ԱՐՓԻ ՈՍԿԱՆԵԱՆ
Վահրամ Մարտիրոսեանը նոր վէպ է գրել` «Բամբակէ պատեր» վերնագրով: Այն շուտով կը յայտնուի գրախանութներում: Վէպը բրեժնեւեան շրջանի խորհրդահայ իրականութեան մասին է եւ ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի կենցաղի, սովորոյթների, տարածուած առասպելների, բանահիւսութեան, հագուստի, գաստրոնոմիական նախասիրութիւնների, փնտռուած գրքերի ու երաժշտութեան, ժամանցի կազմակերպման, արտիստական սրճարանների, մարդկանց փոխյարաբերութիւնների, նրանց վախերի ու երազանքների եւ բազմաթիւ այլ բաների մասին: Շարժուն զարգացումներով, առատ հումորով, արկածային սիւժէով (վէպում յղումներ կան Դիւմայի «Երեք հրացանակիրներ»ին, որ խորհրդային ընթերցողի սիրած վէպերից էր)` «Բամբակէ պատեր»ը ընթերցանութեան համար հետաքրքրաշարժ նիւթ լինելուց բացի, նաեւ կարեւոր փաստաթուղթ է տուեալ ժամանակի մասին: Սա, կարելի է ասել, այն խոստովանական ցուցմունքն է, որ վէպի հերոսից չկարողացաւ կորզել КГБ-ի [ԿԳԲ] աշխատակիցը: Հաւանաբար` նաեւ հեղինակից: Վիքիպեդիայում Վահրամ Մարտիրոսեանի մասին յօդուածում կարդում ենք․ «Ուսանողական տարիներին, 1978 թուականին կազմակերպել է ուշ բրեժնեւեան ժամանակների հազուադէպ ցոյցերից մէկը` ի պաշտպանութիւն բէյրութեան հայ համայնքի, որը յարձակումների ենթարկուեց Լիբանանում ծայր առած քաղաքացիական երկպառակութեան ընթացքում: Յաջորդ տարի փորձել է բողոքի գործողութիւններ կազմակերպել ազգային բուհերում մասնագիտական առարկաները ռուսերէն դասաւանդելու խորհրդային ղեկավարութեան գաղտնի որոշման դէմ, որոնք կանխուել են КГБ-ի կողմից»: Ահա, այս երկու իրադարձութիւնն են վէպի առանցքը: