնականների խումբը, որը ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրաւունք իրենց հեղինակած դասագրքում: Հայաստանի անկախութեան տարիներին առաջին անգամ է ստեղծուել հայոց պատմութեան դասագիրք, եւ ստուերել այդ հսկայական աշխատանքը քաղաքական եւ իրականում մեզ բոլորիս համար ցաւոտ նորագոյն պատմութեան էջերից մէկի տարաբնոյթ մեկնաբանութիւններով մենք թոյլ չենք տայ», - ասաց Աշոտեանը:
Դասագիրքը, որը ներկայացնում է հայոց պատմութիւնը հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը, անդրադառնում է նաեւ 2008-ի մարտի 1-ին նախորդող եւ յաջորդող օրերի իրադարձութիւններին: Դասագրքի հեղինակ, Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը, անդրադառնալով այդ իրադարձութիւններին, դասագրքում նշել է, որ յետընտրական բախումների ընթացքում երկուստեք հրազէն է օգտագործուել, ինչն էլ դարձել է տասը հոգու սպանութեան պատճառ: Այնինչ նման փաստ բուն քրէական գործում չկայ: Սա զայրացրել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին, ովքեր հերքում են պահանջում եւ խոստանում են դատի տալ դասագրքի հեղինակներին:
Մինչ դասագիրքը կը հասնէր ուսանողներին, այն հաստատուել է Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան կողմից: «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, թէ հաստատելով այդ դասագիրքը, կիսո՞ւմ է այն տեսակէտը, որ երկուստեք կիրառուել է հրազէն, Կրթութեան եւ Գիտութեան նախարարը պատասխանեց. - «Ես չեմ հաստատել, որ այդ դասագրքում գրուած իւրաքանչիւր նախադասութիւն կամ բառ ճիշդ է: Կրթութեան եւ Գիտութեան նախարարը, անկախ իր անձից, չի կարող հայոց պատմութեան կամ ֆիզիկայի կամ կենսաբանութեան լիարժէք մասնագէտ եւ փորձագէտ լինել: Կայ համապատասխան մասնագէտների կողմից տրուած փորձագիտական եզրակացութիւն, որ այդ գիրքը համապատասխանում է բուհական դասագիրք լինելու չափանիշներին, եւ իմ հրամանով այդ եզրակացութեան հիման վրայ գիրքը հաստատուել է: Ի դէպ, եզրակացութիւնը տրուել էր դեռեւս 2011 թուականին»:
Նախարարը կարծում է, որ գիտնականներն այս դէպքում ազատ են իրենց կարծիքը արտայայտել` հիմնուելով իրենց ունեցած տպաւորութիւնների եւ փաստական նիւթերի վրայ: Աշոտեանն ասում է` որեւէ մէկը չի կարող ամբողջութեամբ պատասխանել, թէ ինչ է եղել այդ ժամանակ, եւ գիտնականներն էլ չեն յաւակնել «վերջին ատեան»ի ճշմարտութիւն գրել:
«Ցաւում եմ, որ Մարտի 1-ի զոհերի յիշատակը եւ այդ իրադարձութիւնների ողջ դառնութիւնը նորից վերածում են քաղաքական պլատֆորմի, քանի որ այդ ուժերը կարծես թէ ուրիշ որեւէ քաղաքական պրոդուկտ այս տարիներին չունեցան, եթէ, ի հարկէ, այդ ողբերգական իրադարձութիւնները կարելի է քաղաքական պրոդուկտ համարել», - ասաց Աշոտեանը:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյեանի ծնողները կարծում են, որ նախարարն իր այս գնահատականներով վիրաւորում է իրենց ու զոհերի յիշատակը: Գոռի հայրը` Սարգիս Քլոյեանը, ինչպէս նաեւ մնացած զոհերի հարազատները պնդում են, որ դասագրքի հեղինակները քաղաքականացնելով Մարտի 1-ը` պէտք է պատասխան տան ոչ միայն դատարանում, այլեւ այս գործը քննող յատուկ քննչական ծառայութիւնում պէտք է որպէս վկայ հանդէս գան:
«Պարոն Աշոտեան, դեկանին կա՛մ գործից ազատիր, կա՛մ խիստ նկատողութիւն տուր, եւ գրքերը հետ կանչիր», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց նա:
Ինչպէս Սարգիս Քլոյեանն, այնպէս էլ նրա կինը` Ազատուհի Քլոյեանը հակասութիւններ են տեսնում Աշոտեանի խօսքերում:
«Պարոն նախարար, դու նախ ասում ես, որ գիրքը տպուել է` հիմքեր ունենալով: Եւ մէկ այլ տեսանկիւնից հերքում է [Աշոտեանը], թէ դա կարող է չհամապատասխանել իրականութեանը, գիտնականի կարծիքն է: Արդէն ինքն իրեն հակասում է», -վրդովուած ասաց Ազատուհի Քլոյեանը:
Հայոց պատմութեան դասագիրքը գործածութեան մէջ է մինչեւ 2013 թուականի աւարտը:
«Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցի վերջում Արմէն Աշոտեանն առաջարկեց նրանց, ովքեր Մարտի 1-ի իրադարձութիւնների վերաբերեալ այլ կարծիքնէր ու փաստեր ունեն, դրանք զետեղել մէկ այլ դասագրքում, որը, փորձագիտական դրական եզրակացութեան արժանանալու պարագայում, կը հաստատուի նախարարութեան կողմից:

 «Ազատութիւն» ռադիոկայան (azatutyun.am), Դեկտեմբեր 12, 2012

No comments:

Post a Comment