ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Ակսել Բակունցի հրապարակագրական կեանքի սկիզբը անքակտելիօրէն կապուած է Շուշիի հետ։ Ինչպէս յայտնի է, Յուլիս 1915ին, Գէորգեան ճեմարանի 16ամեայ սանը Արցախի մայրաքաղաքի սոցիալ-դեմոկրատ «Փայլակ» թերթին մէջ կը հրատարակէր Գորիսի քաղաքապետ Մատթէոս Տէր-Գրիգորեանի եւ գաւառական վարչութեան դէմ ուղղուած «Փոքրիկ ֆելիետոն» խորագրուած յօդուածը՝ «Թեզ գնացող» ստորագրութեամբ, որուն հետեւանքով, «ինձ բանտարկեցին, եղաւ “փոթորիկ”, եւ ես բանտարկութեան 34-րդ օրը ազատուեցի, որպէսզի ուսուցիչ գնամ այն հեռու գիւղը` Լորը», պիտի գրէր ինքնակենսագրական ակնարկի մը մէջ, 1932ին[1]։
Ճեմարանական ուսման ընթացքին (1910-1917), Բակունց սկսած էր մշակել իր գրական ձիրքերը եւ կատարել իր առաջին փորձերը։ Դասընկերներէն մէկուն՝ Մեսրոպ Մառանջեանի վկայութեամբ, «նրա պատմութիւններն ինձ մեծ հաճոյք էին տալիս. գեղեցիկ էին, պատկերաւոր եւ կարճ։ (. . .) Քանիցս նրան յորդորեցի, որ պատմութիւնները եւ ուրիշ բաներ գրի առնի եւ պահի, ցոյց տայ իր հայոց լեզուի ուսուցիչ Յարութիւն Պետրոսեանին, որը բանաստեղծ էր։ Ցոյց տայ նաեւ Մանուկ Աբեղեանին։ Լսեց ինձ եւ ցոյց տուեց մի 2-3 պատմութիւն։ Յետոյ լսեցի, որ ուղարկել էր Պետրոսեանի յորդորով պատանեկան ամսագրին, որը հրատարակել էր չեմ յիշում “Աղբիւր-Տարազ”ն էր թէ՞ “Հասկեր”ը. արժէ փնտռել»[2]։
Արդարեւ, Գորիսի վերոյիշեալ դէպքին որպէս նախաբան, Բակունցի աւելցուցած էր. «Ամառը ես “չարութիւն” էի արել, որ եւ կարելի էր հաշուել իմ գրական մկրտութիւնը, եթէ չհաշուենք “Յիմար մարդը” վերնագրով մի հէքեաթ, որ 1911 թուին տպեց “Աղբիւր” ամսագիրը»[3]։
Կենսագիրները նոյնութեամբ որդեգրած են արձակագրի գրական սկզբնաւորութեան այս պատկերը[4]։ Ռաֆայէլ Իշխանեան ճշդած է, որ Բակունց շփոթած էր «Աղբիւր»ի հրապարակման թուականը. «Աշակերտ» ստորագրութեամբ հէքեաթը լոյս տեսած է 1913ին եւ ո՛չ թէ 1911ին[5]։
Այժմ կը պարզուի, որ ինքնակենսագրական յիշեալ տողերուն մէջ, Բակունց գործած էր երկրորդ յիշողութեան վրէպ մը։ Արդարեւ, 1913ի «Յիմար մարդը»ի եւ 1915ի «Փոքրիկ ֆելիետոն»ի միջեւ, ապագայ գրագէտը հրատարակած է պատմուածք մը, որ կը թուի, թէ մինչեւ հիմա ուսումնասիրողներուն անյայտ մնացած է՝ ըստ մեր կատարած ստուգումին։
1910ական թուականներուն, արեւելահայ իրականութեան մէջ բազմացած էին սկսնակ գրողներու նուիրուած գրական պարբերականները։ «Պատանի»ի կողքին, որուն անունը ընթերցողին քաջածանօթ է՝ 15ամեայ Եղիշէ Չարենցի առաջին բանաստեղծութիւններու առնչութեամբ, բազմաթիւ նուազ ծանօթ անուններ լոյս տեսած են տարբեր քաղաքներու մէջ՝ «Ասպարէզ», «Ծիլ», «Լուսադէմին», «Երիտասարդ», «Ճառագայթ» եւ «Նոր Ուղի»։
Ալեքսանդրապոլի «Նոր Ուղի» գրական ալմանախին ութը գիրքերը, Ա. Սիմէոնեանի խմբագրութեամբ, հրատարակուած են 1913-1916ին։ Լոյս տեսած են բանաստեղծական եւ արձակ թէ՛ ինքնուրոյն եւ թէ՛ թարգմանական փորձեր, որոնց հեղինակները մեծաւ մասամբ գրական որեւէ հետք չեն ձգած հետագային։ Բացառութիւն կը կազմեն զանազան թիւերու աշխատակցած Վրաստանի վաստակաւոր արտիստ Պահարէն (Հայկ Պետրոսեան, 1895-1968) եւ, անշուշտ, 1914ին մէկ անգամ երեւցած Ալեքսանդր Թեւոսեանը, որ առաջին անգամ ստորագրած է «Բակունց»[6]։
Տասնհինգամեայ պատանին, ի տարբերութիւն նախորդ տարի լոյս ընծայած հէքեաթին, այստեղ դիմած է իրապաշտ պատմուածքին, որ թերեւս մաս կը կազմէր Մ. Մառանջեանի յիշած «մի 2-3 պատմութիւն»ներուն եւ գուցէ իրական դէպք մը ունեցած ըլլայ որպէս մեկնակէտ։
Ստորեւ կը հրատարակենք Ակսել Բակունցի պատմուածքը, արտատպելով «Նոր Ուղի»էն։ Նոյնութեամբ պահպանած ենք ուղղագրական ու կէտադրական առանձնայատկութիւնները։
ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
Չորրորդ դասն էր։
Ուսուցիչը գրատախտակի մօտ կանգնած նոր դաս էր բացատրում։ Յոգնած աշակերտներից մի քանիսը իրենց հայեացքն ուղղել էին դէպի դասարանը, որի վերայ կաւիճով գծւած էր մի եռանկիւնի։ Մի քանիսն էլ մատիտով ինչ որ խծբծում էին սպիտակ թղթի վերայ։ Ոմանք էլ դրել էին գլուխները ձեռքերին ու մտածում էին։ Մերթ լսւում էր աշակերտի մի յոգնած բացականչութիւն, կամ երկար յորանջումն։ Եւ այդ լուռ սենեակում ուսուցչի ձայնը լսւում էր շատ պարզ։
Պատուհանի մօտ նստել էր Հայկ Վռամեանը եւ շարունակ նայում էր դուրս։ Արեւի շողը խաղում էր պատանու գանգուրների հետ։ Արեգակը բաւականին բարձրացել եւ ամենուրեք հաճելի ջերմութիւն էր սփռել։ Ջինջ օդը, թռչունների հազար ու մի դայլայլը, սաղարթախիտ ծառերի միջից լսւող բզեզների բզզոցը տալիս էին բնութեան մի դիւթիչ հմայք։ Վռամեանը տարւել էր բնութեան չքնաղ երեւոյթներով եւ նրա հոգու մէջ ծնւում էին նորանոր յոյզեր։ Նա յիշեց շատ դէպքեր իր կեանքից, յիշեց իր մանկութիւնը... յիշեց եւ նրան... Սիրտը բաբախեց ուժգին, եւ երջանկութեան մի նոր հոսանք անցաւ նրա երակների միջով։ Նա երջանիկ էր, եւ կ՚ուզէր, որ բոլորն էլ երջանիկ լինէին։ Ապա ծոցից հանեց կապոյտ ծրարով մի նամակ եւ երկար նայեց վերան։ Նա շատ անգամ էր կարդացել այդ նամակը, բայց չէր յագենում։ Թէեւ գրեթէ անգիր գիտէր բովանդակութիւնը, բայց ցանկանում էր նորից կարդալ։ Նա համբուրեց եւ սկսեց կարդալ։ Նամակը շատ համառօտ էր եւ գրւած գեղեցիկ ձեռագրով։
«... Սիրելի Հայկ! կարօտել եմ քեզ, շա՜տ եմ կարօտել. խնդրում եմ, եթէ սիրում ես ինձ, եկ մեզ մօտ, կ՚գա՞ս, քեզ հետ շատ բան ունեմ խօսելու։ Կը նստենք մեր ծառի տակ, կ՚մտածենք, կ՚երգենք ու կը կարդանք... Քաղցր է ինձ յուսալ, որ դու անշուշտ կ՚շտապես գալ մեզ մօտ։
Քո՝ Մարիամ»։
Նա ժպտաց, նորից նայեց եւ համբուրեց այդ գեղեցիկ գրւածքը...
«Երեկոյեան ինչ էլ որ լինի, կ՚գնամ մտմտում էր Վռամեանը, սակայն ինչի՞ մասին պէտք է խօսեմ երբ գնամ... հա, նախ կը սկսեմ դպրոցից, ապա կամաց-կամաց հարցը կ՚փոխւի։ Տեսնես նրա մայրը արդեօք տանն է, ա՜խ, այնքան լաւն է նա, իսկական մայրիկ։ Ինչ լա՜ւ է, կը նստենք ծառի տակ ու ծրագիրներ կը կազմենք...
— Վռամեա՛ն, յանկարծ լսւեց ուսուցչի կոպիտ ձայնը, — կրկնիր վերջին խօսքս։
Վռամեանը յանկարծաբար սթափւեց, նայեց գրատախտակին, որի վերայ այլեւս սեւ տեղ չէր մնացել, մտիկ արեց ուսուցչին եւ մնաց գլխիկոր, այլայլւած։
— Հապա՛, այդ ի՞նչ է ձեռքիդ... տուր տեսնեմ, — ասաց ուսուցիչը, որն արդէն Վռամեանի մօտն էր կանգնած ու խլեց նամակը։ Հայկը մոռացել էր ծածկել այն։
Թմրած աշակերտների զարմացած եւ հետաքրքրութեամբ լի հայեացքները դառնում էին մէկ դէպի Հայկը, մէկ դէպի ուսուցիչը։
— Նամակ որ կարդաս, իհարկէ չես լսի — ասաց ուսուցիչը կոպտութեամբ։
Աշակերտներից շատերը հեգնական հայեացքով նայում էին Հայկին։
— Այս ի՞նչ է, սիրահարւել էլ ե՞ս, մեր տղայ, — աւելացրեց ուսուցիչը հեգնօրէն եւ պատրաստւեց բարձրաձայն կարդալ նամակը։
Աշակերտներն ուղղւեցին, ոմանք էլ թողեցին իրենց խծբծանքները եւ լարւած ուշադրութեամբ սպասում էին։
«Սիրելի Հայկ...» սկսեց կարդալ ուսուցիչը...
Հայկի արիւնը գլուխը խփեց, սիրտը ուժգին բաբախեց, եւ բուռն յուզմունքից սառը քրտինքը պատեց նրան։ Ջղաձգութեամբ կճրտեց ատամները։ Նա փնչացնում էր գազանի պէս. երեսի գոյնը փոխւեց, նախ սփրթնեց, ապա կարմրեց եւ յետոյ նորից գունատւեց։
«... Կարօտել եմ քեզ, շատ եմ կարօտել...» շարունակեց ուսուցիչը դանդաղ։
Վռամեանը յուզմունքից դողդողում էր ամբողջ էութեամբ... Նա գիտէր, որ դրանից յետոյ միշտ կը ծաղրեն իրեն ու մատի փաթթան կը դարձնեն։ Եւ երբ ուսուցիչը կարդաց հետեւեալ տողերը՝
«... Խնդրում եմ քեզ, եթէ սիրում ես ինձ...»
նա թռչելով տեղից յարձակւեց ուսուցչի վերայ, հրեց նրան եւ նամակը խլեց ձեռքից։ Յետոյ մի կատաղի հայեացք ձգեց փոշոտւած ուսուցչի եւ իր ընկերների վերայ, որոնք պիշ-պիշ նայում էին, բայց չէին հաւատում իրենց աչքերին։ Ապա Վռամեանը պինդ ծածկեց դուռն ու դուրս ծլկեց դասարանից։
—
Հետեւեալ օրը մանկավարժական ժողովը Վռամեանին ընդմիշտ հեռացրեց դպրոցից...
ԲԱԿՈՒՆՑ
Ս. Էջմիածին
[1] Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4, Երեւան, 1979, էջ 9։ Ապագայ գրագէտին խնդրայարոյց այդ գրութեան համար, տե՛ս անդ, էջ 137-138։
[2] Ակսել Բակունցը ժամանակակիցների յուշերում, կազմողներ՝ Նինա Յովսէփեան, Ջուլետա Թունեան, Քաջիկ Միքայէլեան, Երեւան, 1999, էջ 26-27։
[3] Բակունց, Երկերի ժողովածու, էջ 9։ Այս ինքնակենսագրութեան փաստերը օգտագործուած են նոյն թուականին տպուած կենսագրական ակնարկին մէջ (Եղիշէ Չարենց, Ակսել Բակունց եւ Եղիա Չուբար (խմբ.), Հոկտեմբեր-Նոյեմբեր տարեգիրք, Երեւան, 1932, էջ 48)։
[4] Տե՛ս Սուրէն Աղաբաբեան, Ակսել Բակունց, Երեւան, 1959, էջ 11-12. Ռ. Իշխանեան, Բակունցի կեանքն ու արուեստը, Երեւան, 1974, էջ 21, 25-26։
[5] Իշխանեան, Բակունցի կեանքն, էջ 21։
[6] Բակունց, «Դասարանում», Նոր Ուղի, չորրորդ գիրք, 1914, էջ 113-117։
[1] Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4, Երեւան, 1979, էջ 9։ Ապագայ գրագէտին խնդրայարոյց այդ գրութեան համար, տե՛ս անդ, էջ 137-138։
[2] Ակսել Բակունցը ժամանակակիցների յուշերում, կազմողներ՝ Նինա Յովսէփեան, Ջուլետա Թունեան, Քաջիկ Միքայէլեան, Երեւան, 1999, էջ 26-27։
[3] Բակունց, Երկերի ժողովածու, էջ 9։ Այս ինքնակենսագրութեան փաստերը օգտագործուած են նոյն թուականին տպուած կենսագրական ակնարկին մէջ (Եղիշէ Չարենց, Ակսել Բակունց եւ Եղիա Չուբար (խմբ.), Հոկտեմբեր-Նոյեմբեր տարեգիրք, Երեւան, 1932, էջ 48)։
[4] Տե՛ս Սուրէն Աղաբաբեան, Ակսել Բակունց, Երեւան, 1959, էջ 11-12. Ռ. Իշխանեան, Բակունցի կեանքն ու արուեստը, Երեւան, 1974, էջ 21, 25-26։
[5] Իշխանեան, Բակունցի կեանքն, էջ 21։
[6] Բակունց, «Դասարանում», Նոր Ուղի, չորրորդ գիրք, 1914, էջ 113-117։
«Ազգ-Մշակոյթ», 19 Փետրուար 2022
No comments:
Post a Comment