Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

18.10.12

Մխիթար եւ մխիթարեանք (հայ գրքի 5րդ դարադարձի առիթով)

ՄԱՐՕ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Ըղեղս հպարտ կը զգայ ինքզինքը՝ հպարտութեամբը Մխիթարեան Իտէալին...
Դ. Վարուժան

Ազգ մը, որ Մխիթարի պէս նկարագիր մը «արտադրած է», իրաւունք չունի ինքնիրմէ յուսահատելու: Մխիթար միայնակ կատարեց հսկայ գործ մը….Հայ ժողովուրդը, որ այսօր կը մաքառի իր ամբողջական ազատագրումը ձեռք ձգելու համար եւ ատով ուրիշ բան չ՚ըներ, բայց եթէ Մխիթարի գործը լրացնել, պէտք չէ, որ վհատի իր սկսած պայքարին ահաւոր դժուարութիւններէն….Պէտք է, որ ան ամէն վայրկեան իր աչքին առջեւ ունենայ իր մեծ Մխիթարին օրինակը, պէտք է որ համոզուի, թէ ամէնէն անիրականանալի կարծուած ծրագիրներն իսկ կ՚իրականանան, երբ մարդ գիտէ ինք իր վրայ հաւատք ունենալ, զոհողութիւն յանձն առնել եւ մաքառիլ: Պէտք է, որ հայ ժողովուրդը ամբողջութեամբ ցոյց տայ այն կամքը, ինքնավստահութիւնն ու անվկանդ  յարատեւութիւնը, զոր Մխիթար ի յայտ բերաւ իր գործունէութեան մէկ ծայրէն միւսը, եւ ան ալ պիտի հասնի իր ծրագիրն իրականացնելու, ինչպէս Մխիթար յաջողեցաւ իր երազը
մարմնաւորել:
Արշակ Չօպանեան
Մխիթարը (1676-1749) Սեբաստիայի Սուրբ Խաչ վանքում կրթութիւն ստանալուց յետոյ գալիս է Հայաստան՝ Էջմիածին ու Սեւան՝ կրթութիւն ստանալու եւ ժողովրդին լուսաւորելու համար մշակութային կենտրոն հիմնելու (մտածում էր հիմնել իր երազների կենտրոնը, որտեղ կարող էր ուսուցանել, հայերէն գրքեր հրատարակել, գրադարան ստեղծել): Հայաստանը պարսկաթուրքական բռնութեան ճիրաններում էր եւ չէր կարող գործելու հնարաւորութիւն տալ Մխիթարին, ուստի նա, հայրենական հողի վրայ տեղ չգտնելով, պէտք է օտարի հողի վրայ բացէր ազգային լուսաւորութեան ճանապարհը: 1701ին Կ. Պոլսում Մխիթարը հիմնում է միաբանութիւն եւ դպրոց: Թուրքիոյ կառավարութեան հալածանքները, սակայն, հանգիստ չեն տալիս նրան եւ համախոհներին... Օսմանեան վայրագութիւնները չհանդուրժելով՝ սեբաստացի Մխիթարը 11 կրօնաւորների հետ 1715ին նաւով հասնում է Վենետիկ:
Երբ Վենետիկի ծերակոյտն իմանում է, որ Մխիթարեանների վանքը թուրքերն աւերել են, «մշտնջենաւոր ժամանակով պարգեւում է միաբանութեանը սուրբ Լազարոսի վանքը: Մխիթարը եւ նորա աշակերտքը տեղափոխուեցան դէպի այդ կղզին, որ եղած էր առաջուց մի հիւանդանոց, ուստիեւ առաջացած է անունս Սուրբ Լազարոս» (Մ. Նալբանդեան): 1717ի Սեպտեմբերին Մխիթարը կղզում հիմնում է նոր վանք. կառուցում է եկեղեցի, բացում դպրոց, պատրաստում է միաբանգործիչներ:
Նապոլէոն Բոնապարտը նուաճում է Իտալիան: Յարգելով Սուրբ Ղազար կղզու բնակիչների՝ կղզին չբնաջնջելու վերաբերեալ խնդրագիրը (հայերը գրել էին, որ կղզին «գիտական մարմին» է)՝ Բոնապարտը վճիռ է արձակում.«Վենետկոյ Ս. Ղազարու հայ կրօնաւորները թող մնան իրենց ներկայ վիճակի մէջ»… Վճիռն անց է կացւում «օրինաց գրքի» մէջ՝ Սուրբ Ղազարի հայկական միաբանութիւնը ճանաչել գիտական հաստատութիւն՝ «Հայկական ակադեմիա» պատուաւոր տիտղոսով:
Մխիթարն իր միաբանութեան անդամների մէջ սոսկ ճգնաւորներ չէր տեսնում: Հայ կրօնաւորները պէտք է լուսաւորէին ազգը, կենդանութիւն հաղորդէին հայ մշակոյթին: Նրանք «հրեշտակի մը թեւերով» պիտի թռչէին «քաղաքէ քաղաք, դռնէ դուռ եւ ամէն հայու սրտին մէջ հրդեհներ հանէին՝ հայ լեզուն սիրելու, գգուելու, անոր վրայ գուրգուրելու» (Հ. Արսէն Ղազիկեան):
«Այդ գիտական ակադեմիայում կենտրոնացած են աշխարհային վայելքներից հեռացած մի խումբ անձնուէր, բարեպաշտ եւ գիտնական վարդապետներ: Նրանք ազգով կամ, աւելի ճիշդ, ամբողջ էութեամբ հայեր են: Պարո՛ն այցելու, ազգով գերմանացի էք, ֆրանսիացի, թէ անգլիացի, ամենեւին անձկութիւն մի՛ ունենաք, թէ այնտեղ ձեր լեզուն չեն հասկանայ: Երեւի անսպասելի եւ աներեւակայելի կը լինի ձեզ համար յանկարծ տեսնել, թէ ինչպէս մի փոքրիկ կղզում խմբուած այդ պատկառելի միաբանները կատարելապէս տիրապետում են եւրոպական բոլոր նշանաւոր լեզուներին իրենց բովանդակ խորութեամբ եւ ճկունութեամբ: Եւ ինչպէս կիրթ ու առաջադէմ մտքի, ազատ ու լուսաւոր աշխարհայեցողութեան, հասուն եւ զարգացած խելքի տէր են, ինչպէս հիւրասէր, քաղցրախօս եւ բարեբարոյ մարդիկ են…», գրում է գերմանացի մտաւորականը «Մշակ» թերթում (1901):
«Երկրորդ Մեսրոպ» պատուանունով մեծարուած մարդու՝ Մխիթարի մահից յետոյ միաբանութիւնը երկատւում է, միաբանների մի մասը հեռանում է Վիեննա:
Այդ «վէճի» «շնորհիւ» հայերս Եւրոպայում ունենք մշակութային-գիտակրթական զոյգ կենտրոններ, որոնք խոշոր ներդրում ունեն հայ մշակոյթի զարգացման եւ պահպանման գործում:

* * *
Սրբոյն Մարկոսի եկեղեցին գնացի՝ պատարագի մը ներկայ գտնուելու, բայց շատ ուշ էր: Անտի գնացի ի կղզին հայ կրօնաւորաց՝ վայելուչ տեղ մը, եւ դիրքն ալ աննման. ընտիր տպարան մը ունին, ուր հայերէնով գրքեր կը հրատարակեն:
Թոմաս Մուր

 Նոքա ոչ միայն ազատեցին մեր մատենագրութիւնը Հայաստանի վանքերի խորշերում փտելուց, այլեւ լոյս ընծայեցին մեծ թուով ինքնուրոյն եւ թարգմանական հեղինակութիւններ: Նոքա մի կողմից տարածեցին մեր հասարակութեան մէջ ընթերցասիրութիւն, ծանօթացրին եւրոպական գիտութիւնների հետ, միւս կողմից հարստացրին իւրեանց վանքը:
Րաֆֆի
 
Եռանդուն գործունէութիւն են ծաւալում Մխիթարը եւ նրա համախոհները: Ապրում են բեղուն մշակութային կեանքով՝ գրում են, թարգմանում, հրատարակում: Հիմնում են տպարան, եւ միմեանց են յաջորդում աստուածաբանական, լեզուաբանական, քերականական, աշխարհագրական, պատմական աշխատութիւնները, բառարանները...
Մխիթար Սեբաստացու մահուան տարում հրատարակւում է նրա հեղինակած «Բառգիրք հայկազեան լեզուի» բառaրանը՝ առաջին կատարեալ գիտական խօսքը հայ բառարանագրութեան ասպարէզում: Կիսատ բոլոր գործերը աւարտին են հասցնում միաբանները:
Մխիթարեանների հրատարակած գրքերի բովանդակային բազմազանութիւնն ապշեցնում է՝ հայ հին եւ միջնադարան հեղինակների, իմաստասէրների, բժիշկների երկեր՝ Ագաթանգեղոսից մինչ Մխիթար Հերացի, այբբենարաններ, մանկական գրականութիւն, քերականութիւն, հայոց եւ համաշխարհային պատմութիւն, բնագիտութիւն, կենդանաբանութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, քարտէզագրութիւն, երկրաչափութիւն, ուսումնական նիւթեր, բառարաններ, օրացոյցներ, գեղանկարների եւ ճարտարապետական կոթողների հաւաքածուներ եւ այլն: «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր աշխատութիւնը համարւում է հայոց բառարանների մայրը:
Բարձր արժէք ունի Մխիթար Սեբաստացու տպագրած Աստուածաշունչը (1733): Յիշատակարանում գրուած է, որ տպագրւում է՝ հիմք ընդունելով Ոսկան Երեւանցու տպագրած Աստուածաշունչը, սակայն լաւագոյն թղթով, «ազնուագոյն պատկերօք, գեղեցկագոյն ծաղկագրօք, զգուշագոյն սրբագրութեամբ» եւ ծախսերով Մխիթար վարդապետ Սեբաստացի աբբահօր: Արժէքով նախորդին չի զիջում Աստուածաշնչի Սահակ-Մեսրոպեան թարգմանութեան 1805ի հրատարակութիւնը, որն այնքան ակնածանքով եւ խնամքով կատարում է Մխիթարեան տպարանապետ Յովհաննէս Զօհրապը: 
Հայկական դասականութեան (կլասիցիզմ) նշանաւոր երկը՝ «Հայկ Դիւցազնը», ծնւում է Արսէն Բագրատունու գրչով: Երկու Արսէնների՝ Բագրատունի եւ Ղազիկեան, թարգմանութիւնների շնորհիւ Եզոպոսն ու Վիրգիլիոսը, Դեֆոն, Հոմերոսը, Ջոն Միլտոնը, հին յոյն ողբերգուները, Դանթէն, եւրոպացի հեղինակները «խօսում են» հայոց գրաբարով...
Գրական կոթողներ են Հայր Ղեւոնդ Ալիշանի երկերը: Միքայէլ Չամչեանի անգերազանցելի աշխատութիւնները հայագիտութեանը խոշոր նպաստ բերող գործեր են: Արսէն Այտընեանի աշխատութիւնները համարւում են հայոց աշխարհաբարի առաջին խոր գիտական ուսումնասիրութիւնները:
Բազում գրքեր են հրատարակել Մխիթարեան միաբանները՝ եւրոպացի նշանաւոր հայագետներ Ֆ. Կոնիբէրի, Հ. Հիւբշմանի, Յ. Մարկուարտի, Ն. Մառի աշխատութիւնները, հայ բանասէրներ Ն. Ադոնցի, Հ. Աճառեանի, Ս. Մալխասեանցի, Յ. Մանանդեանի, հայ նշանաւոր գրողներ Րաֆֆու, Աւ. Իսահակեանի երկերը եւ այլն:
Մխիթարեանները լոյս են ընծայել աւելի քան տասը հանդէս ու պարբերական: Ցայսօր լոյս տեսնող երկարակեաց պարբերական «Բազմավէպ»ի (հիմնադրել է 1843ին Գաբրիէլ Այվազովսկին) շնորհիւ հայ ընթերցողը ծանօթանում է եւրոպական մտքին, իսկ հայագիտական յօդուածները եւրոպացիներին ծանօթացնում են հայ ժողովրդի անցեալին ու ներկային:
Մխիթարեանների օրացոյցն աշխարհի ամենաերկարակեաց օրացոյցն է. այն տպագրուել է շուրջ 220 տարի անընդմէջ:
Մխիթարեանները հայ գրքի մեծագոյն հաւաքողներ, պահպանողներ են եւ հսկայական ներդրում ունեն հայ ձեռագրերն ու գրքերը մատենագիտական ցանկերով գրանցելու գործում:
Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան հարուստ թանգարանները, գրադարան-մատենադարանների պահոցները փնտռուած են հայագէտների կողմից. այսօր էլ հիացնում են տասնեակ հազարաւոր գրքերը, պարբերականների հազուագիւտ հաւաքածուները, հայ մշակոյթի անգնահատելի գանձերը:
300 տարի է՝ Մխիթարեան Հայկական Ակադեմիայի եւ Մխիթարեան տպարանների աշխատանքը դադար չի առնում. հակառակ դժուարութիւններին՝ Մխիթարեանները շարունակում են սրբազան երթը աբբահայր Մխիթարի լուսէ շաւղով:

 * * *
Հանրաճանաչ այցելուներ շատ ունեցաւ կղզին՝ Բայրոն, Վալտէր Սքոտ, Ստենդալ, Ալֆրէդ դը Միւսէ, Ժորժ Սանդ, Պետերման, Ժակ Օֆենբախ, Էլէոնորա Դուզէ... Սակայն հայոց կղզու զաւակը մնաց լորդ Բայրոնը: Բայրոնը «հայկական անկախութեան շտաբ» էր անուանում կղզին: Ահաւասիկ մի քանի հատուածներ լորդ Բայրոնի նամակներից.«Սկսել եմ եւ առաջ եմ տանում հայոց լեզուի ուսումը, որը ես յաղթահարում եմ ուժերիս չափով հայոց մենաստանում, ուր յաճախում եմ ամէն օր՝ դասեր առնելու մի գիտնական աբեղայից: Ձեռք եմ բերել մի շարք եզակի եւ օգտակար տեղեկութիւններ արեւելեան այդ ժողովրդի գրականութեան եւ բարքերի վերաբերեալ: Նրանք [հայերը] մի հաստատութիւն ունեն այստեղ՝ վանք՝ 90 աբեղաներով, որոնցից ոմանք շատ գիտուն եւ զարգացած մարդիկ են: Նրանք ունեն մի տպարան եւ մեծ ջանքեր են գործադրում իրենց ազգը լուսաւորելու համար: Հայերէնը (որ կրկին է՝ գրաբար եւ աշխարհաբար) ես գտնում եմ դժուար, բայց ոչ անյաղթահարելի (գէթ այդպէս յոյս ունեմ): ....Պարզուեց, որ միտքս պայծառացնելու համար ինձ տաժանակիր աշխատանք է հարկաւոր: Այս մէկը ամենադժուարին աշխատանքն է, որ ես կարողացայ գտնել այստեղ (Վենետիկում) իբրեւ ժամանց միտքս տանջահարելու, կենտրոնանալու համար: Ինչեւիցէ, սա հարուստ լեզու է, եւ սովորողի չարչարանքները փոխհատուցւում են:.... Հայերէնը լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները: ....Ճոխ է հայոց լեզուն, եւ առատօրէն կը վարձատրուի նա, ով կÿուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:
.....Այս մարդիկ քահանաներ են մի հարստահարուած եւ ազնուական ազգի, որը.... հարստացել է առանց վաշխառութեան եւ վաստակել է ամէն պատիւ, որ կարող են գերութեան մէջ վաստակել առանց խարդախութեան:….Նրանց առաքինութիւնները խաղաղասիրութեան արգասիք են, իսկ թերութիւնները՝ ճնշման հետեւանք: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը (իսկ այն անցեալում դառն է եղել), ինչպիսին էլ լինի այն ապագայում, նրանց երկիրը պիտի մնայ հողագնդի ամենահետաքրքրական երկրներից մէկը, իսկ նրանց լեզուն մեծ ուսումնասիրութիւն է պահանջում.... Եթէ Սուրբ Գիրքն ուղիղ ըմբռնենք, Հայաստանի մէջ էր զետեղուած դրախտը.... Հայաստանի մէջ նախ ջրհեղեղը տեղաց, եւ ապա աղաւնին հանգչեց: ....Ե՛ւ պարսից սատրապները, եւ՛ թուրքական փաշաները հաւասարապէս անապատ դարձրին այն երկիրը, ուր Աստուած ստեղծել էր մարդուն՝ իր պատկերի համաձայն…»:

 * * *

«Օտարները Հայոց կղզի կը կոչեն. հոն ամէն ինչ հայկական է եւ հայ անունին համար է: Աղօթքի հետ՝ աշխատանք, առաքինութեան հետ՝ հայրենասիրութիւն, հաւատքի հետ՝ գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»,գրում է աբբահայր Մխիթար Սեբաստացին:
«Մխիթարեան ազգայնականներ». այսպէս են կոչում հայկական նկարագիրն անխաթար պահող սրբակենցաղ կրօնաւորներին:
Ազգանուէր այս գործիչները մշտապէս մեր ազգային մշակոյթի պատմութեան առաջին շարքերում են եւ սրբօրէն տանում են Մխիթար աբբահօր պատգամը՝ «կրօնը եւ ազգասիրութիւնը երկու անշփոթելի գաղափարներ են. ապրել՝ առանց մէկը միւսին զոհելու»:
Մխիթարի ծրագրերի իրագործումը սոսկալիօրէն դժուար էր նոյնիսկ Հայաստանում, եւ ապշեցնում է այս մարդ-հանրագիտարանի ապառաժեայ կամքը: Իսկապէս, ինչպէ՞ս կարողացաւ մարմին տալ իր երազին, ինչպէ՞ս վերակերտեց մեր վտանգուած ինքնութիւնը, ինչպէ՞ս կարողացաւ անթերի կերպով գծել կրօնի, հայրենիքի, արդարութեան, ճշմարտութեան, գիտութեան, արուեստի ուրոյն աշխարհներ տանող ճանապարհները, ինչպէ՞ս կարողացաւ մեզ լոյս տալ...
 
«Նոր Կեանք», Սեպտեմբեր 13, 2012

No comments:

Post a Comment