ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ
Աշխարհասփիւռ հայ ժողովուրդը մայր հայրենիքում եւ Սփիւռքում այս օրերին տօնում է հայոց պետականութեան վերակերտման 100-ամեայ պանծալի յոբելեանը: Ամէնուրեք աննախադէպ աշխուժութիւն է ու իւրայատուկ մրցակցութիւն: Ով աւելի շատ բան կ՚ասի, ով աւելի հաւաստի փաստեր կը վկայակոչի ու աւելի վստահելի գործիչներից յղումներ կ՚անի եւ ցոյց կը տայ, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը երկար ու ձիգ ընդմիջումից յետոյ համայն հայութեան ոգու ճիչն էր, պոռթկումն ու աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում հաւասարի կարգավիճակով իր երթը շարունակելու առհաւատչեայ:
Երբեմն-երբեմն լսւում են ձայներ, որոնք օրիգինալ երեւալու մարմաջով տարուած, իրենց նվնվոցներով փորձում են «ցոյց տալ», որ այդ անկախութիւնը մեզ «նուիրել են» ոչ այլ ոք, քան ցեղասպան թուրքերը: Աւելին, երբեմն ամենալուրջ դէմք ընդունելով նրանք վկայակոչում են օտարների կողմից հէնց այս պատմական հեռուի համար սարքուած փաստաթղթեր եւ «ապացուցում անապացուցելին»: Թերթային յօդուածի ծաւալները թոյլ չեն տալիս աւելի ընդարձակ քննարկել հիմնախնդիրը, այլապէս բաւականին հեշտութեամբ ի ցոյց կը դրուէին մի քանի վաւերագրերի կեղծ եւ սնանկ լինելն ու դրանց հաւատացողների ու անհարկի վկայակոչողների մոլորութիւնը:
Միայն աւելացնեմ, որ մենք` հայերս, պատմութիւն կեղծելու, աւելին, պատմութիւն հնարելու-սարքելու կարիքը բացարձակապէս չունենք: Հայոց պատմութիւնը հազարամեակների ընթացք ունի, մշտապէս շարունակական է եղել ու կը լինի այնքան ժամանակ, որքան կը գոյատեւի մարդկային ցեղը: Իսկ այն ցաւոտ իրողութիւնները, որոնք երբեմն-երբեմն ընդհատել են մեր պետականութեան յարատեւ ընթացքը, պարզապէս իւրայատուկ փորձութիւններ են եղել մեր ժողովրդի ու նրա աննկուն ոգու համար:Երբեմն-երբեմն լսւում են ձայներ, որոնք օրիգինալ երեւալու մարմաջով տարուած, իրենց նվնվոցներով փորձում են «ցոյց տալ», որ այդ անկախութիւնը մեզ «նուիրել են» ոչ այլ ոք, քան ցեղասպան թուրքերը: Աւելին, երբեմն ամենալուրջ դէմք ընդունելով նրանք վկայակոչում են օտարների կողմից հէնց այս պատմական հեռուի համար սարքուած փաստաթղթեր եւ «ապացուցում անապացուցելին»: Թերթային յօդուածի ծաւալները թոյլ չեն տալիս աւելի ընդարձակ քննարկել հիմնախնդիրը, այլապէս բաւականին հեշտութեամբ ի ցոյց կը դրուէին մի քանի վաւերագրերի կեղծ եւ սնանկ լինելն ու դրանց հաւատացողների ու անհարկի վկայակոչողների մոլորութիւնը:
Փորձելով վեր կանգնել մեծախորհուրդ գիտական բանավէճերից նշեմ, որ վերջին շրջանում քաղաքական կարեւորագոյն փոփոխութիւններին զուգընթաց արտակարգ աշխուժութիւն է տիրում նաեւ գիտական աշխարհում: Եթէ միայն թուարկեմ տեղի ունեցած եւ սպասուելիք գիտաժողովները, ապա անկասկած դրանք ամբողջական էջեր կը զբաղեցնեն: Սակայն նշեմ, որ Բէյրութում Համահայկական գիտաժողովը (*) դարձաւ այն մեկնակէտը, որին յաջորդեցին մէկը միւսին յաջորդող գիտաժողովները: Դրանց ետնախորքի վրայ իր բազմաքանակ զեկուցումներով, ընդգրկած հիմնախնդիրներով եւ բարձրացուած գիտական հիմնահարցերով անկասկած առանձնանում է սոյն թուականի Մայիսի 25-ից 26-ը տեղի ունեցած «հայաստանի Հանրապետութիւն-100է խորագրով գիտաժողովը: Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը:
Գիտաժողովն սկսուեց Մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում: Մասնակիցներին շնորհաւորական ուղերձներ էին յղել վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ը:
Գիտաժողովի բացման ողջոյնի խօսքով հանդէս եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը , ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը, ՀՀ ԳԱԱ հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Իւրի Սուվարեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, Վրաստանի Հանրապետութեան Թբիլիսիի համալսարանի պատմութեան ինստիտուտի տնօրէն Գիորգի Ճէիշվիլին:
Գիտաժողովն ընթացաւ թեմատիկ մի քանի խմբերով`
այ) Հայաստանի Հանրապետութեան հռչակման պատմաքաղաքական նախադրեալները, Մայիսեան հերոսամարտերը,
բ) Հայաստանի առաջին հանրապետութեան պետաիրաւական կառուցուածքը եւ ներքին դրութիւնը,
գ) ՀՀ արտաքին քաղաքականութիւնը, Սեւրի դաշնագիրը,
դ) 1920 թ. թուրք-հայկական պատերազմը եւ Հայաստանի առաջին հանրապետութեան անկման հանգամանքները,
է) Կրթական կեանքը եւ գեղարուեստական գրականութիւնը Հայաստանի առաջին հանրապետութիւնում,
զ) Հայաստանի առաջին հանրապետութիւնը արուեստի ստեղծագործութիւններում:
Գիտաժողովի ընթացքում ներկայացուեց շուրջ 70 զեկուցում Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնութեան, Վրաստանի գիտնականների կողմից:
Մայիսի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի ունեցաւ նաեւ լիբանանահայ հետազօտող Երուանդ Փամպուքեանի կազմած «Արամ Մանուկեանի նամականի» փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածուի շնորհանդէսը:
Գիտաժողովի մասնակցի եւ զեկուցաբերողի ընկալմամբ այն լիովին կայացաւ: Յատկապէս կ՚առանձնացնէի ամերիկահայ պատմաբան, Հայաստանի առաջին հանրապետութեան պատմութեան ուսումնասիրութեան պիոներներից Ռիչարդ Յովհաննիսեանի գիտական հիմնարար հիմնախնդիրներ առաջադրող բնոյթի ելոյթը, ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնեանի՝ Հայոց պետականութեան շարունակականութեան վերաբերեալ խօսքը, Արամ Սիմոնեանի, Ռուբեն Սաֆրաստեանի, գիտութեան դոկտորներ Միխայել Հայզեմանի, Ալեքսանդր Դաուշվիլիի, Վահան Մելիքեանի, Ռուբէն Սահակեանի, Ամատունի Վիրաբեանի, Արթուր Վաղարշեանի, Կարեն Հայրապետեանի, Սուրէն Սարգսեանի, Արմենուհի Ղամբարեանի եւ այլ զեկուցողների ելոյթները:
Քանի որ գիտաժողովը տարբեր սեկցիաներում միաժամանակ էր ընթանում, ուստի աւելի առարկայական կարող եմ խօսել Հայաստանի առաջին հանրապետութեան պետաիրաւական կառուցուածքը եւ ներքին դրութիւնը Բ. բաժանմունքի (նախագահողներ` Սուրէն Սարգսեան, Գառնիկ Սաֆարեան) գիտական բարձր մակարդակով, աշխոյժ հարց ու պատասխանով, առողջ ու կառուցողական բանավէճերով յագեցած ընթացքը: Թեմաներն ու զեկուցումներն այնքան հետաքրքրական ու բովանդակահարուստ էին, որ չնայած բոլորիս յոգնած լինելու փաստին, գիտաժողովը տեւեց մինչեւ ժամը 18-ը: Իրողութիւն, որը այնքան էլ յաճախ չի պատահում գիտաժողովների պարագայում:
Վերջում կ՚ուզենայի յատուկ ընդգծել ԳԱԱ պատմութեան ինստիտուտի ամենածաւալուն եւ առարկայական ներդրումը գիտաժողովը կազմակերպելու, ընթացքը բարձր մակարդակով ապահովելու գովելի եւ միանգամայն ամենայն դրուատանքի արժանի աշխատանքը: Սկսած հիւրերին դիմաւորելու, նրանց մասնակիցների համար նախատեսուած պարագաները յանձնելու, վերջացրած տրանսպորտով, սուրճով ու սննդով ապահովելով: Բոլոր հիւրերն ու մասնակիցները գտնւում էին նրանց ուշադրութեան կենտրոնում եւ արագ ու անթերի կատարւում էին նրանց բոլոր խնդրանքները: Գիտաժողովը թէ՛ գիտական եւ թէ՛ կազմակերպչական առումներով իսկապէս կայացած կարելի է համարել: Գիտաժողով, որն այս նշանաւոր յոբելեանին վայել միջոցառում եղաւ:
«Ազգ», 1 Յունիս 2018
-------------------------------
(*) Մարտ 2018-ին տեղի ունեցած Անթիլիասի մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպութեամբ («Հայկականք»)։
No comments:
Post a Comment