ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Ինչպէս արդէն տեղեկացրել էր «Ազգ»ը (2022, Նոյեմբերի 11), այս տարուայ Նոյեմբերին Կահիրէում` Արծուի Բախչինեանի եւ Հայկ Աւագեանի նախաձեռնութեամբ, որպէս տեղի «Ջահակիր» երկշաբաթաթերթի յաւելուած լոյս տեսաւ ուշագրաւ մի ժողովածու, որը ներառում է «Վահագնի ծնունդ»ի թարգմանութիւններն աշխարհի 50 լեզուներով, ինչպէս նաեւ բանաստեղծութեան արեւելահայերէն եւ արեւմտահայերէն տարբերակները: Կահիրէի Գալուստեան-Նուպարեան վարժարանի Պըլըգտանեան սրահում կայացած շնորհանդէսին Դեկտեմբերի 15ին յաջորդեց երեւանեան շնորհանդէսը` Իսահակեանի անուան կենտրոնական գրադարանի հիւրընկալ յարկի ներքոյ: Միջոցառման ընթացքում ժողովածուին հանգամանօրէն անդրադարձաւ դրա հեղինակ-կազմողներից Արծուի Բախչինեանը: Բազմաբեղուն հայագէտ-բանասէրը նախ ներկայացրեց ժողովածուի ստեղծման պատմութիւնը: Նրա խօսքերով` եգիպտահայ երաժշտագէտ եւ բանասէր Հայկ Աւագեանը տարիներ շարունակ հաւաքում է մեր մշակոյթին ու պատմութեանը նուիրուած մեծարժէք նիւթեր, որոնք տպագրւում են որպէս «Ջահակիր»ի յաւելուածներ եւ տեղադրւում առցանց` բոլոր հետաքրքրուողների համար:
Եւ ահա, Հայկ Աւագեանի հերթական մտայղացումն է եղել մէկտեղել Մովսէս Խորենացու շնորհիւ փրկուած Գողթան բանաստեղծութեան այդ գողտրիկ նմոյշի` նախկինում արուած բոլոր թարգմանութիւնները: 20 թարգմանութիւն գտնելուց յետոյ նա խնդրել է Բախչինեանին օգտակար լինել այս հարցում, վերջինս էլ ի պատասխան առաջարկել է չբաւարարուել արդէն կատարուած թարգմանութիւններով, այլ նախաձեռնել նորերը` դիմելով աշխարհի տարբեր երկրներում բնակուող իր ընկերներին եւ նոյնիսկ ընկերների ընկերներին, որոնց կեանքում երբեւէ չի տեսել: «Նրանց մէջ կան բանաստեղծներ, օրինակ` ալբաներէնը թարգմանեց ալբանագիր հայ բանաստեղծ Էմիլ Աստուրեանը, կան եւ հայագէտներ. գնչուերէնը թարգմանեց իտալացի հայագէտ Անդրէա Սկալան, մոնղոլերէնը` մոնղոլուհի հայագէտ Բայարսայխան Դաշդոնդոգը»: Նա հպարտութեամբ նշեց, որ այս ժողովածուով հայ գրականութեան մի նմոյշ առաջին անգամ հնչեց նաեւ մի քանի լեզուներով` թայերէն, քմերերէն, լաոսերէն, Կոնգոյի լինգալայ լեզուով (թարգմանել է կէս հայ, կէս կոնգոլեզացի Կարօ Նանիկեանը): Այսպիսով, ներկայումս սա ամէնից շատ թարգմանուած հայկական բանաստեղծութիւնն է:
Բախչինեանը ներկայացրեց հայկական միջավայրում բաւականին տարածուած բազմալեզու հրատարակութիւնների աւանդոյթը, նշելով, որ նոյնիսկ աշխարհի խոշորագոյն երկրների համար դա անսովոր, հազուադէպ պատահող երեւոյթ է: Դեռեւս 1810ին Վենետիկի Մխիթարեանները վեց լեզուներով հրատարակել են Ներսէս Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»ը, թարգմանութիւնների թիւը 1871-ին հասել է 36-ի: Նման փորձեր կատարել է եւ ինքը` Բախչինեանը. 2010 թ. 35 լեզուներով հրատարակել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմուածքը, իսկ 2012 թ.` Յովհաննէս Փիլիկեանի անգլերէն բանաստեղծութիւնը` 19 լեզուով: Իսկ այս նախաձեռնութիւնը հնարաւոր է եղել իրականացնել ընկերական եւ բարեկամական մղումների շնորհիւ, երբ կամաւորները սիրով միացել են եւ առանց վարձատրութեան իրականացրել այս պատուաբեր գործը: Բախչինեանը նշեց, որ ժողովածուն վերջնական համարելու յաւակնութիւններ չունի եւ յաջորդ հրատարակութեան դէպքում այն կարող է համալրուել նոր տարբերակներով ու թարգմանութիւններով:
Ներկայ գտնուող հայաստանաբնակ հինգ թարգմանիչները կարդացին իրենց թարգմանութիւնները. լիտուերէն` Օլգա Արզումանեանը (Լիտուայում ծնուած երեւանաբնակ ռուս), ասորերէն` Թեհմինա Թումասովան, հոլանդերէն` Նանէ Ջերահեանը, ճապոներէն` Ռուզան Խոժիկեանը եւ չինարէն` Դաւիթ Գրիցենկոն: Ցերեկոյթի ընթացքում «Վահագնի ծնունդ»ը հնչեց այլ լեզուներով եւս` լեզուակիրների կամ լեզուների մասնագէտների կողմից: Գալինա Ադամեանը, լինելով ուկրայինական լեհուհու դուստր, կարդաց բանաստեղծութիւնը ուկրայիներէն, լեհերէն, ռուսերէն, Իտալիայում ծնուած Սառա Մխիթարեանը` իտալերեն, Ֆրանսիայում բնակուած ծնունդով իրանահայուհի Լուսանա Յովհաննիսեանը` ֆրանսերէն եւ պարսկերէն, մօր կողմից յոյն Դիանա Սմբատեանը` յունարէն, Ալիսա Եփրանոսեանը` վրացերէն, Սոնա Մարտիրոսեանը` արաբերէն, իսկ Արծուի Բախչինեանը` շուէդերէն, անգլերէն եւ լինգալերէն: Վերջին ընթերցումը` աֆրիկեան էկզոտիկ լեզուով, որը հրապարակայնօրէն մեզանում հնչեց առաջին անգամ, առանձնակի աշխուժութիւն առաջ բերեց դահլիճում: Տարբեր լեզուներն իրենց իւրայատուկ հնչողութեամբ եւ առոգանութեամբ մի երփներանգ համանուագ կազմեցին, որը չէր կարող անտարբեր թողնել ներկաներին:
Միջոցառումը եզրափակեց գրող, երգիչ եւ երգահան Արսէն Համբարեանը` «Վահագնի ծնունդը» բանաստեղծութեան հիման վրայ իր գրած ոգեշունչ երգի կատարմամբ:
Ցերեկոյթը վարեց եւ հայերէն մի շարք տարբերակներ ներկայացրեց ասմունքող Գայանէ Սամուէլեանը:
Արծուի Բախչինեանի եւ Հայկ Աւագեանի այս ողջունելի նախաձեռնութիւնը հայ գրականութեան հանրահռչակման, տարբեր ժողովուրդներին այն հասու դարձնելու եւս մի ազդեցիկ ու արդիւնաւէտ միջոց է, որն ապացուցում է, որ եթէ կայ իրական նուիրում, ապա ոչինչ չի խոչընդոտի ծրագրուած մեծարժէք գործի իրականացմանը:
«Ազգ», 23 Դեկտեմբեր 2022 (https://azg.am/am/վահագնի-ծնունդի-50-լեզվյա-ժողովածուի/)
No comments:
Post a Comment