ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանը եւ Սփիւռքը պատրաստւում են պետականօրեն նշել Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը, սակայն հետեւողականօրէն խուսափում են յիշատակել դիւանագիտական առաջին փաստաթուղթը՝ Բաթումի պայմանագիրը, որն առաջին միջպետական փաստաթուղթն է հայերի եւ թուրքերի միջեւ որպէս պետութիւններ։
1918 թ․ Յունիսի 4-ին Բաթումում օսմանեան կայսերական կառավարութիւնը՝ ի դէմս պատուիրակներ Խալիլի ու Վեհիբի, եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակները՝ ի դէմս Ալեքսանդր Խատիսեանի, Յովհաննես Քաջազնունու եւ Միքայէլ Պապաջանեանի, ստորագրեցին հաշտութեան եւ բարեկամութեան պայմանագիր։
Օսմանեան կայսրութիւնը դարձաւ առաջին պետութիւնը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը մօտ 12 հազար քկմ [քառակուսի կիլոմետր] տարածքի վրայ։ Նոյն օրը թուրքերը պայմանագիր կնքեցին թաթարների (ադրբեջանցիներ), իսկ մէկ օր անց՝ վրացիների հետ։
Մինչեւ այսօր ես չեմ հանդիպել գոնէ մէկ յօդուածի, որտեղ բացատրուէր, թէ ինչու են վրացիների հետ թուրքերը մէկ օր անց ստորագրել։ Գիտէք ինչո՞ւ են մէկ օր անց ստորագրել։ Որովհետեւ վրացիները մինչեւ վերջ հրաժարւում էին կատարել թուրքերի պահանջներից մէկը՝ Օսմանեան կայսրութեանը զիջել նաեւ Բակուրիանիի շրջանը։ Այդ պատճառով բանակցութիւնները Յունիսի 4-ից շարունակուեցին մինչեւ յաջորդ օրուայ առաւօտը։ Վրացիները չզիջեցին Բակուրիանին։
Բաթումի պայմանագրով գծուեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը։ Ի դէպ, պայմանագիրը, որը պէտք է վաւերացուէր երկու կողմերի օրէնսդիր մարմինների կողմից, այդպէս էլ չվաւերացուեց։ Դրա կարիքը չկար էլ․ Բաթումի պայմանագրով գծուած սահմանը մի քանի ամիս անց փոխուեց յօգուտ Հայաստանի, քանի որ Օսմանեան կայսրութիւնը Առաջին Աշխարհամարտի արդիւնքում պարտուեց եւ զօրքերը դուրս բերեց Արեւելեան Հայաստանի զաւթած հողերից։
Արդէն 1919-ի գարնանը բրիտանական զօրքերի օգնութեամբ հայկական ուժերը վերահսկողութեան տակ առան նաեւ Նախիջեւանն ու Կարսը։ Հայաստանի Հանրապետութիւնը Նախիջեւանը կարողացաւ պահել ընդամէնը երկու ամիս, իսկ Կարսը եւ ամբողջ շրջանը՝ մինչեւ 1920-ի Հոկտեմբերը։
Այսօր գրեթէ չի քննարկւում այն հարցը, թէ ինչու եւ ինչպէս մենք 1919-1920 թթ․ գրեթէ առանց կրակոցների կորցրեցինք Նախիջեւանն ու Կարսը։ Գրեթէ բոլորը հակուած են մեղքը բարդել քեմալ-բոլշեւիկեան դաւադրութեան վրայ։ Եթէ Կարսի դէպքում արդարացուած է մեղքը բարդել քեմալականների եւ բոլշեւիկների վրայ, թէեւ փաստ է, որ Կարսը յանձնուել է գրեթէ առանց կրակոցի, ապա Նախիջեւանի դէպքում այնքան էլ արդարացուած չէ։ Փոխարէնը, աւելի շատ քննարկման թեմա է դառնում, թէ ինչու 1991-1994 թթ․ Արցախեան պատերազմի ժամանակ նաեւ Նախիջեւանը չազատագրեցինք։
Այո՛, Բաթումի պայմանագիրը մեզ տուեց ընդամէնը 12 հազար քկմ տարածքով Հայաստան, որը ամիսների ընթացքում դարձաւ 45-50 հազար։ Հետեւաբար, պէտք չէ ամաչել Բաթումից։ Մեր պատվիրակները՝ Խատիսեանը, Քաջազնունին եւ Պապաջանեանը, ստացել են կամ կարողացել են ստանալ այն, ինչ հնարաւոր է եղել 1918-ի այդ դժնդակ օրերին։
Ես Բաթումից չեմ ամաչում։ Եթէ ամաչելու բան կայ, ապա դա Սեւրն է ու Վիլսոնեան Հայաստանը, որը մեզ խոստանում էր 160 հազար քկմ տարածքով երկիր, երբ իրական Հայաստանը նոյն այդ շրջանում՝ 1920-ի աշնանը, խեղդւում եւ արիւնաքամ էր լինում բոլշեւիկ-քեմալականների հարուածների տակ։
Յիշեցնենք նաեւ, որ Բաթումի պայմանագրին կից ստորագրուել են մի քանի արձանագրութիւններ, որոնք մինչեւ այսօր լուրջ քննարկման եւ վերլուծության չեն ենթարկուել։ Անգամ չեն հրապարակուել, որպէսզի քննարկում ծաւալուի։
Հայաստանի Հանրապետութեան 100-ամեայ հիմնադրմանը դեռ մէկ տարի ժամանակ կայ։ Մենք մէկ առ մէկ ներկայացնելու ենք մեր պատմութեան բոլոր էջերը, յատկապէս նրանք, որոնք վերաբերում են Հանրապետութեան հիմնադրման հարիւրամեակին։
Դա արժէ անել, քանի որ Սարդարապատով ու Բաշ Ապարանով կերտուած Հայաստանի Հանրապետութեան ծնունդը մեր պատմութեան ամենալուսաւոր էջն է։ Գոնէ իմ համար։
www.aniarc.am/2017/06/05/batum-june-tatul-hakobyan-article-civilnet-today/
No comments:
Post a Comment